Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1141-26.08.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պարտքի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-78-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հետ կապված, ինչպես նաեւ հանրային հատվածի պարտքի հրապարակայնությանն առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) պարտքային պարտավորություն՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործիքներով ստացված եւ որոշակի պահի դրությամբ չմարված գումար, ներառյալ՝ սահմանված ժամկետում չվճարված տոկոսագումարը.

2) պետական պարտք՝ Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) կողմից եւ Հայաստանի Հանրապետության համայնքների (այսուհետ՝ համայնքներ) անունից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց կառավարության եւ համայնքների միջեւ, ինչպես նաեւ միջհամայնքային պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

3) կառավարության պարտք՝ կառավարության կողմից ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

4) համայնքների պարտք՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

5)  պետական ներքին պարտք՝ կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ռեզիդենտների հանդեպ ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց կառավարության եւ համայնքների միջեւ, ինչպես նաեւ միջհամայնքային պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

6)  պետական արտաքին պարտք՝ կառավարության կողմից ոչ ռեզիդենտների հանդեպ ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

7) հանրային հատվածի պարտք՝ պետական պարտքի եւ հանրային հատվածի ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց միմյանց նկատմամբ պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

8) պարտքի մարում՝ պարտքային պարտավորության կատարում.

9) պարտքի սպասարկում՝ պարտքային պարտավորությամբ նախատեսված մարում, տոկոսագումար, տուժանք, կոմիսիոն վճար, պարտավորության վճար եւ այլ վճարներ.

10) լիազոր մարմին՝ հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին.

11) հանրային հատվածի ոչ ֆինանսական կազմակերպություն՝ հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ ոչ ֆինանսական առեւտրային կազմակերպություն.

12) հանրային հատվածի ֆինանսական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ֆինանսների բնագավառում գործող պետական եւ համայնքային կազմակերպություն եւ հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ ֆինանսական առեւտրային կազմակերպություն.

13) ռեզիդենտ՝  ըստ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքով սահմանված նշանակության.

14) ոչ ռեզիդենտ՝ ըստ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքով սահմանված նշանակության.

15) պետական գանձապետական պարտատոմս՝ Հայաստանի Հանրապետության անունից, լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ազգային արժույթով թողարկվող պետական պարտատոմսը.

16) արտարժութային պարտատոմս՝ Հայաստանի Հանրապետության անունից, լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտարժույթով թողարկվող պետական պարտատոմսը.

17) համայնքային պարտատոմս՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային արժույթով թողարկվող պարտատոմսը.

18) առաջնային տեղաբաշխում՝ թողարկողի կամ նրա հանձնարարությամբ այլ մարմնի կողմից թողարկողի պարտատոմսերի առաջին օտարումը շուկայի մասնակիցներին.

19) առաջնային շուկա՝ շուկա, որտեղ իրականացվում է թողարկողի պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը.

20) պարտավորությունների կառավարման գործառնություններ՝ բոլոր այն գործառնությունները, որոնք իրականացվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործիքներով՝ պարտքի կառուցվածքը փոխելու եւ դրա կազմը բարելավելու, այդ թվում՝ մարման գրաֆիկը հարթեցնելու համար:

21) պայմանական պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է դրանց հիմքում ընկած պայմանների կամ դեպքերի տեղի ունենալով:

2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կիրառվող հասկացությունները սույն օրենքում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կիրառվող իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

Հոդված 3. Կառավարության պարտքի սահմանային շեմը

1. Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի եւ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է, որը գերազանցելու դեպքում գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «գ» կետով եւ 8.4-րդ մասի «բ» կետով սահմանված դրույթները:

2. Եթե կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «բ» կետով եւ 8.4-րդ մասի «ա» կետով սահմանված դրույթները, իսկ 40 տոկոսը գերազանցելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «ա»   կետով սահմանված դրույթները:

ԳԼՈՒԽ2

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱԶՄԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 4. Պետական պարտքի կազմը

1. Պետական պարտքի բաղադրիչներն են պետական ներքին պարտքն ու պետական արտաքին պարտքը: Պետական պարտքի բաղադրիչներից բխող դրամական պարտավորություններն ունեն նույն գերակայությունը:

2. Պետական պարտքն, ըստ թողարկման եւ մինչեւ մարում ժամկետայնության, լինում է կարճաժամկետ (մինչեւ 1 տարին ներառյալ), միջնաժամկետ (1-5 տարին ներառյալ) եւ երկարաժամկետ (5-ից ավելի տարով):

Հոդված 5. Պետական պարտքի ձեւավորման գործիքակազմը

1. Պետական պարտքի ձեւավորման գործիքներն են՝

1) ֆինանսական եւ վարկային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, վարկավորող բազմակողմ հաստատությունների, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված փոխառության կամ վարկային պայմանագրերը.

2) պետական գանձապետական, արտարժութային եւ համայնքային պարտատոմսերը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետեւանքով որպես պետական պարտք վերաձեւակերպված երրորդ անձանց պարտավորությունները.

4) պետական պարտքի վերաձեւակերպման պայմանագրերը.

5) պայմանական պարտավորությունը պարտքային պարտավորություն ձեւակերպելու գործարքները:

 2. Եթե պարտապանը, ում համար տրվել է բյուջետային երաշխիք, սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունը, եւ պարտատերը պահանջում է բյուջետային երաշխիքի կատարում, ապա երաշխավորված եւ սահմանված ժամկետում չկատարված պարտավորությունները ձեւակերպվում են որպես կառավարության պարտքային պարտավորություն:

3. Պայմանական պարտավորությունը (բացառությամբ բյուջետային երաշխիքի) ներառվում է պետական պարտքի մեջ, եթե տեղի են ունենում պայմանական պարտավորության հիմքում ընկած դեպքերը կամ պայմանները: Կառավարության պայմանական պարտավորության հիմքում ընկած դեպքերի կամ պայմանների տեղի ունենալու ժամանակ դրանք ձեւակերպվում են որպես կառավարության պարտքային պարտավորություն: Համայնքի պայմանական պարտավորության հիմքում ընկած դեպքերի կամ պայմանների տեղի ունենալու ժամանակ դրանք ձեւակերպվում են որպես համայնքի պարտքային պարտավորություն:

Հոդված 6. Պայմանական պարտավորությունների կազմը

1. Պայմանական պարտավորությունները ներառում են.

1) բյուջետային երաշխիքները.

2) հանրային հատվածի ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված մուրհակները.

3) կառավարության կողմից թողարկված մուրհակները կամ այլ վճարային պարտավորությունները.

4) պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր հատվածի հանդեպ ստանձնած պայմանական պարտավորությունները:

Հոդված 7. Պետական պարտքի ներգրավման նպատակները

1. Պետական պարտքի ներգրավման նպատակներն են՝

1) պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը եւ ընթացիկ իրացվելիության ապահովումը կամ համայնքների բյուջեների ֆոնդային մասի դեֆիցիտի ֆինանսավորումը.

2) պետական ներքին պարտքի շուկայի պահպանումը եւ զարգացումը.

3) պետական պարտքի վերաֆինանսավորումը.

4) պետական բյուջեից վարկավորումը.

5) կայունացման հաշվի միջոցների համալրումը:

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 8. Պետական պարտքի կառավարման նպատակները

1. Պետական պարտքի կառավարումը գործընթաց է, որն իրականացվում է փոխառու միջոցների ներգրավման, վերաձեւակերպման, մարման եւ սպասարկման ծրագրերի մշակման եւ իրականացման միջոցով՝ սույն հոդվածով սահմանված նպատակների շրջանակներում:

2. Պետական պարտքի կառավարման հիմնական նպատակն է միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում ապահովել կառավարության եւ համայնքների ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորությունը եւ վճարային պարտավորությունների կատարումը՝ հնարավոր նվազագույն ծախսերով եւ պարտքի կառուցվածքի ռիսկերի խելամիտ մակարդակի պայմաններում:

3. Պետական պարտքի կառավարման նպատակներ են՝

1) կառավարության եւ համայնքների պարտքի օպտիմալ կառուցվածքի ձեւավորումը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը.

2) պետական պարտքի կառավարման եւ դրամավարկային քաղաքականությունների համակարգումը, այդ թվում՝ դրա շրջանակներում վճարային հաշվեկշռի աջակցությունը եւ պահուստների համալրումը:

4. Պետական պարտքի կառավարման նպատակների իրագործումն ապահովելու համար լիազոր մարմինը եւ տեղական ինքնակառավարման մարմինները կիրառում են ֆինանսական շուկաներում ընդունված պարտքի կառավարման գործիքներ, այդ թվում՝ պարտքի վերաձեւակերպում, վերակառուցում, հետգնում, փոխանակում, սվոփ եւ այլն:

Հոդված 9. Պետական պարտքի կառավարման սկզբունքները

1. Պետական պարտքի կառավարումն իրականացվում է հետեւյալ սկզբունքների հիման վրա.

 1) թափանցիկություն՝ պետական պարտքի կառավարման նպատակադրումների եւ քաղաքականությունների հստակ սահմանում եւ բացահայտում.

2) հաշվետվողականություն՝ պետական պարտքի կառավարման վերաբերյալ հաշվետվողականություն օրենսդիր մարմնի եւ հանրության առջեւ.

3) կանխատեսելիություն՝ պարտավորությունների կառավարման գործառնությունների (այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավման եւ սպասարկման) թափանցիկություն եւ կանխատեսելիություն.

4) հրապարակայնություն՝ պետական պարտքի եւ պարտավորությունների կառավարման գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների ժամանակին, պատշաճ կերպով եւ ամբողջ ծավալով բացահայտում եւ դրանց հանրային հասանելիություն:

Հոդված 10. Պետական պարտքը կառավարող մարմինները

1. Կառավարության պարտքային պարտավորության ստանձնումն ու կառավարումն իրականացնում է լիազոր մարմինը,  համայնքների պարտքային պարտավորության ստանձնումն ու կառավարումը՝ տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտքային պարտավորություն ստանձնում են լիազոր մարմնի համաձայնությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնության տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

3. Լիազոր մարմինն իրականացնում է կառավարության պարտքի գրանցում, հաշվառում եւ պատասխանատու է այդ հաշվառման հավաստիության համար: Կառավարության պարտքի գրանցման եւ հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

4. Տեղական ինքնակառավարման մարմիններն, իրենց կողմից սահմանված կարգով, իրականացնում են համայնքների պարտքի գրանցում, հաշվառում եւ պատասխանատու են այդ հաշվառման հավաստիության համար:

Հոդված 11. Պետական պարտքի կառավարման աուդիտը

1. Պետական պարտքի կառավարման արտաքին աուդիտն իրականացվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Պետական պարտքի կառավարման ներքին աուդիտն իրականացվում է «Ներքին աուդիտի մասին» օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հոդված 12. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը

1. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ծրագիր է, որը կառավարությունն իրականացնում է միջնաժամկետ հատվածում՝ կառավարության պարտքի ցանկալի կառուցվածքին հասնելու նպատակով: Այն մշակվում եւ վերանայվում է յուրաքանչյուր տարի՝ առաջիկա երեք տարիների համար:

2. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ներառվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում եւ հաստատվում է կառավարության կողմից:

3. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը  ներառում է կառավարության պարտքի ուղենշային ցուցանիշները, նպատակադրումներն ու իրականացվելիք միջոցառումները, պարտքի կառուցվածքի եւ հնարավոր ռիսկերի գնահատականը:

4. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

Հոդված 13. Փոխառությունների տարեկան ծրագիրը

1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո 20-օրյա ժամկետում լիազոր մարմինը մշակում եւ իր պաշտոնական կայքէջում հրապարակում է փոխառությունների տարեկան ծրագիրը, որով ներկայացվում է փոխառու միջոցների հաշվին տվյալ տարվա պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ծավալներն ու կառուցվածքը, գործիքակազմը, պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների օրացույցը, կառավարության պարտքի սպասարկումը եւ պարտքը բնութագրող այլ ցուցանիշներ:

ԳԼՈՒԽ 5

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Պետական պարտքի հրապարակայնությունը

1. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով: Այն կարող է հրապարակվել նաեւ այլ արժույթներով:

2. Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվող յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության կազմում ներկայացվում է հաշվետվություն կառավարության պարտքի կառավարման վերաբերյալ, որը տեղեկություններ է պարունակում կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ ամրագրված ուղենշային ցուցանիշների եւ փոխառությունների տարեկան ծրագրի կատարողականի վերաբերյալ:

3. Լիազոր մարմինը պատրաստում եւ մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը իր պաշտոնական կայքէջում հրապարակում է տվյալ տարվա պետական պարտքի մասին տարեկան հաշվետվություն, որը պարունակում է տեղեկություններ պետական պարտքի ծավալի, կառուցվածքի, տարվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կառավարության պարտքի կառուցվածքի ռիսկերի եւ կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ ամրագրված ուղենշային ցուցանիշների կատարման վերլուծություններ:

4. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, լիազոր մարմնի եւ տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով, տեղական ինքնակառավարման մարմինները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմին են ներկայացնում համայնքների պարտքի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ վերջինս ամփոփում է այդ տեղեկատվությունը եւ ներկայացնում լիազոր մարմին:

5. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում պատրաստում եւ իր պաշտոնական կայքէջում հրապարակում է կառավարության պարտքի ամսական վիճակագրական տեղեկագիր, որը պարունակում է տեղեկություններ կառավարության պարտքի ծավալի, կառուցվածքի, ինչպես նաեւ կառավարության պարտքի կառուցվածքի ռիսկերի եւ այլ ցուցանիշների վերաբերյալ:

6. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 40-օրյա ժամկետում պատրաստում եւ իր պաշտոնական կայքէջում հրապարակում է պետական պարտքի ամսական վիճակագրական տեղեկագիր, որը պարունակում է տեղեկություններ պետական պարտքի ծավալի, կառուցվածքի, ինչպես նաեւ կառավարության պարտքի կառուցվածքի ռիսկերի եւ այլ ցուցանիշների վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 6

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՐՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Հանրային հատվածի պարտքի հրապարակայնությունը

1. Հանրային հատվածի ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունները լիազոր մարմին են ներկայացնում իրենց պարտքային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնց տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Լիազոր մարմինն, իր կողմից սահմանված կարգով, իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հանրային հատվածի պարտքի վերաբերյալ տեղեկագիր, որը պարունակում է տեղեկություններ առնվազն հանրային հատվածի պարտքի ծավալի եւ կառուցվածքի վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 7

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

Հոդված 16. Պետական պարտքի աղբյուրները

1. Պետական պարտքի աղբյուրներն են՝

1) ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական եւ արտարժութային պարտատոմսերը.

2) ռեզիդենտների կողմից ձեռք բերված համայնքային պարտատոմսերը.

3) ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների կողմից կառավարությանը տրամադրված փոխառությունները եւ վարկերը.

4) ռեզիդենտների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված փոխառությունները եւ վարկերը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետեւանքով ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների հանդեպ որպես պետական պարտք վերաձեւակերպված երրորդ անձանց պարտավորությունները.

6) ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների հանդեպ պետական պարտքի վերաձեւակերպման պայմանագրերը.

7) ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների նկատմամբ պայմանական պարտավորությունները պետական պարտք ձեւակերպելու գործարքները:

Հոդված 17. Կառավարության պարտքի սպասարկումը

1. Կառավարության պարտքի սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ եւ ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում կառավարության պարտքի սպասարկման համար, ապա կառավարության պարտքի սպասարկման ենթակա վճարումները կատարվում են ամբողջ ծավալով՝ «Հայաստանի Հարապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով ավելացնելով պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցները տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների, ծախսերի կամ դեֆիցիտի փոփոխության միջոցով:

Հոդված 18. Պետական պարտքի մարումը

1. Պետական պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են համապատասխան պայմանագրերով նախատեսված բոլոր վճարումները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:

2. Լիազոր մարմինը եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են վաղաժամկետ կատարելու իրենց պարտքային պարտավորությունները, եթե համապատասխան պայմանագրով դա արգելված չէ:

Հոդված 19. Կառավարությանը տրվող փոխառու միջոցները

1. Հայաստանի Հանրապետության անունից ռեզիդենտների հետ փոխառության կամ վարկային պայմանագիր կնքելու իրավասություն ունի միայն լիազոր մարմինը:

2. Ռեզիդենտներից փոխառություններ եւ վարկեր կարող են ներգրավվել պետական գանձապետական պարտատոմսերի՝ փոխառության կամ վարկային պայմանագրի ստորագրման օրվան նախորդող 5-րդ օրվա եկամտաբերության կորի նույն ժամկետայնության պարտատոմսերի եկամտաբերությունից ոչ բարձր տոկոսադրույքով:

3. Վարկային միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինն իրավասու է, պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով, պարտքի կառուցվածքի ռիսկերի կառավարման շրջանակներում կատարել վարկի պայմաններով նախատեսված ֆիքսված եւ լողացող տոկոսադրույքների փոփոխություն, վարկի արժույթի փոփոխություն եւ վարկային միջազգային պայմանագրով կամ վարկի տրամադրման ընդհանուր ֆինանսական պայմանների վերաբերյալ այլ փաստաթղթով ամրագրված այլ փոփոխություն:

Հոդված 20. Պետական գանձապետական եւ արտարժութային պարտատոմսերի թողարկումը

1. Հայաստանի Հանրապետության անունից պետական գանձապետական եւ արտարժութային պարտատոմսեր թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է լիազոր մարմնին:

2. Շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի եւ համայնքային պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններն արգելվում են:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գանձապետական եւ արտարժութային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, պարտավորությունների կառավարման գործառնությունների եւ մարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտարժութային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, պարտավորությունների կառավարման գործառնությունների եւ մարման գործընթացներին առնչվող փաստաթղթերը ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 21. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը

1. Լիազոր մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման եւ ընտրության կարգը եւ դրան համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման եւ ընտրության չափանիշները եւ արդյունքները:

2. Կենտրոնական բանկը լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով լիազոր մարմնին տրամադրում է պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի հիման վրա Կենտրոնական բանկին տրամադրված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվությունը չի կարող պարունակել բանկային գաղտնիք:»:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ մասերի, 15-րդ հոդվածի եւ 20-րդ հոդվածի 3-րդ մասի, որոնք ուժի մեջ  են մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

3. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած եւ չդադարած պարտքային պարտավորությունների վրա, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած եւ չդադարած պարտքային պարտավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Պետական պարտքի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2008 թվականի մայիսի 26-ին, որով կարգավորվում են պետական պարտքի հետ կապված հարաբերությունները՝ նպատակ ունենալով ապահովել պետական պարտքի կառավարման գործընթացի արդյունավետ եւ հրապարակային կազմակերպումը: Ընդունումից ի վեր Օրենքում լայնածավալ փոփոխություններ չեն կատարվել,  մինչդեռ միջազգային ֆինանսական եւ պարտքային շուկաներում տեղի են ունեցել տարաբնույթ զարգացումներ, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել արդիականացնելու ոլորտի կարգավորումները՝ ներկա իրողություններին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես, գործող իրավակարգավորումների շրջանակներում արձանագրված հիմնական անհամապատասխանություններից են.

Հաշվի առնելով Օրենքում նախատեսվող փոփոխությունների ծավալը եւ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Օրենքն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն ոլորտի միջազգային լավագույն փորձին եւ իրողություններին, ինչպես նաեւ կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ ուղղված գործնականում առաջացող խնդիրների լուծմանը:

Օրենքում առաջարկվող փոփոխություններին համահունչ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում:

«Հիմնադրամների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են պարտատոմսերի ձեռքբերման գործընթացը գործող իրավակարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, համաձայն Օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2017թ. ապրիլի 13-ի N 381-Ն որոշման, իրավաբանական անձինք (հետեւաբար նաեւ՝ հիմնադրամները) չեն կարող ձեռք բերել պետական գանձապետական պարտատոմսեր գանձապետական պահառուի միջոցով: Մինչդեռ «Հիմնադրամների մասին» գործող օրենքի կարգավորումները նախատեսում են հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի միջոցները պետական կարճաժամկետ պարտատոմսերում ներդնելու հնարավորություն՝ դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով:

Բյուջետային համակարգի մասին օրենսդրությունը սահմանում է հստակ կանոններ պետական պարտքի մակարդակի նկատմամբ, սակայն այն դեպքերում, երբ ներդրումային ծրագիրը իրականացվում է ՊՄԳ տարբերակով, գործող ֆիսկալ կանոնները եւ պարտքի սահմանաչափերը չեն տարածվում այդ ձեւաչափով ստանձնվող պարտավորությունների վրա: Այս հանգամանքը ձեւավորում է իրավիճակ, երբ առկա է ֆիսկալ կանոնները շրջանցելու հնարավորություն: Արդյունքում առաջանում է անհրաժեշտություն ՊՄԳ-ներից առաջացող պարտավորությունների սահմանաչափը փոխկապակցել ֆիսկալ կանոններին եւ պետական պարտքի սահմանաչափերին՝ դրանց կայուն արդյունավետությունն ապահովելու համար:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծերով առաջարկվում է ամրագրել մի շարք փոփոխված եւ նոր կարգավորումներ, մասնավորապես՝

Նշենք, որ վերոնշյալ 2 դրույթների մասով բյուջետային երաշխիքների հաշվարկում չեն ներառվում առաջնային գրավով ապահովված այն բյուջետային երաշխիքները, որոնց առաջնային ապահովման առարկայի գնահատած շուկայական արժեքը առնվազն հավասար է բյուջետային երաշխիքի 120%-ի. - պայմանագրային պայմանական պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետության պայմանագրային պայմանական պարտավորությունների հանրագումարը,

- բյուջետային երաշխիքների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը, ինչպես նաեւ հաշվետու տարվա ընթացքում ստանձնած բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունները,

- պետության՝ համաձայն «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի եւ դրա հիման վրա ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ)» իմաստով ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնություններից բխող պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա ընթացքում ստանձնած այդպիսի համաձայնություններից բխող նոր պարտավորությունները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաեւ նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած եւ օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները:

5. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Նախագիծը նորմատիվ բնույթի է, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է եւ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

6. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության «Պետական պարտքի կառավարում» բաղադրիչի «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի բարելավում» 28-րդ թիրախի իրագործման անհրաժեշտությունից (ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ  որոշում), ինչպես նաեւ Կառավարության 2021-2026թթ. գործունեության՝ ֆինանսների նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումների ծրագրի 28-րդ կետով սահմանված՝ «Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) պայմանագրերից բխող ֆիսկալ ռիսկերի գնահատման արդյունավետության բարելավում» նպատակից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն