Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Եթե պետական գրանցումը կատարվել է որեւէ իրավասու մարմնի տված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել միայն տվյալ մարմնի կամ վերջինիս իրավահաջորդի կողմից տրամադրված համապատասխան ուղղում կատարելու վերաբերյալ հավասարազոր փաստաթղթի, որը պետք է հղում պարունակի այն փաստաթղթի վերաբերյալ, որում առկա է եղել սխալ, եւ ուղղում կատարելը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:»:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի» բառերը,
2) 2-րդ մասում «անձը:» բառից եւ կետադրական նշանից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերը ստորագրող անձանց ինքնությունը համարվում է ստուգված «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք լինելու պահից:»,
3) 3-րդ մասում «ներկայությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված պայմանագրերի, որի դեպքում յուրաքանչյուր կողմն էլեկտրոնային համակարգում առկա իր անձնական գրասենյակ բաժնում պայմանագիրը պետք է ստորագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ» բառերը,
4) 4-րդ մասում «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը,
5) լրացնել նոր 4.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«4.1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերը եւ պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի ծածկագիրը պայմանագրի կողմերն իրավունքների պետական գրանցման են ներկայացնում անձնական գրասենյակի միջոցով՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելով:»,
6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Պայմանագրում ստորագրությունների իսկությունը համարվում է ճանաչված այդ պայմանագրից ծագող իրավունքի կամ սահմանափակման գրանցման դիմումի հետ միասին` սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում ընդունվելու պահից, իսկ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի դեպքում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելուց եւ պայմանագիրը դրա կողմերի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվելու եւ իրավունքի պետական գրանցում ներկայացնելու պահից:»:
Հոդված 3. Օրենքում լրացնել նոր 49.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 49.1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերին առաջադրվող պահանջները
1. Օրինակելի պայմանագրերի տեսակները, որոնք կարող են ստորագրվել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, արտացոլվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում:
2. Անձնական գրասենյակի միջոցով կազմված պայմանագրի հավելվածները (բաղկացուցիչ մասերը) պայմանագրին կցագրվում են (ներբեռնվում են) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում պայմանագրի կազմման ժամանակ, ընդ որում հավելվածները (բաղկացուցիչ մասերը)՝
1) կցագրվում են (ներբեռնվում են) էլեկտրոնային Փի Դի Էֆ (PDF) ձեւաչափով.
2) պետք է լինեն հայերենով եւ ընթեռնելի.
3) պետք է տեսաներածված լինեն գունավոր, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանած պայմանագիրը կազմելուց, իսկ առկայության դեպքում նաեւ հավելվածները (բաղկացուցիչ մասերը) կցագրելուց (ներբեռնելուց) հետո անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվում է պայմանագրի (ներառյալ՝ հավելվածների) ստորագրման ենթակա Փի Դի Էֆ (PDF) էլեկտրոնային տարբերակը եւ պայմանագրի ծածկագիրը:
4. Պայմանագրի տեքստը, այդ թվում՝ կողմերի տվյալները, փաստաթուղթը կազմելու եւ ստորագրելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով եւ բառերով) ինքնաշխատ եղանակով ձեւավորվում է անշարժ գույքի էլեկտրոնային շտեմարանի տվյալներից, բացառությամբ պայմանագրի արժեքի, դրա ուժի մեջ մտնելու ամսաթվի, որոնք ենթակա են լրացման կողմերի կողմից:
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձեւը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «համար» բառից հետո լրացնել «սպասարկման գրասենյակում» բառերը,
2) 2-րդ մասից հանել «դիմողի պահանջով» եւ «նրան» բառերը:
Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված եւ համակարգի միջոցով ներկայացված պայմանագիրը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կցվում եւ պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:»:
Հոդված 6. Օրենքում լրացնել նոր 52.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 52.1. «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացումը
1. Որպես առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված եւ պետական գրանցման համար ներկայացված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով (այսուհետ՝ ինքնաշխատ պետական գրանցում), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերի:
2. Ինքնաշխատ պետական գրանցման համար պետական գրանցման դիմումը մուտքագրվում է որպես ինքնաշխատ պետական գրանցման ենթակա, իսկ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար գրանցման մատյանում գրառման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են ինքնաշխատ կամ նման իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումներն ինքնաշխատ պետական գրանցման ընթացակարգով ենթակա չեն մուտքագրման, եթե՝
1) պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի համաձայն առկա են գրանցված սահմանափակումներ.
2) պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքում առկա են նշումներ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար որեւէ փաստաթուղթ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկանքի, ներկայացնելու պահանջի վերաբերյալ.
3) առկա է պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից, որի վերաբերյալ տվյալները առկա չեն պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքում:
4. Ինքնաշխատ պետական գրանցման եղանակով մուտքագրված դիմումների հիման վրա ինքնաշխատ պետական գրանցում չի իրականացվում, եթե`
1) միասնական տեղեկանքի տրամադրումից հետո պայմանագրի առարկա անշարժ գույքի նկատմամբ էլեկտրոնային գրանցման մատյանում կամ կադաստրային գործում կատարվել է ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ փաստաթղթի կցում կադաստրային գործին.
2) միասնական տեղեկանքի տրամադրումից հետո ներկայացվել է պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի նկատմամբ պետական գրանցման այլ դիմում.
3) պայմանագրով իրավունքը փոխանցող անձի նույնականացման տվյալները չեն համապատասխանում էլեկտրոնային գրանցման մատյանում այդ անձի նույնականացման տվյալներին:
5. Ինքնաշխատ պետական գրանցման եղանակով մուտքագրված դիմումների հիման վրա ինքնաշխատ պետական գրանցում չիրականացվելու դեպքում պետական գրանցման դիմումին տրվում է ընթացք ընդհանուր հիմունքներով:
6. Ինքնաշխատ պետական գրանցման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ գրանցման մատյանում գրառման ենթակա լրացված տեղեկությունները հաստատվում են կառավարման ավտոմատացված համակարգի կողմից, իսկ գրանցման վկայականում գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անվան, ազգանվան եւ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դաշտերի փոխարեն լրացվում է ««Գրանցումն իրականացվել է Կադաստրի կոմիտեի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով» արտահայտությունը:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 2-6-րդ հոդվածները գործում են տասնութ ամիս ժամկետով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքնի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթով թիրախավորվում են կարգավորման անհրաժետություն ունեցող մի քանի կարեւոր ուղղություններ, մասնավորապես՝
1.1. Քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասով հնարավորություն է ամրագրված անշարժ գույքի վերաբերյալ կնքելու որոշ պայմանագրեր՝ առանց նոտարական վավերացման ընթացակարգի, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ եւ այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով: Միաժամանակ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածով կարգավորվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) սպասարկման գրասենյակում
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերի կնքման՝ ստորագրությունների իսկության ճանաչման հետ կապված իրավահարաբերությունները: Թվայնացման ռազմավարության օրակարգի համատեքստում Կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստեղծելու բարենպաստ միջավայր՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ օպտիմալացնելով վարչարարական գործընթացները, կրճատելով ծախսերը, արագացնելով գործընթացների իրականացումը:
Այս համատեքստում նախագծով նախատեսվում է ներդնել թվային նոր գործիքակազմ՝ իրավունքների ինքնաշխատ գրանցման ինստիտուտ (դեռեւս պիլոտային տարբերակով), որը հնարավորություն կտա նաեւ քննարկվող պայմանագրերը ստորագրելու էլեկտրոնային եղանակով՝ «Ես եմ» խիստ նույնականացման եղանակով նույնականացվելու դեպքում, այդ թվում՝ հնարավորություն սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց համար առանց հավելյալ գործընթացների իրացնելու՝ իրենց գործարք կնքելու իրավունքը: Հավելենք, որ Կադաստրի կոմիտեի՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակը ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի 572-Ն որոշման հիմքով ինտեգրվել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին:
1.2. Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը եւ մերժումը գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրումն իրականացնում է Կոմիտեն իր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:
Միեւնույն ժամանակ, Կոմիտեի կանոնադրական նպատակներից են պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը եւ պաշտպանությունը:
Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումն ընդգրկում է`
1) գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը.
2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաեւ գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:
2. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագիծը միտված է հետեւյալ արդյունքներին.
1. Կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում բարենպաստ միջավայր ստեղծելու՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, իր կողմից մատուցվող ծառայությունները լավարկելու, թվայնացման միջոցով դրանք դյուրացնելու, վարչարարական գործընթացներն օպտիմալացնելու, ծախսերը կրճատելու, գործընթացների իրականացումն արագացնելու ուղղությամբ, այդ իսկ պատճառով Նախագծով նախատեսվում է նաեւ Օրենքում կատարել համապատասխան լրացումներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական հնարավորույթուն ընձեռնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերը կնքել առանց Կոմիտե սպասարկաման գրասենյակ այցելելու, այլ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստմամբ, այդ թվում՝ հնարավորություն սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց համար առանց հավելյալ գործընթացների իրացնելու՝ իրենց գործարք կնքելու իրավունքը: Նախագծով մանրամասն սահմանվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերին առաջադրվող պահանջները, ինչպես նաեւ դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացմանն ուղղված կարգավորումները:
Նախագծով նախատեսված վերոնշյալ փոփոխությունները, մասնավորապես՝ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերի հավաստմանը եւ դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցմանն ուղղված կարգավորումները նախատեսված են որպես պիլոտային, միաժամանակ Նախագծի անցումային դրույթներով սահմանելով, որ այդ կարգավորումները գործելու են մեկուկես տարի ժամկետով, իսկ վերջիններիս գործնական կայացման դեպքում, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի, դրանց կտրվի անժամկետ բնույթ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների՝ արդյունավետ, կայուն, իրավահեն եւ նորարար գրանցման համակարգ:
Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում են համապատասխան փոփոխություն նաեւ Օրենքի 34-րդ հոդվածում: Այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է Օրենքի առանձին դրույթների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք իրավական եւ տեխնիկական խնդիրներից:
Այս փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հստակեցնել եւ ներդաշնակեցնել օրենքի համապատասխան դրույթները, սահմանել իրավական նորմերի հստակ շրջանակներ, բացառել միանշանակ մեկնաբանության հնարավորությունները եւ բարձրացնել Օրենքի կիրառելիությունը: Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացի կանխատեսելիությունը, արդյունավետությունը եւ իրավական կայունությունը՝ միաժամանակ ամրապնդելով քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունը:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10.4-րդ եւ 12-րդ կետի 12.2-րդ ենթակետերոով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով, այն է՝ առցանց մատուցվող ծառայությունների զարգացում: Նախագծի եւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի հիշյալ կետի կապն ուղղակիորեն է, մասնավորապես՝ Նախագծով նախատեսվում է Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները լավարկել, թվայնացման միջոցով դրանք դյուրացնել, վարչարարական գործընթացներն օպտիմալացնել, ծախսերը կրճատել, գործընթացների իրականացումն արագացնել:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում