Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7641-20.04.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.2-րդ մասով՝

«1.2. «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շահառուի սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են 2 տոկոս դրույքաչափով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՑ 120 կմ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքների նախագծերի փաթեթի նպատակը Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում (որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը) տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:

Կարգավորման հարաբերությունների առկա խնդիրները.

Հանրապետությունում, մասնավորապես՝ Երեւան քաղաքից ավելի հեռու գտնվող քաղաքային եւ գյուղական համայնքներում վերջին տարիներին առավել քան արդիական են նոր աշխատատեղերի ստեղծումը, գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ձեւավորումը, ուստի եւ ներդրումների ներգրավման ապահովումը, որը սակայն առավել քան բարդ է տարբեր պատճառներով, այդ թվում եւ՝ հարկային բեռի առկա մակարդակի հետեւանքով: Ուստի, հստակ է, որ արտադրական գործունեության կազմակերպման գործընթացում մի շարք հարկերի գծով արտոնությունների սահմանումը կարող է խթան հանդիսանալ վերոնշյալ համայնքներում գործարար եւ ներդրումային միջավայրի ակտիվացման, ինչպես նաեւ ՀՀ տարածքային համաչափ զարգացման համար, որը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի դրույթներով:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Օրենքների նախագծերի սույն փաթեթով առաջարկվում է՝ 2016 թվականի հունվարի 1-ից Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը տրամադրել արտոնություններ շրջանառության հարկի, եկամտային հարկի եւ շահութահարկի մասով:

Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Օրենքների նախագծերի սույն փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությունը ազատել մի շարք հարկերից՝ նպաստելով այդ համայքներում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավմանը՝ դրանով իսկ լուծելով պետության առջեւ ծառացած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հեռավոր մարզերում ներդրումների ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, առկա աշխատատեղերի պահպանումը, երկրից արտագաղթի կասեցումը եւ այլն: