Armenian ARMSCII Armenian
Կ-847-23.05.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածում.

1) 2-րդ մասում «հունվարի 31-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով.

2) լրացնել նոր 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տեղեկատվական համակարգում ներառված այն իրավաբանական անձանց, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն (բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք), Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերում բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում կարող են ուղղվել սոցիալական բնույթի ծախսերի ֆինանսավորմանը այդ իրավաբանական անձանց՝ տեղեկատվական համակարգում արտացոլված գործադիր մարմնի ղեկավարի կողմից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. Իրավաբանական անձանց պետական գրանցում եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա տեխնիկական խնդիրներով պայմանավորված առաջացած իրավիճակի (երբ տեղեկատվական համակարգում ներառված են տվյալներ որոշ անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն) լուծման նպատակով 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով հնարավորություն էր տրվում սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու միջոցով ճանաչել նման գրանցումները: Սակայն նախատեսված ժամկետների կարճատեւության պատճառով մի շարք կազմակերպություններ եւ անձինք փաստացի չեն հասցրել օգտվել օրենքով սահմանված հնարավորությունից:

1.2. 2019 թվականի հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգի համանմանությամբ: Դրա ներքո գործել է մեկ պահպանողական կենսաթոշակային ֆոնդ, որին ուղղվել են մասնակիցների օգտին կատարվող կուտակային հատկացումները, եւ որը կառավարվում է լիցենզավորված կառավարող ընկերության կողմից:

Կենսաթոշակային ֆոնդը շարունակում է սահմանված կարգով կառավարվել, սակայն առաջացած ֆորս մաժորային իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել ձեւավորել հստակ իրավական հիմքեր՝ Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում մասնակցած անձանց կենսաթոշակային խնայողությունների կատարման ի սկզբանե սահմանված նպատակների սահուն իրագործումն ապահովելու համար:

Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի ներքո ձեւավորված կենսաթոշակային ֆոնդը շարունակում է սահմանված կարգով կառավարվել՝ տվյալ ֆոնդի կանոններին համապատասխան: Սակայն գործող օրենքները չեն նախատեսում 2023 թվականի աշնանից հետո առաջացած իրավիճակի կարգավորումներ:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն անձինք, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն կատարում են սոցիալական վճարներ, փաստացի հանդիսանում են նաեւ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգի մասնակից: Դա նշանակում է, որ այդ անձինք ունեն երկու կենսաթոշակային հաշիվ՝ երկու առանձին համակարգերում: Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը հանգեցնում է լուրջ խնդիրների՝ ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից (երկու զուգահեռ համակարգերի եւ ինստիտուտների պահպանում, կենսաթոշակի չափի սխալ հաշվարկ եւ կենսաթոշակի տեսակի սխալ որոշում եւ այլն):

2. Նախագծի նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է.

1) երկարաձգել 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում եւ պետական հաշվառում իրականացնող մարմին կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար:

2) սահմանել Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը: Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:

3. Նախագիծը մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ընդունել ենթաօրենսդրական ակտեր՝ նախագծերի անցումային դրույթներով սահմանված կարգով եւ ժամկետներում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի մշակումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն