Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջությանեւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը )
1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) (այսուհետ` ընդհատում)`
1) մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչեւ12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ.
2) 12-ից մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:
2. Բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որեւէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչեւ 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:
3. Ընդհատումը անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առողջապահական հաստատության գործադիր մարմնի ղեկավարի համապատասխան ակտով ստեղծված մշտապես գործող բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` երեք օրացուցային օր ժամկետով (իսկ եթե երրորդ օրացուցային օրը համընկնում է հղիության 12-րդշաբաթը լրանալու օրվան, ապա մինչեւ այդ ժամկետը լրանալը), որը հաշվվում է կնոջ` ընդհատման համար բժշկին առաջին անգամ դիմելու պահից:
5. Ընդհատումը կարող է իրականացվել միայն մանկաբարձական եւ գինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում:
6. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը ընդհատման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ տրամադրել անվճար խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, եւ որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:
7. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես հետո բժիշկը պարտավոր է կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների եւ (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, եւ որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները, ներառյալ`
1) ընդհատման հակացուցումները եւ անհրաժեշտ հետազոտությունների ցանկը.
2) ընդհատման բժշկական եւ սոցիալական ցուցումների ցանկը.
3) մինչեւ 12 շաբաթական ընդհատման համար հղի կնոջ կողմից ներկայացվող գրավոր դիմումի ձեւը.
4) բժշկական կամ սոցիալական ցուցումներից ելնելով՝ ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձեւը.
5) անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) հղիության ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից գրավոր համաձայնության ձեւը:
9. Սույն հոդվածով սահմանված պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: