Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 26-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 26-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ կետ.
«27) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) եւ դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում՝
1) բ. ենթակետից հանել ««բ2»,» բառը,
2) բ2. ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
3) բ3. ենթակետից հանել «՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 20-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 20-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետ.
«21) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված
4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում:
Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում աջակցության գումարները տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան ծախսերը կատարած լինելու պայմաններում՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում՝ նպատակ ունենալով կանխել հնարավոր չարաշահումները: Նման սխեմայով գումարների հատկացումը, սակայն, հարկային օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ կարգավորման համաձայն պետական աջակցություն ստացած շահութահարկ վճարողների մոտ շահութահարկով հարկման հետեւանքներ է առաջացնում, ինչը կարծում ենք, որ արդարացված չէ հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից:
Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչեւ 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները ազատվում են շահութահարկի վճարումից իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաեւ այլ ակտիվների իրացումից ստացվող եւ այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող եւ այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը: Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից ներգրավված վարկերի (լիզինգի) գումարները եւ դրանց գծով հաշվարկվող տոկոսագումարները պետության կողմից սուբսիդավորվելու դեպքում սուբսիդավորվող գումարները հանդիսանում են եկամուտ եւ համախառն եկամտի 10%-ը գերազանցելու դեպքում վերջիններիս մոտ կարող է առաջանալ շահութահարկ վճարելու պարտավորություն, ինչը կարծում ենք, որ արդարացված չէ վերոգրյալը հաշվի առնելով:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է, անկախ գործունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) եւ դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները, իսկ ծախս չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները:
Միեւնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ առաջարկվող դրույթների կիրառությունը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա խնդիրը նկատվել է հատկապես 2024 թվականից սկսած՝ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների մասով:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել միատեսակ մոտեցում պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման որոշման առումով, ինչպես նաեւ նախատեսվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը եւ խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարեւորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ձեւավորումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում