Armenian ARMSCII Armenian
Կ-818-16.04.2024-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-90-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 21-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 22-րդ,  23-րդ եւ 24-րդ կետերով.

22) էլեկտրոնային գրադարան՝ տարատեսակ էլեկտրոնային փաստաթղթերի հավաքագրված ժողովածու կամ տվյալների շտեմարան, որն օժտված է որոնման եւ ուղորդող հարմարանքներով: Այն կարող է լինել վեբ կայքի կամ էլեկտրոնային կրիչների տեսքով.

23) էլեկտրոնային հրատարակություն՝ էլեկտրոնային ձեւով ներկայացված տեղեկություն կամ ժողովածու, որն անցել է խմբագրական եւ հրատարակչական մշակում.

24) մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն՝ համայնքի մշակութային կյանքի ակտիվացման, հանրային ընթերցանության, գեղագիտական եւ մշակութային կրթության զարգացման, համայնքի բնակչության որակյալ ու բովանդակալից կյանքի կազմակերպման վայր:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 8-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2) 1-ին մասը լրացբել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«9) նպաստում է գրադարանից օգտվողների մշակութային, մտավոր, գեղագիտական կյանքի խթանմանը ու հանգստի կազմակերպմանը:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 13-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2)  1-ին մասը լրացնել նոր 14-րդ, 15-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«14) ապահովում է արտերկրի  գրադարաններում հայկական գրավոր հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքները եւ  հայագիտական ֆոնդի համալրումը՝ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում.

15) սահմանում է գրադարանային աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը.

16) հաստատում է պետական գրադարանային աշխատողների ատեստավորման կարգը.

17) ապահովում է հանրային գրադարանների նկատմամբ մշտադիտարկում:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21.1-ին  հոդվածով.

«Հոդված 21.1 Գրադարանների օգտագործումը

1.Գրադարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային եւ հանգստի կազմակերպման նպատակներով, ինչպես նաեւ իրենց գործառնական նշանակությամբ:

2. Գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում եւ վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում եւ այլ հրատարակչական գործունեություն, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում ու իրացում, կինո- ու տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առեւտրային ցուցահանդեսների կազմակերպում, սրճարանային գործունեություն, թայմ-շեր ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում  գրադարանի գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում), սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տեղերի ապահովում եւ այլն) թույլատրվում է  մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ՝ եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը:»:

Հոդված 5. եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Լրացումները պայմանավորված են ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված 32-րդ կետի 32,2 ենթակետի պահանջից: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների եւ հաստատությունների միջազգային դաշինք»-ին (IFLA), ինչպես նաեւ Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,  մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն /լոֆթ/ հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհաստակեցվի գրադարանների օգտագործման նպատակները, ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվի լիազորող նորմ:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա:

5. Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4.9 կետի Արտերկրում հայկական մշակութային ժառանգության ճանաչելիության բարձրացում, արտերկրում հայ դասական եւ ժամանակակից գրականության այլ լեզուներով հրատարակմանը, հայ գրականության հանրահռչակմանըմիտված ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրում եւ թանգարանների եւ գրադարանների՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտների կայացումը, հասարակության բոլոր շերտերի եւ խմբերի համար ոչ ֆորմալ կրթության եւ ժամանցի միջավայրի ապահովումը, պարբերություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն