Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«էկոլոգիական մշակույթ՝ մարդու եւ բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման մակարդակ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի եւ յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության եւ դաստիարակության ոլորտներում
Էկոլոգիական անընդմեջ կրթության եւ դաստիարակության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնն ստանալու պետական երաշխիքի ապահովումը.
բ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը.
գ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային եւ ճյուղային բոլոր պետական ծրագրերում.
դ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.
ե) մշակույթների ու ավանդույթների բազմաձեւության ապահովումը, ազգային կոլորիտի պահպանումը՝ որպես էթնոէկոլոգիական համակարգ.
զ) միասնական` բնագիտական ու մշակութաբանական փոխադարձաբար կապված արժեքների ձեւավորումը մարդու եւ բնության համար:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: