Armenian ARMSCII Armenian
Կ-7561-10.01.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2011 թվականի մայիսի 25-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

1) 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնք գործարար ծրագրի վերաբերյալ ստացել են Կառավարության կողմից տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա եւ տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքել են պայմանագիր: Տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը չի կարող լինել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործող:»:

2) 7-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6. Հայտատուի` տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման եւ դադարեցման, ինչպես նաեւ շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական եւ հերթական հայտարարագրերի հաստատման եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 14. Ազատ տնտեսական գոտում թույլատրվող գործունեության տեսակները

1. Ազատ տնտեսական գոտում թույլատրվում է տնտեսական գործունեության ոլորտների հետեւյալ բաժիններում ներառված գործունեության տեսակների իրականացումը.

1) մշակող արդյունաբերություն.

2) գյուղատնտեսություն.

3) Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում.

4) թափոնների կառավարում եւ վերամշակում.

5) պահեստային տնտեսություն.

6) ուղեւորափոխադրումներ ճոպանաքարշերով, ճոպանուղիներով, ճոպանավոր վերհաններով եւ այլն, եթե դրանք ընդգրկված չեն քաղաքային եւ մերձքաղաքային տրանսպորտային համակարգում.

7) կացության եւ հանրային սննդի կազմակերպում.

8) ծրագրային ապահովման մշակում.

9) տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակում եւ կիրառում.

10) օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոյների եւ այլ ալտկոյնների ստեղծում.

11) մշակույթ, զբոսաշրջություն, զվարճություններ եւ հանգիստ (բացառությամբ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն):

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված բաժիններում ընդգրկված՝ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, յուրաքանչյուր անգամ սահմանվում են ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, հսկիչ անցագրային ռեժիմի ապահովումը, ներառյալ՝ այդ տարածք անձանց մուտքի կարգի սահմանումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանվող կարգավորումների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտիների շահագործողների ռեեստրում ներառված շահագործողների վրա:

3. Սույն օրենքով սահմանվող կարգավորումների գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտիների շահագործողների ռեեստրում ներառված շահագործողների վրա՝ մինչեւ վերջիններիս` տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողության ժամկետը լրանալը:

4. Սույն օրենքով սահմանվող կարգավորումների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված ազատ տնտեսական գոտիների վրա, իսկ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիներում սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական գործունեության ոլորտների բաժիններում չներառված գործունեության տեսակների իրականացումը թույլատրվում է մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը:

5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: