Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11432-26.08.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին պարբերությունում «ոլորտի եւ մթնոլորտային օդի պահպանության» բառերը փոխարինել «ոլորտի, մթնոլորտային օդի պահպանության ու ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 87.7. եւ 87.8. հոդվածներով.

«Հոդված 87.7. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը կամ առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով:

2. Առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Հոդված 87.8. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 201.6 եւ 201.7 հոդվածներով.

«Հոդված 201.6. Չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը

1. Չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացման հայտնում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված խախտումները նախազգուշացման հայտնումից 1 ամիս հետո չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով :

Հոդված 201.7. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումն առանց հավատարմագրման

1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման)  գործունեության իրականացումն առանց հավատարմագրման՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 242-րդ հոդվածում  «201.1-201.5-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «201.1-201.7-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԼԻՄԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կլիմայի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն