Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ. կազմակերպություններ, որոնց հանդեպ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձը, անկախ բաժնեմասի (փայաբաժնի) չափից, ունի տվյալ կազմակերպության կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, նրա որոշումների կայացման (կիրառման) վրա ազդելու կամ կազմակերպության գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն եւ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձը գնում է կատարում տվյալ կազմակերպությունից: Սույն ենթակետով նախատեսված կազմակերպությունների ցանկը հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` իր սահմանած կարգով, սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձի դիմումի հիման վրա: »:
Հոդված 2.
Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Հոդված 52. | Հանրային կազմակերպությունների գնումների կատարման ընդհանուր առանձնահատկությունները |
1. Հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների`
1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով.
2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները, ինչպես նաեւ գնումների կատարման կարգերով նախատեսված՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակները հրապարակվում են նաեւ տեղեկագրում.
3) բողոքարկումն, այդ թվում մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու որոշումը, իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով.
4) պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում իրականացվում է հանրային հսկողություն՝ սույն օրենքի 5.1 հոդվածով սահմանված կարգով.
5) գործընթացներին չեն կարող մասնակցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառված մասնակիցները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին եւ սկզբունքներին, իսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաեւ սույն մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված հանրային կազմակերպությունների դեպքում` նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիտորինգ): Սույն մասով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է համագործակցել պետական կառավարման կամ ինքնավար պետական մարմինների հետ:
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները համաձայնեցնում է լիազորված մարմնի հետ:
4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձը գնում կարող է իրականացնել նույն կետի «գ» ենթակետով նախատեսված կազմակերպությունից, եթե վերջինս ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չավարտված գնման գործընթացների վրա:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող եռամսյա ժամկետում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում