Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1175-21.10.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը՝ բացառապես նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) փոփոխմամբ պայմանավորված սույն հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից դուրս գալու դեպքում, կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու՝ համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասը սույն հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլեւս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ չհամարակալված պարբերությունում «նպատակային» բառից հետո լրացնել «կամ գործառնական» բառերով:

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ դեռեւս չօտարված այն հողամասերի նկատմամբ, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը (հողատեսքը) քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով փոփոխվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ ընթացիկ իրավիճակը.

ՀՀ հողային օրենսգրքի գործող իրավակարգավորումների շրջանակում, ամբողջությամբ կարգավորված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հանված հողամասերի մասնավորեցման ընթացակարգերը, մասնավորապես՝ համայնքներին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի տիրապետման մասով համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների տեսանկյունից:

Վերը նկարագրվածի համատեքստում, իրավակիրառական պրակտիկայում, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հողամասերը հանելու եւ մասնավորեցնելու գործընթացը կազմակերպվում եւ իրականացվում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու միջոցով:

Ըստ էության, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հողամասերը հանելու եւ մասնավորեցնելու գործընթաց իրականացնելիս, բացակայում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, միաժամանակ, այն համարվում է լրացուցիչ վարչարարություն, ինչպես համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների, այնպես էլ գործադիր իշխանության մարմինների համար: Նկարագրված իսնտիտուցիոնալ եւ իրավակիրառական խնդիրների լույսի ներքո՝ փոխվարչապետ Տ.Խաչատրյանի կողմից տրվել է 11.04.2025թ. N //11435-2025 հանձնարարական, որի արդյունքում մշակվել է սույն հիմնավորման առարկա հանդիսացող  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

2004-2006թթ. ընթացքում, հիմք ընդունելով ՀՀ բոլոր համայնքներում իրականացված կադաստրային քարտեզագրման արդյունքներով կազմված հողամասերի սկզբնական հաշվառման տվյալները, ՀՀ կառավարությունը առանձին որոշումներով պետական կարիքների համար չհաշվառված հողամասերը, հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել է համայնքներին՝ նշելով նաեւ այդ հողամասերի նպատակային նշանակությունները:

Հողամասերի սկզբնական հաշվառումը սեղմ ժամկետներում իրականացնելու հետեւանքով ինչպես ամբողջ հանրապետությունում առկա են դեպքեր, երբ կադաստրային քարտեզներով պետական սեփականության գույքը տեղակայված է համայնքային սեփականության հողամասի վրա, համայնքային սեփականության գույքը տեղակայված է պետական սեփականության հողամասի վրա եւ հետեւապես առկա են նաեւ դրանց հետ կապված հողամասերի նպատակային նշանակության անհամապատասխանություններ:

Առաջարկվող լրացումներով կարգավորվում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող եւ համապատասխան համայնքներին Կառավարության որոշումներով փոխանցված, փոխանցման պահին Կառավարության վերոնշյալ որոշումներով չմասնավորեցվող դասված, սակայն դրանից հետո համայնքների գլխավոր հատակագծերում կամ հողամասերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում, ինչպես նաեւ դրանցում իրականացված կամ իրականացվող փոփոխություններում նշված հողամասերի մասով նման սահմանափակում չնախատեսող հողամասերի հետագա տնօրինումը՝ առանց նշված որոշումներում փոփոխություն կատարելու համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլեւս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:»:

Միաժամանակ, անցումային դրույթներով նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել նաեւ դեռեւս չօտարված այն հողամասերի նկատմամբ, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը (հողատեսքը) քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով փոփոխվել է մինչեւ ներկայացվող օրինագծի ուժի մեջ մտնելը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Քաղաքաշինության կոմիտեի մասով 1-ին կետի՝ (Տարածքային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում)  1.1-ին ենթակետի («Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում» 2017-2024 թվականների ծրագրի շրջանակներում՝ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում) միջոցառման կատարումից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն