Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժբ. «ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների կամ արտակարգ դրության հետեւանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու, ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով ընտանիքի անդամի գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Անհայտ կորած անձանց առնչվող հարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն, դրանք որոշակի կարգավորում ստացել են Քաղաքացիական օրենսգրքով (ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատարանի կողմից անհայտ բացակայող եւ մահացած ճանաչելու կարգավորումների մասով), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքով, Կառավարության որոշումներով եւ Պաշտպանության նախարարի հրամանով: Ընդհանուր առմամբ, վկայակոչված իրավական կարգավորումներով որոշակի հպանցիկ անդրադարձ է կատարվել քննարկվող իրավահարաբերություններին: Ընդ որում, թեեւ նշված իրավական ակտերի այս կամ այն դրույթներով հիմնականում սահմանվում է անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների կողմից որոշակի սոցիալական աջակցություն ստանալու հնարավորությունը, անհայտ կորած անձանց առնչվող խնդիրները չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ:
Փաստորեն, վերոգրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին տարբեր իրավական ակտերում կա որոշակի անդրադարձ, մինչդեռ նշված դրույթները թերի են, շատ դեպքերում ընդամենը հղումներ են կատարվում այլ օրենքներին կամ նշվում է, որ կոնկրետ սուբյեկտի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է այլ սուբյեկտի սոցիալական պաշտպանության համար սահմանված կարգով, այսինքն, դրանք բավարար չեն իրավական դաշտը կարգավորված դիտելու համար: Բացի այդ, առկա կարգավորումների համապարփակ բնույթ չկրելու պայմաններում շատ դեպքերում հավանական շահառուի համար դժվարություն է առաջացնում նույնիսկ այս կամ այն սոցիալական երաշխիքի կամ արտոնության, դրանց տրամադրման ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալը:
Հետեւաբար, առկա է պետության կողմից առավել համապարփակ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն: Այլ կերպ՝ անհրաժեշտություն կա առանձին իրավական ակտի տեսքով անդրադարձ կատարել բարձրացված խնդիրներին՝ սահմանելով հստակ օրենսդրական կարգավորումներ, տարբեր իրավական ակտերում հպանցիկ կերպով կարգավորում ստացած հարցերը կանոնակարգել օրենքով՝ որոշակի եւ համակարգված ձեւաչափով, իրավական ակտում ամրագրել անհայտ կորած անձի իրավական սահմանումը՝ հաշվի առնելով այն, որ այն ամրագրված չէ ՀՀ օրենսդրությամբ:
Ոչ պակաս կարեւոր է նաեւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ առկա չէ ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաեւ պետական մարմինների եւ մասնավոր անձանց միջեւ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ: Ընդ որում, միասնական բազայի ստեղծումը եւ վարումն առաջին հերթին պետք է սկսել անհայտ կորած անձանց իրավական սահմանումից, այսինքն՝ նախ օրենսդրորեն սահմանել, թե ով պետք է համարվի անհայտ կորած ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում, որպեսզի հնարավոր լինի դասակարգել նման դեպքերը եւ վարել նման դեպքերի առանձին ընդհանուր ռեգիստր: Նշվածի նպատակն է ձեւավորել էլեկտրոնային տվյալների միասնական բազա, որը պարունակում է տեղեկատվություն անհայտ կորածների մասին, ինչպես նաեւ անձանց անհայտ բացակայող կամ նրանց մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության կամ բացակայության մասին: Միասնական բազայի ստեղծումը կնպաստի քննարկվող անձանց վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ վիճակագրության վարմանը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վերը նկարագրված խնդիրների առկայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաեւ Նախագիծ 1) եւ հարակից օրենքների նախագծերը: Ընդ որում, Նախագիծ 1-ով կկարգավորվեն ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավական վիճակին առնչվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, Նախագիծ 1-ով սահմանվում են քննարկվող օրենքի իմաստով անհայտ կորած անձի հասկացությունը, իրավական կարգավիճակը, անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնման, հայտնաբերման եւ վերադարձման հետ կապված հարաբերությունները: Նախագիծ 1-ի իմաստով առաջարկվում է անհայտ կորած անձ դիտարկել զինծառայողին, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձին, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականին, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում կամ նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին: Նախագիծ 1-ով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհայտ կորած անձի անհետացման պատճառների եւ հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի (եթե այն հայտնի է) վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը, իրենց նախաձեռնությամբ եւ լիազոր մարմնի համաձայնությամբ, լիազոր մարմնին անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու իրավունքը եւ այլն: Դրույթներ են նախատեսվել Անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված շահառուների կողմից վնասի հատուցման գումարների, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ նաեւ աջակցության գումարի տրամադրման իրավունքի վերաբերյալ, որպիսի գումարները տրամադրվում են նշված օրենքով սահմանված կարգով: Նախագիծ 1-ով սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը, անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը, անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրին առնչվող դրույթներ, միջազգային համագործակցության շրջանակները եւ այլ վերաբերելի դրույթներ:
Միաժամանակ, հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ նախագծերում նշված անդամների՝ կենսաթոշակի, ինչպես նաեւ նպաստի իրավունքը (եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող)՝ կանոնակարգելով նաեւ դրա կիրառմանն առնչվող հարաբերությունները, իրավական հիմք է ստեղծվում անձին սոցիալական աջակցության տեսակ հանդիսացող սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել նաեւ «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների հետեւանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու դեպքում եւ այլն:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծերի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին՝ սահմանելով գործուն կարգավորումներ ուղղված անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն (նշվածը կապված է անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրի ստեղծման հետ, ինչպես նաեւ անհայտ կորած անձի ընտանիքի անդամի՝ սոցիալ-հոգեբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման հետ), որի արդյունքում պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում նախատեսվեն փոփոխություններ:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը մշակվել են ի կատարումն Կառավարության 26.12.2019 թվականի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների եւ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1978-Լ որոշման 3-րդ հավելվածով նախատեսված «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի» 5.14-րդ գործողության:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն (նշվածը կապված է անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրի ստեղծման հետ, ինչպես նաեւ անհայտ կորած անձի ընտանիքի անդամի՝ սոցիալ-հոգեբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման հետ), որի արդյունքում պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում նախատեսվեն փոփոխություններ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում