Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-953-23.02.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել նոր` 23 -րդ հոդվածով.

Հոդված 23 . «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր` նշվում է մարտի 1-ին, աշխատանքային օր»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ եւ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

2008թ. Մարտի 1-ը դարձավ նախորդ նախագահական ընտրություններից հետո պետական ահաբեկչական դրսեւորումների (այդ թվում 2004թ.) գագաթնակետը:

2008 թվականի մարտի 1-ին Երեւանում խաղաղ ցուցարարների նկատամամբ կիրառվեց բանակն ու ոստիկանության զորքերի տորաբաժանումները. արդյունքում առնվազն 10 մարդ սպանվեց՝ այդ թվում երկու զինծառայող, հարյուրավոր քաղաքացիներ ստացան հրազենային, բեկորային եւ այլ մարմնական վնասվածքներ։

Մինչեւ օրս չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն կանչվել այդ սպանությունները կատարած անձինք: Պատասխանատվության չեն կանչվել նաեւ տասնյակ հարյուրավոր քաղաքացիներին մարմնական վնաս պատճառած անձիք:

Հարյուրավոր քաղաքացիներ չեն ճանաչվել տուժողներ եւ հնարավորություն չեն ունեցել օգտվելու դատական պաշտպանության իրավունքից: Սպանվածների իրավահաջորդներին չի տրվել նույնիսկ նյութական փոխհատուցում:

Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին չորս բանաձեւ ? 1609 (2008), ? 1620 (2008), ? 1643 (2009) եւ ? 1677 (2009)), սակայն դրանց առաջադրած պահանջները կամ չեն կատարվել, կամ կատարվել են ձեւականորեն։

Միաջազգային կառույցների պահանջով 2010 թվականին ստեղծված փաստահավաք խմբի գործունեությունը կամայական դադարեցվել է:

Թեեւ ֆորմալ առումով շարունակվում է Մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է եւ հանցագործների բացահյատմանը ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում:

Իշխող քաղաքական ուժը երկու անգամ տապալել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության՝ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցերը ուումնասիրելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:

Քաղաքական մեծամասնությունը վիժեցրեց նաեւ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության կողմից Ազգային Ժողովին ներկայացված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլոց, փոխհատուցում կստանային նաեւ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները եւ տուժողները:

Իշխանությունը ոչ միայն չի բացահայտում հանցագործությունները, այլեւ մինչ օրս չի դատապարտել Մարտի 1-ին կատարված սպանությունների կատարողներին եւ կազմակերպիչներին:

2009 թվականի մարտի 1-ից սկսած, այդ օրը, հազարավոր քաղաքացիներ հավաքվում են Ազատության հրապարակում եւ երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան՝ նշելով մարտիմեկյան զոհերի հիշատակը եւ դատապարտելով պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դրսեւորումները։

2. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ.

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կատարել լրացում, օրինական տեսք տալ արդեն ձեւավորված ավանդույթին եւ 2008թ. մարտի 1-ը նշել զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր։