Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով եւ մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների նկատմամբ:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաեւ իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության:
Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը: Պատերազմում բեկումնային էին Ստալինգրադի եւ Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի:
Հայ ժողովուրդն աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում:
Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր: Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաեւ արցախահայերի ավանդը, ընդ որում՝ այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսեւորվեց, այլ նաեւ հաղթանակին նպաստող այլ բնագավառներում:
Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը:
Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Սփյուռքի դերակատարումը:
Հայությունն իր կարեւոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաեւ հայ ժողովրդի որդիների արյամբ եւ տառապանքի գնով:
Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ:
80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսեւորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաեւ ակտիվորեն կիրառվում եւ պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում:
2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման:
Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսեւորում: Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին:
Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի եւ նացիզմի ցանկացած դրսեւորմանը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի մեծ մասնակցությամբ:
Այս տարի լրանում է հաղթանակի 80-ամյակը եւ շատ երկրներում այս առիթով տարբեր խորհրդանշական միջոցառումներ են իրականացվում:
ԱԺ համապատասխան հայտարարության հիմքում թեմայի կարեւորությունն է, ինչպես նաեւ՝ հայ ժողովրդի դերն ու մասնակցությունը նացիզմի ու ֆաշիզմի դեմ հաղթանակում ընդգծելը:
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
(Քաղվածք խմբակցության նիստի արձանագրությունից)
Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 98-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 99-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության կանոնադրությունը՝
Հայաստանի Հանրապետության «Պատիվ ունեմ» խմբակցությունը
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացվող Ազգային Ժողովի հայտարարության նախագծին (կցվում է) եւ այն սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հայտարարության նախագծով հիմնական զեկուցողը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է:
ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՝ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 98-րդ եւ 99-րդ հոդվածները, Ձեզ ենք ներկայացնում «Հյաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը՝ այն սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու նպատակով:
Կից ներկայացվում են հայտարարության նախագիծը (հիմնական զեկուցող՝ Տիգրան Աբրահամյան), դրա հիմնավորումը, ինչպես նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշումը (նիստի արձանագրությունից քաղվածք):
ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ