Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11411-26.08.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածում՝

1)  5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համայնքը փոխառու միջոցներ կարող է ներգրավել միայն ներքին աղբյուրներից:»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-7.3-րդ մասերով.

«7.1. Հանրային ենթակառուցվածք է հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող հիմնական միջոցը (այդ թվում՝ շենքեր, կառուցվածքներ, սարքավորումներ) կամ ոչ նյութական ակտիվը, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ):

7.2. Հանրային ծառայություն է հանրային շահերից բխող գործունեությունը, որը իրականացվում է պետական մարմինների կողմից կամ վերջիններիս անունից կամ որի իրականացման համար պատասխանատու է պետական մարմինը, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայությունը կամ գործունեությունը:

7.3. Պայմանագրային պայմանական պարտավորությունը հանրային ենթակառուցվածքների շահագործման, կառուցման, բարելավման կամ տեխնիկական սպասարկման նպատակով պետության կողմից կնքված պայմանագրերից բխող պայմանական պարտավորություններն են, բացառությամբ գնումները կարգավորող օրենսդրության համաձայն  կնքված պայմանագրերի:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Բյուջետային երաշխիքները

1. Բյուջետային երաշխիքը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխիք ստացող անձի նկատմամբ համայնքի, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Ներքին բյուջետային երաշխիքները Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիքներն են:

3. Արտաքին բյուջետային երաշխիքները ոչ ռեզիդենտներին կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիքներն են:

4. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին եւ արտացոլվում առանձին տողով:

5. Բյուջետային երաշխիքները տրամադրվում են կառավարության որոշման հիման վրա: Բյուջետային երաշխիքը կազմվում է առանձին փաստաթղթի ձեւով եւ ստորագրվում է միայն պետական լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխիքի մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների:

6. Բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքին համապատասխան:

7. Համայնքները չեն կարող տրամադրել բյուջետային երաշխիքներ:

8. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ եւ վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի, մասնավորապես, ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը եւ ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաեւ վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը եւ ծախսերը հիմնավորող հաշվարկները:

9. Բյուջետային երաշխիքի գումարը երաշխիքի տրամադրման համար դիմելու պահին չպետք է գերազանցի այն իրավաբանական անձի ակտիվների 20 տոկոսը, որի համար բյուջետային երաշխիքը տրամադրվում է: Սույն սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝

1) երաշխիքով ներգրավվող վարկային միջոցներն օգտագործվելու են պետական կարիքների, ներառյալ՝ պետական պահուստի կարիքների համար գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ֆինանսավորման համար.

2) երաշխիքը տրամադրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետության ռազմավարական խնդիրները լուծելուն ուղղված ծրագրերին ֆինանսավորում ապահովելու համար՝ վարկատուների կողմից այլ ապահովության միջոցներ չընդունելու դեպքում:

10. Այն անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով: Բյուջետային երաշխիքների տրամադրման դիմաց, բացի միջնորդավճարից, պետական բյուջեի օգտին կարող են գանձվել այլ վճարներ:

11. Պետական լիազորված մարմինն իրավասու է մինչեւ երաշխավորված պարտքային պարտավորությունը մարելը բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով ստուգելու ստացողի ֆինանսական վիճակը:

12. Կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիքների  հետ կապված հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ պետական լիազորված մարմինը յուրաքանչյուր տարի պատրաստում է վերլուծություն, որտեղ նկարագրվում է տրամադրված բյուջետային երաշխիքների պորտֆելը եւ գնահատվում են դրանից ածանցվող ռիսկերը: Հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ վերլուծությունը ներառվում է պետական բյուջեի ուղերձում:

13. Երաշխիքների վճարմամբ Հայաստանի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:»:

Հոդված 3. Օրենքի 11.1-րդ հոդվածի 3-րդ մասում «11 հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության եւ չորրորդ մասի» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի եւ 21-րդ հոդվածի 8.5-րդ մասի «բ» կետի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ3» կետով.

«բ3) սույն օրենքի 21-րդ հոդվածի 8.5-րդ մասի «գ» եւ «դ» կետերով սահմանված նոր պարտավորությունները՝ առկայության դեպքում.»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.5-րդ մասով.

«8.5. Պետության պարտավորությունների նկատմամբ սահմանվում են նաեւ հետեւյալ պահանջները.

ա) որոշակի պահի դրությամբ տրամադրված եւ չմարված բյուջետային երաշխիքների հանրագումարը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը,

բ) տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների) չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10 տոկոսը,

գ) սույն հոդվածի 8.2-րդ մասի «գ» կետով նախատեսված դեպքում տվյալ տարվա ընթացքում կառավարության կողմից արգելվում է ստանձնել պայմանագրային պայմանական որեւէ նոր պարտավորություն կամ բյուջետային երաշխիքներից բխող որեւէ նոր պարտավորություն, բացառությամբ եթե այդ նոր պարտավորությունը ներառվում է Ազգային Ժողովի կողմից հաստատված պետական բյուջեի մասին օրենքում,

դ) եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի, պայմանագրային պայմանական պարտավորությունների եւ բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ գերազանցել է 70 տոկոսը, ապա տվյալ տարվա ընթացքում կառավարության կողմից արգելվում է ստանձնել պայմանագրային պայմանական որեւէ նոր պարտավորություն կամ բյուջետային երաշխիքներից բխող որեւէ նոր պարտավորություն, բացառությամբ եթե այդ նոր պարտավորությունը ներառվում է Ազգային Ժողովի կողմից հաստատված պետական բյուջեի մասին օրենքում:

Սույն մասի իմաստով՝ պայմանագրային պայմանական նոր պարտավորությունների եւ բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունների ստանձնում է համարվում նաեւ գործող պարտավորությունների այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են պայմանագրային պայմանական պարտավորությունների եւ բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների աճի:

Սույն մասով սահմանված՝ բյուջետային երաշխիքների հաշվարկում չեն ներառվում առաջնային գրավով ապահովված այն բյուջետային երաշխիքները, որոնց առաջնային ապահովման առարկայի գնահատած շուկայական արժեքն առնվազն հավասար է բյուջետային երաշխիքի 120%-ի:»:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ3», «դ4» եւ «դ5» կետերով.

«դ3) տեղեկություններ բյուջետային երաշխիքների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը, ինչպես նաեւ հաշվետու տարվա ընթացքում ստանձնած բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունները: Սույն կետի իմաստով՝ բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունների ստանձնում է համարվում նաեւ գործող պարտավորությունների այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների աճի.

դ4) տեղեկություններ պետության՝ համաձայն «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի եւ դրա հիման վրա ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ)» իմաստով ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնություններից բխող պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա ընթացքում ստանձնած այդպիսի համաձայնություններից բխող նոր պարտավորությունները: Սույն կետի իմաստով՝ կոնցեսիոն համաձայնություններից բխող նոր պարտավորությունների ստանձնում է համարվում նաեւ գործող պարտավորությունների այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են կոնցեսիոն համաձայնություններից բխող պարտավորությունների աճի.

դ5) տեղեկություններ պայմանագրային պայմանական պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետության պայմանագրային պայմանական պարտավորությունների հանրագումարը.»:

Հոդված 7. Օրենքի 41.3-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետից հանել «, ինչպես նաեւ պետության կողմից թողարկված մուրհակների» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: