Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում «կոմիտեի նախագահը» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ՝ կոմիտեի ղեկավար)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) վերնագրում «պաշտոնները» բառը փոխարինել «պաշտոնների դասակարգումը եւ անվանացանկը» բառերով,
2) լրացնել 7-րդ մաս՝ հետեւյալ խմբագրությամբ.
«7. Մաքսային մարմնում՝ ըստ պաշտոնների խմբերի, սահմանվում են մաքսային ծառայության հետեւյալ պաշտոնները.
1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի վարչության պետ.
2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ.
բ. մաքսային մարմնի բաժնի պետ.
գ. մաքսային մարմնի բաժանմունքի պետ
դ. մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ.
ե. մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ.
3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ.
4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի մաքսային տեսուչ:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետում «ուսումնական կենտրոնի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ ուսումնական կենտրոն)», իսկ «հավաստագիր» բառից հետո՝ «(այսուհետ՝ պատրաստման հավաստագիր)» բառերը,
բ. 2-րդ կետում «անհրաժեշտ վերապատրաստում» բառերը փոխարինել «մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը, ուսումնական կենտրոնի կողմից ստացել են պատրաստման հավաստագիր կամ» բառերով,
գ. լրացնել 3-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) մաքսային ծառայողներ են եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ունեն ծառայողական առաջխաղացման իրավունք»,
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են պատրաստման հավաստագիր ունեցող՝ մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ մաքսային ծառայողներից կամ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող մաքսային ծառայողներից՝ հարցազրույցի միջոցով:»,
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 8.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 8.1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, մաքսային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում
1. Մաքսային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը մաքսային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն 1 անգամ կազմակերպում եւ անցկացնում է մաքսային ծառայողի, այդ թվում՝ ղեկավար պաշտոնների, պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն): Սույն մասի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:
2. Ընդունելության կարգը հաստատում է կոմիտեի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաեւ ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների եւ կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման եւ հարցազրույցի անցկացման, հարցազրույցի հանձնաժողովի ձեւավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության եւ գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության արդյունքների ամփոփման, ընդունելության կազմակերպման եւ անցկացման մաքսային մարմնի եւ մաքսային մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպության օժանդակության հետ կապված հարաբերությունները:
3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի, բարձրագույն կրթության եւ հայերենին տիրապետելու եւ 49-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը կամ ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 օրացուցային տարվա ընթացքում ստացել է սույն հոդվածի 9-րդ, 14-րդ մասերով կամ սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքներով բացասական գնահատական:
4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետեւյալ տվյալները.
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ կոմիտեի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը:
5. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց:
6. Թեստավորման պահանջները հաստատում է կոմիտեի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձեւավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:
7. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում կոմիտեի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն եւ դրանից բարձր միավորներ ստացած անձինք:
8. Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձեւավորած հանձնաժողովը:
9. Հարցազրույցի կազմակերպման համար ձեւավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար: Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը մաքսային մարմնի կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից եւ այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով մասնակիցը ստանում է դրական կամ բացասական գնահատական:
10. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տեւողությունը, ամփոփիչ քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է կոմիտեի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաեւ բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:
11. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի արդյունքներն ամփոփելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով եւ որի ձեւը հաստատում է կոմիտեի ղեկավարը: Եթե պատրաստման հավաստագրի գործողության ավարտին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից պատրաստման դասընթաց չի անցկացվել, ապա պատրաստման հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ պատրաստման հավաստագրի գործողության վերջնաժամկետից հետո կազմակերպված պատրաստման դասընթացի արդյունքում պատրաստման հավաստագիր տրամադրելու օրը, իսկ պատրաստման դասընթացը չհաղթահարելու դեպքում՝ մինչեւ պատրաստման դասընթացը չհաղթահարելու օրը:
12. Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման եւ հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են մաքսային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած եւ ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր:
13. Ծառայողական առաջխաղացման հիմքով մաքսային ծառայության պաշտոնի (այդ թվում՝ ղեկավար) նշանակվելիս մաքսային ծառայողի պատրաստման հավաստագրի գործողությունը շարունակվում է մինչեւ պատրաստման հավաստագրի գործողության՝ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը: Ծառայողական առաջխաղացման արդյունքում զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատրաստման հավաստագրի ստացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
14. Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչեւ պաշտոնի նշանակումը բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված՝ կոմիտեի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում կոմիտեի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձեւավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պատրաստման հավաստագիր ստացած անձը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձեւանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքներով պատրաստման հավաստագիր ստացած անձը ստանում է դրական կամ բացասական գնահատական: Հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալու հիմքով պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է:
15. Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով մաքսային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաեւ առանձին պաշտոններ զբաղեցնելու համար:»:
Հոդված 5. Օրենքի 8.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք (բացառությամբ մաքսային ծառայողների) ընդգրկվում են մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ սույն օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնների համար անցկացվող ընդունելության տեսակների՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Ընդ որում, սույն օրենքի 8.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը, ինչպես նաեւ սույն օրենքի 8.1-ին հոդվածի 14-րդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալը հիմք է անձին ցուցակից հանելու համար:»:
Հոդված 6. Օրենքի 8.3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից եւ պատրաստման հավաստագիր ունեցող մաքսային ծառայողներից, ինչպես նաեւ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող մաքսային ծառայողներից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի:»,
2) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետում «ծառայողների» բառից հետո լրացնել «՝ համապատասխան պաշտոնների» բառերը,
բ. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2) պաշտոնին համապատասխան պատրաստման գործող հավաստագիր ունեցող եւ տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած մաքսային ծառայողները.»,
գ. լրացնել 3-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող եւ տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած մաքսային ծառայողները»,
3) լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ:»,
4) լրացնել 7.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7.1. Հարցազրույցի փուլը հաղթահարելուց եւ պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված կոմիտեի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում կոմիտեի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձեւավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պաշտոնի նշանակված մաքսային ծառայողը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձեւանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքներով ծառայողը ստանում է դրական կամ բացասական գնահատան: Դրական գնահատական ստանալու դեպքում մաքսային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:»,
5) 10-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքներով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանում Է կոմիտեի ղեկավարը:»:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, իսկ մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով» բառերը,
2) 2-րդ մասից «3» թիվը հանել,
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
4) 4-6-րդ մասերում «եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառերով,
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
6) լրացնել 7.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7.1. Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված մաքսային ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ: Սույն մասով նախատեսված մաքսային ծառայողի կատարողականի գնահատականը մաքսային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաեւ մաքսային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա մաքսային ծառայողին տրվում է գնահատական: Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, մաքսային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է կոմիտեի ղեկավարը: Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով կոմիտեի ղեկավարի սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում մաքսային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ կոմիտեի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու համար:»:
Հոդված 8. Օրենքի 17.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն)» բառերը փոխարինել «Ուսումնական կենտրոնի» բառերով,
2) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետից հանել «մասնագիտական» եւ «(այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը)» բառերը,
բ. 4-րդ կետում «հատուկ միջոցների եւ հրազենի» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված հատուկ եւ այլ միջոցների» բառերով:
Հոդված 9. Օրենքի 22.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 3-րդ կետում «8.2-րդ» բառը փոխարինել «8.3-րդ» բառով,
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքով» բառերը,
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «առաջարկված թեկնածուներից» բառերը փոխարինել «՝ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից» բառերով:
Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում՝
ա. լրացնել 4.2-րդ, 4.3-րդ եւ 4.4-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.2) սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալը.
4.3) պատրաստման գործող հավաստագիր չունենալը.
4.4) մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ կոմիտեի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը.»,
բ. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7) Կառավարության հաստատած՝ մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված որեւէ հիվանդությամբ տառապելը.»,
գ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 2-րդ պարբերության 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ..
«8) մաքսային մարմնի վարչության պետի կամ տեղակալի, բաժնի պետի կամ տեղակալի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսային մարմնի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի»,
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
3) 9-րդ մասում «4-րդ» բառից հետո լրացնել «, 4.3-րդ» բառը, իսկ «ծառայողները» բառից հետո լրացնել «եւ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողները» բառերը:
Հոդված 13. Օրենքի 49-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:»,
2) 2-րդ մասում «պաշտոն» բառից հետո լրացնել «, ինչի ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ» բառերը:
Հոդված 14. Օրենքի 51-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետում «եւ 4.1-ին կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով,
2) 2-րդ մասի 5-րդ կետից հանել «կոմիտեի ղեկավարի կողմից» բառերը:
Հոդված 15. Օրենքի ամբողջ տեքստում «մաքսային մարմնի ղեկավար» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «կոմիտեի ղեկավար» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 16.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 4.3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 2 օրացուցային տարի հետո:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացված պատրաստման եւ վերապատրաստման հավաստագրերը օրենքով սահմանված գործողության ժամանակահատվածում ունեն սույն օրենքով սահմանված պատրաստման հավաստագրերին համարժեք իրավաբանական ուժ:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքների (այսուհետ՝ Օրենքներ), ինչպես նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել Օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարել՝ սահմանելով հետեւյալ կանոնակարգումները, մասնավորապես՝
1. Գործող կանոնակարգումների համաձայն հարկային/մաքսային ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել հարկային/մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, հարկային/մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից հավաստագիր ստացած եւ հարկային/մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք կամ վերապատրաստում անցած հարկային/մաքսային ծառայողները: Նախագծերով նախատեսվում է հարկային եւ մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների մասով նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու վերաբերյալ պայմանը:
Նշված փոփոխությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով վեր հանված խնդիրները կանոնակարգելու, մասնավորապես՝ հարկային/մաքսային ծառայողներին վերապատրաստման արդյունքում պաշտոնի նշանակման մասով կարգավորումը հանրության շրջանում ձեւավորված, որպես խտրական մոտեցում, վերացնելու, բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ հարկային/մաքսային ծառայողների՝ պաշտոնների նշանակման պայմանների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, նշվածի արդյունքում կապահովվի նաեւ մաքսային եւ հարկային ծառայողների պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը եւ հարկային/մաքսային ծառայությունները կհամալրվեն որակյալ, բանիմաց եւ բարեվարք կադրերով:
Միաժամանակ, որպես պաշտոնի նշանակման առանձին պայման նախատեսվել է գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային/մաքսային ծառայողի կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունենալը:
Ուժը կորցրած է ճանաչվել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը սահմանող դրույթը:
Միաժամանակ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն հարկային ծառայության պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր)ը հարկային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող հարկային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ նույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:
Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
Հաշվի առնելով, որ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում նման դրույթ առկա չէ, միատեսակությունն ապահովելու նպատակով ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի կողմից հաստատելու վերաբերյալ դրույթն ուժը կորցրած ճանաչել:
Բացի այդ, հարկ է նշել, որ հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող անձինք, իսկ հարկային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանվում են նաեւ հարկային ծառայության համապատասխան պաշտոնի համար պահանջվող կրթությունը, մասնագիտական գիտելիքները, այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտությունը արդեն իսկ սահմանվում է պաշտոնի անձնագրով, ուստի մասնագիտությունների ցանկը առանձին իրավական ակտով հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Միաժամանակ, կարգավորման ենթակա խնդիրը բխում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազմամյա մասնագիտական գործունեության եւ բարձրագույն կրթության անհրաժեշտ մասնագիտությունների համապատասխանեցման ապահովման անհրաժեշտությունից:
Ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ընթացող կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում անհրաժեշտ է ապահովել հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ծառայողների ներառման եւ պաշտոնների նշանակման գործընթացը, սակայն, խոչընդոտներ են առաջացել հարկային ծառայության ոլորտում բազմամյա փորձ ունեցող թեկնածու-ծառայողների համար՝ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթերում նշված տարբեր կրթական ծրագրերի, մասնագիտությունների եւ ծածկագրերի՝ մասնագիտություններին անհամապատասխանության առումով:
Առաջացած խոչընդոտները լուծելու նպատակով հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն ունեն հարկային ծառայողներին անհրաժեշտ մասնագիտական փորձ եւ իրենց՝ պաշտոնի անձնագրերով սահմանված գործառույթների համար անհրաժեշտ հմտություններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների բնականոն աշխատանքներն իրականացնելու նպատակով, եւ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի կողմից հաստատելու վերաբերյալ դրույթն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում կապահովվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների բնականոն աշխատանքը հարկային ոլորտում փորձառություն ունեցող մասնագետների աջակցությամբ, ինչպես նաեւ հնարավորություն կլինի հարկային ծառայության պաշտոնները համալրել նոր կադրերով, որոնք կարող են ունենալ բարձրագույն կրթության միջոլորտային մասնագիտություններ՝ աջակցելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների բազմաֆունկցիոնալ գործառույթների իրականացմանը:
2.Նախատեսվում է սահմանել հարկային եւ մաքսային ծառայությունների պաշտոնները՝ ըստ խմբերի՝ հաշվի առնելով դրանք առավել որոշակի դարձնելու անհրաժեշտությունը եւ իրավակիրառ պրակտիկայի արդյունքները: Մասնավորապես՝ հարկային մարմնում՝ ըստ պաշտոնների խմբերի, սահմանվում են հարկային ծառայության հետեւյալ պաշտոնները.
1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝
ա. հարկային մարմնի վարչության պետ.
2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝
ա. հարկային մարմնի վարչության պետի տեղակալ.
բ. հարկային մարմնի բաժնի պետ.
գ. հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ.
դ. հարկային մարմնի գլխավոր մասնագետ.
ե. հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ.
զ. հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր.
3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝
ա. հարկային մարմնի առաջատար մասնագետ.
բ. հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ.
գ. հարկային մարմնի ավագ օպերլիազոր
4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝
ա. հարկային մարմնի առաջին կարգի մասնագետ.
բ. հարկային մարմնի հարկային տեսուչ.
գ. հարկային մարմնի օպերլիազոր:
Մաքսային մարմնում՝ ըստ պաշտոնների խմբերի, սահմանվում են մաքսային ծառայության հետեւյալ պաշտոնները
1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի վարչության պետ.
2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ.
բ. մաքսային մարմնի բաժնի պետ.
գ. մաքսային մարմնի բաժանմունքի պետ
դ. մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ.
ե. մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ.
3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ.
4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի մաքսային տեսուչ:
3.Նախատեսվում է սահմանել, որ հարկային/մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում, ինչպես նաեւ առավելագույն տարիքը լրանալուց հետո հարկային/մաքսային ծառայողի պաշտոնավարումը մինչեւ մեկ տարի ժամկետով երկարաձգելու դեպքում նշված ժամանակահատվածում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:
4. Սահմանվում է, որ հարկային/մաքսային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը հարկային/մաքսային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն 1 անգամ կազմակերպում եւ անցկացնում է հարկային/մաքսային ծառայողի (ըստ անհրաժեշտության նաեւ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն): Սույն մասի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:
Ընդունելության կարգով ի թիվս այլ պահանջների նախատեսվում է , որ պետք է սահմանվի՝ հարցազրույցի հանձնաժողովի ձեւավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության եւ գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության կազմակերպման եւ անցկացմանը հարկային/մաքսային մարմնի եւ հարկային/մաքսային մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպության օժանդակության հետ կապված հարաբերությունները:
Նախատեսվել է, որ Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 օրացուցային տարվա ընթացքում ստացել է սույն հոդվածի 9-րդ, 14-րդ մասերով կամ սույն օրենքի 17.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքներով բացասական գնահատական:
Նախատեսվել է, որ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը հարկային/մաքսային մարմնի կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից եւ այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով մասնակիցը ստանում է դրական կամ բացասական գնահատական:
Հարկային/մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի արդյունքներն ամփոփելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով եւ որի ձեւը հաստատում է հարկային/մաքսային մարմնի ղեկավարը: Եթե պատրաստման հավաստագրի գործողության ավարտին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից պատրաստման դասընթաց չի անցկացվել, ապա պատրաստման հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ պատրաստման հավաստագրի գործողության վերջնաժամկետից հետո կազմակերպված պատրաստման դասընթացի արդյունքում պատրաստման հավաստագիր տրամադրելու օրը, իսկ պատրաստման դասընթացը չհաղթահարելու դեպքում՝ մինչեւ պատրաստման դասընթացը չհաղթահարելու օրը:
Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած հարկային/մաքսային ծառայողները հարկային/մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման եւ հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են հարկային/մաքսային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած եւ ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր:
Ծառայողական առաջխաղացման հիմքով հարկային/մաքսային ծառայության պաշտոնի (այդ թվում՝ ղեկավար) նշանակվելիս հարկային/մաքսային ծառայողի պատրաստման հավաստագրի գործողությունը շարունակվում է մինչեւ պատրաստման հավաստագրի գործողության ժամկետի ավարտը: Ծառայողական առաջխաղացման արդյունքում զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատրաստման հավաստագրի ստացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչեւ պաշտոնի նշանակումը բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված՝ հարկային/մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային/մաքսային մարմնի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Բացի այդ, քննությունն առավել օբյեկտիվ իրականացնելու նպատակով սահմանվել է, որ նոր հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձեւավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալու հիմքով պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է:
5. Նախատեսվում է, սահմանել, որ պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են ծառայողների թեկնածուների ցուցակներում: Նախատեսվում է սահմանել, որ թեկնածուների ցուցակը վարվելու է ըստ ընդունելության տեսակների (ղեկավար եւ ոչ ղեկավար): Բացառություն է սահմանվել հարկային/մաքսային ծառայողների համար, որոնք չեն ընդգրկվում թեկնածուների ցուցակում:
Պաշտոնի նշանակումը, ինչպես նաեւ նոր հարցազրույցի (բարեվարքության) արդյունքում բացասական գնահատական ստանալը հիմք է անձին ցուցակից հանելու համար:
6. Նախատեսվում է սահմանել, որ հարկային/մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային/մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից եւ պատրաստման հավաստագիր ունեցող հարկային/մաքսային ծառայողներից, ինչպես նաեւ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային/մաքսային ծառայողներից հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի:
Հարցազրույցի հրավիրվում են՝
1) հարկային/մաքսային ծառայողների՝ համապատասխան պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված, հարկային/մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող 5 ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.
2) պաշտոնին համապատասխան պատրաստման գործող հավաստագիր ունեցող եւ տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային/մաքսային ծառայողները.
3) սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող եւ տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային/մաքսային ծառայողները:
Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ:
Հարցազրույցի փուլը հաղթահարելուց եւ պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված հարկային/մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային/մաքսային մարմնի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Բացի այդ, քննությունն առավել օբյեկտիվ իրականացնելու նպատակով սահմանվել է, որ նոր հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձեւավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Հարցազրույցի արդյունքներով ծառայողը ստանում է դրական կամ բացասական գնահատական: Դրական գնահատական ստանալու դեպքում հարկային/մաքսային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:
Հաշվի առնելով փորձաշրջանի կարեւորությունը, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային ծառայության առանձնահատկությունները՝ նախատեսվում է սահմանել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով կարգավորվելու փոխարեն ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքներով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են հարկային/մաքսային մարմնի ղեկավարի համապատասխան իրավական ակտով:
7. Նախատեսվել է, որ հարկային/մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային/մաքսային ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ: Հարկային/մաքսային ծառայողի կատարողականի գնահատականը հարկային/մաքսային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաեւ հարկային/մաքսային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա հարկային/մաքսային ծառայողին տրվում է գնահատական: Հարկային/մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, հարկային/մաքսային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է հարկային/մաքսային մարմնի ղեկավարը: Կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով հարկային/մաքսային մարմնի ղեկավարի սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում հարկային/մաքսային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ հարկային/մաքսային մարմնի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է հարկային/մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու համար: Միաժամանակ, բոլոր ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան տարին մեկ անգամ:
8. Նախատեսվում է խմբագրել կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը՝ այդպիսին նախատեսելով միայն օրենքներով սահմանված կարգով պաշտոնի չնշանակվելը կամ հաստիքների կրճատումը:
9. Մաքսային եւ հարկային ծառայողների պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու, հարկային եւ մաքսային ծառայությունները որակյալ, բանիմաց եւ բարեվարք կադրերով ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ որպես ծառայողին ծառայությունից ազատելու հիմքեր՝ սահմանվել են հարցազրույցի (բարեվարքության հարցաթերթիկի) արդյունքում բացասական գնահատական ստանալը, պատրաստման գործող հավաստագիր չունենալը, գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ մաքսային մարմնի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործող կանոնակարգումների միատեսակությունը ապահովելու նպատակով օրենքով սահմանվել է հաստիքների կրճատումը (ոչ կառուցվածքային փոփոխությունների դեպքում) աշխատանքից ազատման հիմք:
Նախատեսվել է նաեւ, որ հաստիքների կրճատման եւ հարկային/մաքսային մարմնի գործունեության դադարելու, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող ծառայողները: Նախագծով նշված հիմքերի թվում լրացվել է, նաեւ պատրաստման գործող հավաստագիր չունենալը:
10. Նախատեսվում է սահմանել, որ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է հարկային/մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումը, այսինքն՝ հանվում է առաջխաղացման նպատակով վերապատրաստում կազմակերպելու վերաբերյալ կարգավորումը, ինչպես նաեւ նախատեսվում է, որ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է օրենքով նախատեսված հատուկ եւ այլ միջոցների գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը:
11. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնակարգումների համաձայն հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը՝ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից:
«Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքների դրույթների միատեսակությունն ապահովելու նպատակով նույնաբովանդակ կանոնակարգում է նախատեսվել նաեւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով:
12. Հաշվի առնելով, որ մաքսային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներով, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով հաստիքների կրճատման հետեւանքով պաշտոնից ազատման դեպքում քաղաքացիական ծառայողին երկու ամիս առաջ ծանուցում չի իրականացվում, ուստի ուժը կորցրած ճանաչել «Հաստիքների կրճատման հետեւանքով ծառայությունից առաջիկա ազատման վերաբերյալ մաքսային ծառայողը պետք է տեղեկացվի ազատվելուց առնվազն երկու ամիս առաջ» դրույթը:
13. Նախատեսվում է Նախագծերով սահմանել անցումային դրույթներ, որոնց համաձայն պատրաստման գործող հավաստագիր չունենալու հիմքով պաշտոնից ազատման վերաբերյալ դրույթը ուժի մեջ է մտնում Նախագծերն ուժի մեջ մտնելուց 2 օրացուցային տարի հետո: Միաժամանակ, մինչեւ Նախագծերն ուժի մեջ մտնելը ստացված պատրաստման եւ վերապատրաստման հավաստագրերը օրենքով սահմանված գործողության ժամանակահատվածում ունեն Նախագծերով սահմանված պատրաստման հավաստագրերին համարժեք իրավաբանական ուժ:
14. Անհրաժեշտություն է առաջացել խմբագրել նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածով սահմանված հարկային եւ մաքսային ծառայության վարձատրության սանդղակների վերաբերյալ աղյուսակը՝ հաշվի առնելով, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նշված աղյուսակում նշված հարկային եւ մաքսային ծառայության որոշ պաշտոններ այլեւս գոյություն չունեն, ինչի արդյունքում նշված աղյուսակից միայն հանվում են հարկային եւ մաքսային ծառայության արդեն իսկ գոյություն չունեցող պաշտոնները, իսկ ներկայումս առկա պաշտոնների մասով գործող գործակիցների որեւէ փոփոխություն չի կատարվում:
Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով Օրենքների, ինչպես նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրները կանոնակարգելու, Օրենքներով նախատեսված պաշտոնի նշանակման, ազատման, հարկային/մաքսային ծառայողի խրախուսման, փորձաշրջանի եւ հարկային/մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հետ կապված հարցերի հստակեցման անհրաժեշտությունը՝ մշակվել են Նախագծերը:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են Նախագծերը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից: Ըստ Կառավարության 2021-2016թթ. Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ եւ մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել եւ կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու եւ պետական համակարգի առջեւ դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիանալիզմով եւ բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձեւավորելու միջոցով:
6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքների, ինչպես նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրների հետ կապված հարաբերությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում