Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1176-27.10.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1.1. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունը եւ վաճառքը օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են: Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության եւ վաճառքի լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւերը հաստատում է Կառավարությունը: Լիազոր մարմինն իրականացնում է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության եւ վաճառքի լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մաս.

«1.2.Քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից սահմանվում են պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրեր եւ կանոններ՝ նիտրատների նկատմամբ զգայուն գոտիների համար:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «լիազոր մարմինն» բառերը փոխարինել «քաղաքականություն մշակող լիազոր մարմինն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ԳԼՈՒԽ 6

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Հոդված 18. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումն ու ոչնչացումը

1. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման կամ տեղափոխման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում դրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու, ինչպես նաեւ սույն Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ ներմուծող երկրի պահանջներին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ բուսասանիտարական փորձաքննության արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում՝ լիազոր մարմնի պաշտոնատար անձի (տեսուչի) տրամադրած եզրակացության հիման վրա, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ վարակված բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները վարակազերծվում, ոչնչացվում կամ վերադարձվում են արտահանող երկիր:

2. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատում է Կառավարությունը:

3. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման մեթոդները, մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջները, վարակազերծման եւ ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումը, ոչնչացումը կամ վերադարձն իրականացվում է սեփականատիրոջ միջոցների հաշվին: Եթե վարակազերծման կամ ոչնչացան ենթակա բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի սեփականատերը հրաժարվում է կատարել դրանց վարակազերծումը կամ ոչնչացումը կամ այն հնարավոր չէ կատարել անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով, ապա լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ տեղափոխվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տվյալ խմբաքանակը հետ է վերադարձվում արտահանող երկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունից արտահանման դեպքում՝ մերժվում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված արտահանման կամ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը:

5. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումն իրականացվում է վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Եթե վարակազերծված արտադրանքում երկուսից ավելի անգամ կարանտին վնասակար օրգանիզմ է հայտնաբերվում, ապա այն հիմք է հանդիսանում վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար: Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ոչնչացումն իրականացվում է ոչնչացման ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:

6. Լիազոր մարմինն իրականացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծում իրականացնելու համար լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 8 ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի եւ 2-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում: