Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1172-21.10.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «բնակվելու,» բառը փոխարինել «բնակվելու՝ այդ թվում Հայատանի Հանրապետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,» բառերով.

Հոդված 2. 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետում «տարածքում որոշակի ժամկետով» բառերը փոխարինել «տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.». բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության Վարչապետի  կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.».

3) 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու թույլտվություն՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից շահագործվող էլեկտրոնային հարթակներում մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել աշխատանքային մուտքի վիզա կամ ժամանակավոր կացության կարգավիճակ կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու ժամկետում աշխատել Հայաստանի Հանրապետությունում.».

5) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«էլեկտրոնային միասնական հարթակ՝ էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից իրականացվում  են օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու, կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու թույլտվություն տալու  վարույթները, այդ վարույթների շրջանակում ապահովում է պետական մարմինների, գործատուների, ուսումնական հաստատությունների, քաղաքացիների եւ  օտարերկրացիների միջեւ ծանուցումների, տեղեկատվության եւ փաստաթղթերի փոխանակումը.».

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15-րդ եւ 16-րդ կետեր՝

 «օրինական բնակության իրավունք՝ ժամանակավոր կամ  մշտական կացության կարգավիճակը, ինչպես նաեւ սույն օրենքով (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկանքի) կամ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող  այլ կարգավիճակ:».

«քվոտա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարվա կտրվածքով սահմանվող կացության կարգավիճակների սահմանաչափի նախատեսում՝ ըստ կացության կարգավիճակների տեսակի, քանակի եւ հիմքերի:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում.

 1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային /ծառայությունների մատուցման/ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո պարտավոր է դիմել միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին՝ իր եւ իր ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար:

Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն եւ նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաեւ առցանց:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը տրամադրում է տեղեկանք եւ հանրային ծառայությունների համարանիշ, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 10-րդ  հոդվածում.

1) 1-ին մասի «ա» կետից հանել «(սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «գ» կամ «դ» կետերով նախատեսված դեպքերում)» եւ «աշխատանքային գործունեություն կատարելու,» բառերը.

2) 1-ին մասի «դ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել նոր «ե» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ե) աշխատանքային մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում կարճաժամկետ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դիմում ներկայացնելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը ստանալու համար՝  մինչեւ 120 օր գտնվելու իրավունքով մեկանգամյա  կամ բազմակի մուտքի համար՝ առանց երկարաձգման հնարավորության: Աշխատանքային մուտքի վիզան տրվում է տվյալ օրացույցային տարվա ընթացքում միայն մեկ անգամ:».

3) 4-րդ մասում 2-րդ պարբերության «վիզաների տեսակները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրամադրում է սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում  նշված մուտքի վիզան, որոնց տրամադրման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի նպատակը փոխելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում.

 1) 1-ին մասի «բ» կետում «կացության» բառից հետո լրացնել «կամ փախստականի» բառերը.

2) 4-րդ մասի 1-ին պարբերությունում «քարտ (Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր)» բառերը փոխարինել «կամ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը» բառերով.

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում.

 1) 1-ին մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել .

2) 2-րդ մասում «, մշտական եւ հատուկ» բառերը փոխարինել «եւ մշտական» բառերով, իսկ «, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը» բառերը փոխարինել «եւ մշտական կացության քարտը» բառերով.

3) 2.1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մաս.

«2.2. Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ունենալ օրինական բնակությունը հավաստող միայն մեկ կարգավիճակ:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթը իրականացվում է միայն Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով, որը վարում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը: Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաեւ առցանց:»:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 1-ին պարբերության «մեկ տարի եւ ավել» բառերը փոխարինել «մինչեւ մեկ տարի» բառերով.

2) 1-ին մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «ա) ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներում, կրթական փոխանակման ծրագրերում ուսումնառությունը, ինչպես նաեւ գիտատեխնոլոգիական կամ  նորարարական (ինովացիոն) գործունեություն իրականացնելը.

բ) սույն օրենքի համաձայն՝ աշխատանքային վիզայի, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու թույլտվության կամ  սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կամ 13-րդ կետերով սահմանված  իրավունքի առկայությունը,  կամ.»

3) 1-ին մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին մասի «դ» եւ «ե» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում  կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ՝ ամուսին, ծնող, զավակ լինելը, կամ».

ե) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը.».

5) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով:».

6) 3-րդ մասում ««գ» եւ «դ» կետերով» բառերը փոխարինել ««դ» կետով» բառերով:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը եւ ժամկետները

1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամի (ամուսին, ծնող, զավակ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում ունեցել է ժամանակավոր կացության  կարգավիճակ կամ.

բ) ազգությամբ հայ է կամ.

գ) Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում ունեցել է ժամանակավոր կացության  կարգավիճակ կամ.

դ) Հայաստանի Հանրապետությունում ներդրում է կատարել.  կամ

ե) Հայաստանի Հանրապետությանը մատուցել է բացառիկ ծառայություններ:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ մշտական կացության կարգավիճակը տրվում է  5 տարի ժամկետով:»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17.  Ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը եւ ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը, կարգավիճակ տալու մասին որոշումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը

 1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը, էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացվում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:

2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը, մերժելը, կացության քարտ տրամադրելը,   կացության կարգավիճակ տալու մասին որոշումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը` Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով իրականացնում է լիազոր պետական մարմինը՝ Հայասատանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման հայտերի լրացման եւ ներկայացման, օտարերկրացիներին  ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ծանուցման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վարչական մարմինների միջեւ տեղեկատվությունը, փաստաթղթերը փոխանակելու կարգը եւ հարթակի տեխնիկական  նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքի, կայացնում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում՝ հիմք ընդունելով նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տվյալ տարվա կացության կարգավիճակների սահմանաչափի վերաբերյալ քվոտային ցուցանիշները:

Եթե ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթի ընթացքում լրացել է օտարերկրացու Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը, ապա մինչեւ վարույթի ավարտը եւ լիազոր մարմնի կողմից որոշման կայացումը օտարերկրացու գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում է օրինական:

5. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքով օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 6. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը, էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով:

7. Օտարերկրացին ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտը, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը  միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնից ստանում է անձամբ՝ տրամադրելով կենսաչափական տվյալները՝ մատնահետքերը եւ ստորագրության էլեկտրոնային օրինակը, բացառությամբ 16 տարին չլրացած օտարերկրացիների, որոնց օրինական բնակության իրավունքը հավաստող փատաթուղթը ստանում է ծնողը կամ օրինական  ներկայացուցիչը:

8. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ «ե» կետերով նախատեսված հիմքերով կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուց, Հայաստանի Հանրապետությունից 183 օր եւ ավել բացակայելու դեպքում այդ մասին էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով, 183 օրյա ժամկետը լրանալու պահից հաշվարկված՝ ոչ ուշ քան 10 օրյա ժամկետում, ծանուցում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին: Նշված գործողությունը չկատարելու դեպքում օտարերկրացու կացության կարգավիճակը համարվում է ուժը կորցրած:

9. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու վարույթի ընթացքում կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցվում է հայտնաբերված սխալները, վրիպակները շտկելու, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ պահանջվող տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցումը ստանալու պահից՝  5 օրյա ժամկետում չի կատարում ծանուցմամբ նշված գործողությունը, ապա միասնական էլեկտրոնային հարթակը ինքնաշխատ եղանակով կասեցնում է վարույթը:

10. Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն՝ կասեցված վարույթը վերսկսելու հետ կապված գործողություններ չի կատարում մեկ ամսվա ընթացքում, ապա  միասնական էլեկտրոնային հարթակը ինքնաշխատ եղանակով կարճում է վարույթը:»:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը

1. Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել եթե՝

1) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, եւ արտաքսման որոշման կատարման պահից կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.

2) նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել.

3) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

ա) վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

բ) իրականացնել ահաբեկչական գործունեություն,

գ) սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր,

դ) իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում,

4) նա տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով.

5) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին ուղղված հիմնավորված սպառնալիքներ.

6) կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.

7) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի կամ մինչեւ մեկ տարին լրանալը կատարել է վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը.

8) չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ սահմանված ժամկետում չի ներկայացրել (համալրել) ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված դեպքերում պահանջվող փաստաթղթերը.

9) վերացել է կացության կարգավիճակ տալու հիմքը.

10) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ.1» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալուց հետո կարգավիճակը ստանալու համար հիմք հանդիսացող կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվել է եւ 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել.

11) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» եւ «դ» կետերում նշված մուտքի վիզաներից որեւէ մեկով ժամանել է Հայաստանի Հանրապետություն եւ առանց մուտքի վիզայի տեսակը փոխելու դիմել է   սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար.

12) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասիվ սահմանված կարգով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն եւ առանց  աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու թույլտվություն ստանալու  դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետերի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար.

13) առկա է դատարանի՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու կամ վտարելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում.

14) լրացել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված քվոտան:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա:»:

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածի

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կացության կարգավիճակ տալու վերաբերյալ դիմումի մերժման բողոքարկումը»

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ժամանակավոր մնալու թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.  Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ: Սույն մասի դրույթները չեն տարածվում 19-րդ հոդվածի  1-ին մասի «7-րդ», «8-րդ», «9-րդ», «10-րդ», «11-րդ», «12-րդ», «14-րդ» կետերով եւ 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մերժման հիմքերի վրա: Նշված հիմքերով մերժման որոշում կայացնելու դեպքում օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե վերացել են մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքները:»:

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Կացության կարգավիճակ կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած կամ անվավեր  ճանաչելու հիմքերը, կացության կարգավիճակը անվավեր ճանաչելու հետեւանքները

1. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով բնակության օրինականությունը ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի կողմից, եթե՝

1) վերացել են օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու հիմքերը.

2) օտարերկրացին  կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

3) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

4) ձեռք է բերել փախստականի կարգավիճակ.

5) մինչեւ ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը, եւ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով 15 աշխատանքային օրվա ընթացքում չի կնքվել նոր պայմանագիր.

6) մինչեւ ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, եւ 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել.

 7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, եւ օտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե`

1) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.

2) Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելը սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:

3. Կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու, անվավեր ճանաչելու, մասին որոշման եզրափակիչ մասում պետք է արտացոլված լինեն նաեւ կացության կարգավիճակից զրկված լինելու, Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրացու կամավոր հեռանալու ժամկետների, մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, առանց թույլտվության այդ բնակության վայրը թողնելու արգելքի մասին նշումները:

4. Կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հետեւանքով կացության կարգավիճակից զրկված օտարերկրացու վերաբերյալ տվյալները ներմուծվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:»:

Հոդված 15. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ»:

Հոդված 16.  Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 22.1 հոդվածի  2-րդ եւ 3-րդ  մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու թույլտվություն ստանալու աշխատանքային /ծառայությունների մատուցման/ պայմանագիր կնքելու իրավունք ունեցողները

1. Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու թույլտվություն ստանալու աշխատանքային /ծառայությունների մատուցման/ պայմանագիր կնքելու իրավասություն ունեն`

1) Հայաստանի Հանրապետության մշտական կացության կարգավիճակ ունեցողները՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

2) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ», «ե» կամ «զ» կետերով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.

4) կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները, արտիստները եւ այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական եւ տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

6) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

7) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ունեցող եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած օտարերկրացիները` համապատասխան կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

8) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամանած անձինք՝ այդ աշխատանքներում մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

9) համատեղ իրականացվող վարույթներով հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներում ներգրավվելու նպատակով ժամանած մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

10) oրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք եւ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու կամ կացության կարգավիճակը չգերազանցող ժամկետում.

11) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացիները՝ հանրային ծառայության համարանիշի առկայության դեպքում.

12) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկանքի եւ հանրային ծառայության համարանիշի առկայության դեպքում.

13) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանք կատարող ուսանողները.

14) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է այդ անձանց քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում:  Անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրելու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինը՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա:»:

Հոդված 19. Օրենքի 24-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 21. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Օտարերկրացու հետ աշխատանքային /ծառայությունների մատուցման/ պայմանագրի կնքումը

1. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրված կացության կարգավիճակի, աշխատանքային վիզայի կամ  աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու թույլտվության ժամկետը չգերազանցող ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

Եթե մինչեւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «զ1» կետերի հիմքով տրված  ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը լուծվել է օտարերկրացու հետ կնքված աշխատանքային կամ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, ապա օտարերկրացին կարող է 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքել  նոր պայմանագիր:

Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրում պետք է ներառվեն նաեւ օտարերկրացի աշխատողի եւ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության եւ ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման եւ բնակության վայրում հաշվառման եւ վերադարձի հետ կապված հարցերը:

2.  Օտարերկրացու հետ աշխատանքային /ծառայությունների մատուցման/  պայմանագիր կնքելը մերժվում է, եթե`

ա) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

բ) ներկայացված տեղեկատվությունը կամ փաստաթղթերը սխալ են կամ կեղծված են.

գ) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված հիմքերով մերժվում է նաեւ աշխատանքային մուտքի վիզա տալու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը:

4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիների հետ գործատուները աշխատանքային /ծառայությունների մատուցման/ պայմանագիր են կնքում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 22. Օրենքի 28-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 23. Օրենքի 29-րդ հոդվածում

1) 1-ին մասում «ժամանակավոր կացության կարգավիճակ» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքային մուտքի վիզա» բառերը.

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 24. Օրենքի 29.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 25. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.3-29.7-րդ հոդվածներով.

«Հոդված 29.3. Ուսման հիմքով ժամանակավոր կացություն տալը

1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ֆորմալ եւ ոչ ֆորմալ ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ  նորարարական (ինովացիոն) գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե առկա է Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատության, գիտական կազմակերպության կամ համապատասխան իրավասություն ունեցող եւ ծառայություն մատուցող կազմակերպությունների եւ օտարերկրացու միջեւ կնքված տվյալ հաստատությունում կամ կազմակերպությունում օտարերկրացու  ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ  նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր:

2. Հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները եւ գիտական կազմակերպությունները էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացնում են դիմումը, ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ  նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիրը եւ այլ փաստաթղթեր, եթե դրանք սահմանված են սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ոչ ֆորմալ ուսման հիմքով համապատասխան ուսումնական հաստատությունը կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպությունը եւ (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ներկայացնում է  էլեկտրոնային հարթակի միջոցով:

4. Ոչ ֆորմալ ուսման հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում կարող են ներկայացնել կրթական գործունեություն իրականացնող հաստատությունները եւ (կամ) կազմակերպությունները: Եթե ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր իրականացվում է կազմակերպության կողմից, որի հիմնական գործունեության ոլորտը կրթական ծրագրեր իրականացնելը չէ, ապա այդ կազմակերպությունը էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետք է ներկայացնի ոչ ֆորմալ ուսուցման հիմքով օտարերկրացուն կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացնելու թույլտվություն ստանալու դիմում: Դիմումի մասին դրական կամ բացասական եզրակացություն է  տալիս կրթության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմինը:

5. Ուսման հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ է տրվում հիմք ընդունելով ուսումը կազմակերպող հաստատության հետ կնքված պայմանագրում  նշված ժամկետը, բայց ոչ ավել, քան ժամանակավոր կացության կարգավիճակի համար օրենքով նախատեսված ժամկետը:

6. Ուսման հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակը ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) ուսումնական հաստատությունը լուծել է  օտարերկրացու հետ կնքված  ուսման մասին պայմանագիրը.

2) օտարերկրացին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից.

3) օտարերկրացուն կարգավիճակի տրամադրման դիմումը ներկայացրած իրավաբանական անձը լուծարվել է:

7. Օտարերկրացուն կրթության կամ ուսումնառության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը սույն  հոդվածի 6-րդ մասի «1)» կետով նախատեսված դեպքում պարտավոր է էլեկտրոնային հարթակի միջոցով միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկացնել օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը (ուսումնառությունը) սահմանված կարգով ընդհատվելու մասին՝ լուծելու կամ ընդհատելու օրվանից 10 օրյա ժամկետում:

Հոդված 29.4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը

1. Օտարերկրացիները կարող են  Հայաստանի Հանրապետությունում ստանալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

2. Ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ էլեկտրոնային հարթակի միջոցով կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում օտարերկրացին անձամբ՝ գրանցվելով էլեկտրոնային հարթակում:

3. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կարող է հիմք լինել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է առեւտրային կազմակերպության մասնակից կամ բաժնետեր կամ արժեթղթերի սեփականատեր է եւ առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է առնվազն երկու միլիոն դրամ կամ ձեռք է բերել երկու միլիոն դրամ արժեքով բաժնետոմսեր կամ արժեթղթեր, կամ հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ունի անհատ ձեռնարկատիրոջ տարբեր արժույթներով հաշիվներին դրամային արտահայտմամբ առնվազն մեկ միլիոն դրամի չափով գումար կամ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող վաթսուն օրվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ունի մեկ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի դրամաշրջանառություն:

4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն նույն հիմքով նոր կացության կարգավիճակ է տրվում, եթե առկա է դիմում եւ Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմամբ սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեության շարունակականությունը հաստատող էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված տեղեկատվություն, իսկ այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում, օտարերկրացու կողմից ներկայացված փաստաթղթեր:

5. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակը  ճանաչվում է ուժը կորցրած, եթե առեւտրային կազմակերպությունից դուրս է հանվել կանոնադրական կապիտալում ներդրած կապիտալը կամ այն պակաս է մեկ միլիոն դրամից կամ բաժնետոմսերի կամ  արժեթղթերի արժեքը պակաս է մեկ միլիոն դրամից կամ կացության կարգավիճակը ստանալուց հետո 180 օրյա ժամկետում պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հաշվարկված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է:

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակն  ուժը կորցրած չի ճանաչվում, եթե օտարերկրացին.

ա)  առեւտրային կազմակերպությունից կանոնադրական կապիտալը դուրս հանելու պահի դրությամբ ունի դրան համարժեք կատարված ներդրում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեկ այլ առեւտրային կազմակերպությունում. կամ

բ) առեւտրային կազմակերպությունից դուրս է հանել կանոնադրական կապիտալում ներդրված կապիտալը եւ հաջորդող մեկ ամսվա ընթացքում այն ներդրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեկ այլ առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում:

Հոդված 29.5. Ընտանեկան հանգամանքների կամ ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ տալը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու հիմքով կացության կարգավիճակ տալու դիմումը ներկայացնում է Հայատանի Հանրապետության քաղաքացին կամ կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքի անդամը՝ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով:

2. Ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացնում է  անձամբ օտարերկրացին: Նախքան դիմումի ներկայացումը օտարերկրացին գրանցվում է միասնական էլեկտրոնային հարթակում, ներկայացնում է կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ հարթակի միջոցով հերթագրվում է դիմումն անձամբ ներկայացնելու համար, եթե լիազորված մարմինը նախնական ուսումնասիրությամբ հաստատվել է, որ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական են եւ համապատասխանում են սահմանված պահանջներին: Փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական չլինելու կամ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում անձը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցվում է դրանք ներկայացնելու կամ համալրելու անհրաժեշտության մասին:

3. Մինչեւ 16 տարեկան երեխաները կացության կարգավիճակ կարող են ստանալ ծնողներից մեկի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքի հիման վրա`  կացության կարգավիճակ տալու մասին դիմումում ծնողի կողմից նշված ժամկետով, սակայն ոչ ավել, քան կացության տվյալ կարգավիճակի համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, կամ ծնողներից մեկի կացության կարգավիճակի հիման վրա` վերջինիս տրված կացության կարգավիճակի վավերականության ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում կամ փոխանակման ծրագրերով սովորող օտարերկրացի երեխաների:

Հոդված 29.6. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալը

1. Օտարերկրացիները կարող են  Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով ստանալ մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է օտարերկրացին անձամբ՝ գրանցվելով էլեկտրոնային հարթակում:

3. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվում, եթե կացության կարգավիճակ ստանալուց հետո դադարել է բավարարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված վավերապայմաններին:

Հոդված 29.7. Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալը

Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու դիմում-հայտը միասնական էլեկտրոնային հարթակ է մուտքագրում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ կցելով օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ստանալու մասին համաձայնությունը, օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու պետական կառավարման մարմնի միջնորդությունը /առկայության դեպքում/ եւ ազգային անվտանգության ու ներքին գործերի բնագավառում լիազորված պետական մարմինների՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում տրված եզրակացությունները, որոնք ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ Ազգային անվտանգության ծառայություն եւ ներքին գործերի նախարարություն հարցումներ կատարելու միջոցով»:

Հոդված 26. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օտարերկրացիների, ինչպես նաեւ այլ անձանց անձնական տվյալները մշակելիս այդ անձնական տվյալներն օգտվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանությունից:»:

Հոդված 27. Օրենքի 42.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42.1. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիների եւ դիմումատուների վերաբերյալ հավաքվող անձնական տվյալների պաշտպանությունը

1. Էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված տեղեկություններում կամ փաստաթղթերում առկա անհամապատասխանությունների կամ անճշտությունների դեպքում էլեկտրոնային միասնական հարթակում վարչարարություն իրականացնող պետական մարմինները առկա փաստական հանգամանքերը օբյեկտիվ ուսումնասիրելու նպատակով կարող են պահանջել տվյալ վարույթին առնչվող լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր:

2. Էլեկտրոնային միասնական հարթակով հավաքված անձնական տվյալները հավաքում եւ մշակում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

3. Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ըստ իրավասությունների շրջանակի, ապահովում է օտարերկրացու եւ կացության վարույթի մասնակիցների վերաբերյալ տվյալների հասանելիություն այլ լիազոր մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտաքին գործերի բնագավառներում պետական լիազոր մարմիններին սույն օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով:

4. Օտարերկրացու վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների, փոխանակվում են միայն պետական մարմինների միջեւ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով:

5. Արգելվում է օտարերկրացու, իրավաբանական կամ ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել, հավաքել, պահպանել այլ նպատակներով, քան անհրաժեշտ է էլեկտրոնային միասնական հարթակում վարչարարություն իրականացնող պետական մարմիններին սույն օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար:»:

Հոդված 28. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.2-րդ հոդվածով.

«Հոդված 42.2. Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ իրականացվող հարցումները

1. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման  դիմումների վարույթները իրականացնելիս եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ ներկայացված տեղեկատվությունը ստուգելու նպատակով,  հարցումներ են կատարվում.

1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստր՝ անձի նույնականացման, անուն, ազգանուն, հայրանուն դաշտերի լրացման, հաշվառման հասցեի, անձը հաստատող փաստաթղթերի, քաղաքացիության եւ սեռի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

2) Իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի, գործադիր մարմնի ղեկավարի, գրանցման հասցեի, կանոնադրական կապիտալի, մասնակիցների վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

3) Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների՝ որպես աշխատող գրանցված լինելու հանգամանքը ստուգելու, հաշվարկված հարկերի մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից հաշվարկված հարկերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

4) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների ամուսնության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ օտարերկրացու ամուսնության, օտարերկրացիների մահվան եւ ծննունդների վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

5) Կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարան՝ օտարերկրացու կամ նրա ընտանիքի անդամի Հայաստանի Հանրապետությունում բնակարանով ապահովված լինելու կամ օտարերկրացու անշարժ գույք ունենալու հանգամանքի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

6) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շարժական գույքի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում շարժական գույք ունենալու եւ շարժական գույքը շահագործելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

7) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ օտարերկրացու Հայաստանի Հանրապետություն մուտքերի եւ ելքերի, ստացած վիզաների եւ նախկինում ունեցած կացության կարգավիճակների վերաբերյալ տվյալներ ստանալու, օտարերկրացու Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու օրինականությունը որոշելու, վերջինիս Հայաստանի Հանրապետության  տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների բանկում հաշվառված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով անհրաժեշտ տվյալներ ստանալու համար.

8) Ներքին գործերի նախարարության հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող տեղեկատվական կենտրոնի քարտադարան՝ օտարերկրացու դատվածության, այն մարված կամ վերացած լինելու, վերջինիս նկատմամբ հետախուզման վերաբերյալ տեղեկություններ ստանալու, օտարերկրացուն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

9) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ օտարերկրացիներին պատկանող բաժնետոմսերի քանակի եւ արժեքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով.

10) Հայաստանի Հանրապետության գանձապետարան սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու կամ պետական տուրքը վճարված լինելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով.

11) կրթության կառավարման տեղեկատվական կամ բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգեր՝ ըստ կրթական մակարդակների, կրթական աստիճանների կամ կրթական ծրագրերի օտարերկրացիների՝ որպես սովորող գրանցված լինելու հանգամանքը ստուգելու եւ այլ անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով.

12) աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ՝ օտարերկացիների կողմից կնքված աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերի, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:»:

2. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով տրամադրված կացության կարգավիճակի հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով հարցումներ են կատարվելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համակարգերին: Հարցումներ կատարելու կարգը եւ հաճախականությունը սահմանվելու է Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմամբ:

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի  օգոստոսի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

3. Օտարերկրացիների էլեկտրոնային միասնական հարթակը գործարկվում է 2026 թվականի  օգոստոսի 1-ից:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու մասին դիմումների քննարկումն իրականացվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող իրավական նորմերով սահմանված կարգով:

5. Այն օտարերկրացիները, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ունեցել են Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական բնակությունը հավաստող մեկից ավելի կարգավիճակ եւ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթեր,  կարող են օգտագործել մինչեւ դրանց վավերականության ժամկետի ավարտը:

6. Այն օտարերկրացիները, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստացել են հատուկ կացության կարգավիճակ,  սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ իրենց հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շարունակում են օգտվել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված հատուկ կացության կարգավիճակից բխող իրավունքներից եւ պարտականություններից:

7. Սույն օրենքում սահմանված աշխատանքային վիզային եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու թույլտվությանը վերաբերվող դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության մուտքի էլեկտրոնային վիզայի նոր համակարգի ներդրումից հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«OՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Օտարերկրացիներ մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.

1) աշխատանքային գործունության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալու վարույթների օրինակով թվայնացվելու են մյուս հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները:

 ՀՀ  կառավարության  16.12.2021թ-ի թիվ 2087-Ն որոշմամբ  հաստատվել  է Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, հասանելիություն ունեցող պետական մարմինները, օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման եւ ներկայացման կարգը, աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձեւը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, տրամադրման կարգը եւ ժամկետը, աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի ձեւը, տրամադրման կարգը եւ ժամկետը:

2022թ. հունվարից գործարկվել է Օտարերկրյա աշխատողների ներգրավման  միասնական էլեկտրոնային հարթակը՝ workpermit.am-ը:

Հարթակի գործարկմամբ.

Հարթակը  միաժամանակյա հասանելիություն է ապահովում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման գործընթացում ներառված  բոլոր պետական մարմինների  համար՝ կրճատելով  գործընթացի  վրա ծախսվող  ժամանակը  եւ բարելավելով վարչարարությունը:

Նախկինում  աշխատանքի թույլտվությունը տրամադրվում  էր  գործատուին, իսկ  դրա հիման վրա աշխատողը ստանում  էր  կացության  կարգավիճակ. գործընթացը տեղի էր ունենում երկու տարբեր գերատեսչություններ՝ ԱՍՀՆ եւ Ոստիկանություն դիմումատուների ֆիզիկական այցելությունների միջոցով: Նոր կարգով գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային է եւ պետական մարմնի հետ ենթադրում է մեկանգամյա շփում՝ կացության կարգավիճակը հավաստող քարտը  պետք  է վերցնել Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից:

Նախկին կարգով դիմումատուները վճարում  էին  թե՛  աշխատանքի թույլտվություն,  եւ՛  թե  կացության կարգավիճակ ստանալու  համար, իսկ նոր կարգով՝  միայն կացության կարգավիճակ  ստանալու համար:

2) վերանայվել  են կացության  կարգավիճակների տեսակները:

Ներկայումս օտարերկրացիներին տրվում են ժամանակավոր, մշտական եւ հատուկ կարգավիճակները՝ համապատասխանաբար մինչեւ մեկ տարի, հինգ տարի եւ 10 տարի ժամկետով: Կացության կարգավիճակների հիմքերի կրկնությունից խուսափելու նպատակով նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հատուկ կացության կարգավիճակ տալու հետ կապված դրույթները:

3) սահմանվել  է  աշխատանքային վիզա  հասկացությունը:

Գործող կարգավորումների համաձայն այցելության վիզան, իր համապատասխան կոդավորմամբ,  տրվում է նաեւ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրացիներին: Միեւնույն ժամանակ առկա չէ օրենսդրական որեւէ արգելք, որ զբոսաշրջության նպատակով ՀՀ ժամանած օտարերկրացուին չի կարող աշխատել Հայաստանի Հանրապետությունում: Այնուամենայնիվ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմած շատ օտարերկրացիների դիմումները մերժվում են , քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալուց այցելուցյան նպատակը նշել են զբոսաշրջությունը: Աշխատանքային վիզա ներդնելու պարագայում նկարագրված խնդիրը կկորցնի իր արդիականությունը, բացի այդ աշխատանքային վիզայի շնորհիվ կկարգավորվեն կարճաժամկետ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրացիների հետ հարաբերությունները:

4) աշխատանքի թույլտվության փոխարեն  ներմուծվել  է քվոտվորման  համակարգը:

Գործող կարգավորումների համաձայն, աշխատանքի  հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա  քաղաքացիները պետք  է ստանան աշխատանքի թույլտվություն՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ  աշխատանքի թույլտվությունը  տրամադրվում  է   եթե  առկա չէ  նույն աշխատանքին հավակնող  ՀՀ քաղաքացիներ,  սակայն այս համակարգը գործնականում  չի արդարացնում իրեն  եւ 2022թ. հունվարի 1-ից  գործող Workpermit.am հարթակով  մինչեւ 2025թ. օգոստոսի 22-ը  աշխատանքի  հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ ստացված 18.314 դիմումներից միայն  տաս դեպքով է առաջադրվել ՀՀ քաղաքացի: Նկարագրված համակարգի փոխարեն՝ ՀՀ  միգրացիոն իրավիճակը վերահսկելի դարձնելու, այդ թվում աշխատաշուկան պաշտպանելու նպատակով  ներմուծվել  է  քվոտավորման համակարգը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարի իրականացվող միգրացիոն հոսքերի  վերլուծության հիման վրա սահմանել դրանց ցանկալի  մեծությունները տարբեր ձեւաչափերով:

«Օտարերկրացիներ մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքում:

«Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծով վերանայվել են  որոշ դրույքաչափեր, որոնք վերաբերում  են ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակը տալու, ինչպես նաեւ այդ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերականգնելու կամ փոխելու համար բազային տուրքին, միաժամանակ վերանայվել են  պետական տուրքի գծով սահմանված արտոնությունները, ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար սահմանվել է պետական տուրք:

Նախագծի նպատակն է առավել հստակեցնել օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման գործընթացում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար սահմանել պետական տուրք: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով.

1) սահմանվել է, որ պետական տուրքը գանձվի կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար: Այս դրույթը ենթադրում է, որ պետական տուրքը ենթակա չէ վերադարձման: Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ կացության կարգավիճակ տալը մերժելու պարագայում պետական տուրքը ենթակա է վերադարձման, քանի որ պետական տուրքը գանձվում է կացության կարգավիճակ տալու համար: 2023թ-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից մերժվել է թվով 564 կացության կարգավիճակ տալու մասին դիմում, որի արդյունում ՀՀ պետական բյուջեից վերադարձի ենթակա է եղել 62.650.000 ՀՀ դրամ գանձված տուրք:

2) վերանայվել են ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:

3) սահմանվել է մեկ միասնական դրույքաչափ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերականգնելու կամ փոխելու համար:  Ներկայումս մշտական կացության քարտը փոխելու կամ վերականգնելու համար սահմանված են տարբեր դրույքաչափեր: Ավելին, պրակտիկայում խնդիրներ են առաջանում մշտական կացության քարտը փոխելու կամ վերականգնելու հասկացությունները մեկնաբանելու, հետեւաբար նաեւ համապատասխան պետական տուրքը գանձելու առումով: Տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու եւ միատեսակ վարչարարություն կիրառելու նպատակով մինչ օրս միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից գանձվել է միայն մշտական կացության քարտը վերականգնելու համար սահմանված պետական տուրքը:

4) սահմանվել է պետական տուրք «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը տալու կամ երկարաձգելու դիմումը քննարկելու, ներառյալ տեղեկանքը տալու, ինչպես նաեւ այդ տեղեկանքը փոխելու կամ վերականգնելու  համար:

5) Սահմանվել է պետական տուրքի դրույքաչափ ՀՀ մուտքի աշխատանքային վիզայի համար:

6) ամբողջովին վերանայվել են ՀՀ մուտքի վիզաներ եւ կացության կարգավիճակներ տալու համար սահմանված պետական տուրքի գծով արտոնություններ սահմանող նորմերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 30 տարիների ընթացքում պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների արժեքը զգալիորեն աճել է՝ պայմանավորված տեխնոլոգիական զարգացման, վարչական ծախսերի եւ մարդկային ռեսուրսների արժեքի բարձրացմամբ:  Մասնավորապես առաջարկվում է կացության կարգավիճակների գծով ներկայումս արտոնությունից օգտվող  որոշ խումբ  օտարերկրացիների համար սահմանել պետական տուրքի լրիվ դրույքաչափ:

7) Սահմանվել է, որ ՀՀ մուտքի վիզայի եւ կացության կարգավիճակների համար սահմանված արտոնությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվեն նույն հոդվածի առանձին մասերով:

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել  են «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին համահունչ  կարգավորումներ: Այսպես,  «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում  ուժը կորցրած  են ճանաչվել հատուկ կացության կարգավիճակ տալը սահմանող նորմերը  եւ սահմանվել է մշտական կացության կարգավիճակ ստանալու նոր հիմք՝ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելը, իսկ  Հողային օրենսգրքի  4-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք: Ելնելով վերոգրյալից.

1) սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները հանդիսանում են հողային հարաբերությունների սուբյեկտներ:

2) ապահովվել է հողային հարաբերությունների սուբյեկտ հանդիսացող եւ արդեն իսկ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների իրավունքների իրացումը եւ պարտականությունների կատարումը՝ սահմանելով համապատասխան անցումային դրույթներ:

 «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը ընդհատվելու մասին (ուսումնառությունը) սահմանված կարգով միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ պայմանագիրը լուծելու կամ կրթությունը ընդհատելու օրվանից տասնօրյա ժամկետում չհայտնելու պարագայում վարչական պատասխանատվություն սահմանելու ուղությամբ:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագածի նպատակն է թվայնացնել օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, միաժամանակ  ավելի դյուրին եւ արդյունավետ  դարձնել օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակներն ու կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները եւ  լուծում տալ  իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրների: Հաշվի առնելով վերջին շրջանում  դեպի ՀՀ  ուղղված աշխատանքային միգրացիոն հոսքերի ակտիվությունը  եւ   այդ  հոսքի  կանոնակարգման  անհրաժեշտությունը, նախագծում անդրադարձ է կատարվել նաեւ օտարերկրյա  քաղաքացիներին աշխատանքային վիզայի տրամադրման հետ կապված հարցերին: Մասնավորապես նախագծով առաջարկվում  է.

1) Ձեւավորել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական համակարգ, որին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինները եւ որի տվյալների շտեմարանից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

2) Ապահովել Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը՝ սահմանելով օտարերկրացուն ՀՀ կողմից տրվող բնակության օրինականությունը հաստատող փաստաթղթերի հասկացությունը եւ սահմանափակելով օտարերկրացու կողմից միաժամանակ մեկից ավելի բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ ունենալու հնարավորությունը, ինչն էլ կբացառի օտարերկրացու կողմից տարբեր անհատական տվյալներով հանդես գալու եւ չարաշահումներ թույլ տալու դեպքերը:

3) Պարզեցնել Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ թվայնացնելով դիմումների ներկայացման եւ քննարկման գործընթացները: Սա հնարավորություն է տալու օտարերկրացուն խուսափել անհարկի հերթերից եւ կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնել բացառապես առցանց եղանակով, նույն եղանակով էլ ստանալ տեղեկատվություն իր դիմումի ընթացքի վերաբերյալ:

4) Ապահովել Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների ամբողջական հաշվառումը, նույնականացումը եւ նրանց հասանելիությունը քաղաքացիներին մատուցվող ծառայություններին,

5) Իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների վերաբերյալ առավել համընդգրկուն եւ ամբողջական վիճակագրության հավաքագրումը:

6) Հստակեցնել կացության կարգավիճակի տրամադրման առկա հիմքերը՝ օրենքում հստակեցնելով կացության կարգավիճակ ստանալու համար հիմք հանդիսացող հարաբերությունների տեսակները:

7) Հրաժարվել աշխատանքի թույլտվության, հետեւաբար նաեւ աշխատանքի թույլտվության բացառությունների  համակարգից՝ փոխարենը որպես  ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմք սահմանելով աշխատանքային վիզայի, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու/բնակվելու թույլտվության առկայությունը, միաժամանակ սահմանելով առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու/բնակվելու թույլտվության աշխատանքային /ծառայությունների մատուցման/ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող օտարերկրացիների շրջանակը:

8) Սահմանել աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ-ում գտնվելու/բնակվելու թույլտվության հասկացությունը՝ նպատակ ունենալով  իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու ժամկետում աշխատել ցանկացող օտարերկրացիների հաշվառում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում նման հաշվառում չի իրականացվում եւ օրինական գտնվելու ժամկետում աշխատող օտարերկրացիները դուրս են մնում պատկան մարմինների ուշադրությունից:

9) Սահմանել քվոտայի հասկացությունը, որը թույլ կտա Հայաստանի Հանրապետության կառավարությանը  կարգավորել օտարերկրյա  քաղաքացիներին տրամադրվող կացության կարգավիճակների սահմանաչափն՝ ըստ կացության կարգավիճակների տեսակի, քանակի եւ հիմքերի՝ հաշվի առնելով երկրում առկա  միգրացիոն իրավիճակը եւ տնտեսության  պահանջները:

10) Պարզեցնել եւ հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնելու եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող օտարերկրացիների օրինական կացության կազմակերպման գործընթացը: Այսօրվա  գործող  կարգավորումներով  օտարերկրյա քաղաքացիները կողմից  ձեռնարկատիրական գործունեության  իրականացնելու հիմքով կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու  համար գումարի որեւէ  շեմ սահմանված չէ, ինչը հանգեցնում  է  նրան  որ պրակտիկայում օտարեկրացիները անգամ 500 դրամով  գրանցվում  են  որպես  անհատ ձեռնակատեր  եւ այդ հիմքով դիմում եւ ստանում  են կացության կարգավիճակ: Նախագծով սահմանվել  է  երկու միլիոն դրամի ներդրում կամ շրջանառություն ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար: Ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար սահմանվել են հստակ սահմանաչափեր, որոնք թույլ կտան իրապես գնահատել օտարերկրացու կողմից իրականացվող գործունեությունը: Առաջարկվող սահմանաչափը հաշվարկվել է հիմք ընդունելով Միջին ամսական անվանական աշխատավարձը եւ մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը, ինչպես նաեւ  մի շարք  երկրների  փորձը:

11) օրենքը առավել համապատասխանեցնել ներպետական օրենսդրության պահանջներին, մասնավորապես քաղաղաքացիական եւ ընտանեկան օրենսգրքերին, ինչպես դրանցից բխող այլ օրենքների պահանջներին հաշվի առնելով, այն որ օտարերկրացիներին կարգավիճակի տրամադրումը ենթադրում է լիարժեք քաղաքացիարավական հարաբերություններ: Մասնավորապես «Օտարերկրացիների մասին» օրենքում կիրառվում են ազգականների, այդ թվում նաեւ  մերձավոր ազգականների տարբեր շրջանակներ: Օրենքում կրառվող եզրույթների միատեսակությունն ապահովելու նպատակով ազգականների շրջանակը համապատասխանեցվել է Ընտանեկան օրենսգրքով սահմանված «ընտանիքի անդամների» հասկացությանը: Նույն սկզբունքով համապատասխան ձեւակերպում է տրվել  նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագծում:

12) սահմանել կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքն օտարերկրացու կողմից /բացառությամբ մինչեւ 16 տարեկան օտարերկրացիների/ անձամբ ստանալու եւ կենսաչափական տվյալները՝ մատնահետքերը եւ ստորագրության էլեկտրոնային օրինակը տրամադրելու պահանջ: Խոսքը փաստաթուղթը ստանալուց signature pad-ի վրա ստորագրելու եւ մատնահետքերը հանձնելու մասին է: Սկզբից պետք է հավաքագրվեն օտարերկրացու կենսաչափական  տվյալները եւ ստորագրությունը, որի արդյունքում նոր միայն օտարերկրացու համար հնարավոր կլինի ակտիվացնել mobile id:

13) հստակեցնել  կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը, դրանք համապատասխանեցնել  իրականացվելիք էլեկտրոնային վարչարարությանը: Այս հիմքերը սահմանվել են օտարերկրյա աշխատողի ներգրավման մասնական էլեկտրոնային հարթակի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները եւ օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով:

14) սահմանել բոլորովին նոր դրույթ, համաձայն որի օրենքով սահմանված որոշ հիմքերով մերժման որոշում կայացնելու դեպքում օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե վերացել են մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքները: Այս դրույթի նպատակն է օտարերկրացուն հնարավորություն տալ իրացնելու կացության կարգավիճակ ստանալու իր իրավունքը մեկ տարուց շուտ:

15)  հստակեցնել  կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հիմքերը, սահմանվել են կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու հիմքեր՝ նպատակ ունենալով կացության կարգավիճակ տալու առանձնահատուկ վարույթին առնչվող հարաբերություննները կարգավորող նորմերը զետեղել մեկ միասնական օրենքում, ինչպես նաեւ կարգավորել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:

16) սահմանել դրույթ, համաձայն որի մինչեւ 16 տարեկան երեխաները կացության կարգավիճակ կարող են ստանալ ծնողներից մեկի ՀՀ քաղաքացի հանդիսանալու կամ ծնողներից մեկի կացության կարգավիճակ ունենալու հանգամանքի հիման վրա: Այս կարգավորումը նպատակ ունի պաշտպանել երեխայի իրավունքները, բացի այդ կանխել անօրինական միգրացիան՝ բացառելով այն պրակտիկան, երբ երեխան ստանում է կացության կարգավիճակ, իսկ ծնողը առանց կացության կարգավիճակ ստանալու եւ առանց օրինական այլ հիմքերի շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետությունում: Այս դրույթով սահմանվել է նաեւ բացառություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում կամ փոխանակման ծրագրերով սովորող օտարերկրացի երեխաների համար:

17) ներդնել   աշխատանքային վիզայի հասկացությունը, վիզայի տրամադրման հիմքերը, նպատակներն ու ժամկետները, ինչպես նաեւ վիզայի այդ տեսակի համար համապատասխան պետական տուրքը: Բացի այդ կատարվել են նաեւ աշխատանքային վիզայի հասկացությունից, վիզայի տրամադրման հիմքերից, նպատակներից ու ժամկետներից բխող համապատասխան փոփոխություններ:  Նախագծում այս դրույթի ներառման համար հիմք  է հանդիսացել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ՂԱ/16-2024 արձանագրության 3-րդ մասի 3-րդ կետի 3.2 ենթակետով ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը տրված հանձնարարականը՝ ՀՀ մուտքի աշխատանքային վիզաներ ներդնելու վերաբերյալ:

18) հստակեցնել կացության կարգավիճակների տեսակները եւ ուժը կորցրած ճանաչել հատուկ կացության կարգավիճակ տալը սահմանող նորմերը, քանի որ  հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերը /ազգությամբ հայ լինելը եւ տնտեսական գործունեություն իրականացնելը/ նույնական են մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերի հետ:

19)  սահմանել մշտական կացության կարգավիճակ տալու ամբողջովին նոր երկու հիմք՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելը եւ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելը:

Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հանգամանքը հիմք է նաեւ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու համար, սակայն որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձը չի կարողանում ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ իր քաղաքացիության երկրի օրենսդրության սահմանափակումներով պայմանավորված (այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու արգելքով պայմանավորված): Մշտական կացության կարգավիճակ տալու համար նման հիմք սահմանելը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացուն ձեռք բերել մշտական կացության կարգավիճակ եւ բնակվել Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով՝ շարունակելով ծավալել իր գործունեությունը:

20) սահմանվել են անցումային դրույթներ, որոնք կոչված են կարգավորելու մինչեւ օրենքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունները եւ ապահովել օտարերկրացիների՝ առկա կարգավիճակից բխող  իրավունքների ու ազատությունների իրացումը եւ պարտականությունների կատարումը:

3. Ակնկալվող արդյունքը.

 Օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային միասնական հաշվառման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ոլորտում պետության լիազորությունների արդյունավետ իրականացումը, կառավարելիության բարելավումը: Միաժամանակ, ապահովել կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացած հանգամանքների նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը: Օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար պետական տուրքի սահմանումը, այդ թվում՝ դիմումների քննարկման համար պետական տուրքի գանձումը, կացության կարգավիճակների արտոնությունների քաղաքականության վերանայումը թույլ կտա  որոշակիորեն փոխահատուցել  այդ ծառայությունների  մատուցման համար պետության կողմից  կատարվող ծախսերը եւ ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի»՝ «Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն» բաժնի 11-րդ՝ «Քաղաքացիներին, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների թվայնացում, պարզեցում եւ ավտոմատացում» կետից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում, ինչը պայմանավորված Է ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերի փոփոխմամբ, օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տրամադրման դիմումի վարույթի իրականացման համար գանձվող պետական տուրքի սահմանմամբ, պետական տուրքը կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձելու դրույթի սահմանմամբ, կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքի գծով սահմանված արտոնությունների շրջանակի վերանայմամբ /ֆինանսական գնահատականի վերաբերյալ տեղեկանքը կցվում է/:
 
 
 

Ժամանակավոր կացություն տրամադրելու համար հիմք են ընդունվել այլ պետությունների նմանատիպ փորձը եւ կատարվել ՀՆԱ-ի համամետական եւ համադրական վերլուծություններ:

Այսպես՝

Ձեռնարկատիրությամբ զբաղվելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի համեմատական վերլուծություն
2024 թվականի տվյալներով ուսումնասիրված երկրների մեկ շնչի տարեկան համախառն ներքին արդյունքը հետեւյալն է.

Ներդրումային կամ ձեռնարկատիրության հիմքով ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար սահմանված նվազագույն ներդրման շեմերը մոտավորապես հետեւյալն են՝ Հայաստանում նախագծով առաջարկվում է ներդրումային շեմ՝ 2 միլիոն դրամ (մոտ 5,000 ԱՄՆ դոլար):

Ներդրման շեմերի եւ մեկ շնչի ՀՆԱ-ի հարաբերակցությունը

Հաշվարկված տոկոսային հարաբերակցությունը հետեւյալն է.


Այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում նախատեսվող ներդրումային շեմը համեմատաբար ցածր է: Այն մոտավորապես կազմում է մեկ շնչի ՀՆԱ-ի երեք քառորդը, մինչդեռ Էստոնիայում, Վրաստանում եւ Հունաստանում ներդրումային շեմը բազմապատիկ գերազանցում է մեկ շնչի ՀՆԱ-ին:

Եզրակացություն

Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը եւ համադրական մեթոդաբանությունը ցույց են տալիս, որ Հայաստանում սահմանված ներդրումային շեմը ձեռնարկատիրությամբ զբաղվելու հիմքով համեմատաբար ցածր է:

Այն մոտավորապես համահունչ է Լիտվայի եւ Լատվիայի մակարդակներին, սակայն զգալիորեն փոքր է Էստոնիայի, Վրաստանի եւ Հունաստանի պահանջվող չափանիշների համեմատ:

Ըստ տնտեսական գորունեության հիմքով ժամանակավոր կացություն տրամադրելու տրամաբանության, եթե նպատակ է դրվում ձեւական կողմից անցնել միգրացիոն ներդրումային դաշտի եւ դրանով խթանել իրական ձեռնարկատիրական գործունեությունը, ապա ներդրումային շեմի չափը պետք է լինի գոնե մոտ մեկ շնչի տարեկան ՀՆԱ-ի չափով կամ այն գերազանցի: Հայաստանում առաջարկվող շեմը բավարարում է այս չափանիշին միայն մասամբ, այսինքն համեմատաբար ցածր է եւ պահանջում է հետագա գործառնական համեմատական եւ համադրական գնահատում՝ նշված հիմքով միգրացիոն քաղակականության արդյունավետությունը ավելի բարձրացնելու նպատակով:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում նախատեսվում է ավելացում, իսկ ծախսերում ավելացում չի նախատեսվում:
 

Պետական տուրքի գծով առաջարկների ընդունման արդյունքում ֆինանսական գնահատական
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն