Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12141-11.12.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 28-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2 Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.

«Հոդված 7.1. Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը

1. Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում:

2. Գրասենյակի հիմնական գործառույթներն են.

1) արտակարգ իրավիճակների կամ պատահարների վերաբերյալ հեռախոսազանգերի, ինչպես նաեւ՝ այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, գրանցումը, դասակարգումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը.

2) սույն մասի 1-ին կետում նշված տեղեկությունների՝ ըստ ենթակայության փոխանցումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանքի ապահովումը.

3) արտակարգ իրավիճակի կամ պատահարի վայր մեկնած ծառայողներին անհրաժեշտ տեղեկությունների եւ կողմնորոշիչ տվյալների տրամադրումը.

4) արտակարգ իրավիճակների առաջացման (դրա սպառնալիքի) դեպքում, ինչպես նաեւ բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ ոստիկանության եւ փրկարար ծառայության ներգրավման, կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարման ու իրազեկման կազմակերպումը, հանրային միասնական հաղորդակցության ապահովումը, կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը:

5) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հանրապետական պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելը.

6) արձանագրված արտակարգ իրավիճակների կամ պատահարների վերաբերյալ տեղեկությունների ստացումը, մշակումը եւ ամփոփումը.

7) արտակարգ իրավիճակների դեպքում, բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմանը ներգրավված ոստիկանության եւ փրկարարական ծառայողների գործողությունների կառավարման ապահովումը.

8) Լիազոր մարմնի, այլ շահագրգիռ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների տեղեկատվական շուրջօրյա ապահովումը՝ արտակարգ իրավիճակների բնագավառում.

9) սույն մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում ոստիկանության եւ փրկարար ծառայության գործունեության ներդաշնակ աշխատանքի ապահովումը:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 15-ից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝

1) հաստատվում է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կանոնադրությունը.

2) փոփոխություններ են կատարվում ներքին գործերի նախարարության եւ փրկարար ծառայության կանոնադրություններում:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ներքին գործերի նախարարության կազմում գործում է օպերատիվ կառավարման գրասենյակը եւ դադարեցվում է փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը:

4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք փրկարար ծառայողներին եւ փրկարար ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին կարող են նշանակել ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում: Այս դեպքում թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց, որի անցկացման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Փրկարար ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կզբաղեցնի ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում եւ հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, եւ պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ոստիկանության կողմից տուժողներին արագ օգնության հասնելու եւ որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելուն աջակցելու կարողությունների զարգացման համար Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարության շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվել էր Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը:

2023 թվականին Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն ձեռքբերումների շարքում կարելի է առանձնացնել յուրաքանչյուր մարզում, Պարեկային ծառայությանը զուգահեռ, նաեւ Օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումների ձեւավորումը: Օպերատիվ կառավարման կենտրոնը իրավախախտումների եւ պատահարների վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերն ընդունող միասնական օպերատոր է, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովում է Պարեկային ծառայության ուժերի եւ միջոցների կառավարումը, պարեկային կարգախմբի մոտեցումը՝ դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում աջակցության ցուցաբերման նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տալիս է անհրաժեշտ խորհրդատվություն:

Միաժամանակ, Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարությամբ նախատեսված էր քննարկման առարկա դարձնել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ Ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը՝ ստեղծելով արտակարգ իրավիճակներում համապատասխան գերատեսչությունների կողմից արագ արձագանքման եւ օգնության տրամադրման արդյունավետ համակարգ, որը կընդգրկի ամբողջ պետության տարածքը: Ընդ որում, այսպիսի միավորումը իրագործելի է եւ արտակարգ իրավիճակների ժամանակ կհանգեցնի աշխատանքների իրականացման եւ նյութատեխնիկական բազայի օգտագործման ավելի արդյունավետ համակարգման:

Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության փորձն արդեն իսկ ապացուցել է, որ նման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման առկայությունը զգալիորեն նպաստում է Պարեկային ծառայության կողմից իր գործունեության առավել պատշաճ իրականացմանը եւ անհրաժեշտ իրավիճակներում օպերատիվ արձագանքմանը: Հաշվի առնելով Օպերատիվ կառավարման կենտրոնի, ինչպես նաեւ՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման միջազգային լավագույն փորձը՝ Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է նոր ռազմավարության շրջանակներում ձեռնամուխ լինել ահազանգերի ընդունման եւ օպերատիվ կառավարման միասնական գրասենյակի ստեղծմանը:

Ներկայումս, կախված իրավիճակի բովանդակությունից, քաղաքացին ինքը պետք է որոշի, թե առկա տարբերակներից արագ արձագանքման որ հեռախոսահամարով պետք է զանգահարի: Կանչերին պատասխանելու եւ մշակելու զանգերի կենտրոնների՝ կարգավարական (դիսպետչերական) կենտրոնների արագությունը զանգերին պատասխանելիս, ինչպես նաեւ՝ դեպքերի մասին տեղեկատվության հավաքման եւ արձագանքող ստորաբաժանումներին դրա տրամադրման որակն ազդում են անհետաձգելի օգնության ծառայությունների (առաջին արձագանքողների) ժամանման արագության վրա: Առաջին արձագանքողների ժամանման արագությունը եւ տարբեր ծառայությունների միջեւ համագործակցության ապահովումն առանցքային գործոններ են ճգնաժամերի լուծման, առողջությանը, գույքին եւ շրջակա միջավայրին հասցված վնասը նվազագույնի հասցնելու, ինչպես նաեւ՝ ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց օգնելու համար:

Արտակարգ իրավիճակների կանչերի արձագանքման՝ արդյունավետ գործող համակարգի ստեղծումը պահանջում է ժամանակակից տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների համակարգերի ավելի լայն կիրառում: Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նոր լուծումների կիրառումն ու պահպանումը պահանջում են ռեսուրսներ: Այդ ուղղությամբ եվրոպական մի շարք երկրներ իրականացրել են բարեփոխումներ՝ բարելավելու արտակարգ իրավիճակների զանգերին պատասխանելու եւ մշակելու գործելակարգերը եւ ընդլայնելու իրենց տեխնոլոգիական ներգրավվածությունը՝ ստեղծելով միջգերատեսչական կարգավարական կենտրոններ:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների կանչերի համակարգը գործում է ամենօրյա ռեժիմով (գործում են արտակարգ իրավիճակների ազգային հեռախոսահամարները` 101, 102 եւ 103, ինչպես նաեւ 112 եւ 911 հեռախոսահամարները), սակայն ունի զգալի թույլ կողմեր, եւ առանց լուրջ վերակազմավորման հնարավոր չէ նկատելիորեն բարձրացնել կանչերի արձագանքման եւ մշակման համակարգի կամ ճգնաժամային արձագանքման գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը: Գործող համակարգի հիմնական թերություններից է այն, որ մեծ թվով արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամարները հանգեցնում են նրան, որ օգնության կարիք ունեցողների համար կարող է դժվար լինել՝ արագ կողմնորոշվել, թե որ շտապ կանչի համարով պետք է զանգահարել կոնկրետ դեպքում, իսկ սխալ համարով զանգահարելը կարող է հանգեցնել օգնության հետաձգման: Կարող են լինել նաեւ իրավիճակներ, երբ անձը, անհրաժեշտությունից ելնելով, զանգեր է կատարում միեւնույն միջադեպի առնչությամբ մի քանի շտապ կանչերի հեռախոսահամարներով, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնող իրավիճակ է, որը պետք է բացառել: Մեկ այլ խնդիր է նաեւ տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող եւ միմյանցից անկախ գործող կարգավարական կենտրոնների միջեւ ոչ արդյունավետ հաղորդակցությունը այն իրավիճակներում, երբ մի քանի ծառայություններ պետք է միաժամանակ արձագանքեն ճգնաժամին (օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում): Նման դեպքերում մեկ ստորաբաժանման կարգավարական կենտրոնի կողմից հավաքագրված օպերատիվ տեղեկատվությունն անխուսափելիորեն ոչ միաժամանակ է հասնում բոլոր արձագանքողներին` ուշացնելով անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:

Միեւնույն ժամանակ, տարբեր գերատեսչությունների կարգավարական կենտրոնները կատարում են նույնատիպ գործառույթներ՝ պատասխանում են արտակարգ իրավիճակների կանչերին, արագ մշակում դրանք եւ փոխանցում առաջին արձագանքողներին, ընդ որում՝ իրենց գործունեության համար պահանջվում են հատուկ աշխատանքային միջավայր, անձնակազմ եւ մասնագիտացված տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիական համակարգեր: Կառավարման նման մոդելը հաճախ հանգեցնում է մարդկային ռեսուրսների, տեխնոլոգիաների եւ աշխատանքային այլ գործիքների անարդյունավետ օգտագործմանը:

Բացի այդ, ՀՀ ներքին գործերի նախարարությունում ներկայումս գործող տեխնիկական համակարգերն իրենց ամբողջ ծավալով կփոխանցվեն ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակին, որի հաշվառմամբ՝ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումների անհրաժեշտություն չի առաջանա:

Այդ խնդիրները լուծելու համար, մի շարք երկրների (Էստոնիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Լիտվա, Իսլանդիա, Վրաստան) օրինակին հետեւելով, առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարությանը ենթակա տարբեր մարմինների կողմից սպասարկվող տարբեր կանչերի համարների փոխարեն նախատեսել բնակչությանը լավ հայտնի արտակարգ իրավիճակների կանչերի մեկ հեռախոսահամար, որի սպասարկումը կիրականացնի Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող գրասենյակը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմում Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծում՝ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի (այսուհետեւ՝ ՕԿԿ) եւ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (այսուհետեւ՝ ՓԾ ՃԿԱԿ) գործունեության դադարեցմամբ:

Նշված ծառայությունների մասնագիտական ուժերի օպտիմալացման արդյունքում տարբեր իրավախախտումների, արտակարգ իրավիճակների եւ պատահարների վերաբերյալ ահազանգերը քաղաքացիներից կընդունվեն եւ կսպասարկվեն միատեսակ մոտեցմամբ՝ նպաստելով ահազանգերին արձագանքման ժամանակի կրճատմանը եւ արդյունավետության բարձրացմանը:

Ընդ որում, գրասենյակի ձեւավորմամբ պայմանավորված՝ նախատեսվում են Նախարարության, ոստիկանության եւ Փրկարար ծառայության կառուցվածքի եւ ֆունկցիոնալի էական փոփոություններ այն տրամաբանությամբ, որ Նախարարությունում, ոստիկանությունում Փրկարար ծառայությունում եւ գրասենյակում բացառվեն կրկնվող գործառույթները: Արդյունքում, Նախարարությունը պատասխանատու է լինելու ոլորտում ընդհանուր քաղաքականության մշակման, գրասենյակը՝ ճգնաժամային իրավիճակների կառավարման, Փրկարար ծառայությունը՝ արտակարգ իրավիճակներում փրկարար ուժերի արձագանքի իրականացման համար, իսկ ոստիկանությունը՝ իրավախախտման կամ պատահարի արձագանքման համար: Այս համատեքստում, կվերանայվեն նաեւ Նախարարության Աղետների եւ այլ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կանոնադրական խնդիրները՝ դրանք ուղղելով տեխնիկական անվտանգության ապահովմանը եւ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառմանն ու գործունեության վերահսկողությանը: Փրկարար ծառայությունում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է լուծարել Փրկարար ծառայության Ծառայության կազմակերպման վարչությունը, քանի որ վերջինիս կողմից իրականացվող՝ համակարգող գործառույթները վերապահվելու են գրասենյակին: Բացի այդ, մեկ վարչության կազմում միավորվելու են Քաղաքացիական պաշտպանության եւ Բնակչության պաշտպանության վարչությունները եւ վերջիններիս գործառույթներից կհանվեն գրասենյակին վերապահվող՝ քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու գործառույթները: Փրկարար ծառայության Բժշկական եւ հոգեբանական վարչություններն արդեն իսկ միավորվել են մեկ վարչության ներքո եւ վարչության ֆունկցիոնալն ունի բացառապես տեղում բժշկական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործառույթ: Արդյունքում, Փրկարար ծառայության կենտրոնական ապարատում գործող թվով 7 վարչություններից իրենց գործունեությունը կշարունակեն 3-ը, որոնց ընդհանուր գործառույթը միտված կլինի արտակարգ իրավիճակներում փրկարար ուժերի արձագանքի պատշաճ եւ համակարգված իրականացմանը:

Անհրաժեշտ է նշել, որ նոր գրասենյակի վերջնական ձեւավորումը տեղի կունենա երկու փուլերով: Առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակը եւ լուծարել ՃԿԱԿ-ը ու ՕԿԿ-ն, իսկ վերջիններիս կողմից իրականացրած գործառույթները կներառվեն ինքնուրույն կառավարչական լիազորություններով օժտված Օպերատիվ կառավարման գրասենյակի գործառույթներում: Երկրորդ փուլի ընթացքում՝ Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծումից անմիջապես հետո, աշխատանքներ կտարվեն Օպերատիվ կառավարման գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման ու շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը Օպերատիվ կառավարման գրասենյակին փոխանցելու համար: Միաժամանակ, կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավվեն ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը եւ այլն:

Արդյունքում՝ ահազանգերի ընդունման համար կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն երկու մարմինների՝ Ոստիկանության եւ Փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախարարությունում եւ Նախարարությանը ենթակա մարմիններում ընթացող կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է ՕԿԿ-ի (որն իր իրավասության սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության օպերատիվ իրավիճակի շուրջօրյա վերահսկում, քաղաքացիներից ստացված ահազանգերի սպասարկում, պարեկային ծառայության օպերատիվ կառավարում, դեպքի վայրում ուժերի օպերատիվ կառավարում, ապահովում է Ոստիկանությանն անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութերով, շտեմարաններով, ուսումնասիրում եւ վերլուծում հանցավորության (նաեւ վարչական իրավախախտումների) մակարդակը, դրանք ծնող պատճառները եւ ռիսկերը, ցուցաբերում է արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին մեթոդական օժանդակության, մշտադիտարկման արդյունքում ձեռք բերված տվյալների մշակում եւ դրանց ամփոփում, հետեւանքների հնարավորինս ճշգրիտ կանխատեսում ու մոդելավորում) եւ ՓԾ ՃԿԱԿ-ի (որն իր իրավասության սահմաններում ապահովում է արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում, բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ արդյունավետ կառավարումը, ահազանգերի սպասարկումը, հետեւանքների վերացման կառավարումը, իրականացնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության, այլ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների տեղեկատվական շուրջօրյա ապահովումը ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների բնագավառում) գործառույթների մեկտեղում՝ առաջարկվում է որպես միասնական զանգերի կենտրոն գործարկվող գրասենյակի գործունեությունը կազմակերպել ՀՀ Ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայությամբ:

Բացի այդ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով սահմանվել են նաեւ օպերատիվ կառավարման գրասենյակի հիմնական գործառույթները: Միաժամանակ, նախատեսվել են նաեւ գրասենյակի աշխատակիցների նշանակման հետ կապված կարգավորումներ:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվելու են ստեղծվելիք գրասենյակում պաշտոնի նշանակվելու կապակցությամբ վարձատրության հետ կապված հարցերը:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 5-րդ՝ «Հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի (112) ստեղծում» ուղղությունից, ինչպես նաեւ՝ 2-րդ հավելվածով հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 1-ին ուղղության 3-րդ կետի պահանջներից: Հիշյալ կետի համաձայն՝ մինչեւ 2026 թվականի 2-րդ կիսամյակը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ֆունկցիոնալը պետք է տեղափոխվի Ներքին գործերի նախարարություն եւ Ներքին գործերի նախարարության կազմում պետք է ձեւավորվի մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման գրասենյակ, ճգնաժամային արձագանքման համակարգը բնակչության համար կդառնա առավել հասկանալի, պարզ, արագ եւ արդյունավետ՝ օգնություն տրամադրելու հարցում, կբարելավվի միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաեւ՝ արձագանքման համար պատասխանատու պետական մարմինների աշխատանքի որակի բարձրացման եւ պետության ռեսուրսների խնայողության համար կստեղծվի կանչերի ընդունման, արձագանքման, դրանց մշակման եւ համակարգի կառավարման արդյունավետ մոդել:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն