Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1164-13.10.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի « իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի» բառերով:

Հոդված 2.   Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի « իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ««ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Դատական դեպարտամենտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ « Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է, որում կարող է նշանակվել 28-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող այն անձը, որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.»:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ « Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել ընտրական իրավունք ունեցող այն անձը, որը՝ Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.»:

Նշված կարգավորումների համաձայն ստացվում է, որ դատական դեպարտամենտի ղեկավարի եւ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի հաստիքին ներկայացվող պարտադիր պահանջների մեջ է մտնում ինչպես  իրավագիտության բակալավրի որակավորման աստիճանը ունենալը, այնպես էլ միաժամանակյա իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Սահմանադրությամբ եւ օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը եւ պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար: Պետական պաշտոններին ներկայացվող՝ կրթությանը վերաբերող օրենսդրական պահանջները սահմանում են բարձրագույն մասնագիտական կրթության՝ մասնավորապես բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի մասնագիտական կրթության չափանիշը: Հարկ է նկատել նաեւ, որ ինքնավար պաշտոնների շարքին դասվող մի շարք պետական բարձր պաշտոնների, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորի, Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնների, ինչպես նաեւ այլ՝ գլխավոր դատախազի եւ դատախազների, քննչական մարմինների ղեկավարների, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնների ստանձնման համար որպես կրթության չափանիշ է սահմանված՝ բարձրագույն մասնագիտական կրթությունը, այնինչ Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի վարչական պաշտոնի համար սահմանվել է վերը թվարկված բարձր պետական պաշտոններին ներկայացվող պահանջներից տարբերվող, անհամաչափ պահանջ, այն է՝ իրավագիտության բակալավրի որակավորման աստիճանի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի միաժամանակյա առկայության պահանջ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ միայն իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին նշանակվելու համար այլեւս բավարար կլինի միայն իրավագիտության բակալավրի կամ միայն իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 18.08.2021թ.-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատած Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի «Իրավունք եւ արդարադատություն» բաժնի «Դատաիրավական բարեփոխումներ» գլխի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 21.07.2022թ.-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության «Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում» նպատակի կատարման ապահովման անհրաժեշտությունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է: Պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն