Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ հոդվածով.
«Հոդված 1.2. Հիշատակի եւ խոնարհումի օր՝ նշվում է հունվարի 27-ին, ոչ աշխատանքային օր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում չկա հատուկ օր, որը նվիրված է բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ այլ անձանց հիշատակը հարգելուն եւ մեծարելուն: Հետեւաբար մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կա՛մ տարբեր ռազմական իրադարձությունների նշման, կա՛մ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի:
Հիշատակի եւ խոնարհումի օր սահմանելու շնորհիվ Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օրը՝ հունվարի 27-ը, կդառնա օր, երբ կհարգեն բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակը եւ կխոնարհվեն հայրենիքի համար ընկածների հիշատակի առջեւ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքում լրացում կատարել եւ սահմանել Հիշատակի եւ խոնարհումի օր՝ ոչ աշխատանքային:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է վերանայել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը եւ հունվարի 27-ը սահմանել որպես Հիշատակի եւ խոնարհումի օր՝ ոչ աշխատանքային:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հունվարի 27-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես Հիշատակի եւ խոնարհումի օր, կստեղծվեն իրավական հիմքեր բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը հարգելու եւ հայրենիքի համար ընկածների հիշատակի առջեւ խոնարհվելու ուղղությամբ միջոցառումներ ու ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար: