Հոդված 1. «Կրիպտոակտիվների մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասում «Օտարերկրյա թողարկողի» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխվող» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանել «բացահայտել, ինչպես նաեւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) չի բավարարում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը.»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Ներքին աուդիտը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաեւ հաճախորդների շահերին հասցված ցանկացած վնասի մասին դրանց հայտնաբերումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նշված խախտման կամ հասցված վնասի էական լինելու դեպքում՝ նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնօրենների խորհրդին եւ Կենտրոնական բանկին:»:
Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածի 14-րդ մասում «Կենտրոնական բանկի Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտերով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասում «հրապարակման պահից:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Կենտրոնական բանկը կարող է թողարկողին պարտադրել հրավիրել աուդիտ իրականացնող անձի՝ պահուստային ակտիվների անկախ աուդիտ իրականացնելու նպատակով:»:
Հոդված 8. Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, պետք է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով գրանցվեն եւ լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ կամ դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն կարգավորումը տարածվում է այն իրավաբանական անձանց վրա, որոնք սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տեսակի իրավաբանական անձից վերակազմավորվել են մեկ այլ տեսակի իրավաբանական անձի (կազմակերպական-իրավական ձեւի փոփոխում): Անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Կենտրոնական բանկը սույն մասի համաձայն իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին, ինչպես նաեւ գրանցամատյանում իրավաբանական անձի պետական գրանցման համարը փոխարինում է Կենտրոնական բանկի տրամադրած գրանցման համարով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասով սահմանված կազմակերպությունների եւ դրանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերի եւ տեղեկությունների բացառություններ կամ դրանք այլ կերպ ներկայացնելու պահանջներ:»:
Հոդված 9. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունում «մասով նախատեսված» բառերը փոխարինել «օրենքի 20-րդ հոդվածի համաձայն» բառերով:
Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումը Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կարող է իրականացվել կանխիկ ձեւով, եթե
1) գործարքի գումարը չի գերազանցում երեք հարյուր հազար ՀՀ դրամը,
2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ մասով Կենտրոնական բանկին դիմած եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ցանկում ներառված անձի հետ կամ միջոցով,
3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաճախորդի նույնականացում եւ ինքնության ստուգում, ինչպես նաեւ վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ:
3. Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անձինք պարտավոր են մինչեւ 2026 թվականի հունվարի 15-ը գրավոր ձեւով դիմել Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով հիմնավորումներ Օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելը հավաստելու մասին՝ առնվազն նշելով ծառայության տեսակը, իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկություն, (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություն), գտնվելու վայրի (հաշվառման վայրի հասցե), ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ:
4. Անձը կարող է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործարքն իրականացնել կանխիկով Կենտրոնական բանկի կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների ցանկում (այսուհետ՝ Ցանկ) ներառելու մասին ծանուցում ստանալու պահից:
5. Կենտրոնական բանկը կարող է սահմանել Ցանկում ներառված անձանց հաճախորդների նույնականացման, ինչպես նաեւ նրանց հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) կարգի, բովանդակության, պայմանների, ժամկետների վերաբերյալ պահանջներ, ինչպես նաեւ դրանց՝ Կենտրոնական բանկ ներկայացման կարգ:
6. Կենտրոնական բանկը մինչեւ Օրենքով սահմանված կարգով ծառայություններ մատուցող անձանց գրանցումը եւ լիցենզավորումը իրականացնում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն: Վերահսկողության ընթացքում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտման, ինչպես նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների ցանկում ներառելու համար ներկայացված տեղեկություններում կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը անձին հանում է Ցանկից եւ այդ մասին տեղեկացնում է հարկային ոլորտում լիազոր մարմնին:
7. Այն անձինք, որոնք սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով չեն դիմել Կենտրոնական բանկ, իրենց կամ իրենց հաճախորդի անունից կամ հաշվին կրիպտոակտիվով գործարք կարող են իրականացնել միայն անկանխիկ ձեւով: