Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1186-10.11.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) անհայտ կորած անձ՝ զինծառայող, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձ, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորական, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց  ծառայության վայրում կամ նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին.

2) անհայտ կորած անձի ընտանիքի անդամներ՝ ամուսին, կին (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող), զավակ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով խորթ, որդեգրված), ծնող (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով խորթ ծնող, որդեգրող ծնող), պապ, տատ, թոռ, եղբայր, քույր (այդ թվում՝ համահայր, համամայր, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով՝ խորթ, որդեգրված), խնամակալ, հոգաբարձու, խնամարկյալ, հոգաբարձության ներքո գտնվող անձ (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված դեպքերի).

3) անհայտ կորած անձանց միասնական ռեեստր՝ տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է անհայտ կորած անձանց, անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքների եւ պատճառների ուսումնասիրման համար անհրաժեշտ, նրանց գտնվելու վայրի հետախուզման արդյունքում ստացված վերաբերելի բոլոր տեղեկությունների ու տվյալների կենտրոնացման, անհայտ կորած անձանց՝ հաշվառման համար օգտագործվող տվյալների մշակման, պահպանման, պաշտպանության, օգտագործման եւ տարածման համար.

4) դիմող՝ այն անձի հետախուզման մասին դիմում ներկայացրած անձ, որի ճակատագրի եւ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան.

5) շահառու՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի իմաստով պետության կողմից վնասի հատուցում, ինչպես նաեւ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք.

6) անհայտ կորած անձանց հարցերով լիազորված  մարմին՝ անհայտ կորած անձանց հետախուզումը եւ դրա հետ կապված այլ հարցերի կարգավորումը համակարգող լիազորված մարմին, որը լիազորված է անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ գործողություններ եւ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ իրականացնելու համար.

7) անհայտ կորած անձի հետախուզմանը նպաստող արժանահավատ տեղեկատվություն՝ անհայտ կորած անձի վերաբերյալ ցանկացած տեղեկություն եւ (կամ) տվյալ, որը կարող է նպաստել նրա գտնվելու վայրը պարզելուն, չնույնականացված մարմինը (մասունքները) նույնականացնելուն, մահացած անձի մարմնի (մասունքների) գտնվելու վայրը կամ հուղարկավորման վայրը պարզելուն.

8) մահացած անձի չնույնականացված մարմին կամ մասունքներ՝ մահացած մարդու մարմին կամ մասունքներ, որոնց՝ կոնկրետ անձին պատկանելությունը չի կարող պարզվել՝ առանց նույնականացման համար լրացուցիչ միջոցառումներ անցկացնելու.

9) անհայտ կորած անձի մարմնի (մասունքների) նույնականացում՝ անհայտ կորած անձի մահից հետո մարմնի (մասունքների) վերաբերյալ ստացված բոլոր, այդ թվում՝ փորձագիտական (լաբորատոր) հետազոտական համալիր միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների, նյութերի, նմուշների համադրում համապատասխան որակավորում ունեցող իրավասու պաշտոնատար անձի կողմից՝ ուղղված մարմնի անձը (մասունքի՝ անձին պատկանելությունը) պարզելուն.

10) որոնողական խումբ՝ անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմնի, կազմակերպությունների եւ (կամ) առանձին անձանց մարդասիրական առաքելություն՝ ուղղված անհայտ կորած անձանց, նրանց մարմինների (մասունքների) որոնումներին, անհայտ կորած անձանց հուղարկավորման վայրերի հետախուզմանն ու արձանագրմանը, անհայտ կորած անձանց մարմինների (մասունքների) դուրսբերմանը:

ԳԼՈՒԽ 2
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 2. Անձի անհայտ կորելու դեպքում անհայտ բացակայողի կարգավիճակի ձեռքբերումը

1. Անհայտ կորած անձը ձեռք է բերում անհայտ բացակայողի կարգավիճակ օրենքով սահմանված կարգով՝ անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ուժով, որպիսի տեղեկատվությունը ենթակա է մուտքագրման անհայտ կորած անձանց միասնական ռեեստրում սույն օրենքով նախատեսված կարգով:

2. Անհայտ կորած անձին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելը չի ազդում սույն օրենքով անհայտ կորած անձի եւ նրա ընտանիքի անդամների համար նախատեսված իրավունքների ծավալի վրա:

Հոդված 3. Անհայտ կորած անձանց իրավունքները

1. Անհայտ կորած անձն ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված բոլոր իրավունքները, ինչպես նաեւ իր անհետացման հանգամանքների համակողմանի քննության եւ իր գտնվելու վայրի պարզման իրավունք:

2. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ անհայտ կորած անձի պատշաճ եւ արդյունավետ հետախուզման համար:

3. Անհայտ կորած անձի իրավունքներն ու շահերը ենթակա են պաշտպանության՝ մինչեւ սույն օրենքով նախատեսված կարգով նրա հետախուզման դադարեցման պահը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նրան մահացած ճանաչելու վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հոդված 4. Ընտանիքի անդամների՝ անհայտ կորած անձի ճակատագիրը եւ գտնվելու վայրն իմանալու եւ այլ իրավունքները

1. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամներն ունեն անհայտ կորած անձի անհետացման պատճառների եւ հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի (եթե այն հայտնի է) վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներն իրացվում են անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացնելու, նրա հետախուզման ընթացքի ու արդյունքների (անհետացման պատճառների եւ հանգամանքների, հայտնի դառնալու դեպքում՝ գտնվելու վայրի եւ այլն) վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու միջոցով՝ սույն օրենքով սահմանված կարգով:

3. Անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինը, սույն օրենքով սահմանված կարգով, պարտավոր է այդ անձանց ընտանիքի անդամներին տեղեկատվություն տրամադրել նրանց հետախուզման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ:

4. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամներն իրենց նախաձեռնությամբ եւ լիազոր մարմնի համաձայնությամբ, կարող են ներգրավվել լիազոր մարմնին անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նշված անձինք նաեւ կարող են համապատասխան մարմիններից ստանալ տեղեկատվություն՝ անհայտ կորած անձի, այն երթուղու ու տարածքի վերաբերյալ, որտեղ անհրաժեշտ եւ նպատակահարմար է անցկացնել հետախուզումը, այլ տեղեկատվություն, որը կարող է նպաստել անհայտ կորած անձի արդյունավետ հետախուզմանը՝ բացի օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկություններից:

Հոդված 5. Անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունները

1. Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին տարերային աղետի հետեւանքով վնաս պատճառվելու կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատեւ հիվանդության կամ մահվան դեպքերում անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն, որի վճարման կարգը, պայմանները եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն մասի իմաստով՝ անհայտ կորած անձի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները եւ ծնողները:

2. Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի այն անդամները, որոնք վերջինիս անհայտ բացակայող ճանաչվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստիճանի վթարային է եւ քանդման ենթակա, հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, եւ նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Սույն մասի իմաստով ընտանիքի անդամ են համարվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված անձինք:

3.  Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսնինը (կինը) Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելության եւ ուսումնառության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պետությունը սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը կենսաթոշակի, պետական նպաստի իրավունք ունի, որոնք իրականացվում են «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով սահմանված կարգով:

5. Զինծառայողի՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում անհայտ կորելու եւ արդյունքում դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում նրա ընտանիքին տրվում է դրամական աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Սույն հոդվածի իմաստով ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, զավակները եւ ծնողները:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված անձինք կամ նրանց ընտանիքի անդամներն օգտվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով եւ 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արտոնություններից՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկից եւ փոխադրամիջոցի գույքահարկից ազատման տեսքով՝ Կառավարության սահմանած կարգով:

7. Եթե կամավորականն անհայտ կորել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հանգամանքների հետ չկապված պայմաններում (սակայն մարտական գործողությունների շրջանում), ապա նրա ընտանիքի անդամներն օգտվում են սույն հոդվածում զինծառայողների ընտանիքի անդամների համար սահմանված արտոնություններից:

8. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման Կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան՝ շահառուների խմբում ընդգրկված լինելու դեպքում սոցիալ-հոգեբանական օգնության իրավունք ունի:

Հոդված 6. Շահառուների՝ վնասի հատուցում եւ աջակցության ստանալու իրավունքը

1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված շահառուներն ունեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վնասի հատուցման գումարների, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ նաեւ աջակցության գումարի տրամադրման իրավունք, որպիսի գումարները տրամադրվում են նշված օրենքով սահմանված կարգով:

2. Շահառուի՝ վնասի հատուցման գումարները, ինչպես նաեւ աջակցության գումարը ստանալու հնարավորությունը օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ծագում է անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 7. Անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինը

1. Անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է (այսուհետ՝ Լիազոր մարմին), որին վերապահված է անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի համակարգումը եւ դրա հետ կապված այլ հարցերի կարգավորումը:

Հոդված 8. Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմնին վերապահված են  հետեւյալ  հիմնական լիազորությունները՝

1) անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի համակարգում, հետախուզման շրջանակներում օրենքով սահմանված կարգով համագործակցություն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, մարդասիրական առաքելությունների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ.

2) տեղեկատվության (ներառյալ՝ անձնական տվյալների) ստացում եւ պետական մարմինների կողմից ստացված տեղեկատվության հավաքագրում՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում.

3) անհայտ կորած անձի հետախուզում, նրա գտնվելու վայրի կամ նույնականացմանը նպաստող՝ ստացված տեղեկատվության եւ փաստերի հավաքագրում եւ ստուգում՝ ստուգված տեղեկատվության բոլոր աղբյուրներին համապատասխան հղումներով.

4) Լիազոր մարմնի, պետական մարմինների միջեւ այնպիսի տեղեկատվության փոխանակման կազմակերպում, որը կարող է նպաստել անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի արդյունավետ իրականցմանը.

5) Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցմամբ որոնողական խմբերի ստեղծում եւ դրանց աշխատանքի համակարգում.

6) հաղորդակցում անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների հետ, նրանց անհայտ կորած անձանց հետախուզման ընթացքի ու դրա արդյունքների, անհայտ կորած անձանց նույնականացման, անհետացման հանգամանքների ու պատճառների քննության արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում՝ օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում.

7) անհայտ կորած անձանց հետախուզման կատարելագործմանն ուղղված միջոցների վերաբերյալ վերլուծական նյութերի ու առաջարկների, այդ թվում՝ ռազմավարական ու ծրագրային փաստաթղթերի նախապատրաստում եւ ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Հոդված 9. Պետական մարմինների, համայնքի ղեկավարի կողմից Լիազոր մարմնին տեղեկատվություն հաղորդելու պարտականությունը

1. Պետական մարմինները, համայնքի ղեկավարը պարտավոր են Լիազոր մարմնի հարցման հիման վրա սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ժամկետներում վերջինիս հաղորդել անհայտ կորած անձանց վերաբերյալ առկա տեղեկատվությունը, ինչպես նաեւ այդ տեղեկատվության բացակայության դեպքում այն ստանալու համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:

2. Նախաքննության մարմիններն իրենց վարույթներում քննվող քրեական վարույթներով անհայտ կորած անձանց վերաբերյալ Լիազոր մարմնից գրավոր հարցում ստանալու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ օրենքով չարգելված տեղեկատվությունը փոխանցում են Լիազոր մարմնին:

Հոդված 10. Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը

1. Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական խնդիրները՝ ի թիվս այլ սուբյեկտների՝ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց որոնողական ու վերադարձման աշխատանքներին իր իրավասության սահմաններում աջակցելն է եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց ընտանիքների անդամների ու շահառուների, ինչպես նաեւ շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների հետ մշտական կապ պահպանելը:

2. Հանձնաժողովը ստեղծվում, դրա կազմը եւ աշխատակարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

ԳԼՈՒԽ 4
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԸ

Հոդված 11. Անհայտ կորած անձանց միասնական ռեեստրը

1. Անհայտ կորած անձանց միասնական ռեեստրը (այսուհետ՝ Ռեեստր) ստեղծվում է անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքների եւ պատճառների ուսումնասիրման, գտնվելու վայրի արդյունավետ եւ անհապաղ հետախուզման արդյունքում ստացված վերաբերելի բոլոր տեղեկությունների ու տվյալների՝ մեկ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կենտրոնացման, ինչպես նաեւ արդյունավետ հետախուզման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառման համար:

2. Ռեեստրի տիրապետողը Լիազոր մարմինն է, որը ամբողջական ծավալով հասանելիություն ունի Ռեեստրում մուտքագրված տեղեկություններին:

3. Լիազոր մարմինը Ռեեստրի վարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

4. Լիազոր մարմինն իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված Ռեեստրի ծրագրային ապահովմանը, տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի պահպանմանն ու պաշտպանությանը, պատասխանատու է դրա անխափան աշխատանքի, սահմանված կարգով դրան հասանելիության տրամադրման համար:

5. Ռեեստրում պարունակվող տվյալները հասանելի են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան դիմումի հիման վրա՝ անհայտ կորած անձի ընտանիքի անդամին՝ համապատասխան անհայտ կորած անձի մասով՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի, պետական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին օրենքով ներկայացվող պահանջների պահպանմամբ:

6. Ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, Ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման եւ տրամադրման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Հոդված 12. Անձնական տվյալների պաշտպանությունը

1. Անձնական տվյալների մշակումն իրականացվում է բացառապես սույն օրենքով սահմանված նպատակի իրագործման համար՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները:

2. Ռեեստրի մեջ պահվող անձնական տվյալները չեն կարող բացահայտվել կամ հանձնվել այլ անձանց ու մարմինների՝ սույն օրենքին չհամապատասխանող նպատակներով:

ԳԼՈՒԽ 5
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ

Հոդված 13. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը

1. Եթե անձը բավարարում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերից որեւէ մեկին, ապա անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը ներկայացվում է Լիազոր մարմին՝ այդ անձի ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից: Ընդ որում, զինծառայողի անհայտ կորելու դեպքում որպես պետական մարմին անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացնելու իրավասություն ունի այն պետական մարմինը, որի կազմում զինվորական ծառայություն է անցել անհայտ կորած անձը: Հասարակական կազմակերպության կողմից դիմում ներկայացնելու իրավունքը վերապահվում է միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակները եւ խնդիրներն առնչություն ունեն մարդու իրավունքների, անհայտ կորած անձանց պատերազմից կամ հակամարտությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության կամ մարդասիրական հարցերով աշխատանքի հետ եւ դիմում ներկայացնելու օրվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:

2. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումի մեջ նշվում է այնպիսի տեղեկատվություն, որը կարող է նպաստել այդ անձի հետախուզմանը: Մասնավորապես, անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը պետք է պարունակի՝

1) դիմողի անունը, ազգանունը (դիմող մարմնի կամ կազմակերպության անվանումը),

2) դիմողի հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն եւ հաղորդակցության համար կոնտակտային տվյալները,

3) այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը,

4) հետախուզման ենթակա անձի անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, անհետացման հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ անձն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում,

5) հետախուզման ենթակա անձի մասին այլ տվյալներ, այդ թվում՝ առկայության դեպքում՝ անձի ծննդյան վայրը եւ ամսաթիվը, ամուսնական կարգավիճակը, ընտանիքի անդամների մասին տեղեկություններ, անձի մասնագիտությունը եւ զբաղվածության մասին տեղեկություններ, իսկ զինծառայողի դեպքում՝ կոչումը, հաշվառման եւ փաստացի բնակության վայրի հասցեն (եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), վայրը, որտեղ անձին վերջին անգամ ողջ են տեսել, օրը եւ ժամը, երբ անձին վերջին անգամ ողջ են տեսել, հագուստը, որով անձին վերջին անգամ ողջ են տեսել, անձնական իրեր, որոնք սովորաբար կրել է, կամ իր մոտ պահել է անձը, անձի՝ անհետացման պահին հագուստի նկարագրությունը, վերջին հասանելի լուսանկարը, հետախուզման ենթակա անձին վերջին անգամ տեսած անձի վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ անձի հետախուզմանը նպաստող վերաբերելի ցանկացած այլ տեղեկատվություն (դաջվածք, սպի, բժշկական, այդ թվում՝ վիրահատական եւ ստոմոտոլոգիական պատմության տվյալներ),

6) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան)՝ անձի նկատմամբ հետախուզում իրականացնելու վերաբերյալ,

7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (այդպիսիք ներկայացվելու դեպքում),

8) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,

9) դիմողի ստորագրությունը:

3. Եթե դիմումով պահանջվող՝ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը չի տրամադրվել, դիմողին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է այդ մասին՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ՝ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար: Եթե դիմումով պահանջվող՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը չի տրամադրվել, եւ այլ եղանակով հնարավոր չէ ստանալ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, դիմումը չի քննարկվում:

4. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումի առկայության դեպքում Պաշտպանության նախարարությունը կամ այն պետական մարմինը, որի զինծառայող (աշխատակից) է հանդիսանում տվյալ անձը, անհայտ կորած զինծառայողների, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը 72 ժամը լրանալուն հաջորդող 24 ժամվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին:

5. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումի մեջ նշված՝ անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները ենթակա են Ռեեստրը վարող անձի (կառուցվածքային ստորաբաժանման կողմից) սույն օրենքով նախատեսված կարգով Ռեեստրի մեջ մուտքագրման եւ հաշվառման՝ անձի անհետացման վերաբերյալ տեղեկատվությունը կամ այդ անձի հետախուզման մասին դիմում ստանալու վերաբերյալ տեղեկատվությունը Լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից 24 ժամվա ընթացքում:

Հոդված 14. Անհայտ կորած անձանց հետախուզումը

1. Անհայտ կորած անձի հետախուզմանը նպաստող տեղեկատվություն ստանալու նպատակով Լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական մարմիններին, համայնքի ղեկավարին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվության:

2. Պետական մարմինները, համայնքի ղեկավարը պարտավոր են հարցումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Լիազոր մարմնին գրավոր տեղեկացնել դրա ուսումնասիրման արդյունքների մասին:

3. Եթե տեղեկատվություն ստանալու մասին Լիազոր մարմնի հարցումը օբյեկտիվ պատճառներով չի կարող ուսումնասիրվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ապա համապատասխան մարմինը, որն ստացել է հարցումը, պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել Լիազոր մարմնին՝ նշելով այն պատճառները, որոնք անհնար են դարձնում տեղեկատվության տրամադրումը սահմանված ժամկետում եւ հարցումն ուսումնասիրել այն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:

4. Հարցումը ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում ուսումնասիրելու անհնարինության դեպքում համապատասխան մարմինը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այնպիսի տեղեկատվություն ստանալու նպատակով, որը կարող է նպաստել անհայտ կորած անձի հետախուզմանը, եւ առկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել Լիազոր մարմնին:

5. Պետական մարմինները շահագրգիռ կազմակերպությունների, հաստատությունների, քաղաքացիների՝ անձի (դիակի) հետախուզման (նույնականացման) վիճակի մասին հարցումներին պատասխանելիս չեն հաղորդում քննչական (հետախուզական) գործողությունների, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքները, չեն բացահայտում հետախուզական աշխատանքի, օպերատիվ հետախուզական գործունեության մեթոդներն ու եղանակները:

6. Լիազոր մարմինը պետական մարմիններին, համայնքի ղեկավարին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին ուղղված հարցումների պատասխանները ստանալուց հետո եռօրյա ժամկետում ամփոփում է ստացված տեղեկատվությունը՝ անհայտ կորած անձի հետախուզմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար, ինչի մասին տեղեկացնում է դիմողին:

7. Լիազոր մարմինն իրականացնում է մշտադիտարկում՝ անհայտ կորած անձի հետախուզմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ, որի շրջանակներում իրավունք ունի իրավասու մարմիններից պահանջելու այդ միջոցառումների կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանց անցկացման ցանկացած փուլում:

8. Անհայտ կորած անձանց հետախուզման նպատակով Լիազոր մարմնի կողմից իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Անհայտ կորած անձանց հետախուզման դադարեցումը

1. Անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցվում է ոչ ուշ, քան անհայտ կորած անձի գտնվելու վայրը, հուղարկավորման վայրը կամ այդ անձի մարմնի (մասունքների) գտնվելու վայրը պարզելու օրվանից երեք օրվա ընթացքում՝ այդ մասին ծանուցելով նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ դիմողին, եթե դիմողը ընտանիքի անդամ չէ: Անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցնելու մասին նաեւ անհապաղ նշում է կատարվում Ռեեստրում:

2. Անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք չէ նրա հետախուզումը դադարեցնելու համար:

3. Անհայտ կորած անձի՝ դատարանի վճռով մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը (մասունքները) հայտնաբերված չլինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում, քանի դեռ մարմինը (մասունքները) հայտնաբերված չէ (չեն) կամ հետախուզման դիմում ներկայացրած անձը հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել:

4. Անհայտ կորած անձը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, համարվում է հայտնաբերված այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված նույնականացման ընթացակարգի արդյունքում հստակորեն կպարզվի տվյալ անձի գտնվելու վայրը եւ (կամ) հստակորեն կպարզվի, որ հայտնաբերված մարմնի (մասունքների) ֆիզիկական կամ կենսաբանական բնութագրերը համապատասխանում են անհայտ կորած անձի նման բնութագրերին:

ԳԼՈՒԽ 6
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ) ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Հոդված 16. Անհայտ կորած անձի մարմնի (մասունքների) հետախուզումը եւ արտաշիրիմումը

1. Անհայտ կորած անձի մահվան փաստի հաստատման դեպքում Լիազոր մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նրա մարմնի հետախուզման, արտաշիրիմման եւ անձնական իրերը գործին կցելու համար:

2. Լիազոր մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները մահացածների մարմինների (մասունքների) նկատմամբ հարգալից եւ արժանապատիվ վերաբերմունք ապահովելու համար: Մարմինը (մասունքները) նույնականացվելուց հետո հանձնվում է հուղարկավորության կազմակերպումը ստանձնած ընտանիքի անդամներին կամ անհատական նշումով հուղարկավորվում է զինվորական կամ քաղաքացիական գերեզմանատներում այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում՝ անհատապես նշահարված գերեզմաններում:

3. Մարմնի (մասունքների) նույնականացման անհնարինության դեպքում այն տեղեկատվությունը, որը կարող է նպաստել դրա իրականացմանը, մասնավորապես՝ մարմնի (մասունքների) հայտնաբերման ամսաթիվն ու վայրը, հետմահու հետազոտման ամբողջական տվյալները (տարիքը, կազմվածքը եւ այլն), հագուստը եւ անձնական իրերը, ԴՆԹ լաբորատորիաներում ստացված ԴՆԹ նմուշներն ու պրոֆիլները, ենթակա են արձանագրման եւ մուտքագրման Ռեեստրի մեջ:

4. Չնույնականացված մարմինների (մասունքների) հուղարկավորումն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ մասով նշված տեղեկատվության արձանագրումից եւ Ռեեստրում մուտքագրումից հետո, երբ սպառվել են մարմինը (մասունքը) նույնականացնելու բոլոր հնարավորությունները:

5. Չնույնականացված մարմինների (մասունքների) հուղարկավորման դեպքում գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյանում  նշվում են մահացած անձի սեռը, նրա մարմնի հայտնաբերման ամսաթիվն ու վայրը, մահվան պատճառը եւ մահվան վկայականի համարը: Նշված տեղեկատվությունը ներառվում է նաեւ Ռեեստրում:

6. Արտաշիրիմում կատարելու անհրաժեշտություն դեպքում այն կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Միջազգային համագործակցությունը անհայտ կորած անձանց հետախուզման շրջանակներում

1. Անհայտ կորած անձանց հետախուզումն իրականացնելիս համապատասխան մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի  եւ այն միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ, որոնց կանոնադրական խնդիրների շարքին է դասվում անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում ներպետական մարմիններին աջակցությունը՝ անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքներն ու պատճառները, գտնվելու վայրը պարզելու, նրանց ընտանիքի անդամներին աջակցելու նպատակով:

2. Լիազոր մարմինը օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին կարող է տրամադրել եւ դրանցից ստանալ անհայտ կորած անձանց հետախուզման վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող, Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ այն միջազգային պայմանագրերի պահանջների պահպանմամբ, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը:

3. Անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին հնարավոր է միայն այն դեպքում, եթե նշված մարմինների միջեւ սահմանվել է տեղեկատվության հասանելիության այնպիսի ռեժիմ, որն անհնար է դարձնում տեղեկատվության բացահայտումն այլ նպատակների համար կամ դրա հրապարակման ցանկացած այլ եղանակ:

ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքի պահանջները տարածվում են նաեւ 1991 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում:

4. Սույն օրենքով նախատեսված ռեեստրը ստեղծվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված ժամկետում:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Անհայտ կորած անձանց առնչվող հարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն, դրանք որոշակի կարգավորում ստացել են Քաղաքացիական օրենսգրքով (ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատարանի կողմից անհայտ բացակայող եւ մահացած ճանաչելու կարգավորումների մասով), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքով, Կառավարության որոշումներով եւ Պաշտպանության նախարարի հրամանով: Ընդհանուր առմամբ, վկայակոչված իրավական կարգավորումներով որոշակի հպանցիկ անդրադարձ է կատարվել քննարկվող իրավահարաբերություններին: Ընդ որում, թեեւ նշված իրավական ակտերի այս կամ այն դրույթներով հիմնականում սահմանվում է անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների կողմից որոշակի սոցիալական աջակցություն ստանալու հնարավորությունը, անհայտ կորած անձանց առնչվող խնդիրները չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ:

Փաստորեն, վերոգրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին տարբեր իրավական ակտերում կա որոշակի անդրադարձ, մինչդեռ նշված դրույթները թերի են, շատ դեպքերում ընդամենը հղումներ են կատարվում այլ օրենքներին կամ նշվում է, որ կոնկրետ սուբյեկտի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է այլ սուբյեկտի սոցիալական պաշտպանության համար սահմանված կարգով, այսինքն, դրանք բավարար չեն իրավական դաշտը կարգավորված դիտելու համար: Բացի այդ, առկա կարգավորումների համապարփակ բնույթ չկրելու պայմաններում շատ դեպքերում հավանական շահառուի համար դժվարություն է առաջացնում նույնիսկ այս կամ այն սոցիալական երաշխիքի կամ արտոնության, դրանց տրամադրման ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալը:

Հետեւաբար, առկա է պետության կողմից առավել համապարփակ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն: Այլ կերպ՝ անհրաժեշտություն կա առանձին իրավական ակտի տեսքով անդրադարձ կատարել բարձրացված խնդիրներին՝ սահմանելով հստակ օրենսդրական կարգավորումներ, տարբեր իրավական ակտերում հպանցիկ կերպով կարգավորում ստացած հարցերը կանոնակարգել օրենքով՝ որոշակի եւ համակարգված ձեւաչափով, իրավական ակտում ամրագրել անհայտ կորած անձի իրավական սահմանումը՝ հաշվի առնելով այն, որ այն ամրագրված չէ ՀՀ օրենսդրությամբ:

Ոչ պակաս կարեւոր է նաեւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ առկա չէ ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաեւ պետական մարմինների եւ մասնավոր անձանց միջեւ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ: Ընդ որում, միասնական բազայի ստեղծումը եւ վարումն առաջին հերթին պետք է սկսել անհայտ կորած անձանց իրավական սահմանումից, այսինքն՝ նախ օրենսդրորեն սահմանել, թե ով պետք է համարվի անհայտ կորած ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում, որպեսզի հնարավոր լինի դասակարգել նման դեպքերը եւ վարել նման դեպքերի առանձին ընդհանուր ռեգիստր: Նշվածի նպատակն է ձեւավորել էլեկտրոնային տվյալների միասնական բազա, որը պարունակում է տեղեկատվություն անհայտ կորածների մասին, ինչպես նաեւ անձանց անհայտ բացակայող կամ նրանց մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության կամ բացակայության մասին: Միասնական բազայի ստեղծումը կնպաստի քննարկվող անձանց վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ վիճակագրության վարմանը:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերը նկարագրված խնդիրների առկայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաեւ Նախագիծ 1) եւ հարակից օրենքների նախագծերը: Ընդ որում, Նախագիծ 1-ով կկարգավորվեն ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավական վիճակին առնչվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, Նախագիծ 1-ով սահմանվում են քննարկվող օրենքի իմաստով անհայտ կորած անձի հասկացությունը, իրավական կարգավիճակը, անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնման, հայտնաբերման եւ վերադարձման հետ կապված հարաբերությունները: Նախագիծ 1-ի իմաստով առաջարկվում է անհայտ կորած անձ դիտարկել զինծառայողին, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձին, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականին, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց  ծառայության վայրում կամ նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին: Նախագիծ 1-ով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհայտ կորած անձի անհետացման պատճառների եւ հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի (եթե այն հայտնի է) վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը, իրենց նախաձեռնությամբ եւ լիազոր մարմնի համաձայնությամբ, լիազոր մարմնին անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու իրավունքը եւ այլն: Դրույթներ են նախատեսվել Անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված շահառուների կողմից վնասի հատուցման գումարների, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ նաեւ աջակցության գումարի տրամադրման իրավունքի վերաբերյալ, որպիսի գումարները տրամադրվում են նշված օրենքով սահմանված կարգով: Նախագիծ 1-ով սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը, անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը, անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրին առնչվող դրույթներ, միջազգային համագործակցության շրջանակները եւ այլ վերաբերելի դրույթներ:

Միաժամանակ, հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ նախագծերում նշված անդամների՝ կենսաթոշակի, ինչպես նաեւ նպաստի իրավունքը (եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող)՝ կանոնակարգելով նաեւ դրա կիրառմանն առնչվող հարաբերությունները, իրավական հիմք է ստեղծվում անձին սոցիալական աջակցության տեսակ հանդիսացող սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել նաեւ «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների հետեւանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու դեպքում եւ այլն:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծերի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին՝ սահմանելով գործուն կարգավորումներ ուղղված անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն (նշվածը կապված է անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրի ստեղծման հետ, ինչպես նաեւ անհայտ կորած անձի ընտանիքի անդամի՝ սոցիալ-հոգեբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման հետ), որի արդյունքում պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում նախատեսվեն փոփոխություններ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը մշակվել են ի կատարումն Կառավարության 26.12.2019 թվականի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների եւ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1978-Լ որոշման 3-րդ հավելվածով նախատեսված «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի» 5.14-րդ գործողության:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԵՏԵՎԱՆՔՈՎ  ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն (նշվածը կապված է անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրի ստեղծման հետ, ինչպես նաեւ անհայտ կորած անձի ընտանիքի անդամի՝ սոցիալ-հոգեբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման հետ), որի արդյունքում պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում նախատեսվեն փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն