Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «7.1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնով. 
  
| 7.1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծում | ԿՄ | |||||||
| 2. | Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն | ԿՄ | Վ | ||||||
| 3. | Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառք | ԿՄ | Վ | ||||||
| 4. | Անասնաբուժական դեղատնային գործունեություն | ԿՄ | Վ | 
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 8 ամիս հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով «Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն եւ վաճառք» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությամբ կամ վաճառքով, որից հետո պետք է ներկայացնի «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն» կամ «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառք» գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու հայտ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ 1) մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս բուսասանիտարիայի ոլորտում առաջացած խնդիրներին արագ հանգուցալուծում եւ իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը:
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների նկատմամբ սահմանային պետական վերահսկողություն իրականացնելու արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը խնդիրներ է առաջացնում հայկական ծագման բեռների անխափան արտահանման առումով: Նշված խնդրի կարգավորման համար առկա լուծումներից մեկը արտահանումից առաջ դրանց նկատմամբ վարակազերծման իրականացումն է: Իսկ վարակազերծման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ են օրենսդրական լիազորությունների սահմանումներ, համապատասխան ընթացակարգերի մշակում, վարակազերծման մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանում, ինչպես նաեւ վարակազերծում իրականացնող կազմակերպությունների համար որոշակի պահանջների սահմանում, քանի որ Եվրասիական տնտեսական միության 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշման համաձայն՝ բեռների նկատմամբ վարակազերծում կարող է իրականացվել նշված ծառայությունները մատուցելու լիազորություններ ունեցող անձանց կողմից եւ եթե առկա են համապատասխան պայմաններ ու մեթոդներ (հաշվի առնելով վարակազերծման ենթակա ապրանքը եւ թիրախային կարանտին օբյեկտը):
Միաժամանակ, գործող «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքում սահմանված է, որ բույսերի վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով լիազոր մարմնի (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին) կողմից իրականացվում է բուսասանիտարական ուսումնասիրության, սակայն իրականում այս գործառույթն իրականացվում է քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից, իսկ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվում է բուսասանիտարական մոնիթորինգ, որի վերաբերյալ կարգավորումներն արդեն իսկ սահմանված են «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքով: Ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նշված բուսասանիտարական ուսումնասիրության իրականացման գործառույթը՝ վերապահելով այն քաղաքականություն իրականացնող լիազոր մարմնին:
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման ճանապարհային քարտեզում (հաստատված է ՀՀ վարչապետի 2019թ. N 666-Լ որոշմամբ եւ կատարման ժամկետները երկարաձգվելու են՝ Համաձայնագրով սահմանված ժամկետներին համապատասխան) ներառված է «Պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրերի եւ կանոնների սահմանում՝ նկտրատների նկատմամբ զգայուն գոտիների համար» միջոցառումը, որի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել համապատասխան իրավական ակտը, որը կհաստատվի քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից: Սակայն, քանի որ գործող օրենսդրությունում համապատասխան լիազորող նորմը բացակայում է, ուստի նախագիծ 1-ում անհրաժեշտություն է առաջացել նախատեսել դրույթ, որով քաղաքականություն մշակող լիազոր մարմնին կտրվի համապատասխան լիազորություն:
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ 2) մշակվել է՝ հաշվի առնելով գլոբալ մակարդակով բույսերի պաշտպանության միջոցների շուկայական հարաբերությունների աճը եւ տվյալ ոլորտում կանոնակարգման ժամանակակից համակարգերին եւ մեխանիզմներին առնչվող թերությունների չվերացման պարագայում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների բացասական ազդեցությունը մարդու կյանքի, առողջության եւ շրջակա միջավայրի վրա: Ուստի, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունն ու վաճառքը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների սահմանումը լրացուցիչ հնարավորություններ կապահովի պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության եւ վաճառքի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, սահմանված պահանջներին համապատասխան պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության եւ վաճառքի, սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդկանց առողջության պահպանման համար: Հարկ է նշել, որ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վարակազերծման իրականացումը նույնպես անհրաժեշտ է սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձին համապատասխան:
Միաժամանակ, ներկայումս անասնաբուժական դեղամիջոցներն իրացվում են անասնաբուժական դեղատներում եւ կիրառվում են կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կամ ախտորոշման կամ բուժման, ինչպես նաեւ արտաքին միջավայրում վարակի վնասազերծման եւ ոչնչացման համար, սակայն դրանց վերաբերյալ գործող իրավական որեւէ ակտում սահմանված պահանջեր եւ պայմաններ չկան, որի հետեւանքով առաջացել են մի շարք խնդիրներ անասնաբուժական դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի շրջանում՝ հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների եւ հարուցված վարույթների արդյունքում:
Անդրադառնալով հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումներին եւ հարուցված վարույթներին, անասնաբուժական դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողները բազմիցս դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ խնդիրը կարգավորելու եւ իրենց ու պետական մարմինների միջեւ հանդիպում-քննարկում կազմակերպելու համար:
Վերը նշվածի կապակցությամբ նախարարությունում կազմակերպել է քննարկում՝ Առողջապահության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի մասնագետների եւ տնտեսավարողների հետ, որի ընթացքում տնտեսավարողներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին գործունեությունը լիցենզավորելու վերաբերյալ, սակայն ընթացակարգի բացակայությամբ պայմանավորված առաջացել են խնդիրներ՝ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դրույթի չկատարման հիմքով, որն առաջացրել է տուգանք, համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի:
Անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման նկատմամբ տուգանքների կիրառումը կհանգեցնի գործունեության դադարեցմանը՝ կավելանա տնտեսավարողների ֆինանսական բեռ, իսկ դեղատների փակման արդյունքում, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների մոտ կարձանագրվեն վարակիչ հիվանդությունների դեպքեր, որը հետեւանք կլինի կենդանիների զանգվածային անկման, կամ օրինակ տնային կենդանիներին պատվաստում եմ կատաղություն հիվանդության դեմ եւ այդ պատվաստանյութի բացակայությունն ուղիղ սպառնալիք է մարդու առողջությանը:
Այս համատեքստում հրատապ անհրաժեշտություն է առաջացել «Լիցենզավորման մասին» օրենքում կատարել համապատասխան լրացում՝ սահմանելով անասնաբուժական դեղատնային գործունեությունը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Միաժամանակ, նախարարության կողմից մշակվել է անասնաբուժական դեղատնային գործունեությանը ներկայացվող պահանջների եւ լիցենզավորման կարգի նախագիծը:
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ 3) մշակվել է՝ հաշվի առնելով նախագիծ 2-ով տրվող իրավակարգավորումները, քանի որ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունը եւ վաճառքը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ սահմանելու դեպքում՝ դրանց ծանուցման ենթակա գործունեության տեսակ համարվելու անհրաժեշտությունը բացակայում է:
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ 4) մշակման անհրաժեշտությունն առաջացել է Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար համապատասխան պետական տուրքի դրույքաչափեր սահմանելու համար՝ կատարելով անհրաժեշտ փոփոխություն եւ լրացումներ:
2. Կարգավորման նպատակները եւ բնույթը
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Գործունեության ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Օրենքների նախագծերի նպատակն է բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները, վարակազերծման եւ ոչնչացման կարգը հաստատելու, ինչպես նաեւ վարակազերծման, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության, վաճառքի, ինչպես նաեւ անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման համար համապատասխան լիազորող նորմերի եւ դրույթների լրացումը:
Միաժամանակ, Նախագիծ 1-ը նպատակ ունի հստակ տարանջատել բուսասանիտարական ուսումնասիրության վերաբերյալ լիազոր մարմնին եւ քաղաքականություն մշակող լիազոր մարմնին տրվող լիազորությունները, քանի որ լիազոր մարմնի կողմից բուսասանիտարական մոնիթորինգն իրականացվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմների բուսասանիտարական վտանգի վերլուծության, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանման նպատակով, իսկ քաղաքականություն մշակող լիազոր մարմինն իրականացնում է բույսերի կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմների բուսասանիտարական ուսումնասիրություն՝ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնի հետեւյալ կետից՝
«- ապահովել կենդանիների եւ բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը եւ շահագործումը»:
Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հանրապետության տարածքում բույսերի եւ կենդանիների հիվանդությունների կանխարգելումը եւ տարածումը: Ինչպես նաեւ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության եւ վաճառքի համար լիցենզավորման ենթակա պայմաններ սահմանելով հնարավորություն կընձեռնվի հողօգտագործողներին առավել պրոֆեսիոնալ եւ արդյունավետ պայքար տանել բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ՝ ապահովելով բուսասանիտարական կայուն իրավիճակ եւ բարձր բերքատվություն:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Իրավական ակտերի նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել կարանտին վնասատու օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների վարակազերծման եւ ոչնչացման իրավահարաբերությունները, որը կնպաստի հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակի ապահովմանը, ինչպես նաեւ նշված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս կարանտին վնաատու օրգանիզմների հայտնաբերման գործոնով պայմանավորված խնդիրների լուծմանը: Միաժամանակ, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունը եւ վաճառքը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ սահմանելով՝ հնարավոր կլինի ապահովել տվյալ արտադրատեսակների օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը՝ ապահովելով մարդկանց, կենդանիների առողջությանը եւ շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելումը: Քաղաքականություն մշակող լիազոր մարմնին կտրվի լիազորող նորմ՝ Համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառման կատարման նպատակով: Ինչպես նաեւ անասնաբուժական դեղատնային գործունեությունը՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի սահմանումը թույլ կտա ընդունել համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտը՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրման շրջանակներում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում, իսկ ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում