Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1188-12.11.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի 5-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2024 թվականի հունվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել եւ 2024 թվականի փետրվարի 12-ից ուժի մեջ է մտել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի նախագիծը, որի հեղինակն էր ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Սույն օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է. «1.1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացիները: Սույն մասում նշված քաղաքացին սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

1.2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրացած եւ սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչեւ 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ վեց ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի համաձայն՝ օրենքի խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած եւ համապատասխանաբար 27 կամ 35 տարին լրանալուց հետո սույն օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության եւ պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով՝ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո:»:

Սույն օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է. «Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած կամ 35 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա»:

Օրենքի ընդունումից անցել է ավելի քան 1 տարի եւ 10 ամիս, այս պահին ունենք հարյուրավոր քաղաքացիներ ում 27 տարին լրացել է օրենքի ընունումից հետո: Անհրաժեշտ է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի 5-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը, որպեսզի օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձինք նույնպես կարողանան օգտվել այս օրենքից, այլապես նրանք չեն վերադառնա Հայաստանի Հանրապետություն, կսպասեն մինչեւ լրանա իրենց 37 տարին եւ վաղեմության հիմքով կարճվի հարուցված քրեական գործը: Մենք կկորցնենք թե՛ մարդկային եւ թե՛ ֆինանսական մեծ ներուժ:

Նշեմ նաեւ, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի ընդունումից եւ ուժի մեջ մտնելուց հետո՝ 2024 թվականի փետրվարի 12-ից 2025 թվականի օգոստոսի 1-ն ընկած 17 ամիսների ընթացքում, սույն օրենքից օգտվել է 197 քաղաքացի, նրանք ծառայել եւ/կամ վճարել են սահմանված վճարներ ու հաշվառվել ՀՀ ԶՈՒ պահեստազորում: Պետական բյուջե է մուտքագրվել 1.904.000.000 (մեկ միլիարդ ինը հարյուր չորս միլիոն) դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն