Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1193-18.11.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի առաջին մասի «զ» ենթակետում «ձմեռային ժամանակահատվածներում:» բառերից հետո լրացնել «Սույն ենթակետով նախատեսված արտոնությունից կարող են օգտվել նաեւ օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր մեկնում են այն ավիաընկերությունների միջոցով, որոնք Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկում (սեւ ցուցակ) ընդգրկված լինելու հետեւանքով իրենց կոդով թռիչքներ չեն իրականացրել սույն ենթակետում նշված օդանավակայաններ, սակայն իրենց թռիչքները կազմակերպել եւ իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերի միջոցով, եւ այդ օդանավակայանները չվերթերը մեկնարկելու օրվա դրությամբ սույն կետի տրամաբանությամբ համարվել են չսպասարկված:» նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «զ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (մինչեւ երկու անգամ ներառյալ 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնության ժամկետի կիրառման, այդ թվում՝ ժամկետի երկարաձգման կարգը, ինչպես նաեւ չսպասարկվող ուղղությանը եւ ավիափոխադրողի կողմից չվերթերի իրականացման նվազագույն հաճախականություններին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Հոդված 4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում:

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածում կատարվող լրացմամբ սահմանվող պահանջներով սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտոնության ժամկետների պահպանմամբ ֆիզիկական անձանց պետական տուրքի վճարումից ազատվելու իրավունքը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1. Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկում (սեւ ցուցակ) ընդգրկված լինելու պայմաններում տեղական ավիաընկերությունները իրենց կոդով ավիափոխադրումներ չեն կարողացել իրականացրել IATA կոդով օդանավակայաններ, բայց թռիչքները կազմակերպել եւ իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերի միջոցով, սակայն այս պարագայում օդային տրանսպորտով մեկնող ֆիզիկական անձինք չեն օգտվել Օրենքի  29-րդ հոդվածի առաջին մասի «զ» ենթակետում սահմանված արտոնությունից: Այդ պատճառով Նախագծով ավիաընկերություններին պետական տուրքի վճարումից ազատվելու համար առաջարկվում է սահմանել հետեւյալ ժամանակավոր կարգավորումը. «Սույն օրենքի 1-ին հոդվածում կատարվող լրացմամբ սահմանվող պահանջներով Օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «զ» ենթակետով սահմանված արտոնության ժամկետների պահպանմամբ պետական տուրքի վճարումից ազատվելու իրավունքից ավիաընկերությունները կարող են օգտվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:»:

1.2. Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետը, այն է՝ «Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» ՀՀ կառավարությունը ընդունել է «ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն» որոշումը (այսուհետ՝ Որոշում):

Որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված է, որ Օրենքով 36 ամսով տրված արտոնության ժամկետը եւս 24 ամսով երկարաձգելու հարցը պետք է քննարկվի լիազոր մարմնի կողմից, այդ ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ, հիմք ընդունելով տվյալ ուղղությամբ մեկնող ուղեւորներին տրամադրվող արտոնության արդյունքում ուղեւորահոսքի ցուցանիշը, ինչպես նաեւ տնտեսության վրա նշված ցուցանիշի ունեցած ազդեցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը:

Հարկ է նշել, որ Որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված կարգավորումները չեն բխում Օրենքի 29-րդ հոդվածի լիազորող նորմից, ավելին՝ դրանք դուրս են նաեւ Որոշման կարգավորման առարկայի շրջանակից: Կառավարությունը Օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով լիազորվել է սահմանել միայն արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետները, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվութան հրապարակման կարգը:

Բացի այդ անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ սահմանելով արտոնության ժամկետի երկարաձգման հարցի քննարկման վերաբերյալ նոր կարգ, որի լիազորությունը փաստորեն Կառավարությունը չունի:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2.1. Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկում (սեւ ցուցակ) ընդգրկված լինելու պայմաններում տեղական ավիաընկերությունները իրենց կոդով ավիափոխադրումներ չեն կարողացել իրականացրել IATA կոդով օդանավակայաններ, բայց թռիչքները կազմակերպել եւ իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերի միջոցով, եւ այդ օդանավակայանները Օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «զ» ենթակետի տրամաբանությամբ համարվել են չսպասարկված: Սակայն այս պարագայում օդային տրանսպորտով մեկնող ֆիզիկական անձինք չեն օգտվել Օրենքի  29-րդ հոդվածի առաջին մասի «զ» ենթակետում սահմանված արտոնությունից:

2.2. 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-258-Ն օրենքի ընդունմամբ Oրենքի 29-րդ հոդվածում կատարվեց լրացում, համաձայն որի օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք առեւտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով մեկնում են առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ օգտվում են Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված օդային ուղեւորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից:

Օրենքում նշված լրացման արդյունքում միջազգային բյուջետային, ինչպես նաեւ տեղական (այդ թվում՝ նոր ստեղծված) եւ միջազգային դասական ավիաընկերություններ սկսեցին մինչ այդ չսպասարկված ուղղություններով չվերթեր իրականացնել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի նոր ուղղություններ:

COVID-19 համավարակի շրջանից հետո ՀՀ օդանավակայաններում արձանագրվեց ուղեւորահոսքի արագ վերականգնում: Այսպես, եթե 2019 թվականի արդյունքներով ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել էր շուրջ 3,2 մլն ուղեւոր, ապա 2022 թվականին ուղեւորահոսքը կազմեց շուրջ 3,7 մլն ուղեւոր, 2023 եւ 2024 թվականներին՝ շուրջ 10,76 մլն ուղեւոր (5,41 եւ 5,35 մլն ուղեւոր, համապատասխանաբար), արձանագրելով միջին տարեկան շուրջ 11,5% աճ Covid-19-ի համավարակի տարիները՝ 2020-2022թթ. ներառյալ, եւ միջին տարեկան շուրջ 28,4% աճ՝ չներառելով 2020-2022թթ. ցուցանիշները:

Օրենքի վերընշված փոփոխություններով պայմանավորված արտոնությունները սկսեցին կիրառվել նոր ուղղություններով մեկնող ֆիզիկական անձանց համար 2020 թվականի հունվարից՝ համաձայն Որոշման՝ 3 տարի ժամկետով +2 տարի երկարաձգման հնարավորությամբ:

Օրենքով եւ Որոշմամբ տրամադրված արտոնությունների ժամկետները 2025 թվականից սկսած ավարտվում են, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ ուղղություններով հիմնականում բյուջետային ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի իրականացման շարունակականության ապահովման տեսանկյունից:

2.3. Որոշման հավելվածի 5-րդ կետի դրույթները չեն բխում Օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետ դրույթներից:

Կառավարությունը  լիազորված չէ սահմանել արտոնության ժամկետի երկարաձգման հարցի քննարկման վերաբերյալ կարգ կամ անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ երկարաձգման հարցի քննարկման կարգի հետ կապված:

3. Կարգավորման նպատակը

Ուղեւորահոսքի աճի բարձր տեմպը պահելու, ինչպես նաեւ արդեն իսկ հաստատված նոր ուղղություններով չվերթերի հաճախականնությունների բարձր մակարդակը ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է Օրենքով նախատեսված օդային ուղեւորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումը իրականացնել մինչեւ երկու անգամ ներառյալ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով՝ ապահովվելով երկարաձգման համար անհրաժեշտ պահանջների կատարումը՝ համաձայն Որոշման:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ապահովել երկու տասնյակից ավել ուղղություններով, որոնցով օդային ուղեւորները օգտվում են Օրենքով նախատեսված օդային ուղեւորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից, իրականցվող չվերթերի շարունակակնությունը եւ ուղեւորահոսքի բարձր մակարդակը:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթների հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ եւ այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգը հաստատելու մասին» 1936-Ն որոշման մեջ:

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակումը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված N 1-ով հաստատված միջոցառումների ծրագրի 66.1 եւ 71.1-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարման անհրաժեշտությունից:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն