Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1.-ին մասով.
«1.1. Էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է՝
ա) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքն ունի բուժական, խթանող, հանգստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին էներգետիկ ըմպելիքի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքները օգտագործում են սպորտային մրցումներին մասնակցելու, առողջության պահպանման կամ բարելավման նպատակով անհատական կամ խմբակային գործողություններ իրականացնելիս կամ դրանց մասնակցությունից հետո ծարավը հագեցնելու համար.
դ) չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասական հետեւանքների մասին.
ե) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
զ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքները օգտագործում են ալկոհոլային խմիչքների հետ համատեղ.
է) նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
2) 3-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
3) 4-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
4) 5-րդ մասի «բ» կետում «ծավալային միավոր)» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
5) 5.1.-ին մասի «բ» կետում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է բնակչության, հատկապես՝ մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բավականին մեծացել է էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, որոնք ակտիվորեն գովազդվում են որպես էներգիա տվող եւ ուժերը վերականգնող միջոցներ՝ լռելով դրանց հակացուցումների, հնարավոր բարդությունների, կախվածության առաջացման եւ չափից շատ օգտագործման դեպքում առողջական լուրջ խնդիրների ի հայտ գալու հնարավորության մասին՝ հատկապես երեխաների ու դեռահասների շրջանում: Արդեն իսկ հայտնի է, որ էներգետիկ ըմպելիքների կանոնավոր օգտագործման արդյունքում մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ այնպիսի հիվանդություններ եւ առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը, արյան ճնշման բարձրացումը, երկարատեւ սինուսային տախիկարդիան (սրտի արագ բաբախում), սրտի աշխատանքի ընդհատումները, առիթմիան եւ այլն:
Թեեւ սուրճի որոշ տեսակներ կարող են ունենալ կոֆեինի բարձր մակարդակ, որը համեմատելի է էներգետիկ ըմպելիքների հետ, սակայն սուրճը, սովորաբար, օգտագործվում է տաք վիճակում եւ, հետեւաբար, ավելի դանդաղ է տեղի ունենում կոֆեինի յուրացումը օրգանիզմի կողմից: Ավելին, էներգետիկ ըմպելիքների որոշ ապրանքանիշերը պարունակում են կոֆեինի ծայրահեղ բարձր մակարդակներ: Եվրոպական սննդի անվտանգության գործակալության (EFSA) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էներգետիկ ըմպելիքների ներդրումը՝ կոֆեինի ընդհանուր ազդեցությանը ենթարկվելու առումով, երեխաների մոտ կազմում է 43%, դեռահասների մոտ՝ 13%, իսկ մեծահասակների մոտ՝ 8%: Համաձայն 2017-2018 թթ. Հայաստանում իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտության տվյալների՝ 11-15 տարեկանների 15%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ օգտագործում են էներգետիկ ըմպելիքներ:
Երեխաների եւ դեռահասների շրջանում կան կոֆեինի օգտագործման ապացուցված բացասական հետեւանքներ, ներառյալ ազդեցությունը նյարդային եւ սրտանոթային համակարգերի վրա, որոնք կարող են առաջացնել կախվածություն: Դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է բերել առողջության եւ վարքի այլ պոտենցիալ բացասական հետեւանքների, ինչպիսիք են ռիսկային վարքագծի դրսեվորումը, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ այլ վնասակար նյութերի օգտագործումը եւ կապված է դեպրեսիայի եւ բժշկական միջամտություն պահանջող վնասվածքների առաջացման հետ: Արդի մասնագիտական գրականության մեջ բարձրաձայնվում են նաեւ էներգետիկ ըմպելիք օգտագործող դեռահասների վարքի փոփոխման եւ ճանաչողական կարողությունների հետ կապված խնդիրները: Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է լինել նաեւ ալկոհոլի կախվածություն առաջացնող ռիսկի գործոն, նույնիսկ եթե այն չի պարունակում ալկոհոլ: Այս երեւույթը ենթադրվում է, որ պայմանավորված է կոֆեինի նյարդաֆարմակոլոգիական ազդեցություններով, որոնք մեծացնում են կախվածության հակումը: Այդ ըմպելիքների օգտագործումը բերում է նաեւ ճարպակալման ռիսկի՝ էներգետիկ ըմպելիքների բարձր շաքարի պարունակության պատճառով: ԱՄՆ-ում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այնպիսի ապրանքների օգտագործումը, ինչպիսիք են էներգետիկ ըմպելիքները կարող է բերել կարիեսի՝ թթվային pH-ի եւ բարձր շաքարի պարունակությամբ պայմանավորված, մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է առաջացնել ատամների էրոզիա:
Թեեւ կոֆեինը համարվում է էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչը, հաճախ այն պարունակում է մի շարք այլ նյութեր: Դրանցից ամենատարածվածներն են՝ գուարանան, տաուրինը, գլյուկուրոնոլակտոնը եւ այլ նյութեր: Կոֆեինի բարձր չափաբաժինների հետ այս նյութերի համակցված օգտագործումը կարող է մեծացնել առողջության վրա բացասական ազդեցությունների ներուժը:
Բոլոր էներգետիկ ըմպելիքներն ունեն գրեթե նույն բաղադրությունը: Դրանք պարունակում են մեծ քանակի կոֆեին, գլյուկոզա, տաուրին, B խմբի վիտամիններ եւ մի շարք այլ քիմիական ծագման նյութեր: Այսպիսի ըմպելիքներում կոֆեինի քանակը 4-5 անգամ գերազանցում է սուրճի մեջ եղած կոֆեինի քանակը (ընդ որում՝ էներգետիկ ըմպելիքներում առկա գազի շնորհիվ օրգանիզմը ավելի արագ է յուրացնում կոֆեինը), իսկ տաուրինի պարունակությունը գերազանցում է օրգանիզմի օրական պահանջը մոտ 250 անգամ, որի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի համար դեռեւս հետազոտված չէ:
Էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետեւանքով ռիսկերի նվազեցման նպատակով՝ տարբեր երկրներ դրանց սահմանափակմանն ուղղված տարբեր քաղաքականություններ են մշակում: Օրինակ՝ Դանիայում, Թուրքիայում, Նորվեգիայում, Ուրուգվայում, Իսլանդիայում գործում է դրանց բացարձակ արգելք: Ներկայում ԵՄ անդամ պետություններում նախատեսվում են կոնկրետ կարգավորող մոտեցումներ՝ ներառյալ անչափահասներին վաճառքի սահմանափակումները: Շվեդիայում, օրինակ, որոշ ապրանքների վաճառքը թույլատրված է միայն դեղատներում, իսկ մինչեւ 15 տարեկան երեխաներին վաճառքն ընդանրապես արգելված է: Կանադան պարտադրում է նախազգուշական մակնշման առկայություն, որով նշվում է օրական առավելագույն սպառման քանակը եւ ներառում է նախազգուշացում էներգետիկ ըմպելիքները ալկոհոլի հետ չխառնելու վերաբերյալ: Հունգարիայում 2012 թվականին, ի լրումն մի շարք այլ ապրանքների եւ սննդանյութերի՝ կոֆեին պարունակող էներգետիկ ըմպելիքների վերաբերյալ ներդրվել է«հանրային առողջության հարկը»:
Բացի նշվածներից, բազմաթիվ այլ երկրներ եւս, հաշվի առնելով վերը նշված հիմնահարցերը, արդեն իսկ ընդունել են օրենսդրական որոշակի կարգավորումներ՝ հատկապես երեխաների եւ երիտասարդների շրջանում էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման նպատակով: Մասնավորապես, Ամերիկայի Միացյալ Նահանգներում էներգետիկ ըմպելիքների իրացումն ու վաճառքը կարգավորվում է նահանգային օրենքներով՝ ԱՄՆ-ի Սննդի եւ դեղերի վարչության (FDA) կողմից՝ համաձայն «Սննդի, դեղերի եւ կոսմետիկ արտադրության մասին» օրենքի: ԱՄՆ Վաշինգտոն նահանգում գործում է «Էներգետիկ ըմպելիքների վաճառքի սահմանափակման մասին» օրենքը, համաձայն որի՝
- անձը չի կարող տասնութ տարեկանից ցածր անձին վաճառել, տալ, նվիրել կամ առաջարկել վաճառել կամ մատակարարել էներգետիկ ըմպելիք,
- այս օրենքն առաջին անգամ խախտելու դեպքում նախատեսվում է դրամական տույժ, որը չի կարող գերազանցել հիսուն դոլարը, երկրորդ խախտման համար նախատեսված դրամական տույժը չի կարող գերազանցել հարյուր դոլարը, իսկ երեք եւ ավելի անգամ խախտելու համար սահմանված դրամական տույժը յուրաքանչյուր խախտման համար չի կարող գերազանցել հինգ հարյուր դոլարը:
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում նույնպես գործում է 18 տարեկանից ցածր անձանց «էներգետիկ ըմպելիքների» վաճառքն արգելելու մասին օրենքը, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ, ով տարածում, առաքում, նվիրում կամ վաճառում է ցանկացած «Էներգետիկ ըմպելիք» կամ այլ արտադրանք կամ ըմպելիք, որում կոֆեինի պարունակությունը գերազանցում է 71 մգ-ը 12 ունցիայի համար եւ առկա է տաուրին եւ գլյուկուրոնոլակտոն, կամ իբրեւ սննդային հավելում որակված այլ փափուկ խմիչք, որում կոֆեինի պարունակությունը հավասար կամ ավելի է, քան 80 մգ 8 հեղուկ ունցիայի համար եւ սովորաբար ներառում է մեթիլքսանտինների, վիտամինների B խմբի եւ մինչեւ 18 տարեկան անձանց համար որպես էներգիայի աղբյուր կամ էներգիայի բարձրացման միջոց գովազդվող բուսական տարր եւ չի կարգավորվում Սննդամթերքի եւ դեղերի վարչության կողմից, ենթակա է պատժի տուգանքով՝ ոչ պակաս, քան հիսուն դոլար առաջին խախտման համար, հարյուր դոլար՝ երկրորդ խախտման համար եւ երկու հարյուր հիսուն ԱՄՆ դոլար երրորդ խախտման համար:
Ռուսաստանի Դաշնության Պետդումա է ներկայացվել օրինագիծ՝ 18 տարին չլրացած անձանց ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքն արգելելու վերաբերյալ: Նախագիծը ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2024թ. սեպտեմբերի 1-ից: Բացի այդ, ՌԴ 65 սուբյեկտներում արդեն իսկ ընդունվել եւ գործում են նմանատիպ արգելք սահմանող օրենսդրական ակտեր:
Ֆրանսիայում Երիտասարդության, սպորտի եւ հասարակայնության հետ կապերի նախարարությունը 2008թ. ընդունել է GS/EA3/DGESCO/B3 no 2008-229 շրջաբերականը, որի համաձայն ուսումնական հաստատություններում արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը, ըստ որի՝ ուսումնական հաստատությունների ղեկավարները պարտավոր են ապահովել, որ նման ապրանքները հասանելի չլինեն ուսանողներին (ճաշարան, դպրոցական սննդի կետ եւ այլն), եւ երաշխավորեն, որ նրանք վերոնշյալ ըմպելիքները չօգտագործեն դպրոցական հաստատությունում:
Լատվիայի Հանրապետությունում նույնպես արգելված է էներգետիկ ըմպելիքների վաճառքը մինչեւ 18 տարեկան անձանց: Օրենքի համաձայն՝ վաճառողնեը պետք է երիտասարդ հաճախորդներից պահանջեն անձը հաստատող փաստաթուղթ: Այն վաճառողները, ովքեր կխախտեն տվյալ օրենքը, կենթարկվեն պատասխանատվության՝ 175 եվրոյի կամ 195 դոլարի չափով եւ այլն:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացության սահմանումը, ՀՀ-ում արգելել մինչեւ 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել էներգետիկ ըպելիքների գովազդի հնարավորությունները եւ ոչ պատշաճ (ապրանքի իրական բովանդակությունը չբացահայտող) գովազդի հեռարձակումը եւ էներգետիկ ընպելիքների գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթը, ինչպես նաեւ սահմանել վարչական պատասխանատվություն՝ նշված սահմանափակումները եւ արգելքները խախտելու համար:
Բացի այդ, նախագծի 3-րդ հոդվածի 16.1.-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ 18 տարին չլրացած անձանց, բացի էներգետիկ ըմպելիքներից, արգելվում է նաեւ ալկոհոլային խմիչքների վաճառքը: Խնդիրը կայանում է նրանում, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասով նախատեսված է. «18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, ...» վաճառելու համար վարչական պատասխանատվություն (վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով), այն դեպքում՝ երբ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ վաճառելու արգելք չի սահմանել: Հետեւաբար, նշված մասով առաջարկվում է լրացնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առկա՝ ալկոհոլային խմիչքների հետ կապված օրենսդրական բացը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերի փաթեթը մշակվել է Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանի կողմից: Նախագծերի փաթեթի մշակման աշխատանքներին մասնակցել են ............................... :
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է նպաստել հանրային առողջության եւ հատկապես երեխաների եւ երիտասարդների առողջության պահպանմանը, ինչպես նաեւ երիտասարդ տարիքում կոֆեինից եւ տաուրինից անձանց կախվածության դեպքերի նվազեցմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ