Armenian ARMSCII Armenian
Կ-845-22.05.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ                                                                Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների եւ պատմական ամուր կապերի վրա, եւ հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ եւ բարեկամական բնույթով, իսկ երկու երկրների միջեւ առկա սերտ համագործակցությունը եւ գործընկերային հարաբերություններն ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:

Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության  բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ եւ արդյունավետ համագործակցության համար, հետեւաբար, Հայաստանը մեծապես կարեւորում է նաեւ գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը եւ խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարեւորագույն կամուրջ Հայաստան-Եվրոպական Միություն, Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Երկու երկրների պաշտպանության նախարների փոխայցերը, ինչպես նաեւ  պաշտպանության ոլորտի իրավապայմանագրային դաշտում մինչեւ օրս ստորագրված մի շարք իրավական փաստաթղթերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին:

Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ երկկողմ ռազմական համագործակցությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ 2011 թվականին ստորագրված  համաձայնագրով՝ նպատակ ունենալով ապահովել  հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա ռազմատեխնիկական համագործակցության համար պատշաճ պայմաններ: Տարբեր տարիներին ստորագրվել են համաձայնագրեր հունական ռազմական ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի եւ պայմանների մասին, սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների, ռազմաբժշկական բնագավառում համագործակցության մասին, որոնք նախատեսել են փոխգործակցության իրականացում  ռազմական կրթության, զորավարժությունների եւ ուսումնական վարժանքների, ռազմական բժշկության, ռազմական տեղագրության, խորհրդատվական աջակցության ոլորտներում:

Հայաստանը՝ որպես «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, արժեւորում է նաեւ Հունաստանի գործուն դերակատարությունը ՀՀ-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից: ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես են գալիս դեռեւս 2004 թվականի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո՝ հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա է երկխոսության բարձր մակարդակ, կանոնավոր բնույթ են կրում նաեւ խորհրդակցությունները, իսկ տարբեր մակարդակներում պարբերաբար կատարվող փոխադարձ այցերը եւ շփումներն ուղղված են երկխոսության շարունակաբար ընդլայմանը եւ փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը:

2018 թվականին հայկական կողմը առաջարկել է հունական կողմին միջպետական մակարդակով կնքել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» Համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), ինչին ի պատասխան,  հունական կողմը պատրաստակամություն է հայտնել այն միջպետական մակարդակով ստորագրելու համար:

Սույն Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ք. Աթենքում՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, վերջինիս՝ Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջեւ համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների եւ ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման եւ արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարեւորագույն  ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների եւ դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաեւ կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման եւ շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:

Համաձայնագրի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների եւ սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաեւ արտադրման թույլտվության տրամադրման համար  կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:

Համաձայնագիրն իրականացնելու եւ համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային  ժամանակացույցի հաստատում:

Համաձայնագրում ամրագրված է նաեւ դրա  մեկնաբանման եւ կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաեւ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դադարելու կարգը:

Համաձայնագրի վավերացումը տեւական եւ երկարաժամկետ հիմքերի վրա առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության խորացման նպատակ է հետապնդում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության ընդլայնմամբ: Դրա վավերացմամբ կողմերն ընդունում եւ ամրապնդում են համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական եւ տնտեսական ոլորտներում:

Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին եւ դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ժամանակակից սպառազինության, ռազմական եւ այլ տեխնիկայով համալրման եւ հեռանկարային զարգացման համար  հնարավորությունների եւ կարողությունների ստեղծմանը:

Համաձայնագիրը ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը  նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի  Հանրապետության կառավարության միջեւ  ռազմատեխնիկական համագործակցության մասին» Համաձայնագրի վավերացումը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                            Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայ-հունական ռազմական համագործակցությունը բավականին արդյունավետ եւ գործնական բնույթ են կրել, որոնք ընգրկել են մի շարք բնագավառներ, ինչպիսիք են ռազմական կրթությունը, խաղաղապահությունը, սպառազինությունները եւ ռազմական արդյունաբերությունը, զորավարժությունները եւ վարժանքները, հետախուզությունը ու հատուկ նշանակության ուժերը, ռազմական բժշկությունը, ռադիոէլեկտրոնային պայքարը, հակաօդային պաշտպանությունը, հրետանի, ռազմական տեղագրություն ու նյութական եւ խորհրդատվական աջակցությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի նպատակն է ապահովել հավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմատեխնիկական համագործակցության պատշաճ պայմաններ: Համաձայնագրի վավերացումը/հաստատումը, այնուհետեւ ուժի մեջ մտնելը նոր լիցք կհաղորդի առկա հայ-հունական ռազմական ակտիվ, միեւնույն ժամանակ բավականին հեռանկարային համգործակցությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կծանուցեն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին::

2024թ. հունվարի 19-ի դրությամբ հունական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                        ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ Ք. ԱԹԵՆՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝     ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը, մասնավորապես՝ վերջինիս 3-րդ, 5-րդ հոդվածները եւ 9-րդ հոդվածի 3-րդ կետը կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
 

ՀՀ  պաշտպանության նախարար
Ս. Պապիկյանին

ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին

Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության

29.01.2024 թվականի թիվ /01/809-2024 գրության

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝      Գ. Սանոսյան

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն