Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1203-03.12.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ  հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է տասնմեկ անդամից, որոնցից վեցը՝ դատավոր անդամներ, իսկ հինգը՝ դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից չորսն ընտրվում են առաջին ատյանի դատարանի դատավորներից՝ յուրաքանչյուր մասնագիտացումից (քաղաքացիական (որը ներառում է նաեւ սնանկության մասնագիտացումը), քրեական, վարչական եւ հակակոռուպցիոն մասնագիտացումներ) մեկ դատավոր, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-ին մասով.

«5.1. Առաջին ատյանի դատարաններից էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն դատավորը, որն ունի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաեւ վերջին երկու տարվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության:».

3) 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Նախկին դատավորը չի կարող ընդգրկվել դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցուցակում, եթե նրա լիազորությունները առաջադրվելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Ընդ որում, Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը չի կարող Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում եւ Վճռաբեկ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնել, ինչպես նաեւ իր գործունեության ընթացքում եւ դրանից հետո երկու տարվա ընթացքում պարտավոր է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում ներկայացնել գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի իրավիճակային հայտարարագիր:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին եւ 8.2.-ին մասերով.

«8.1. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամը իր լիազորությունների իրականացման ողջ ընթացքում պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկելուց,

2) զերծ մնալ որեւէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ,

3) զերծ մնալ դատավորի մասնագիտական եւ անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի:

8.2. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուին առաջադրելու դիմումին կից Դատական դեպարտամենտ է ներկայացվում նաեւ նրա բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Հարցաթերթիկը ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին՝ Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ:»:

5) 9-րդ մասում՝

ա. «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները» բառերը փոխարինել «սույն հոդվածի 9.1-ին մասի պահանջներին» բառերով,

բ. 3-րդ նախադասության «պահանջները» բառը փոխարինել «պահանջներին բավարարելու վերաբերյալ փաստաթղթերի ցանկը, որն առնվազն ներառում է ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից իրենց պետական գրանցման վկայականի, կանոնադրության, դիմելուն նախորդող հինգ տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված գործունեության տարեկան հաշվետվությունների եւ իր կանոնադրական նպատակների շրջանակներում գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները ներկայացնելու պահանջ» բառերով.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.1-ին մասով.

«9.1. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առեւտրային  կազմակերպությունները (բացառությամբ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կամ համայնքի կողմից հիմնադրված ոչ առեւտրային կազմակերպությունների), որոնք.

1) ստացել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում.

2) Դատական դեպարտամենտի կողմից Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության մրցույթի հայտարարության հրապարակման օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում իրենց կանոնադրական նպատակներում որպես գործունեության ուղղություն ներառել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության ոլորտները եւ այդ ոլորտներում իրականացրել են փաստացի գործունեություն:».

7) 10-րդ մասի «բաց» բառը փոխարինել «գաղտնի» բառով.

Հոդված 2. Օրենքի ողջ տեքստում «հասարակական կազմակերպություններ» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ոչ առեւտրային կազմակերպություններ » բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 77.1-ին հոդվածի

1) 2-րդ մասում՝

ա.լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.

«3.1)  Հանձնաժողովի անդամի կողմից վարքագծի կանոնները, ինչպես նաեւ  Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի կողմից սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ կամ 8.1.-ին մասերի պահանջները խախտելու դեպքում.».

բ. 4-րդ կետում «աշխատակարգով» բառը փոխարինել «գործունեության կարգով» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1.-ին մասով.

«2.1. Հանձնաժողովի անդամի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի՝ որպես նախագահ իր լիազորություններն իրականացնելիս, լիազորությունների դադարման կամ դադարեցման հետ կապված ընթացակարգային հարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովների գործունեության կարգերով:»

3) 5-րդ մասում՝

ա. «մեկամսյա» բառը փոխարինել «քառասունհինգօրյա» բառով.

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

« Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում ընտրություն կազմակերպելիս հաշվի են առնվում նաեւ 77-րդ հոդվածի 4-րդ եւ 5.1-ին մասով սահմանվող պահանջները:»:

Հոդված 4. Օրենքի 78-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը  «ընթացիկ գործունեությունը» բառերից հետո լրացնել « ՝ հանձնաժողովի գործունեության կարգին համապատասխան: Հանձնաժողովի գործունեության կարգով կարող են սահմանվել հանձնաժողովի նիստերի անցկացման եւ հարցերի քննարկման առանձնահատկությունները» բառերը.

2) լրացնել հետեւյալ նոր բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը լուծելու կամ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի դիմելու հարցը լուծելու համար Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն յոթ անդամ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Հարուցված  կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումը չընդունվելու դեպքում կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը համարվում է մերժված, իսկ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումը չընդունվելու դեպքում հարուցված կարգապահական վարույթը կարճվում է:

2.2. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ: Եթե Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշման մեջ, եւ հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:»:

Հոդված 5. Օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին կետը.

2) 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) չորրորդ հերթին՝ սույն օրենսգրքի 110.1-ին հոդվածով նախատեսված հատուկ կարգով որակավորման ստուգում անցած անձին՝ ըստ հատուկ կարգով որակավորման ստուգումը հանձնելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող անձին.

5) հինգերորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին, այդ թվում՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուներին եւ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին.».

3) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 116-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում՝ «3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքում, ինչպես նաեւ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուի եւ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ՝

1) հղիության եւ ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու դեպքի,

2) այն դեպքի, երբ ցուցակում առկա են Արդարադատության ակադեմիայի թափուր տեղին համապատասխան մասնագիտացման նույն տարվա շրջանավարտներ, որոնք ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ: Սույն կետը չի տարածվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող  թեկնածուի եւ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուի վրա:».

3) 6-րդ մասում «4-րդ կետով սահմանված դեպքում» բառերը փոխարինել «5-րդ կետով սահմանված դեպքում (բացառությամբ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուի եւ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուի)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 119-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «խորհրդակցական սենյակում՝» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1.-ին մասով.

«2.1. Դատավորն իր դիմումով կարող է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին՝ դիմումի քննարկումը անցկացնելու խորհրդակցական սենյակում: Դատավորի միջնորդությունը բավարարելու դեպքում  քվեարկությունը անցկացվում է  խորհրդակցական սենյակում:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովն ընտրում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործունեության կարգերը համապատասխանեցվում են սույն օրենքին եւ դրանով սահմանված հանձնաժողովների ընտրության նոր կարգավորումներին:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաստատված դատավորների թեկնածուների ցուցակներից առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնելու նկատմամբ:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսերի ավելացումներ: Մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 77-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն «Հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափով:»:

Կառավարության 2020 թվականի հուլիսի 7-ի N 1282-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ ընդհանուր ժողովի հանձնաժողովներ) դատավոր չհանդիսացող անդամի գործունեության համար հատուցման ամսական չափ սահմանվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով:»:

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «2025 թվականին պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 83 200 դրամ.»:

Այսինքն՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող մեկ անդամի գործունեության համար հատուցման ամսական չափը կազմում է 582.400 ՀՀ դրամ /83.200*7/: Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում դատավոր չհանդիսացող անդամների թիվը 3-ով ավելացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր՝ յուրաքանչյուր ամիս 1.747.200 ՀՀ դրամի չափով /582.400*3/:

Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն