Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1066-30.04.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին ք. Մոսկվայում:

Համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է Ռուս-Հայկական համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) կառավարման, կրթական եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաեւ գործընթացները Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխանեցնելու ձգտումով:

Համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի  նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1 «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության» բաժնի 23-րդ կետից՝ մասնավորապես «Բարձրագույն կրթության միջազգայնացման, շարժունության հնարավորությունների ընդլայնում», որի շրջանակում նախատեսվում են դասախոսական եւ վարչական աշխատակազմի փորձի փոխանակման եւ մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնում, միջազգային փորձի փոխանակում եւ մասնագիտական զարգացման ծրագրերի ընդլայնում, ինչպես նաեւ առանձին դասընթացների կամ դասընթացների առանձին թեմաների, ուսումնական մոդուլների եւ կրթական ծրագրերի՝ օտար լեզվով դասավանդելու հնարավորության ապահովում:

 Լավագույն փորձի ներդրման, ինչպես նաեւ արդյունավետ ազգամիջյան երկխոսության եւ փոխգործակցության զարգացման նպատակով Համաձայնագրում ներառվել է դրույթ Համալսարանի հիմքի վրա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ այլ պետությունների կրթական եւ (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ հստակ մեխանիզմ՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար: Գիտական, գիտատեխնիկական, նորարարական, փորձագիտական, փորձարարական, արդյունաբերագիտական գործունեության ֆինանսական ապահովումը հիմնվելու  է նպատակային ֆինանսավորման աղբյուրների բազմաքանակության վրա եւ իրականացվելու է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ազգային ծրագրերին համապատասխան:

Համաձայնագրում առավել հստակ ձեւակերպված են Համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ռեկտորն ընտրվում է Կառավարման խորհրդի կողմից Կանոնադրությանը համապատասխան եւ պաշտոնում հաստատվում է Լիազորված մարմինների համատեղ հրամանով մինչեւ 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող զբաղեցնել Ռեկտորի պաշտոնը ավելի քան 2 ժամկետ անընդմեջ: Ռեկտորի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Ռեկտորի եւ որպես գործատու հանդես եկող ու Համալսարանի Հիմնադիրների անունից գործող Հայկական Կողմից Լիազորված մարմնի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով:

Որպես Լիազորված մարմիններ հանդես են գալիս հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, իսկ ռուսաստանյան կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությունը:

Համաձայնագրով առավել հստակ ձեւակերպված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դերի եւ ազդեցության ուժեղացում համաշխարհային հումանիտար եւ գիտա-տեխնիկական ոլորտներում, Կողմերի պետությունների դրական իմիջի փոխադարձ ամրապնդում, ընդհանուր մշակութային, կրթական եւ գիտական տարածքի ամրապնդումը:

Հստակ ձեւակերպված են նաեւ Համալսարանի ընդունելության կանոնները եւ ակադեմիական իրավունքները, ազատությունները՝ մասնավորապես. Համալսարան ընդունվելու իրավունքից օգտվում են կրթության համապատասխան մակարդակ ունեցող Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, այլ պետությունների քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, գույքային, սոցիալական եւ պաշտոնեական դիրքից, բնակության վայրից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, համոզմունքներից, հասարակական միավորումներին պատկանելությունից, ինչպես նաեւ՝ Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան, այլ հանգամանքներից: Համալսարան ընդունելության կանոնները սահմանվում են Համալսարանի կողմից՝ Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան: Հայաստանի Հանրապետության կրթական ծրագրերով ուսուցման համար ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրությանը համապատասխան: Ռուսաստանի Դաշնության կրթական ծրագրերով ուսուցման համար ընդունելությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կրթության մասին օրենսդրությանը համապատասխան: Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսուցման համար ընդունելության տեղերի քանակը յուրաքանչյուր տարի սահմանվում է Ռուսական Կողմի Լիազորված մարմնի կողմից՝ Համալսարանի հայտի հիման վրա, որը տրվում եւ քննարկվում է Ռուսական Կողմի Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսուցումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:

Վճարովի կրթական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրերով Համալսարանն իրավունք ունի կրթական գործունեություն իրականացնելու ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի հիմնադրման եւ գործունեության պայմանների մասին»  համաձայնագրի վավերացումը:

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության,
մշակույթի եւ սպորտի նախարար
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին:

Համաձայնագրի վավերացման/հաստատման նպատակն է նպաստել Հայ-ռուսական համալսարանի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Համաձայնագրով կարգավորվում են համալսարանի գործունեության պայմաններն ու խնդիրներն, այն է՝ օժանդակել անհատի կրթական պահանջների բավարարմանը, բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանը, աջակցել երկու պետությունների գիտական եւ կադրային ներուժի զարգացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցության առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու կարեւորությունը եւ նման պայմաններում ընդգծելով Հայ-ռուսական համալսարանի գործունեության հետագա զարգացման նպատակով նախատեսվող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ 2024թ. դեկտեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Այնուամենայնիվ, փաստաթղթի կիրառելիության եւ գործնական նշանակության հարցի որոշումը վերապահված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ             ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից:

2025թ. հունվարի 13-ի դրությամբ ռուսական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                   ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                       ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 13-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝  «Համալսարանի գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է Կողմերի կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի միջոցների հաշվին:»: Ուստի, Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ:

Միաժամանակ, Համաձայնագրի` ռուսաստանյան կողմի առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակը եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑԻՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 27/15.1/917-2025 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                 ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» համաձայնագՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կատարման համար հայկական կողմի պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն