Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12126-11.12.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածով շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2)  պետական տուրքի միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական եւ եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների եւ տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լուծարված կազմակերպությունների վրա:

3. Սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2026 հուլիսի 1-ից:

4. Մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունները եւ գերավճարները չեն փոխանցվում նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտին եւ շարունակում են հաշվառվել նախկին պետական տուրքի անձնական հաշվի քարտերում մինչեւ պարտավորությունների մարումը եւ (կամ) գերավճարի վերադարձը:

5. Մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշված պարտավորությունների վրա հաշվարկված տույժերի մարման նպատակով վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը գործող համապատասխան հաշվեհամարներին:

6. Պետական տուրքի նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում վարվելու են միայն սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունները եւ պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները:

7. Պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաեւ լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման, մրցույթների մասնակցության համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվում եւ չեն հաշվառվում պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Տվյալ դեպքում վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:

8. Օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի գծով վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:

9. Սույն օրենքի 7-րդ հոդվածով շարադրվող՝ Օրենքի 36.1-ին հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2026 թվականի ապրիլի 1-ը:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինները Կառավարության որոշմամբ սահմանված ձեւաչափով առաջին անգամ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառում են սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող (այդ թվում՝ կասեցված) բոլոր լիցենզիաների (կամ ներդիրների), իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների, ծանուցման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար պետք է հաշվարկվի հերթական տարեկան պետական տուրքի գումար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: