Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12041-08.12.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 234.11-րդ հոդվածի 1-ին մասում «Պատվիրատուի» բառը փոխարինել «Բացառությամբ «Գնումների մասին» օրենքով նախատեսված դեպքերի՝ պատվիրատուի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 234.12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտերի կատարումը սույն օրենսգրքի 370-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 394-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով չի կարող կասեցվել:»:

Հոդված 3. Օրենսգրքի 391-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաեւ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված գնման գործընթացների կասեցման հետեւանքով առաջացող հնարավոր խնդիրները կարգավորելու, այնպես էլ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո գնման գործընթացների կասեցումը բացառելու հանգամանքով:

Գործող կարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված գնման գործընթացները կասեցվում են, իսկ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում գործադիր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդությունները գնման գործընթացի կասեցումը վերացնելու մասին դատարանների կողմից մերժվում են, ինչպես նաեւ առկա են դեպքեր, երբ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի կատարումը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցվում է, ինչի արդյունքում պատվիրատուները հնարավորություն չեն ունենում սահմանված ժամկետներում լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները:

Նախագծերով առաջարկվող կարգավորումները ուղղված են՝

- հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված գնման գործընթացի շրջանակում բացառելու պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկման արդյունքում գնման գործընթացների կասեցումը, պայմանով, որ այդ պայմանը պետք է սահմանվի հրավերով՝ Կառավարության նախնական համաձայնության հիման վրա.

- բացառելու գնման գործընթացի կազմակերպման ժամկետների երկարաձգումը՝ պայմանավորված բողոքարկման հիմքով ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի վճռի կատարման կասեցմամբ:

2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հետեւյալը՝

- եթե գնման գործընթացի հրավերը պարունակել է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին, ապա գնման գործընթացի շրջանակներում պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը: Ընդ որում, տեղեկությունը հրավերում կարող է ներառվել Կառավարության նախնական համաձայնության դեպքում:

- պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտերի կատարումը չի կարող կասեցվել այդ ակտերի դեմ բերված վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հիմքով.

- գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաեւ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների, դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:

3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 25-ի թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3-րդ կետից (Միջոցառման անվանումը՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն եւ իրականացում», Ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման եւ պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում եւ կառավարում,  արդյունավետության բարձրացում):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն