Armenian ARMSCII Armenian
Կ-722-18.02.2015-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի փետրվարի 19-ի ՀՕ-33 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով.

«Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչեւ 70 տարին լրանալը, իսկ» բառերը փոխարինել «եւ» բառով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանված աշխատավարձի չափը: