Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1205-08.12.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստան Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 130-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի հայցվոր ֆիզիկական կամ իրավաբանական անձը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձը եւ դատավարության մասնակիցները տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1 վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ.»:

Հոդված 4. Օրենսգրքի 140-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակության.

«1. Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում եւ որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նշված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել մինչեւ չորս ամիս ժամկետով:»:

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.

«1.1 Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը չի տարածվում սույն օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոքների քննության հատուկ ժամկետների վրա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 141-րդ հոդվածում.

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը դատավարության մասնակցի հիմնավորված միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով այն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակության նոր 4-6-րդ մասերով.

«4. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը դատավարության մասնակիցը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ մինչեւ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում:

5. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ:

6. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաեւ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 142-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակության.

«Հոդված 142. Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում

1. Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը դատական նիստում իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը, ինչպես նաեւ դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

3. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում սկսվում է նախագահող դատավորի զեկուցումով: Նախագահող դատավորը շարադրում է բողոքի եւ բողոքի դեմ ներկայացված պատասխանի ամփոփ բովանդակությունը: Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, դատավարության մասնակիցներին, որից հետո գործի դատաքննությունը ավարտվում է, եւ հայտարարվում են դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 142.1-ին հոդվածում.

1)  1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2)  3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն մասով նախատեսված դատական ակտի հրապարակման օրը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել՝ այդ մասին տեղեկացնելով դատավարության մասնակիցներին, սակայն այն չի կարող գերազանցել սույն օրենսգրքով վերաքննիչ բողոքների քննության համար սահմանված ժամկետները:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վերաքննիչ բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով եւ դատավարության մասնակիցները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ծանուցվում են բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին՝ առանց նշանակված դատական նիստերն անցկացնելու անհրաժեշտության, բացառությամբ եթե վերաքննիչ վարչական դատարանը սույն մասում նշված ծանուցումից հետո 15-օրյա ժամկետում դատավարության մասնակցի հիմնավորված միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունը շարունակել բանավոր ընթացակարգով:

3. Սույն օրենքի 1-ին եւ 3-րդ հոդվածներով սահմաված կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննության ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները գործում են միայն 2026 թվականի հունվարի 1-ից հետո վարույթ ընդունված վերաքննիչ բողոքների քննության նկատմամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ  ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն