Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1057-22.04.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի Հ.Ն-0773-I օրենքի (այսուհետեւ՝ Օրենք)  1.1 հոդվածի 8-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

գրական հայերենի կանոնարկում՝  լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման եւ տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման, գործող զուգաձեւ կիրառությունների միօրինականացման եւ քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

2. Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերենով հրատարակչությունները, մամուլը, հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

Հոդված 2. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ»: Իրավական հիմքը «Լեզվի մասին» օրենքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լեզվի կոմիտեին տրված լիազորություններն են: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել «Հայաստանի մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարության» «Մեր ազգային արժեքները» գլխի 3-րդ կետով եւ «Մեր ազգային նպատակները» գլխի 6-րդ կետով սահմանված նպատակները, ըստ որոնց՝ «Հայոց լեզուն եւ հայ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը» հռչակված են ազգային արժեքներ, իսկ ազգային նպատակներում առանձին տեղ է տրված «հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանմանը եւ զարգացմանը»՝ ներառյալ ազգային ինքնության վերականգնումը եւ զարգացումը՝ ազգային ինքնագիտակցությունից հեռացող հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի մեծացմամբ:

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը մասնավորապես պայմանավորված է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման լիազորող նորմ սահմանելով:

Այս լիազորությունը Լեզվի կոմիտեն իրականացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության ղեկավարի 1995 թվականի հոկտեմբերի 25-ի Հ. 164 հրամանով, որով հաստատվել է Հայերենի բարձրագույն խորհրդի կազմը եւ կանոնադրությունը, համաձայն որի՝ Հայերենի բարձրագույն խորհուրդը մշակում եւ սահմանում էր ժամանակակից հայերենի բառակերտման, տերմինաբանության, տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, կետադրության կանոնարկման սկզբունքները, քննարկում եւ լուծում լեզվական վիճելի հարցերը, ընտրություն կատարում զուգաձեւ կիրառությունների մեջ, կայացնում որոշումներ: 2007 թ. ՀՀ կրթութան եւ գիտության նախարարի հրամանով Հայերենի բարձրագույն խորհուրդը վերանվանվել է Հայերենի տերմինաբանական խորհուրդ :

Հայերենի բարձրագույն խորհրդի աշխատանքների հիման վրա 2006 թ. հրատարակվել է «Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու 1956-2006» ժողովածուն, որտեղ ներառված են խորհրդի որոշումներով կանոնարկված ձեւերը: Դրանք ունեն հայոց լեզվի տերմինաշինությունը, ուղղագրությունը եւ կետադրությունը լեզվաբանորեն նորմավորող նշանակություն եւ այժմ էլ խորհրդատվական կարգով ներկայացվում են Լեզվի կոմիտեի լեզվական պարզաբանումներում: Տեղեկատուի հրատարակումից հետո Տերմինաբանական  խորհրդի այլ որոշումներ չեն ընդունվել, եւ փաստացի խորհուրդը չի գործել: Վերջին տարիներին, նպատակ ունենալով կողմնորոշելու հանրությանը լեզվական տարաձեւ կիրառությունների հարցում, Լեզվի կոմիտեն հիմնականում հանդես է եկել լեզվական առանձին դեպքերին վերաբերող պարզաբանումներով՝ հիմնվելով հրապարակում եղած գիտական գրականության մեջ առկա տեղեկությունների վրա:

Ինչպես Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, այնպես էլ վերջին տարիներին Լեզվի կոմիտեի տված պարզաբանումները պարտադիր ուժ չեն ունեցել հենց այն պատճառով, որ դրանք լեզվաբանորեն նորմավորել են լեզվական իրողությունները, բայց օժտված չեն եղել պետական ու հանրային կյանքում պարտադիր իրավական ուժով: Մյուս կողմից, որքան էլ օրենքով Լեզվի կոմիտեին տրված է լեզվի կանոնարկման գործառույթը, բայց պետական ու հանրային կյանքում տարածված լեզվական տարաձեւությունները վերաբերում են պետական ու հանրային կյանքի տարբեր ոլորտներին: Ուստի, դրանց կանոնարկումը մասնագիտորեն հիմնավորված եւ գործնականորեն ըստ անհրաժեշտության իրականացնելու համար կարեւոր է  ոլորտային գերատեսչությունների եւ փորձագետների ներգրավումը լեզվական կանոնարկման աշխատանքներին հանձնաժողովի ձեւաչափով:

Առաջարկվող կարգավորմամբ լրացվում են վերը նշված բացերը: ՀՀ Կառավարությանը տրվում է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատող լիազորող նորմը սահմանելու, ինչպես նաեւ կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ աշխատակարգը հաստատելու լիազորություն:

Առաջարկվող նախագծով լրամշակվում է ՀՀ «Լեզվի մասին» օրենքի Հոդված 1.1-ի 8-րդ պարբերությամբ «գրական հայերենի կանոնարկում» հասկացությունը եւ Հոդված 5-ը լրացվում նոր կետով՝ անփոփոխ թողնելով Հոդված 5-ի մյուս կետերը, որոնք վերաբերում են պետական լեզվաքաղաքականության իրականացմանը եւ Հայաստանի Հանրապետության՝ հայերենով տպագիր մշակույթ ստեղծելու եւ «Լեզվի մասին» օրենքը պահելու հանձնառության վերաբերյալ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով Լեզվի կոմիտեի լիազորություններից է  հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածության ապահովումը : Նշված լիազորությունն իրականացնելու նպատակով Լեզվի կոմիտեն մշակել է «Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը» նախագիծը:

Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված միեւնույն հասկացության ու հատուկ անվան տարաձեւ կիրառությունները գործնականում տարընթերցումների տեղիք են տալիս պետական եւ հանրային կյանքում: Նախագծի մշակումը պայմանավորված է պետական ու հանրային հաղորդակցություններում թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների տարաձեւ կիրառությունից առաջացող  շփոթը կարգավորելու եւ պետական կյանքում լեզվի ստանդարտացման անհրաժեշտությամբ:

Թեեւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով Լեզվի կոմիտեի լիազորություններում ներառված է հայերենի կանոնարկումը, սակայն օրենքում բացակայում է վերոնշյալ լիազորության իրականացումն ապահովող նորմը, որի պատճառով հնարավոր չէ լիարժեք իրականացնել թե՛ տրված լիազորությունը, թե՛ լեզվի ստանդարտացումը:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է «Լեզվի մասին» օրենքում լրացնել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա ընթացքի մեջ դնել «Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը» նախագծի, կանոնարկման նպատակով ձեւավորված հանձնաժողովի կազմի ու աշխատակարգի ընդունումը եւ լիարժեք դարձնել լեզվի ստանդարտացման գործընթացը ՀՀ պետական ու հանրային կյանքում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված հաստատությունները եւ անձինք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լեզվի կոմիտե:

5. Կապը այլ փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունման արդյունքում Կառավարության կողմից կընդունվի պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, կհաստատվի այդ նպատակով ձեւավորված հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը:

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ»

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարության» «Մեր ազգային արժեքները» գլխի 3-րդ, «Մեր ազգային նպատակները» գլխի 6-րդ կետերից: Ըստ «Մեր ազգային արժեքները» գլխի 3-րդ կետի՝ Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը սահմանված են որպես ազգային արժեքներ, իսկ ըստ «Մեր ազգային նպատակները» գլխի 6-րդ կետի՝ Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանումն ու զարգացումը,  ներառյալ ազգային ինքնության վերականգնումը եւ զարգացումը ռազմավարական նպատակներ են, որոնք հնարավոր է իրականացնել  հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմամբ:

Ռազմավարական այս նպատակների իրականացումը հնարավոր է զարգացող լեզվական միջավայրում ձեւավորվող հասկացությունների, փոխառվող հատուկ անունների ստանդարտացմամբ: Հասկացությունները պետական ու հանրային կյանք են թափանցում թարգմանությունների եւ փոխառությունների ճանապարհով: Դրանք, արտահայտելով պետական ու հանրային կյանքի նորահայտ երեւույթները, մասն են դառնում հազարամյակներով ձեւավորված ազգային գրական մշակույթի, երբ միօրինականացվում են եւ համընդհանուր կերպով ներդրվում պետական ու հանրային կյանքում: Մյուս կողմից, լեզվական ստանդարտացմամբ նպաստելով միեւնույն երեւույթի համընդհանուր անվանման ու ճանաչման գործընթացին՝ հնարավորություն է ստեղծվում ոչ միայն բարձրացնել հասարակական հաղորդակցության մակարդակը, այլ նաեւ նպաստել հայության շրջանում հայերենի տարածելիության բարձրացմանը:

Առաջարկվող փոփոխությունները համահունչ են նաեւ կառավարության՝ տարբեր ոլորտներում միասնական ստանդարտներ սահմանելու քաղաքականությանը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 482 - Լ որոշմամբ հաստատված պետական ստանդարտացման ծրագրով սահմանված գործողություններին: Ծրագրի երկրորդ բաժնի 9-րդ կետի համաձայն՝ լիազորող նորմի եւ կանոնակարգի պայմաններում հնարավոր կլինի նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը՝ հիմնված այդ ոլորտներում կիրառվող հասկացությունների հստակ ու կանոնակարգված սահմանումների վրա: Սա հնարավորություն կտա, օրինակ, գործածման ենթակա տարաբնույթ ուղեցույցներն ու կանոնակարգերը դարձնել առավել մատչելի եւ կիրառելի ոչ միայն տվյալ ոլորտում, այլ նաեւ պետական կառավարման համակարգում ու հանրային կյանքում:

Հետեւաբար առաջարկվող նախագիծը ուղղակիորեն բխում է ինչպես «Հայաստանի մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարության», այնպես էլ ստանդարտացման ոլորտում կառավարության քաղաքականության թիրախներից եւ միտված է աջակցելու պետական քաղաքականության բնագավառներում համապատասխան գործընթացներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն