Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար՝
| «ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
| բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ | բազային տուրքի 250-ապատիկի չափով. |
| գ) Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերականգնելու կամ փոխելու համար՝ | բազային տուրքի 20-ապատիկի չափով. |
| դ) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը տալու կամ երկարաձգելու դիմումը քննարկելու, ներառյալ տեղեկանքը տալու համար | բազային տուրքի 30-ապատիկի չափով. |
| ե) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը վերականգնելու կամ փոխելու համար | բազային տուրքի 5-ապատիկի չափով:»: |
3) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար`
| ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար` | |
|
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով |
բազային տուրքի 3-ապատիկի չափով |
| բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար` | |
|
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ 6 ամիս վավերականության ժամկետով |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
| գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար՝ | 0 |
| դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար | 0 |
| ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար՝ | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
| զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ վիզա (մեկ տարի վավերականության) տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար | բազային տուրքի 18-ապատիկի չափով» |
| է) Հայաստանի Հանրապետության աշխատանքային մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար՝ | բազային տուրքի 15-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «մուտքի արտոնագիր» բառերը իր համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «մուտքի վիզա» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձեւերի:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ե», «զ», «է» եւ «ը» ենթակետերում «արտոնագիր» բառը փոխարինել «վիզա» բառով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակի հետ կապված դիմումները քննարկելու, ներառյալ փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական եւ տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
գ) մինչեւ 18 տարեկան անձինք.
դ) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի` ընտանիքի անդամները (ամուսին, երեխա, հայր, մայր).
ե) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է անձանց կյանքին կամ առողջությանը: Անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրելու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինը՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա.
զ) Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացիները՝ այդ հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու դեպքում:»:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետությունում մուտքի վիզա տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.
բ) քաղաքացիական, ընտանեկան գործերով եւ քրեական վարույթներով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների դատարաններ կամ նախաքննության մարմիններ հրավիրվող անձինք.
գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
դ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական եւ տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
ե) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք եւ պատվիրակությունների անդամները.
զ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամները (ամուսին, երեխա, հայր, մայր).
ը) մինչեւ 18 տարեկան անձինք.
թ) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է անձանց կյանքին կամ առողջությանը: Անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրելու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինը՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա:»:
3) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից:
2. Այն օտարերկրացիները, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստացել են հատուկ կացության կարգավիճակ, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ իրենց հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շարունակում են օգտվել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված հատուկ կացության կարգավիճակից բխող իրավունքներից եւ պարտականություններից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները» բառերով.
2) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները» բառերով.
Հոդված 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին» բառերով:
Հոդված 3. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից:
2. Այն օտարերկրացիները, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստացել են հատուկ կացության կարգավիճակ, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ իրենց հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շարունակում են օգտվել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հատուկ կացության կարգավիճակից բխող իրավունքներից եւ պարտականություններից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.31-րդ հոդվածով.
«Հոդված 189.31 Ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը ընդհատվելու մասին (ուսումնառությունը) սահմանված կարգով չհայտնելը
1. Ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը ընդհատվելու մասին (ուսումնառությունը) սահմանված կարգով՝ լուծելու կամ ընդհատելու օրվանից տասնօրյա ժամկետում չհայտնելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման բողոքարկման սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 224.2-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «189.31-րդ» բառը:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«OՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Օտարերկրացիներ մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.
1) աշխատանքային գործունության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալու վարույթների օրինակով թվայնացվելու են մյուս հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները:
ՀՀ կառավարության 16.12.2021թ-ի թիվ 2087-Ն որոշմամբ հաստատվել է Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, հասանելիություն ունեցող պետական մարմինները, օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման եւ ներկայացման կարգը, աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձեւը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, տրամադրման կարգը եւ ժամկետը, աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի ձեւը, տրամադրման կարգը եւ ժամկետը:
2022թ. հունվարից գործարկվել է Օտարերկրյա աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը՝ workpermit.am-ը:
Հարթակի գործարկմամբ.
Նախկինում աշխատանքի թույլտվությունը տրամադրվում էր գործատուին, իսկ դրա հիման վրա աշխատողը ստանում էր կացության կարգավիճակ. գործընթացը տեղի էր ունենում երկու տարբեր գերատեսչություններ՝ ԱՍՀՆ եւ Ոստիկանություն դիմումատուների ֆիզիկական այցելությունների միջոցով: Նոր կարգով գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային է եւ պետական մարմնի հետ ենթադրում է մեկանգամյա շփում՝ կացության կարգավիճակը հավաստող քարտը պետք է վերցնել Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից:
Նախկին կարգով դիմումատուները վճարում էին թե՛ աշխատանքի թույլտվություն, եւ՛ թե կացության կարգավիճակ ստանալու համար, իսկ նոր կարգով՝ միայն կացության կարգավիճակ ստանալու համար:
2) վերանայվել են կացության կարգավիճակների տեսակները:
Ներկայումս օտարերկրացիներին տրվում են ժամանակավոր, մշտական եւ հատուկ կարգավիճակները՝ համապատասխանաբար մինչեւ մեկ տարի, հինգ տարի եւ 10 տարի ժամկետով: Կացության կարգավիճակների հիմքերի կրկնությունից խուսափելու նպատակով նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հատուկ կացության կարգավիճակ տալու հետ կապված դրույթները:
3) սահմանվել է աշխատանքային վիզա հասկացությունը:
Գործող կարգավորումների համաձայն այցելության վիզան, իր համապատասխան կոդավորմամբ, տրվում է նաեւ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրացիներին: Միեւնույն ժամանակ առկա չէ օրենսդրական որեւէ արգելք, որ զբոսաշրջության նպատակով ՀՀ ժամանած օտարերկրացուին չի կարող աշխատել Հայաստանի Հանրապետությունում: Այնուամենայնիվ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմած շատ օտարերկրացիների դիմումները մերժվում են , քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալուց այցելուցյան նպատակը նշել են զբոսաշրջությունը: Աշխատանքային վիզա ներդնելու պարագայում նկարագրված խնդիրը կկորցնի իր արդիականությունը, բացի այդ աշխատանքային վիզայի շնորհիվ կկարգավորվեն կարճաժամկետ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրացիների հետ հարաբերությունները:
4) աշխատանքի թույլտվության փոխարեն ներմուծվել է քվոտվորման համակարգը:
Գործող կարգավորումների համաձայն, աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է ստանան աշխատանքի թույլտվություն՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է եթե առկա չէ նույն աշխատանքին հավակնող ՀՀ քաղաքացիներ, սակայն այս համակարգը գործնականում չի արդարացնում իրեն եւ 2022թ. հունվարի 1-ից գործող Workpermit.am հարթակով մինչեւ 2025թ. օգոստոսի 22-ը աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ ստացված 18.314 դիմումներից միայն տաս դեպքով է առաջադրվել ՀՀ քաղաքացի: Նկարագրված համակարգի փոխարեն՝ ՀՀ միգրացիոն իրավիճակը վերահսկելի դարձնելու, այդ թվում աշխատաշուկան պաշտպանելու նպատակով ներմուծվել է քվոտավորման համակարգը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարի իրականացվող միգրացիոն հոսքերի վերլուծության հիման վրա սահմանել դրանց ցանկալի մեծությունները տարբեր ձեւաչափերով:
«Օտարերկրացիներ մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքում:
«Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով վերանայվել են որոշ դրույքաչափեր, որոնք վերաբերում են ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակը տալու, ինչպես նաեւ այդ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերականգնելու կամ փոխելու համար բազային տուրքին, միաժամանակ վերանայվել են պետական տուրքի գծով սահմանված արտոնությունները, ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար սահմանվել է պետական տուրք:
Նախագծի նպատակն է առավել հստակեցնել օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման գործընթացում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար սահմանել պետական տուրք: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով.
1) սահմանվել է, որ պետական տուրքը գանձվի կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար: Այս դրույթը ենթադրում է, որ պետական տուրքը ենթակա չէ վերադարձման: Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ կացության կարգավիճակ տալը մերժելու պարագայում պետական տուրքը ենթակա է վերադարձման, քանի որ պետական տուրքը գանձվում է կացության կարգավիճակ տալու համար: 2023թ-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից մերժվել է թվով 564 կացության կարգավիճակ տալու մասին դիմում, որի արդյունում ՀՀ պետական բյուջեից վերադարձի ենթակա է եղել 62.650.000 ՀՀ դրամ գանձված տուրք:
2) վերանայվել են ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:
3) սահմանվել է մեկ միասնական դրույքաչափ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերականգնելու կամ փոխելու համար: Ներկայումս մշտական կացության քարտը փոխելու կամ վերականգնելու համար սահմանված են տարբեր դրույքաչափեր: Ավելին, պրակտիկայում խնդիրներ են առաջանում մշտական կացության քարտը փոխելու կամ վերականգնելու հասկացությունները մեկնաբանելու, հետեւաբար նաեւ համապատասխան պետական տուրքը գանձելու առումով: Տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու եւ միատեսակ վարչարարություն կիրառելու նպատակով մինչ օրս միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից գանձվել է միայն մշտական կացության քարտը վերականգնելու համար սահմանված պետական տուրքը:
4) սահմանվել է պետական տուրք «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը տալու կամ երկարաձգելու դիմումը քննարկելու, ներառյալ տեղեկանքը տալու, ինչպես նաեւ այդ տեղեկանքը փոխելու կամ վերականգնելու համար:
5) Սահմանվել է պետական տուրքի դրույքաչափ ՀՀ մուտքի աշխատանքային վիզայի համար:
6) ամբողջովին վերանայվել են ՀՀ մուտքի վիզաներ եւ կացության կարգավիճակներ տալու համար սահմանված պետական տուրքի գծով արտոնություններ սահմանող նորմերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 30 տարիների ընթացքում պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների արժեքը զգալիորեն աճել է՝ պայմանավորված տեխնոլոգիական զարգացման, վարչական ծախսերի եւ մարդկային ռեսուրսների արժեքի բարձրացմամբ: Մասնավորապես առաջարկվում է կացության կարգավիճակների գծով ներկայումս արտոնությունից օգտվող որոշ խումբ օտարերկրացիների համար սահմանել պետական տուրքի լրիվ դրույքաչափ:
7) Սահմանվել է, որ ՀՀ մուտքի վիզայի եւ կացության կարգավիճակների համար սահմանված արտոնությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվեն նույն հոդվածի առանձին մասերով:
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին համահունչ կարգավորումներ: Այսպես, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում ուժը կորցրած են ճանաչվել հատուկ կացության կարգավիճակ տալը սահմանող նորմերը եւ սահմանվել է մշտական կացության կարգավիճակ ստանալու նոր հիմք՝ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելը, իսկ Հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք: Ելնելով վերոգրյալից.
1) սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները հանդիսանում են հողային հարաբերությունների սուբյեկտներ:
2) ապահովվել է հողային հարաբերությունների սուբյեկտ հանդիսացող եւ արդեն իսկ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների իրավունքների իրացումը եւ պարտականությունների կատարումը՝ սահմանելով համապատասխան անցումային դրույթներ:
«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը ընդհատվելու մասին (ուսումնառությունը) սահմանված կարգով միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ պայմանագիրը լուծելու կամ կրթությունը ընդհատելու օրվանից տասնօրյա ժամկետում չհայտնելու պարագայում վարչական պատասխանատվություն սահմանելու ուղությամբ:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Նախագածի նպատակն է թվայնացնել օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, միաժամանակ ավելի դյուրին եւ արդյունավետ դարձնել օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակներն ու կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները եւ լուծում տալ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրների: Հաշվի առնելով վերջին շրջանում դեպի ՀՀ ուղղված աշխատանքային միգրացիոն հոսքերի ակտիվությունը եւ այդ հոսքի կանոնակարգման անհրաժեշտությունը, նախագծում անդրադարձ է կատարվել նաեւ օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային վիզայի տրամադրման հետ կապված հարցերին: Մասնավորապես նախագծով առաջարկվում է.
1) Ձեւավորել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական համակարգ, որին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինները եւ որի տվյալների շտեմարանից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
2) Ապահովել Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը՝ սահմանելով օտարերկրացուն ՀՀ կողմից տրվող բնակության օրինականությունը հաստատող փաստաթղթերի հասկացությունը եւ սահմանափակելով օտարերկրացու կողմից միաժամանակ մեկից ավելի բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ ունենալու հնարավորությունը, ինչն էլ կբացառի օտարերկրացու կողմից տարբեր անհատական տվյալներով հանդես գալու եւ չարաշահումներ թույլ տալու դեպքերը:
3) Պարզեցնել Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ թվայնացնելով դիմումների ներկայացման եւ քննարկման գործընթացները: Սա հնարավորություն է տալու օտարերկրացուն խուսափել անհարկի հերթերից եւ կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնել բացառապես առցանց եղանակով, նույն եղանակով էլ ստանալ տեղեկատվություն իր դիմումի ընթացքի վերաբերյալ:
4) Ապահովել Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների ամբողջական հաշվառումը, նույնականացումը եւ նրանց հասանելիությունը քաղաքացիներին մատուցվող ծառայություններին,
5) Իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների վերաբերյալ առավել համընդգրկուն եւ ամբողջական վիճակագրության հավաքագրումը:
6) Հստակեցնել կացության կարգավիճակի տրամադրման առկա հիմքերը՝ օրենքում հստակեցնելով կացության կարգավիճակ ստանալու համար հիմք հանդիսացող հարաբերությունների տեսակները:
7) Հրաժարվել աշխատանքի թույլտվության, հետեւաբար նաեւ աշխատանքի թույլտվության բացառությունների համակարգից՝ փոխարենը որպես ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմք սահմանելով աշխատանքային վիզայի, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու/բնակվելու թույլտվության առկայությունը, միաժամանակ սահմանելով առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու/բնակվելու թույլտվության աշխատանքային /ծառայությունների մատուցման/ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող օտարերկրացիների շրջանակը:
8) Սահմանել աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու/բնակվելու թույլտվության հասկացությունը՝ նպատակ ունենալով իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու ժամկետում աշխատել ցանկացող օտարերկրացիների հաշվառում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում նման հաշվառում չի իրականացվում եւ օրինական գտնվելու ժամկետում աշխատող օտարերկրացիները դուրս են մնում պատկան մարմինների ուշադրությունից:
9) Սահմանել քվոտայի հասկացությունը, որը թույլ կտա Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարգավորել օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող կացության կարգավիճակների սահմանաչափն՝ ըստ կացության կարգավիճակների տեսակի, քանակի եւ հիմքերի՝ հաշվի առնելով երկրում առկա միգրացիոն իրավիճակը եւ տնտեսության պահանջները:
10) Պարզեցնել եւ հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնելու եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող օտարերկրացիների օրինական կացության կազմակերպման գործընթացը: Այսօրվա գործող կարգավորումներով օտարերկրյա քաղաքացիները կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացնելու հիմքով կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու համար գումարի որեւէ շեմ սահմանված չէ, ինչը հանգեցնում է նրան որ պրակտիկայում օտարեկրացիները անգամ 500 դրամով գրանցվում են որպես անհատ ձեռնակատեր եւ այդ հիմքով դիմում եւ ստանում են կացության կարգավիճակ: Նախագծով սահմանվել է երկու միլիոն դրամի ներդրում կամ շրջանառություն ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար: Ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար սահմանվել են հստակ սահմանաչափեր, որոնք թույլ կտան իրապես գնահատել օտարերկրացու կողմից իրականացվող գործունեությունը: Առաջարկվող սահմանաչափը հաշվարկվել է հիմք ընդունելով Միջին ամսական անվանական աշխատավարձը եւ մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը, ինչպես նաեւ մի շարք երկրների փորձը:
11) օրենքը առավել համապատասխանեցնել ներպետական օրենսդրության պահանջներին, մասնավորապես քաղաղաքացիական եւ ընտանեկան օրենսգրքերին, ինչպես դրանցից բխող այլ օրենքների պահանջներին հաշվի առնելով, այն որ օտարերկրացիներին կարգավիճակի տրամադրումը ենթադրում է լիարժեք քաղաքացիարավական հարաբերություններ: Մասնավորապես «Օտարերկրացիների մասին» օրենքում կիրառվում են ազգականների, այդ թվում նաեւ մերձավոր ազգականների տարբեր շրջանակներ: Օրենքում կրառվող եզրույթների միատեսակությունն ապահովելու նպատակով ազգականների շրջանակը համապատասխանեցվել է Ընտանեկան օրենսգրքով սահմանված «ընտանիքի անդամների» հասկացությանը: Նույն սկզբունքով համապատասխան ձեւակերպում է տրվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում:
12) սահմանել կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքն օտարերկրացու կողմից /բացառությամբ մինչեւ 16 տարեկան օտարերկրացիների/ անձամբ ստանալու եւ կենսաչափական տվյալները՝ մատնահետքերը եւ ստորագրության էլեկտրոնային օրինակը տրամադրելու պահանջ: Խոսքը փաստաթուղթը ստանալուց signature pad-ի վրա ստորագրելու եւ մատնահետքերը հանձնելու մասին է: Սկզբից պետք է հավաքագրվեն օտարերկրացու կենսաչափական տվյալները եւ ստորագրությունը, որի արդյունքում նոր միայն օտարերկրացու համար հնարավոր կլինի ակտիվացնել mobile id:
13) հստակեցնել կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը, դրանք համապատասխանեցնել իրականացվելիք էլեկտրոնային վարչարարությանը: Այս հիմքերը սահմանվել են օտարերկրյա աշխատողի ներգրավման մասնական էլեկտրոնային հարթակի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները եւ օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով:
14) սահմանել բոլորովին նոր դրույթ, համաձայն որի օրենքով սահմանված որոշ հիմքերով մերժման որոշում կայացնելու դեպքում օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե վերացել են մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքները: Այս դրույթի նպատակն է օտարերկրացուն հնարավորություն տալ իրացնելու կացության կարգավիճակ ստանալու իր իրավունքը մեկ տարուց շուտ:
15) հստակեցնել կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հիմքերը, սահմանվել են կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու հիմքեր՝ նպատակ ունենալով կացության կարգավիճակ տալու առանձնահատուկ վարույթին առնչվող հարաբերություննները կարգավորող նորմերը զետեղել մեկ միասնական օրենքում, ինչպես նաեւ կարգավորել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:
16) սահմանել դրույթ, համաձայն որի մինչեւ 16 տարեկան երեխաները կացության կարգավիճակ կարող են ստանալ ծնողներից մեկի ՀՀ քաղաքացի հանդիսանալու կամ ծնողներից մեկի կացության կարգավիճակ ունենալու հանգամանքի հիման վրա: Այս կարգավորումը նպատակ ունի պաշտպանել երեխայի իրավունքները, բացի այդ կանխել անօրինական միգրացիան՝ բացառելով այն պրակտիկան, երբ երեխան ստանում է կացության կարգավիճակ, իսկ ծնողը առանց կացության կարգավիճակ ստանալու եւ առանց օրինական այլ հիմքերի շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետությունում: Այս դրույթով սահմանվել է նաեւ բացառություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում կամ փոխանակման ծրագրերով սովորող օտարերկրացի երեխաների համար:
17) ներդնել աշխատանքային վիզայի հասկացությունը, վիզայի տրամադրման հիմքերը, նպատակներն ու ժամկետները, ինչպես նաեւ վիզայի այդ տեսակի համար համապատասխան պետական տուրքը: Բացի այդ կատարվել են նաեւ աշխատանքային վիզայի հասկացությունից, վիզայի տրամադրման հիմքերից, նպատակներից ու ժամկետներից բխող համապատասխան փոփոխություններ: Նախագծում այս դրույթի ներառման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ՂԱ/16-2024 արձանագրության 3-րդ մասի 3-րդ կետի 3.2 ենթակետով ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը տրված հանձնարարականը՝ ՀՀ մուտքի աշխատանքային վիզաներ ներդնելու վերաբերյալ:
18) հստակեցնել կացության կարգավիճակների տեսակները եւ ուժը կորցրած ճանաչել հատուկ կացության կարգավիճակ տալը սահմանող նորմերը, քանի որ հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերը /ազգությամբ հայ լինելը եւ տնտեսական գործունեություն իրականացնելը/ նույնական են մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերի հետ:
19) սահմանել մշտական կացության կարգավիճակ տալու ամբողջովին նոր երկու հիմք՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելը եւ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելը:
Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հանգամանքը հիմք է նաեւ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու համար, սակայն որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձը չի կարողանում ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ իր քաղաքացիության երկրի օրենսդրության սահմանափակումներով պայմանավորված (այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու արգելքով պայմանավորված): Մշտական կացության կարգավիճակ տալու համար նման հիմք սահմանելը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացուն ձեռք բերել մշտական կացության կարգավիճակ եւ բնակվել Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով՝ շարունակելով ծավալել իր գործունեությունը:
20) սահմանվել են անցումային դրույթներ, որոնք կոչված են կարգավորելու մինչեւ օրենքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունները եւ ապահովել օտարերկրացիների՝ առկա կարգավիճակից բխող իրավունքների ու ազատությունների իրացումը եւ պարտականությունների կատարումը:
3. Ակնկալվող արդյունքը.
Օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային միասնական հաշվառման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ոլորտում պետության լիազորությունների արդյունավետ իրականացումը, կառավարելիության բարելավումը: Միաժամանակ, ապահովել կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացած հանգամանքների նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը: Օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար պետական տուրքի սահմանումը, այդ թվում՝ դիմումների քննարկման համար պետական տուրքի գանձումը, կացության կարգավիճակների արտոնությունների քաղաքականության վերանայումը թույլ կտա որոշակիորեն փոխահատուցել այդ ծառայությունների մատուցման համար պետության կողմից կատարվող ծախսերը եւ ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի»՝ «Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն» բաժնի 11-րդ՝ «Քաղաքացիներին, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների թվայնացում, պարզեցում եւ ավտոմատացում» կետից:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում, ինչը պայմանավորված Է ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերի փոփոխմամբ, օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տրամադրման դիմումի վարույթի իրականացման համար գանձվող պետական տուրքի սահմանմամբ, պետական տուրքը կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձելու դրույթի սահմանմամբ, կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքի գծով սահմանված արտոնությունների շրջանակի վերանայմամբ /ֆինանսական գնահատականի վերաբերյալ տեղեկանքը կցվում է/:
Ժամանակավոր կացություն տրամադրելու համար հիմք են ընդունվել այլ պետությունների նմանատիպ փորձը եւ կատարվել ՀՆԱ-ի համամետական եւ համադրական վերլուծություններ:
Այսպես՝
Ձեռնարկատիրությամբ զբաղվելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի համեմատական վերլուծություն
2024 թվականի տվյալներով ուսումնասիրված երկրների մեկ շնչի տարեկան համախառն ներքին արդյունքը հետեւյալն է.
Ներդրման շեմերի եւ մեկ շնչի ՀՆԱ-ի հարաբերակցությունը
Հաշվարկված տոկոսային հարաբերակցությունը հետեւյալն է.
Այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում նախատեսվող ներդրումային շեմը համեմատաբար ցածր է: Այն մոտավորապես կազմում է մեկ շնչի ՀՆԱ-ի երեք քառորդը, մինչդեռ Էստոնիայում, Վրաստանում եւ Հունաստանում ներդրումային շեմը բազմապատիկ գերազանցում է մեկ շնչի ՀՆԱ-ին:
Եզրակացություն
Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը եւ համադրական մեթոդաբանությունը ցույց են տալիս, որ Հայաստանում սահմանված ներդրումային շեմը ձեռնարկատիրությամբ զբաղվելու հիմքով համեմատաբար ցածր է:
Այն մոտավորապես համահունչ է Լիտվայի եւ Լատվիայի մակարդակներին, սակայն զգալիորեն փոքր է Էստոնիայի, Վրաստանի եւ Հունաստանի պահանջվող չափանիշների համեմատ:
Ըստ տնտեսական գորունեության հիմքով ժամանակավոր կացություն տրամադրելու տրամաբանության, եթե նպատակ է դրվում ձեւական կողմից անցնել միգրացիոն ներդրումային դաշտի եւ դրանով խթանել իրական ձեռնարկատիրական գործունեությունը, ապա ներդրումային շեմի չափը պետք է լինի գոնե մոտ մեկ շնչի տարեկան ՀՆԱ-ի չափով կամ այն գերազանցի: Հայաստանում առաջարկվող շեմը բավարարում է այս չափանիշին միայն մասամբ, այսինքն համեմատաբար ցածր է եւ պահանջում է հետագա գործառնական համեմատական եւ համադրական գնահատում՝ նշված հիմքով միգրացիոն քաղակականության արդյունավետությունը ավելի բարձրացնելու նպատակով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում նախատեսվում է ավելացում, իսկ ծախսերում ավելացում չի նախատեսվում:
Պետական տուրքի գծով առաջարկների ընդունման արդյունքում ֆինանսական գնահատական
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում