Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 17-րդ եւ 18-րդ կետերով.
«17) տալիս է համայնքի տարածքում կենդանիների վաճառքի թույլտվություն.
18) տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:»:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 50.1-ին հոդվածով.
«Հոդված 50.1. Համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում
1. Համայնքի ղեկավարը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կացարանների եւ հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան եւ այլն) նախագծումը, կառուցումը եւ կառավարումը, այդ թվում նաեւ արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձեւաչափով, եթե համայնքը ներառված է լիազոր մարմնի սահմանած ցանկում.
2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման, կենդանիների կացարաններ տեղափոխման աշխատանքները.
3) սահմանված կանոններին համապատասխան` տալիս է համայնքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում.
3) աջակցում է անասնաբուժական գրանցամատյանների աշխատանքների վարմանը.
4) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվություններ.
5) սահմանում է համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների ոչնչացման կամ թաղման վայրերը.
6) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.
7) կենդանի տիրապետողից պահանջում եւ ստանում է կենդանի պահելուն առչնվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ եւ փաստաթղթեր:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրականացման համար համայնքներին կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ եւ հաջորդող տարիների համար դրանց ֆինանսավորումը կիրականացվի համայնքային բյուջեներից: