Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի նախավերջին չհամարակալված պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«խորհրդատվական կենտրոն՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչումը, անշարժ գույքի գրանցման, դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականության, այդ գործընթացներում առաջացած խոչընդոտների վերացման, պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների եւ կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման վերաբերյալ խորհրդատվության իրականացումը, ինչպես նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը եւ այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը.»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի.
1) 3-րդ մասում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով,
2) 4-րդ մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով,
3) 5-րդ մասում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Կոմիտեի կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, որով ամրագրված կարգավորումների համաձայն՝ Կոմիտեի կազմում նախատեսվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված Կոմիտեի սպասարկման գրասենյակների գործունեության օպտիմալացմանը եւ դրանց փոխարեն խորհրդատվական կենտրոնների ստեղծմանը: Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում:
Հարկ է շեշտադրել նաեւ, որ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Կադաստրի կոմիտեի կողմից կատարման ենթակա միջոցառումների 12-րդ կետով սահմանված «Անշարժ գույքի գրանցման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով կառուցվածքային բարեփոխումների իրականացման» պահանջներից:
2. Կարգավորվող հարաբերությունների ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.
Ներկայումս «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված են մի շարք դրույթներ՝ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող սպասարկման գրասենյակների եւ վերջիններիս գործառույթների վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Կոմիտեի կողմից հեղինակված եւ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծով մասնավորապես նախատեսվում է դադարեցնել Կոմիտեի որոշ սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ մնացած բոլոր սպասարկման գրասենյակները միացնել նոր ստեղծվող համապատասխան խորհրդատվական կենտրոններին: Արդյունքում, Օրենքով սահմանված սպասարկման գրասենյակներին առնչվող դրույթները կորցնում են իրենց արդիականությունն ու կարգավորման առարկան: Ընդգծենք նաեւ, որ Կոմիտեի նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանման, այն է՝ խորհրդատվական կենտրոնների հասկացության բովանդակությունն Օրենքով սահմանված չէ:
3. Կարգավորման առարկան, բնույթը եւ ակնկալվող արդյունքը.
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերը վկայակոչված ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունմամբ Կոմիտեում այլեւս չեն գործելու սպասարկման գրասենյակներ, փոխարենը՝ գործելու են նոր ստեղծված խորհրդատվական կենտրոններ, Նախագծով նախատեսվում է Օրենքի համապատասխան հոդվածներում կատարել փոփոխություններ՝ «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինելով «խորհրդատվական կենտրոն» բառերով: Բացի այդ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում կատարվում է փոփոխություն, համաձայն որի՝ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների շարքում սահմանվում է «խորհրդատվական կենտրոն» հասկացությունը:
Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է համապատասխան փոփոխություն նաեւ Օրենքի 25-րդ հոդվածում: Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատակագծերի ձեւերը, հատակագծերին ներկայացվող պահանջները եւ հատակագծերի ներկայացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1028-Ն որոշմամբ:
Նախագծի ընդունումից հետո Օրենքում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավական կարգավորումները կբերվեն հստակ եւ միանշանակ ձեւակերպման:
4. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 
18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների 12-րդ կետի պահանջներից: 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում