Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.1.-ին հոդվածում՝
1) վերնագրում եւ 1-ին մասում «Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, սակայն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից» բառերը.
2) 2-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված» բառերը.
3) լրացնել 2.1.-ին մաս՝ հետեւյալ խմբագրությամբ՝
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, սակայն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է օտարերկրացի համարվող անձը, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով ապացուցվում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով արձանագրված իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածը նախատեսում է Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները:
Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացի հանդիսացող անձանց կողմից կատարված եւ Օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթի արդյունքում կայացված վարչական ակտերի մասին դրանց հասցեատերերը ծանուցվում են Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը, որի իրագործման համար ՀՀ պետական բյուջեից որեւէ ծախս չի արվում վարչական ակտի ծանուցման համար:
Վերը նշվածին հակառակ, կրկին օտարերկրացիների կողմից (ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն կացության որեւէ կարգավիճակ), սակայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված եւ Օրենքով քննության ենթակա գործերի արդյունքով կայացված վարչական ակտերի մասին նախ ծանուցվում է Հայաստանի Հանրապետությունում այդ տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ վերջինիս կողմից իրավախախտումն օտարերկրացու կողմից կատարված լինելու փաստն Օրենքով սահմանված կարգով ապացուցելու դեպքում կայացված վարչական ակտը վերահասցեագրվում է օտարերկրացուն, ում ծանուցումն էլ իրականացվում է իր՝ այլ պետությունում ունեցած հաշվառման վայրով վարչական ակտն առաքելու եղանակով:
Օտարերկրյա հասցեով վարչական ակտի առաքման դեպքում Հայաստանի Հանրապետությունը ստիպված է յուրաքանչյուր վարչական ակտի փոստային առաքման համար վճարել 3750 ՀՀ դրամ եւ որ առավել խնդրահարույց է, այդ վարչական ակտերը օտարերկրացու կողմից չկատարելու դեպքում որեւէ իրավական հետեւանք չի առաջանում, քանի որ օտարերկրացիներից հարկադիր կարգով տուգանքի գումարը հնարավոր չէ գանձել:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի դարձնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված եւ Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների ավելացում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան կխնայի մոտ 90.000.000 ՀՀ դրամ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ՝ «Ներքին գործերի նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների ծավալների եւ որակի պարբերական գնահատում, դրանց պարզեցում եւ թվայնացում» կետից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի կլինեն նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված եւ Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է նվազեցում, իսկ եկամուտներում ավելացում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում