Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 58.1-ին հոդվածով `
«Հոդված 58.1. Քաղաքապետի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում
1. Քաղաքապետը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կենդանիների կացարանների եւ հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան եւ այլն) նախագծումը, կառուցումը եւ կառավարումը, այդ թվում նաեւ արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձեւաչափով.
2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման եւ կացարաններ տեղափոխման աշխատանքները.
3) համաքաղաքային կանոններին համապատասխան` տալիս է քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում.
4) աջակցում է անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների աշխատանքների վարմանը.
5) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվություններ.
6) սահմանում է Երեւանի տարածքում անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման կամ թաղման վայրերը.
7) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.
8) կենդանի տիրապետողից պահանջում է կենդանի պահելուն առչնվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ, փաստաթղթեր:»:
Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ եւ 5-րդ կետերով.
«4) վարչական շրջանի տարածքում, սահմանված կանոններին համապատասխան, տալիս է կենդանիների վաճառքի թույլտվություն.
5) վարչական շրջանի տարածքում տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրականացման համար համայնքներին կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ եւ հաջորդող տարիների համար դրանց ֆինանսավորումը կիրականացվի համայնքային բյուջեներից: