Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 152.4-րդ հոդվածով.
«Հոդված 152.4. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողի կողմից օտարման նպատակի իրագործման ժամկետները խախտելը
1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից սեփականության օտարման նպատակի իրագործումը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված ժամկետում չսկսելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օտարված յուրաքանչյուր գույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով:
2. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից սեփականության օտարման նպատակի իրագործումը գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չավարտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օտարված յուրաքանչյուր գույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով:
3. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը եւ դրանից բխող բոլոր իրավական փաստաթղթերն օրենքի ուժով ուժը կորցրած համարվելու հիմք համարվող՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված արարք կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օտարված յուրաքանչյուր գույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 244.27-րդ հոդված.
«Հոդված 244.27. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողի կողմից օտարման նպատակի իրագործման ժամկետների խախտման վերաբերյալ գործեր քննող եւ վարչական տույժ կիրառող մարմինները
1. Սույն օրենսգրքի 152.4-րդ հոդվածով սահմանված վարչական գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռքբերողի հետ պայմանագիր կնքած՝ համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմինը, իսկ եթե պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը պատվիրակվել է Երեւանի քաղաքապետին, ապա Երեւանի քաղաքապետը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: