Armenian ARMSCII Armenian
Կ-7032-13.11.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի՝ 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն փոփոխություններով եւ լրացումներով (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածը «որակավորմամբ» բառից հետո լրացնել «մասնագիտական կրթական ծրագրով սահմանված կարողությանը, զբաղմունքին համապատասխան» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը «որակավորման» բառից հետո լրացնել «, կարողության, զբաղմունքի» բառերը,

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Աշխատող են համարվում նաեւ մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն անցնող եւ աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները:»:

Հոդված 3.

Օրենսգրքի 17.1-րդ հոդվածի 6-րդ մասը «միջոցառումների մասնակցելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք կատարելու» բառերը,

Հոդված 4.

Օրենսգրքի 20-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի 2-րդ կետի 1-ին նախադասությունում «նշված որակավորմանը» բառերից հետո լրացնել «կամ դրանց կրթական ծրագրի նկարագրին» բառերը, իսկ 2-րդ նախադասությունում «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 100.1.-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամանակահատվածը»:

Հոդված 5. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը «որակավորում չպահանջող» բառերից հետո լրացնել «կամ մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունում «ծառայություններից» բառից հետո լրացնել «կամ ուսումնական հաստատությունների սովորողների (շրջանավարտների) ռեսուրսներից» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 89-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի 3-րդ կետում «պատրաստվածության հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարելու դեպքերի» բառերը.

բ) 3-րդ մասը «մասնագիտական պատրաստվածության» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձեւով ուսուցման ընթացքում աշխատանքային փորձառության,» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «անձինք» բառերից հետո լրացնել «կամ մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները,» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

«4.1) մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների հետ.»:

Հոդված 10. Օրենսգրքի գլուխ 13-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 100.1. Մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագիրը

1. Մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում որոշակի աշխատանք կատարող սովորողի (կամ նրա օրինական ներկայացուցչի) հետ կարող է կնքվել աշխատանքային պայմանագիր:

2. Մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքային պայմանագիրը կնքվում է այն ժամանակահատվածի համար, որը սահմանվել է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի իրագործման համար:

3. Մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքային պայմանագրով աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան՝ համաձայն գործատուի սահմանած ժամանակացույցի (գրաֆիկի):

4. Մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրի գործողության ժամանակահատվածում սովորողը ներգրավվում է տվյալ որակավորման առանձնահատկությունից բխող աշխատանքներում:»:

Հոդված 11. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասում «միջոցառումներին» բառից հետո լրացնել «, մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանքների»:

Հոդված 12. Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1.1-ին մասը «նկատմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սովորողների փաստացի կատարած աշխատաժամանակի հաշվարկման դեպքի:» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասը մինչեւ «տասնութ տարեկան անձանց, բառերից հետո լրացնել «բացառությամբ մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների, եթե դա պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով եւ անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքները ապահովելու համար» բառերը:

Հոդված 14. Օրենսգրքի 201.2-րդ հոդվածը շարադրել հետեւայլ խմբագրությամբ.

«Հոդված 201.2. Աշխատողների մասնագիտական կատարելագործումը եւ զարգացումը

1. Գործատուն աշխատողի համաձայնությամբ եւ գնահատված կարիքի հիման վրա կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում) կազմակերպել աշխատողի կարողությունների կատարելագործմանը, արդիականացմանը եւ նոր հմտությունների ձեռքբերմանը միտված լրացուցիչ կրթական ծրագրեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվում է համապատասխան պայմանագիր:

3. Մասնագիտական կատարելագործման եւ զարգացման դասընթացին աշխատողի մասնակցության ժամանակահատվածում պահպանվում են նրա աշխատատեղը (պաշտոնը) եւ վարձատրությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքի:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դասընթացին մասնակցությունը աշխատողի համար սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի իմաստով գործուղում չի համարվում:

5. Սույն հոդվածի 2-ին մասով սահմանված պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցած անձը պարտավոր է գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը՝ պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով:»:

Հոդված 15. Օրենսգրքի 209-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների օրապահիկը, տեղափոխման եւ կեցության հետ կապված ծախսերը հատուցում է ուսումնական հաստատությունը, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով:»:

Հոդված 16. Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների բժշկական զննությունը, այդ թվում՝ պարբերական զննությունը փոխհատուցում է ուսումնական հաստատությունը, եթե այլ բան սահմանված չէ գործատու հետ կնքված պայմանագրով:»:

Հոդված 17. Օրենսգրքի 257-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 1-ին նախադասությունում «վնասակար համարվող աշխատանքներում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մաս.

«3. Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձինք մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում կարող են ներգրավվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքներում, եթե դա պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով եւ անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքները ապահովելու համար: Այս դեպքում, գործատուն ապահովում է անչափահասի առողջության, անվտանգության եւ բարոյականության պահպանման համապատասխան պայմաններ եւ անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ նախապես տրամադրել անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, անցկացնել ուսուցում եւ հրահանգավորում: Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ եւ փորձ ունեցող անձի հսկողության ներքո:

Հոդված 18. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկել այն սովորողների կատարած աշխատանքի տեւողությունը, որոնք ապահովվել են կրթության կառավարման պետական լիազոր մարմին գերատեսչական ակտով իրականացված փորձարարական ծրագրի շրջանակում սահմանված գործնական աշխատանքային ուսուցման պահանջները:

3. Աշխատանքային ստաժի հաշվարկման կարգում, որպես աշխատանքային ստաժում հաշվարկման ենթակա այլ ժամանակահատված, թույլատրել մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով սահմանված որոշակի աշխատանք կատարած աշխատանքի տեւողությունը՝ անկախ դրա իրականացման պարբերականությունից: