Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.6-րդ հոդվածի 15-րդ մասում «29-ապատիկի» բառը փոխարինել «55-ապատիկի» բառով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվող հայտերի մասով ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սեւ մետաղների) արտադրության եւ ներքին առեւտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ:
Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը, տեղում սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման եւ առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնների արտահանումը, ինչպես նաեւ սահմանափակել է սեւ մետաղից պատրաստված պարզ եւ ցածր ավելացված արժեք ունեցող որոշ ապրանքների արտահանումը:
Դրա հետ մեկտեղ, 2024 թվականին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվեց լրացում (հոդված 19.6, մաս 15), համաձայն որի՝ «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 եւ 7215 ապրանքային խմբերին դասվող պաղպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար սահմանվեց պետական տուրք բազային տուրքի 29-ապատիկի չափով:
Թվարկված քայլերի արդյունքում ապահովվեց հավասար մրցակցային պայմաններ տեղական արտաղրողների եւ երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջեւ, ավելի գրավիչ դարձավ Հայաստանի մետալուրգիական եւ մետաղամշակման ոլորտը, որի արդյունքում կատարվեցին մեծաքանակ ներդրումներ եւ ստեղծվեցին նոր արտադրություններ կամ ընդլայնվեցին գործողները, պարզ արտադրանքից անցում կատարելով դեպի բարդ, առավել բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրությունը, ինչը համահունչ է հանրապետությունում մետալուրգիական ոլորտի ռազմավարական զարգացման տեսլականին: Մասնավորապես, նախաձեռնվեցին տեղական մետաղական ձողերի եւ շինարարական ամրանների արտադրությունը, որը նախկինում միայն ներմուծվում էր: Ներկայումս ներմուծման հետ զուգահեռ, նաեւ տեղում արտադրվում են ամրաններ: Տեղի ունեցավ ներմուծման փոխարինում եւ նվազեցրեց տնտեսության կախվածությունը ներմուծումից:
Սակայն, իրանա-իսրայելական հակամարտությունից հետո, պայմանավորված իրանական արժույթի անկմամբ, իրանական շուկայում կտրուկ նվազեցին ամրանների գները (մոտ 35 հազ. դրամով մեկ տոննայի համար, ինչն, ըստ մեզ, բացատրվում է իրանական ռիալի արժեզրկմամբ), որի արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին առավել ցածր գներով ամրանների ներմուծման համար:
Արդյունքում, ներքին շուկայում ստեղծվեցին անհավասար մրցակցային պայմաններ տեղում արտադրվող եւ ներմուծվող ամրանների համար, որը խիստ բացասական ազդեցություն ունի մեծաքանակ ներդրումներ կատարած ներքին արտադրողների ֆինանսատնտեսական գործունեության վրա եւ արտադրանքի սպառման բացակայության պայմաններում՝ կհանգեցնի ընդհուպ մինչեւ ձեռնարկության գործունեության դադարի:
Հաշվի առնելով վերը նշված համգամանքները՝ առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով, ինչը կհավասարակշռի ամրանների ներքին շուկայում ներմուծվող եւ արտադրվող ամրանների մրցակցային պայմանները եւ կստաղծի բարենպաստ պայմաններ առողջ մրցակցության համար:
2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանություն: Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում եւ արտադրանքի մրցունակության բարձրացում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում եւ հավասար մրցակցային պայմանների ապահովում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ԱԺ պատգամավորների եւ ՀՀ կառավարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հավասար պայմաններ մետաղական ձողերի եւ շինարարական ամրանների արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների միջեւ:
1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից եւ ապահովում է Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ եւ 5.5-րդ կետով սահմանված դրույթների շարունակականությունը, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում եւ ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացման մասին
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: