Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1079-20.05.2025-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում՝

1) հանել «վերաբերյալ» բառը,

2) «մինչեւ հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության» բառերից հետո ավելացնել «, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» բառերը:

Հոդված 2. Սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագը, իսկ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագ ղեկավարի կողմից Պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու անհնարինության դեպքում Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարը:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում Պաշտպանին փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածով, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-7-րդ մասերով, 30-30.1-րդ հոդվածներով, 30.2-րդ հոդվածի 1-2-րդ եւ 5-7-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ (բացառությամբ քաղաքացիական ծառայողների եւ Պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ աշխատանքից ազատվելու մասին իրենց դիմումի հիման վրա սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված պաշտոնից ազատելու, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի՝ պաշտոնի նշանակման համար դիմումի հիման վրա սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ պաշտոնի նշանակելու լիազորությունների) եւ 9-րդ կետերով սահմանված լիազորությունների:»:

Հոդված 3. Սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «Բողոքը» բառը փոխարինել «Գրավոր բողոքը» բառերով:

Հոդված 4. Սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 2.1 մասով.

«Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումը պարունակում է անձնական տվյալներ կամ օրենքով պահպանվող գաղտնիք, ապա այլ անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով բողոք ներկայացրած անձը սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում, ծանուցվում է որոշման կայացման եւ դրա տեսակի մասին, իսկ որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին անձնական տվյալների ու օրենքով պահպանվող գաղտնիքի տրամադրմանը օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ:»:

Հոդված 5. Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 3.1 մասով.

«Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումը պարունակում է անձնական տվյալներ կամ օրենքով պահպանվող գաղտնիք, ապա այլ անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով բողոք ներկայացրած անձը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ծանուցվում է որոշման կայացման եւ դրա տեսակի մասին, իսկ որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին անձնական տվյալների ու օրենքով պահպանվող գաղտնիքի տրամադրմանը օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ:»:

Հոդված 6. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները մարդու իրավունքների խթանման ոլորտում»:

2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4.1 Պաշտպանն իրավասու է ներկայացնելու հատուկ կարծիք (amicus brief) Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների առնչությամբ՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-7-րդ մասերով.

6. Պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, ինչպես նաեւ հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

7. Պաշտպանն իրավասու է խթանել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ դրա կիրառման համապատասխանեցումը, այդ թվում՝ իրականացնել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ դրա կիրառման համապատասխանության ուսումնասիրություն եւ մշտադիտարկում, խթանել մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացումն (միանալը) ու Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին ներպետական օրենսդրության եւ դրա կիրառման համապատասխանեցումը:»:

Հոդված 7. Սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների» բառերը փոխարինել «Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

Հոդված 8. Սահմանադրական օրենքի 30.1 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.

«2. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով եւ ծավալով:»:

Հոդված 9. Սահմանադրական օրենքի 30.2 հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի 2-րդ կետում «մոնիտորինգ» բառը փոխարինել «մշտադիտարկում» բառով:

Հոդված 10. Սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում «դեպքերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հետազոտությունների արդյունքում» բառերը:

Հոդված 11. Սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8.1 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.1) սահմանում է Պաշտպանի աշխատակազմում էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, ինչպես նաեւ հաստատում է էթիկայի հանձնաժողովի կազմը.»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն