Armenian ARMSCII Armenian
Կ-703-13.11.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (այսուհետ՝ կրճատ՝ ՄԿՈՒ) համակարգի գործունեության, կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ դրանց մասնակիցների, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները՝ ապահովելով անձի նախասիրություններին, հնարավորություններին ու աշխատաշուկայի կարիքներին եւ զարգացման միտումներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի իրացումը:

2. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների վրա՝ անկախ նրանց կազմակերպաիրավական ձեւից ու հիմնադրից:

3. Սոցիալական գործընկերության հիման վրա որոշակի կրթական ծրագիր իրականացնող կամ դրան մասնակից կազմակերպությունների նկատմամբ սույն օրենքը տարածվում է այնքանով, որքանով առնչվում է կրթության եւ ուսուցման գործընթացին:

Հոդված 2. Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենսդրությունը

1. ՄԿՈՒ բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Աշխատանքային օրենսգրքով, «Կրթության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով եւ ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) մասնագիտական կրթություն՝ առնվազն հիմնական կրթության հիմքով արհեստավորի կամ մասնագետի որակավորում շնորհող մակարդակներում իրականացվող ուսումնառության արդյունքներ ձեւավորելու գործընթաց.

2) մասնագիտական ուսուցում՝ անձի կարիքներին կամ պատվիրատուի պատվերին համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ուսումնառություն, որով անձը ձեռք է բերում որոշակի աշխատանքի կամ զբաղմունքի նկարագրով սահմանված գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ կամ ունեցածը հարմարեցնում դրանց.

3) մասնագիտական ուսումնական հաստատություն (այսուհետ՝ ՄՈՒՀ)՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մասնագիտական կրթության արհեստագործական կամ միջին մասնագիտական մակարդակի հիմնական եւ լրացուցիչ ծրագիր, կազմակերպում է մեթոդական եւ աշխատանքային գործունեություն.

4) քոլեջ՝ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ՄՈՒՀ.

5) ոլորտային որակավորումների շրջանակ (այսուհետ՝ ՈՈՇ)՝ որակավորումների ազգային շրջանակին համապատասխան՝ որոշակի ոլորտում մասնագիտական կրթության մակարդակի որակավորումների խմբի (ցանկ, ամբողջություն) համար սահմանված ուսումնառության ընդհանուր վերջնարդյունքներ.

6) կրթական ծրագիր՝ ուսումնական, աշխատանքային եւ հետազոտական բաղադրիչների ամբողջություն, որով սահմանվում են մասնագիտական կրթության մակարդակը, կրթական ոլորտի մասնագիտական ուղղվածությունը, բովանդակությունը եւ ուսումնառության վերջնարդյունքները, որի անվանումը որակավորման հետ մեկտեղ ամրագրվում է ավարտական փաստաթղթում.

7) ուսումնառության ժամկետ՝ տվյալ մակարդակի կրթական ծրագրի որակավորման համար uահմանված ուuումնառության նորմատիվային տեւողություն.

8) ուսումնական մոդուլ՝ կրթական ծրագրի բաղադրիչ հանդիսացող դասընթացի ինքնուրույն բաղկացուցիչ մաս, որի համար տրվում է կրեդիտ.

9) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին պահանջվող գիտելիքի, կարողունակությունների ամբողջություն.

10) կրեդիտ՝ դասընթացի կամ ուսումնական մոդուլի, այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն ծավալի, ուսումնառության (նաեւ՝ աշխատանքային) վերջնարդյունքներ ձեռք բերելու համար ուսանողի ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր.

11) կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգ՝ ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման եւ փոխանցման, ուսանողների սահուն շարժունությունը ապահովող գործողությունների ամբողջություն.

12) սոցիալական գործընկերություն՝ ՄԿՈՒ համակարգի ու գործատուների միջեւ համընդհանուր համաձայնեցված նպատակների իրականացմանը միտված կրթական, աշխատանքային, գործընկերային ու սոցիալական համագործակցության դրսեւորման ձեւ.

13) աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն (այսուհետ՝ ԱՀՈՒ)՝ ուսումնառության կազմակերպման ձեւ, որն իրականացվում է իրական աշխատատեղում կամ դրան համապատասխանեցված աշխատանքային միջավայրում՝ ապահովելով ուսումնառության վերջնարդյունքներին միտված աշխատանքային կարողունակությունների ձեռքբերումը.

14) հեռավար ուսուցում՝ հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման ձեւ եւ համաժամանակյա ու ապահամաժամակյա (ասինքրոն) իրականացման մեթոդ, որի ընթացքում մանկավարժական աշխատողի եւ ուսանողների (ունկնդիրների) միջեւ անմիջական կամ ոչ անմիջական հաղորդակցումն իրականացվում է ուսուցման կառավարման հարթակների եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների միջոցներով.

15) դրսեկություն՝ հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը ինքնակրթության կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության միջոցով կազմակերպելու ձեւ, որի ընթացքում ուսումնառությունը իրականացվում է մանկավարժական աշխատողի անմիջական եւ ոչ անմիջական խորհրդատվության, թեմատիկ առաջադրանքների ուղղորդման, ինչպես նաեւ ուսումնառող անձի կողմից վերջնարդյունքների ամփոփման միջոցով.

16) ուսումնառության դադարեցում՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերով ուսանողի ուսումնառությունը անավարտ թողնելը՝ ՄՈՒՀ-ից հեռացնելու, ազատելու կամ ուսումնառությունը ընդհատելու միջոցով.

17) պետական ամփոփիչ ստուգում՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրի որակավորումով սահմանված ուսումնառության վերջնարդյունքներին շրջանավարտի գիտելիքի, կարողունակությունների համապատասխանության ստուգման եւ գնահատման գործընթաց, որի դրական արդյունքով շնորհվում է համապատասխան որակավորում.

18) մասնագիտական կրթության որակավորում (այսուհետ՝ որակավորում)՝ անձին շնորհվող մասնագետի կամ արհեստավորի կրթական աստիճան, որը հավաստում է ՄԿՈՒ տվյալ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը եւ հաստատվում համապատասխան պաշտոնական ավարտական փաստաթղթով.

19) դիպլոմ՝ անձին շնորհված որակավորումը եւ կրթական աստիճանը հավաստող պաշտոնական փաստաթուղթ.

20) որակի ապահովում՝ որակի ներքին եւ արտաքին գնահատման սահմանված չափանիշներին համապատասխան՝ ՄՈՒՀ-ի եւ դրա կրթական ծրագրերի մշտադիտարկման, գնահատման եւ բարելավման շարունակական գործընթաց.

21) ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ կամ կրթական ծրագրի (այսուհետ՝ ծրագրային) հավատարմագրում՝ որակի գնահատման գործընթաց, որի միջոցով հավաստվում է ՄՈՒՀ-ի կամ դրա կրթական ծրագրի համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին.

22) ուսանող՝ մասնագիտական կրթության որեւէ մակարդակի կրթական ծրագրով ուսումնառող անձ.

23) ունկնդիր՝ մասնագիտական կրթության լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված եւ ուսումնառող անձ.

24) աշկերտ՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության դուալ կամ պրակտիկա ձեւերով գործնական աշխատանքային ուսուցում անցնող ուսանող.

25) ուսանողական նպաստ՝ ուսանողի ուսման վարձի, ներառյալ՝ կրթական ծառայությունների ծախսերի սոցիալական փոխհատուցում՝ պետական բյուջեի միջոցների, ուսումնական հաստատության, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին.

26) ուսանողական կրթաթոշակ՝ ուսանողին ուսման վարձի, ներառյալ՝ կրթական ծառայությունների ծախսերի, լրիվ կամ մասնակի փոխհատուցում կամ ուսանողին հատկացվող ֆինանսավորում՝ ակադեմիական առավելությունների, գործնական աշխատանքային ուսուցման ընթացքում ձեռք բերած արդյունքների, հետազոտական աշխատանքների, մասնագիտական նվաճումների, հասարակական ակտիվության համար.

27) կրթության առանձնահատուկ պայմաններ՝ մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման վերջնարդունքների ձեռքբերմանը նպատակաուղղված մոդուլների եւ ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, մատչելի միջավայրի եւ խելամիտ հարմարեցումների, ինչպես նաեւ կրթական գործընթացին անձի մասնակցությանը նպատակաուղղված մանկավարժահոգեբանական եւ այլ ծառայությունների ամբողջություն.

28) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաեւ բացառիկ ընդունակություններ ունեցող անձ, որին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման սահմանված վերջնարդյունքները ապահովելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.

29) ներառական կրթություն՝ յուրաքանչյուր ուսանողի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների եւ հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության եւ կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքի ապահովում.

30) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական եւ մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է ուսանողին, նրա օրինական ներկայացուցիչին եւ մանկավարժական աշխատողին.

31) ուսանողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ անձի մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման ծրագրին մասնակցության դիտարկում, ուսանողի զարգացման հնարավորությունների բացահայտում եւ կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

32) անհատական ուսուցման պլան՝ կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման բնութագրիչների, համապատասխան մոդուլային ծրագրերի եւ ուսանողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է ուսանողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները եւ դրանց հասնելու գործողությունները (ներառյալ՝ աջակցող ծառայությունները).

33)ՄԿՈՒ մանկավարժական աշխատող՝ ուսանողի ուսումնառության մոդուլների յուրացմանը նպաստող եւ (կամ) համապատասխան որակավորման ուղղվածության բովանդակության պահանջները ապահովող մասնագիտական ուսումնական հաստատության աշխատակից, ինչպես նաեւ կազմակերպությունում աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն իրականացնող մասնագիտական ուսուցման հրահանգիչ.

34) դասախոս՝ ՄԿՈՒ մանկավարժական աշխատող, ով դասապրոցեսի միջոցով ապահովում է ուսանողի (ունկնդրի) կողմից ուսումնառության վերջնարդյունքները յուրացնելու գործընթացը.

35)գործնական ուսուցման վարպետ (այսուհետ՝ վարպետ)՝ ՄԿՈՒ մանկավարժական աշխատող, ով ապահովում է ուսանողի (ունկնդրի) կողմից գործնական ուսումնառության արդյունքները ու արհեստագործական հմտությունները յուրացնելու գործընթացը.

36) մասնագիտական ուսուցման հրահանգիչ (այսուհետ՝ հրահանգիչ)՝ սոցիալական գործընկեր կազմակերպության մասնագետ, ով մանկավարժական աշխատողի կարգավիճակ է ստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրի շրջանակում եւ ապահովում է գործնական ուսումնառության արդյունքների կիրառական հմտությունների կատարելագործման գործընթացը.

37) ՄԿՈՒ մանկավարժական աշխատողի օգնական՝ կրթության կազմակերպման գործընթացում դասախոսին եւ վարպետին, անհրաժեշտության դեպքում՝ հրահանգչին աջակցող մանկավարժական աշխատող.

38) ՄԿՈՒ մանկավարժական աշխատողի վերապատրաստում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով երաշխավորված վերապատրաստող կազմակերպություններում լրացուցիչ կրթական ծրագրի իրականացում՝ ուղղված համապատասխան ժամանակահատվածում դասախոսի կամ վարպետի մասնագիտական կարողությունները աշխատաշուկայի պահանջներին համապատասխան լրացնելուն, կատարելագործելուն եւ արդիականացնելուն՝ պետական կառավարման համակարագի լիազոր մարմնի կողմից վեր հանված կարիքի եւ սահմանված պատվերի հիման վրա.

39) ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի ատեստավորում՝ դասախոսի, վարպետի կամ հրահանգչի աշխատանքային կարողունակությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց.

40) տարակարգ՝ դասախոսի, վարպետի կամ հրահանգչի մասնագիտական չափանիշներին համապատասխանող աստիճանակարգ.

41) մասնագիտական չափանիշ՝ դասախոսի, վարպետի կամ հրահանգչի մասնագիտական զարգացման եւ գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողունակությունների, պատասխանատվության նկարագիր.

42) որակավորումների պետական գրանցամատյան (էլեկտրոնային ռեգիստր)՝ ուսանողների ակադեմիական եւ աշխատանքային առաջխաղացման, շնորհված որակավորման եւ նրանց տրված ՄԿՈՒ ավարտական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության գրանցման միասնական շտեմարան.

43) մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ տվյալների հավաքման, վերլուծման եւ տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ քոլեջների կառավարման, ֆինանսատնտեսական, ուսումնական եւ հետազոտական գործընթացների, ինչպես նաեւ ուսանողների ու ՄՈՒՀ-ի աշխատողների մասին:

Հոդված 4. Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները եւ անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները

1. Պետությունը պայմաններ է ստեղծում ՄԿՈՒ համակարգի բնականոն գործունեության եւ զարգացման համար:

2. Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր ուսանողի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության եւ որակի ապահովմանը:

3. ՄԿՈՒ բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝

1) հասարակության մտավոր ներուժի եւ աշխատուժի վերարտադրությունը ու զարգացումը, աշխատաշուկայի մրցունակությունը.

2) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդականությունը եւ հարատեւ կրթության ապահովումը.

3) ՄԿՈՒ մրցունակությունը եւ հրապարակայնությունը.

4) մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը եւ վերահսկելիությունը.

5) մասնագիտական կրթություն իրականացնող սուբյեկտների իրավահավասարությունը.

6) ՄԿՈՒ համակարգի կառավարման թափանցիկությունը եւ կոլեգիալությունը.

7) պետության կողմից գերակա ճանաչված ոլորտներում, կրթական ծրագրերով կամ ՄՈՒՀ-երում պետական առանձնացված քաղաքականության իրականացումը՝ ներառելով կառավարման, ֆինանսավորման եւ կրթության կազմակերպման բաղադրիչները,

8) սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը.

9) մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունները եւ ներառականությունը՝ յուրաքանչյուր ուսանողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան.

10) մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը՝ հաշվի առնելով անձի պահանջմունքները, զարգացման առանձնահատկությունները, պետության կարիքները, աշխատաշուկայի ժամանակակից պահանջները եւ զարգացման միտումները.

11) մասնագիտական կրթության բնագավառում հայկական ավանդական արհեստների եւ արվեստների պահպանումը եւ խթանումը՝ որպես մշակութային ժառանգություն.

12) մասնագիտական կրթության որակավորումների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.

13) հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացումը եւ համագործակցությունը:

4. Պետությունը, հաշվի առնելով աշխատուժի շուկայի կազմը եւ կառուցվածքը, յուրաքանչյուր անձի համար մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է՝

1) մրցութային կարգով մասնագիտական կրթություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) մասնագիտական կրթության համակարգում պետության գնահատված կարիքների եւ զարգացման առաջընթացի ուղղություններին համապատասխան ֆինանսավորում.

3) սոցիալական գործընկերների պատվերով եւ ֆինանսավորմամբ մասնագիտական կրթություն եւ ուսուցում.

4) մասնագիտական կրթություն եւ ուսուցում ստանալու հավասար հնարավորություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման եւ ներառման միջոցով:

5. Պետությունն աջակցում է ՄՈՒՀ-երի ուսանողների, ունկնդիրների մասնագիտական ոլորտներում աշխատանքային կարողունակությունների ձեւավորման ծրագրերին եւ դրանց կազմակերպմանը՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության, ներառական կրթության եւ այլ ձեւերով:

Հոդված 5. Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում պետական քաղաքականության խնդիրները

1. ՄԿՈՒ բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են՝

1) ՄԿՈՒ համակարգի որակի ապահովումը, կատարելագործումը եւ արդիականացումը՝ ժամանակակից մարտահրավերներին համահունչ.

2) ուսանողի եւ ունկնդրի մասնագիտական գիտելիքների, կարողունակությունների համապատասխանության ապահովումը տնտեսության ու աշխատաշուկայի պահանջներին.

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան ծառայությունների ամբողջության միջոցով կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ապահովումը եւ մատչելիությունը.

4) կրթական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերի մշակումը եւ իրականացումը, դրանց ուղղված նախաձեռնությունների խրախուսումը.

5) ուսանողների պետական ֆինանսական օժանդակությունը՝ ըստ ակադեմիական առավելությունների, անձնական նվաճումների եւ սոցիալական վիճակի կարիքների.

6) մասնագիտական կրթության վերջնարդյունքների ստուգման, ուսուցման կազմակերպման նոր ձեւերի ներդրումը.

7) կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգի ներդրումը.

8) ՄԿՈՒ համակարգի շարունակական զարգացումը եւ մրցունակության բարձրացումը, լրացուցիչ եւ շարունակական կրթության հնարավորությունների ընդլայնումը.

9) պետության գնահատված կարիքների հիման վրա առաջանահերթ համարվող ոլորտներում, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի համար մասնագետների պատրաստմանը եւ կատարելագործմանը աջակցելը.

10) կրթական ծրագրերի մակարդակների, որակավորումների ու տնտեսության համապատասխան բնագավառների միջեւ համագործակցային արդյունավետ ձեւաչափերի ստեղծումը՝ համատեղ միջոցառումների, փորձարարական ծրագրերի, ծախսարդյունավետության եւ փոխադարձ աջակցության համար.

11) հայազգի օտարերկրյա քաղաքացիների (հայկական սփյուռքի համար) մասնագիտական կրթություն ստանալու ապահովումը.

12) օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներ:

2. ՄԿՈՒ համակարգի մասնակիցների խնդիրն է՝

1) ՄԿՈՒ տրամադրումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները եւ անվտանգության ռազմավարությունը, գիտության, տեխնոլոգիայի եւ մշակույթի առկա մակարդակը եւ այն պահանջները, որոնք համապատասխանում են մասնագիտական գործունեության ընտրված ոլորտին,

2) ՄԿՈՒ որակի շարունակական բարելավումը, դասավանդման, ուսումնառության արդիական մեթոդների ներդրումը, դրանց բազմազանության եւ արդյունավետության ապահովումը,

3) օրենսդրությամբ սահմանված զբաղմունքների կիրառման համար անհրաժեշտ որակավորումների ապահովումը.

4) մասնագիտական կարողունակությունների շարունակական կատարելագործումը.

5) մասնագիտական որակավորումների միջազգային համադրելիության ապահովումը.

6) անձի այն որակների զարգացումը, որոնք անհրաժեշտ են սոցիալական շուկայական տնտեսության սկզբունքների վրա հիմնված հասարակության մեջ անձի ինքնուրույն գործունեության համար.

7) օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներ:


ԳԼՈՒԽ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


Հոդված 6. Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը

1. ՄԿՈՒ համակարգի նպատակն է ապահովել մասնագիտական կրթության եւ մասնագետների պատրաստման պետական քաղաքականությունը՝ սոցիալական գործընկերների միջեւ փոխշահավետ եւ շարունակական համագործակցության միջոցով ստեղծելով համապատասխան ենթակառուցվածքներ եւ կառուցակարգեր:

2. ՄԿՈՒ համակարգը ներառում է՝

1) ՄԿՈՒ բնագավառում իրավասու պետական կառավարման համակարգի մարմինները եւ այն կազմակերպությունները, որոնք ՄԿՈՒ համակարգում իրականացնում են օրենսդրությամբ սահմանված լիազորություններ.

2) ՄՈՒՀ-երը եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպությունները.

3) կրթությանը մասնակից սոցիալական գործընկեր կազմակերպությունները.

4) լիցենզավորման գործընթացները եւ չափանիշները.

5) ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացները եւ չափանիշները.

6) որակավորումների ազգային շրջանակը, ոլորտային որակավորումների շրջանակները.

7) հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը.

8) ուսումնառության արդյունքների ճանաչմանը, գնահատմանը եւ որակավորումների շնորհմանն առնչվող չափանիշները եւ գործընթացները.

9) որակավորումների պետական գրանցամատյանը:

Հոդված 7. Մասնագիտական կրթական ծրագրերը եւ դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Մասնագիտական կրթական ծրագրերը կազմվում են որակավորումների ազգային շրջանակի եւ ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան:

2. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետեւյալ կրթական ծրագրերի մակարդակներով.

1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր՝ արհեստավորի որակավորում.

2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր՝ մասնագետի որակավորում.

3. ՄՈՒՀ-ը կարող է առաջարկել լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են եւ հիմք են միկրորակավորման համար:

4. ՄՈՒՀ-երը կարող են ըստ որակավորումների իրականացնել նաեւ փորձնական կրթական ծրագրեր:

5. Յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի եւ որակավորման համար կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմում եւ հաստատում է կրթական ծրագրի նկարագիր, որը ներառում է հետեւյալ ընդհանուր պահանջները.

1) կրթական ծրագրի եւ որակավորման նպատակը, խնդիրները եւ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները.

2) կրթական ծրագրին եւ որակավորմանը ներկայացվող մուտքային եւ ելքային (ներառյալ՝ պետական ամփոփիչ ստուգման ձեւերը եւ պարբերականությունը) պահանջները.

3) ուսանողի ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը՝ արտահայտված կրեդիտներով եւ ուսումնառության նվազագույն տեւողությունը.

4) ծրագրի բովանդակությունը՝ որակավորումն ապահովող դասընթացների կամ մոդուլների ցանկը եւ յուրաքանչյուր դասընթացին կամ մոդուլին հատկացվող կրեդիտը.

5) որակավորման առանձնահատկություններով պայմանավորված համապատասխան գույքի եւ սարքավորումների նվազագույն պահանջները.

6) շնորհվող որակավորումը եւ հետագա մասնագիտական գործունեության հնարավոր ոլորտը:

6. ՄՈՒՀ-ը կազմում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշիվը՝ ըստ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած չափանիշների:

7. ՄՈՒՀ-ի մասնագիտական կրթական ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը՝ ապահովելով կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգի կիրարկումը եւ որակավորման աստիճանների շնորհումը:

8. ՄՈՒՀ-երը, համապատասխան գործատուների մասնակցությամբ եւ նրանց առաջարկությունների հիման վրա, մշակում եւ հաստատում են համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագրի ուսումնամեթոդական փաթեթը (ուսումնական մոդուլներ, ուսումնական պլաններ, ծրագրի իրականացման ձեւը):

9. Կրթական ծրագրի յուրաքանչյուր մակարդակում ոլորտային որակավորումների շրջանակի չափանիշները կրթության պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է համապատասխան ՄՈՒՀ-ում կրթական ոլորտի տվյալ մասնագիտական ուղղվածության ծրագրի փորձարկման եւ արդյունավետության գնահատման հիման վրա:

10. Միջազգային պայմանագրերի հիման վրա՝ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով առանձին կրթական ծրագրերի համար կարող են սահմանվել իրականացման եւ կառավարման առանձնահատկություններ՝ պահպանելով կրթական ծրագրի ոլորտային որակավորումների պահանջները:

Հոդված 8. Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները եւ ձեւերը

1. Մասնագիտական կրթությունն իրականացվում է առանձնացված երկու կրթական մակարդակներում աստիճանաշնորհող հետեւյալ հիմնական կրթական ծրագրերով.

1) առաջին մակարդակում՝ արհեստագործական կրթություն, որի ուսումնառությունն ավարտվում է պետական ամփոփիչ ստուգմամբ, եւ ուսումնառությունն ավարտած անձին շնորհվում է արհեստավորի որակավորման աստիճան.

2) երկրորդ մակարդակում՝ մասնագետի կրթություն, որի ուսումնառությունն ավարտվում է պետական ամփոփիչ ստուգմամբ, եւ ուսումնառությունն ավարտած անձին շնորհվում է մասնագետի որակավորման աստիճան.

2. Արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 6 ամսից մինչեւ 3 տարի է:

3. Մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը մեկ տարի 10 ամսից մինչեւ 5 տարի է:

4. Կրթական ծրագրերը, ըստ մասնագիտական կրթության մակարդակների, կարող են իրականացվել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ՝ համադրելով առկա, հեռավար կամ դրսեկության մեթոդաբանական ձեւերը:

5. Մասնագիտական կրթության ծրագրով մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը պարտավոր է ՄՈՒՀ-ի տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսուցման համար նախատեսված ժամկետում կուտակել տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 50 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ: Մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողի ուսումնառության ընդհանուր տեւողությունը կարող է երկարաձգվել համապատասխան կրթական ծրագրի որակավորման համար սահմանված տեւողության մինչեւ կրկնապատիկի չափով:

6. Մասնագիտական կրթության ուսումնառության ժամկետները սահմանվում են համապատասխան մակարդակի կրթական ծրագրի որակավորման բաղադրիչով՝ հիմք ընդունելով ուսանողի մինչ այդ ստացած կրթությունը կամ կրեդիտների քանակը, տվյալ որակավորման ուսուցման առանձնահատկությունը եւ կրթության կազմակերպման մեթոդաբանական ձեւը:

7. Միաժամանակ մեկից ավելի կրթական ծրագրերում ուսումնառության զուգակցումը չի արգելվում, եթե դասընթացների կազմակերպման ռեժիմը չի համընկնում:

8. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի ավարտական փաստաթուղթ ստացած անձինք իրավունք ունեն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ մակարդակի կրթական ծրագրով՝ հիմք ընդունելով ձեռք բերած կրեդիտների քանակը կամ համեմատվող ծրագրերի ակադեմիական տարբերությունների ողջամիտ ծավալը:

9. ՄՈՒՀ-ում դասավանդման լեզուն գրական հայերենն է, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ հայերեն ժեստերի լեզուն: ՄՈՒՀ-ի սահմանած կարգով ուսումնական մոդուլներ, դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ կարող են դասավանդվել օտար լեզվով:

10. ՄՈՒՀ-ում օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաեւ՝

1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսուցում.

2) եթե դասընթացն իրականացնում է օտարերկրյա մասնագետը.

3) օտարերկրյա ՄՈՒՀ-ի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում.

4) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող կրթական ծրագրերի դեպքում:

11. Ուսումնական գործընթացի կազմակերպման սկիզբը եւ ավարտը, դասերի կազմակերպման ռեժիմը (ժամերը եւ գրաֆիկը), ինչպես նաեւ ուսանողի արձակուրդի տեւողությունը սահմանում է ՄՈՒՀ-ը՝ հաշվի առնելով համապատասխան կրթական ծրագրի կազմակերպման առանձնահատկությունները եւ սահմանված ուսումնառության նվազագույն տեւողությունը:

Հոդված 9. ՄՈՒՀ-երը եւ դրանց տեսակները

1. Պետական ՄՈՒՀ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է: Ոչ պետական ՄՈՒՀ-ը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:

2. Ըստ հիմնադիրների՝ ՄՈՒՀ-երը կարող են լինել.

1) պետական ՄՈՒՀ, որը հիմնադրվում է Կառավարության որոշմամբ կամ միջազգային պայմանագրի հիմքով,

2) հանրային ՄՈՒՀ, երբ հիմնադրվում է պետության եւ ոչ պետական կազմակերպության միջեւ (այդ թվում՝ օտարերկրյա) համագործակցության պայմանագրի հիմքով,

3) մասնավոր ՄՈՒՀ, երբ հիմնադրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից (այդ թվում՝ օտարերկրյա):

3. Մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակը:

4. Հանրային ՄՈՒՀ-ի հիմնադրման համագործակցության պայմանագրով սահմանվում են հիմնադիր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կառավարման եւ կրթության կազմակերպման առանձնահատկությունները, սեփականության իրավունքի եւ այլ գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքների հետ կապված հարցերը:

5. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումն ու գործունեությունը կարգավորվում են «Կրթության մասին» օրենքով, սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 10. ՄՈՒՀ-ի հիմնական գործառույթները

1. ՄՈՒՀ-ը, սույն օրենքին, իր կանոնադրությանը, ինչպես նաեւ տվյալ ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, իրականացնում է հետեւյալ հիմնական գործառույթները.

1) սոցիալական գործընկերների եւ գործատուների ներգրավմամբ ու համագործակցությամբ համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագրի ուսումնամեթոդական փաթեթի մշակումն ու հաստատումը, իրականացումը եւ վերջնարդյունքների գնահատումը.

2) ընդունելության գործընթացի կազմակերպումը, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիների՝ ըստ կրթական ծրագրի մակարդակի որակավորման.

3) մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման խորհրդատվության տրամադրումը.

4) կրթության համապատասխան մակարդակի որակավորման ուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսուցման անհրաժեշտ մեթոդների եւ տեխնոլոգիաների ընտրությունը, ընթացիկ եւ պետական ամփոփիչ ստուգման կազմակերպումը՝ ըստ կրթական ծրագրի եւ որակավորման պահանջների.

5) ուսանողների ուսումնառության դադարեցումը, տեղափոխումը եւ ուսանողական իրավունքների վերականգնումը՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով.

6) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովումը՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության արդյունավետ եւ որակյալ կազմակերպման համար.

7) ուսանողների կողմից կրեդիտների կուտակման կարգի, ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, պետական ամփոփիչ ստուգման ձեւերի ու պարբերականության սահմանումը՝ ըստ տվյալ կրթական ծրագրի որակավորման.

8) կրթական ծրագրով նախատեսված որակավորումների շնորհումը.

9) ուսումնական, վարչական, ֆինանսական եւ տնտեսական գործունեությանն առնչվող, ներառյալ՝ աշխատողների ընտրության եւ նշանակման ընթացակարգերի սահմանումը.

10) ուսումնաօժանդակ, մանկավարժական եւ վարչական կազմի մասնագիտական կատարելագործմանն ուղղված դասընթացների կազմակերպումը կամ դրանցում ընդգրկվածության ապահովումը.

11) տարեկան բյուջեի կազմումը.

12) ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի, այդ թվում՝ գործունեության առաջնահերթ ուղղությունների հաստատումը եւ ապահովումը.

13) ըստ մասնագիտական կրթական ծրագրի եւ որակավորման՝ ուսման վարձերի սահմանումը.

14) ուսանողական ինքնակառավարմանը աջակցումը, ՄՈՒՀ-ի ծրագրերում ուսանողների ընդգրկվածության ապահովումը.

15) հիմնարկների, մասնաճյուղերի եւ կառուցվածքային միավորների, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաեւ հանրակրթական, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորների ստեղծումը.

16) օրենքով եւ կանոնադրությամբ սահմանված կագով կազմակերպության գույքի տիրապետումը, օգտագործումը կամ տնօրինումը.

17) օրենքով եւ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ չարգելված այլ գործունեության իրականացումը:

2. ՄՈՒՀ-ում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական կազմակերպությունների եւ միավորումների գործունեությունը:

Հոդված 11. Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզավորում

1. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագիրն իրականացվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական աստիճանում կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաեւ յուրաքանչյուր որակավորման լիցենզիայի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզավորումն իրականացնում է պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ «Լիցենզավորման մասին» օրենքի, սույն օրենքի, մասնագիտական կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերի եւ այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

3. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայման է՝

1) կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքի եւ ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ ՄՈՒՀ-ն ունի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքներ.

2) ուսումնական գործընթացին օժանդակող լսարանային, լաբորատոր, սպորտային եւ գրադարանային համապատասխան հագեցվածությամբ տարածքների առկայությունը՝ լիազոր մարմնի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ եւ տեխնիկական անվտագության նորմերին համապատասխան.

3) ուսումնաարտադրական եւ գործանական ուսուցման գործընթացին օժանդակող տարածքների եւ բազաների առկայությունը՝ սանիտարահիգիենիկ եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան.

4) ՄՈՒՀ-ի հինգ տարվա զարգացման ռազմավարական ծրագրի առկայությունը.

5) ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունը՝ հանրային եւ մասնավոր ՄՈՒՀ-երի դեպքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմաններին համապատասխանությունը հավաստվում է լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա:

5. Նոր ստեղծվող պետական ՄՈՒՀ-ի դեպքում սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված զարգացման ռազմավարական ծրագրի առկայության պահանջը ապահովվում է հիմնադրման օրվանից մեկ տարվա ընթացքում:

6. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայման են՝

1) համապատասխան կրթական ծրագրի մակարդակի որակավորումն (ուղղվածությունը) ապահովող ուսումնամեթոդական փաթեթի առկայությունը (ուսումնական մոդուլներ, ուսումնական պլաններ, ծրագրի իրականացման ձեւը).

2) անհրաժեշտ ուսումնական գույքի, այդ թվում՝ որակավորման առանձնահատկությամբ պայմանավորված համապատասխան գույքի եւ սարքավորումների, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը՝ ըստ որակավորումների ուղղվածության կամ դրանց օգտագործման վերաբերյալ սոցիալական գործընկերների հետ պայմանագրի առկայությունը.

3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձեւերի կիրառման դեպքում՝ դրա իրագործումն ապահովող գործընկեր կազմակերպության հետ համագործակցության շրջանակը սահմանող հուշագրի (պայմանագրի) առկայությունը, տեղեկություններ գործընկեր կազմակերպության մարդկային եւ նյութական (հետազոտական, մասնագիտական, նյութատեխնիկական) ռեսուրսների վերաբերյալ.

4) համապատասխան կրթական մակարդակում մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում ապահովելու համար անհրաժեշտ մանկավարժական եւ ուսումնաօժանդակ աշխատողների առկայությունը, որից հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող մանկավարժական աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մանկավարժական աշխատողների առնվազն 50 տոկոս:

7. Մասնագիտական կրթության ծրագրերի մակարդակներում որոշակի որակավորման ուսումնառությունը հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում տվյալ ծրագրի լիցենզավորման փաթեթում ընդգրկվում է միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչին ապահովող կրթական ծրագիրը:

8. Նոր ստեղծվող ՄՈՒՀ-ի կրթական ծրագրի իրականացման իրավունքը տրվում է առնվազն մեկ որակավորման համար լիցենզիայի հետ միաժամանակ: Կրթական ծրագրի իրականացման իրավունքը եւ համապատասխան որակավորման լիցենզիան ՄՈՒՀ-ին տրվում են անժամկետ:

9. Սույն հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերով սահմանված պայմանները ՄՈՒՀ-ի կողմից փոփոխելու դեպքում, ՄՈՒՀ-ը 15 աշխատանքային օրվա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան փաստաթղթեր:

10. ՄՈՒՀ-ին տրված համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման կամ որակավորման լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել լիազոր մարմինը՝ «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով:

11. Լիցենզիայի գործողության դադարեցնելու մասին լիազոր մարմինը պատշաճ ձեւով տեղեկացնում է ՄՈՒՀ-ին որոշման կայացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկելով նաեւ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման բնօրինակը:

12. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիազոր մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

13. Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը համապատասխան կրթական ոլորտում՝ ընդգրկվելով տվյալ կամ մեկ այլ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերով պետական ամփոփիչ ստուգմանը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

14. Նորմատիվ իրավական ակտերի փոփոխության արդյունքում սույն հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերում նախատեսված լիցենզավորման պայմանները փոփոխվելու դեպքում կրթության լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան լիցենզիա ունեցող ՄՈՒՀ-երին:

Հոդված 12. Մասնագիտական կրթության որակի ապահովումը

1. Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգը ներառում է՝

1) ՄՈՒՀ-երի որակի ապահովման ներքին համակարգը.

2) ՄՈՒՀ-երի որակի ապահովման արտաքին համակարգը.

3) որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցները:

2. Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի բաղադրիչ են որակի ներքին եւ արտաքին գնահատումները:

3. Ներքին գնահատումը ՄՈՒՀ-ի կողմից իր գործունեության եւ սահմանված նպատակներին ու վերջնարդյունքներին կրթական գործընթացի համապատասխանության վերլուծությունն է: Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ՝ մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը: Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական եւ մանկավարժական աշխատողները, ուսանողները, ԱՀՈՒ-ի իրականացմանը մասնակից գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները:

4. Արտաքին գնահատումը ՄՈՒՀ-ի կառավարման եւ գործունեության արդյունավետության գնահատումն է՝ նախորդ ժամանակահատվածի արդյունքների, ներդրված փորձարարական ծրագրերի կամ մյուս ՄՈՒՀ-երի համեմատությամբ: Որակի արտաքին գնահատմանը կարող են մասնակցել ՄՈՒՀ-ի շրջանավարտները եւ ուսանողները, կրթության եւ այլ մասնագիտական ոլորտների կառավարման պետական լիազոր մարմինները, ՄՈՒՀ-ի սոցիալական գործընկներության կողմ հանդիսացող կազմակերպությունների ներկայացուցիչները:

5. Որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցները Կառավարության ստեղծած կամ Կառավարության սահմանած կարգով ճանաչված, իրենց գործառույթներում անկախ մասնագիտացված մարմիններ են, որոնց հիմնական նպատակը մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովման գործընթացների իրականացումն է:

Հոդված 13. ՄՈՒՀ-ի հավատարմագրումը

1. ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրումն իրականացնում են որակի գնահատման կամ հավաստման կառույցները (այսուհետ՝ մասնագիտացված կառույց): Ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարգը եւ չափանիշները լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը: Ինստիտուցիոնալ հավատարմագրման պարբերականությունը եւ ծրագրային հավատարմագրման ժամկետները՝ ըստ որակավորումների առանձնահատկության սահմանում է Կառավարությունը:

2. Նոր հիմնադրված ՄՈՒՀ-ը ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում հիմնադրումից երեք տարի հետո՝ ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում: Ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցնելու դեպքում ՄՈՒՀ-ի գործունեությունը դադարեցվում է:

3. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող մասնագիտական ուսումնական հաստատության հայտի հիման վրա:

4. Ծրագրային հավատարմագրումը իրականացվում է ըստ ՄՈՒՀ-ի կողմից իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերի: ՄՈՒՀ-ն իր կրթական ծրագրերը հավատարմագրելու համար Կառավարության կողմից սահմանված կարգով կարող է՝

1) դիմել մասնագիտացված կառույցի.

2) իրականացնել համապատասխան մասնագիտության կրթական ծրագրի ինքնագնահատում եւ արդյունքները ներկայացնել մասնագիտացված կառույցին:

5. Ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում կրթական ծրագրերի ինքնագնահատման սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում մասնագիտացված կառույցը կայացնում է ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ եւ համապատասխան մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման մասին որոշում:

6. Կրթական ծրագրերը ենթակա են հավատարմագրման առաջին շրջափուլի ավարտից հետո՝ ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

7. Ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ՄՈՒՀ-երը եւ դրանց ծրագրային հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերը գրանցվում են ՄՈՒՀ-երի եւ կրթական ծրագրերի hավատարմագրման պետական գրանցամատյանում, որի ստեղծման եւ վարման կարգը սահմանում է Կառավարությունը:

8. Պետությունն ապահովում է ՄՈՒՀ-երի եւ դրանց կրթական ծրագրերի hավատարմագրման չափանիշների եւ տվյալների միջազգային փոխճանաչելիությունը եւ համադրելիությունը, ինչպես նաեւ hավատարմագրված ՄՈՒՀ-երի եւ դրանց կրթական ծրագրերի վերաբերյալ տվյալների հասանելիությունը միջազգային հարթակներում:

Հոդված 14. ՄՈՒՀ ընդունելությունը

1. ՄՈՒՀ-եր ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ կրթական ծրագրի մակարդակների եւ որակավորումների:

2. ՄՈՒՀ-ն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու միայն համապատասխան կրթական ծրագրի մակարդակի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզիայի առկայության դեպքում:

3. Կառավարությունը առաջիկա ուսումնական տարվա եւ դրան հաջորդ երկու ուսումնական տարիների կտրվածքով հաստատում է ըստ կրթական ծրագրի մակարդակների եւ ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը՝ ելնելով երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներից եւ համապատասխան որակավորմամբ (ուղղվածությամբ) մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից ու պետության ֆինանսական հնարավորություններից: Պետական կրթաթոշակների հաստատված տոկոսային համամասնությունը տարեկան կարող է փոփոխվել ոչ ավել, քան քսան տոկոսով:

4. Կառավարության կողմից տվյալ տարվա համար ըստ կրթական ոլորտների համապատասխան համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, մինչեւ տվյալ տարվա մարտի 1-ը, լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն, հաստատում եւ հրապարակում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մակարդակում ըստ կրթական ծրագրի պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը՝ մրցույթի արդյունքների հիման վրա:

5. Կրթական ծրագրերի մակարդակներին եւ որակավորումներին համապատասխան, սույն հոդվածի 4-րդ մասով հատկացված ընդհանուր տեղերի շրջանակում, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով ՄՈՒՀ-երի նախնական հիմնավորված հայտերը, ըստ ՄՈՒՀ-երի հատկացնում է փոխհատուցման ենթակա ընդունելության տեղերը: ՄՈՒՀ-երը կարող են յուրաքանչյուր որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացրած սահմանային տեղերի շրջանակում կատարել վճարովի ընդունելություն:

6. Ընդունելության մրցույթն անց է կացվում տվյալ ՄՈՒՀ-ի որակավորումների եւ մասնագիտական ուղղվածությամբ սահմանված տեղերի, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված դիմորդների հայտերի հիման վրա՝ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչ ընդունելության կարգով սահմանված վերջնաժամկետը:

7. Արվեստի, մշակույթի, սպորտի ոլորտի որակավորումների կրթական ծրագրերի մակարդակներով եւ ուղղվածությամբ ընդունելություն իրականացնող ՄՈՒՀ-երը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ հրապարակում են ընդունելության համար անհրաժեշտ մասնագիտական քննությունների պայմանները: Հրապարակված պայմանները փոփոխման ենթակա չեն, բացառությամբ, եթե դա պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:

8. ՄՈՒՀ-ի ընդունելության կարգը սահմանում է լիազոր մարմինը՝ նախատեսելով ընդունելության ժամկետները, հրապարկվող տեղեկությունների ցանկը եւ դրանց հրապարակման կարգը, մուտքային պահանջ հանդիսացող միավորների հաշվարկման, սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ոլորտային որակավորումների համար քննությունների եւ մրցույթի անցկացման ընթացակարգը:

9. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում արվեստի, սպորտի, բժշկության ոլորտի եւ լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների համար ՄՈՒՀ ընդունելության պահանջները ներառում են ստեղծագործական եւ կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների ստուգում (քննություն):

10. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են ՄՈՒՀ-ում տվյալ որակավորման մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

11. Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր վերջին երեք տարին սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում եւ ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ ՄՈՒՀ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով եւ պայմաններով, սակայն պահպանելով սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ընդունելության պահանջները: Այն օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր վերջին երեք տարին սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում եւ ավարտել դրանք, ՄՈՒՀ ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով եւ պայմաններով:

12. ՄՈՒՀ-ն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ՄՈՒՀ-ի ընդունելության հայտարարության հետ միաժամանակ:

13. ՄՈՒՀ-ի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում ամրագրվում են ուսումնառության առավելագույն տեւողությունը, տվյալ մասնագիտության կրթական ծրագրի համար նախատեսված ուսման վարձի տարեկան չափը եւ կրեդիտների ընդհանուր քանակը, որակավորումից եւ համապատասխան զբաղմունքից բխող գործնական ուսուցման առանձնահատկությունները, ինչպես նաեւ օրենքով ու
ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ պայմաններ: Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը բարենպաստ է ուսանողի համար:

14. Ուսումնառությունը դադարեցրած անձի ուսանողական իրավունքը կարող է վերականգնվել՝ անկախ ուսումնառությունը դադարեցնելու պատճառներից եւ ժամկետներից:

15. Ուսումնառությունը դադարեցրած կամ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխվելու կամ մեկից ավելի կրթական ծրագրով կրթություն ստանալու միջոցով կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման որոշակի փուլ մուտք գործելու եւ ուսումնառությունը շարունակելու ցանկության դեպքում հիմք է ընդունվում.

1) համապատասխան որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացրած սահմանային տեղերի առավելագույն քանակը,

2) առկա կրեդիտների, կրթական ծրագրով եւ ուսումնական պլանով սահմանված մոդուլների ծավալի եւ բովանդակության համապատասխանությունը եւ ակադեմիական տարբերությունը, որը կատարվում է տվյալ ուսանողի ուսումնառած եւ այդ պահին գործող կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների համեմատությամբ:

16. Ուսումնառությունը դադարեցրած անձի ուսումնառությունը հետագայում շարունակվելու դեպքում ՄՈՒՀ-ի կողմից սահմանած կարգով քննարկվում է ուսանողի կողմից համապատասխան կրեդիտների կուտակման անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով տվյալ կրթական ծրագրի վերջնարդյունքների փոփոխությունը:

17. Կրթության պետական կառավարման լիազոր մարմինը սահմանում է սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված հիմքերով դիմորդների միջեւ մրցույթի անցկացման կարգը:

18. Ուսանողի տեղափոխությունը պետական ՄՈՒՀ կարող է իրականացվել միայն մեկ այլ պետական, հանրային եւ մասնավոր հավատարմագրված ՄՈՒՀ-ից:

Հոդված 15. Մասնագիտական կրթության կազմակերպումը եւ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը

1. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կամ միկրոորակավորման (որոշակի ձեռք բերված ուսումնառության արդյունքների) կրթական ծրագիրը կարող է իրականացվել քոլեջում, մասնագիտական կրթության մակարդակների որակավորումներով կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության ստորաբաժանումում, քրեակատարողական հիմնարկում, այլ կազմակերպությունում՝ լիցենզիայի առկայության դեպքում:

2. Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրերի կազմակերպման կարգը սահմանվում Կառավարության որոշմամբ՝ Քրեակատարողական օրենսգրքի հիման վրա:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) պահանջով կամ համաձայնությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը ՄՈՒՀ-ին է տրամադրում անձի գնահատված կարիքին համապատասխան հավաքագրված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մասին տեղեկատվությունը:

5. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նկատմամբ տարածվում են «Հանրակրթության մասին» օրենքի դրույթները, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են մասնագիտական կրթության նկատմամբ:

6. Մասնագիտական կրթությունը կազմակերպվում է համապատասխան ՄՈՒՀ-ի եւ տվյալ որակավորումների ոլորտի գործատուների համատեղ մշակած ու ՄՈՒՀ-ի հաստատած ուսումնառության մոդուլների եւ ուսումնական պլանների ժամանակացույցին համապատասխան:

7. Եթե կրթական ծրագրի տվյալ մակարդակի որակավորման ուսումնառությունը կազմակերպվում է հիմնական կրթության հիմքով, ապա տվյալ ծրագրում ընդգրկվում է միջնակարգ կրթության երրորդ մակարդակի առնվազն պետական բաղադրիչն ապահովող ծրագիրը (արդյունքները)՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան, որը սահմանվում է ուսումնական պլանում եւ դրա իրականացման ժամանակացույցում:

8. ՄԿՈՒ կրթական ծրագրի մակարդակի որակավորման մոդուլային ծրագրով սահմանված գիտելիքների ու կարողությունների զարգացման, դրանց գործնականում կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակով
ՄՈՒՀ-ը, սոցիալական գործընկերների հետ համագործակցությամբ եւ մասնակցությամբ, իրականացնում է գործնական աշխատանքային ուսուցում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձեւերով:

9. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը կազմակերպվում է հետեւյալ ձեւերով.

1) դուալ ուսուցում՝ կրթական ծրագրի մակարդակում ըստ որակավորման առանձնահատկության ուսումնառության կազմակերպման ձեւ, որն իրականացվում է միաժամանակ ՄՈՒՀ-ում եւ գործընկեր կազմակերպությունում (այսուհետ՝ գործատու) կամ սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված իրական աշխատատեղին համապատասխանեցված աշխատանքային միջավայրում ուսումնառության համադրմամբ՝ ապահովելով որակավորմանն ու զբաղմունքին համապատասխան աշխատանքային կարողունակությունների ձեռք բերումը.

2) պրակտիկա՝ աշխատանքի վայրում ուսումնառության փուլ, որը լրացնում է հիմնական կրթական ծրագրի ճանաչողական եւ գործնական բաղադրիչը եւ որի ընթացքում ուսանողը առավելապես դիտարկում է աշխատանքային գործընթացը, կատարում որոշակի աշխատանքներ՝ ըստ սահմանված ժամակացույցի:

3) աշխատանքի ընթացքում ուսումնառություն՝ կազմակերպվում է ընթացիկ աշխատանքային միջավայրում: Այն իրականացվում է առավելապես դրսեկության ձեւով կրթության կազմակերպման միջոցով եւ ապահովում է աշխատանքային իրավահարաբերության մեջ գտնվող անձի միաժամանակյա կրթությունը եւ որակավորումը աշխատանքային գործունեության ընթացքում:

10. Դուալ ուսուցման ձեւով ուսումնառության կազմակերպման պարագայում աշխատանքային միջավայրում ուսումնառությունը կազմում է կրթական ծրագրի գերակշռող մաս եւ վերջնարդյունքները ստուգվում են գործնական միջավայրում:

11. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ
2-րդ կետերով նախատեսված ձեւերով գործնական աշխատանքային ուսուցումը կազմակերպվում է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի հիման վրա՝ կողմերի (ՄՈՒՀ, գործատու եւ ուսանող) միջեւ կնքվող երկկողմ կամ եռակողմ գրավոր պայմանագրով (այսուհետ՝ աշկերտության պայմանագիր), որում սահմանվում են.

1) գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպման պայմանները եւ վայրը,

2) կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

3) աշխատանքի ծավալը եւ ժամկետները,

4) աշխատանքի եւ հանգստի ռեժիմը,

5) անվտանգության ապահովման եւ առողջության պահպանման հարցերը,

6) ձեռք բերվող աշխատանքային կարողունակությունները:

12. Եթե կրթական ծրագրի որակավորման համապատասխան բնագավառում աշխատանքը օրենսդրությամբ սահմանված է որպես ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար, ապա մինչեւ տասնութ տարեկան աշկերտը կարող է ներգրավվել գործնական աշխատանքային ուսուցման մեջ, եթե ապահովված են անչափահասի առողջության, անվտանգության եւ բարոյականության պահպանման համապատասխան պայմաններ եւ անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ գործատուի կողմից նախապես տրամադրել են անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, անց է կացվել ուսուցում եւ հրահանգավորում: Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ եւ փորձ ունեցող անձի հսկողության ներքո:

13. Դուալ ուսուցման ձեւով ուսումնառող ուսանողին գործատուի կողմից (այդ թվում՝ ՄՈՒՀ-ի, եթե գործատուն ՄՈՒՀ-ն է) տրվում է վարձատրություն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան, իսկ այդ ժամանակահատվածը համարվում է մասնագիտական փորձառություն եւ հաշվարկվում աշխատանքային ստաժում: Դուալ ուսուցման ընթացքում աշխատանքային հարաբերությունների նկատմամբ տարածվում են աշխատանքային օրենսգրքի դրույթները:

14. Կրթական ծրագրի շրջանակում աշխատողների պարագայում ՄՈՒՀ-ը կրում է ուսանողի՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից ապահովագրության պարտավորություն, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով:

15. Մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների օրապահիկը, տեղափոխման եւ կեցության հետ կապված ծախսերը հատուցում է ուսումնական հաստատությունը, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով: Հատուցման ենթակա ծախսերը եւ չափը սահմանում է պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը:

16. Մասնագիտական կրթության համակարգում պետության գնահատված կարիքների հիման վրա առաջանահերթ համարվող ոլորտներում պետական բյուջեից, Կառավարության սահմանած կարգով եւ չափով, տրամադրվում է սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված ուսանողի աշխատավարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում՝ ուսանողի մասնագիտական կատարելագործմանը համապատասխան աստիճանական նվազման սկզբունքով՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակում:

17. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն կազմակերպելու նպատակով ՄՈՒՀ-ը, իր կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակավորումներին եւ զբաղմունքին համապատասխան, կարող է միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ մասնակից՝ սույն օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանված դեպքերում եւ կարգով:

18. Մասնագիտական կրթության կազմակերպման սույն հոդվածով նախատեսված ձեւերի կիրառությունից անկախ, մասնագիտական կրթական ծրագիրը պետք է ապահովի սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանությունը:

19. Ուսումնառության ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է փոխել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման ձեւը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

Հոդված 16. Պետական ամփոփիչ ստուգումը, որակավորումն ու ավարտական փաստաթղթերը

1. Մասնագիտական կրթության մակարդակների կրթական ծրագրի ավարտին եւ պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա ՄՈՒՀ-ն անձին շնորհում է որակավորումը հավաստող դիպլոմ եւ հավելված:

2. Պետական ամփոփիչ ստուգման ժամանակ գնահատվում է գործնական աշխատանքային իրավիճակում, մասնագիտական խնդիրներ եւ առաջադրանքներ լուծելու ուսանողի կարողունակությունը՝ համապատասխան որակավորման ուղղվածության համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների շրջանակում:

3. Պետական ամփոփիչ ստուգումը կարող է անցկացվել փուլային եղանակով:

4. Պետական ամփոփիչ ստուգումը չանցած ուսանողը չի զրկվում պետական ամփոփիչ ստուգումը վերահանձնելու իրավունքից՝ օրենսդրությամբ եւ ՄՈՒՀ-ի հետ կնքված պայմանագրով սահմանված պայմաններով:

5. Պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, վերահանձման, պետական որակավորող հանձնաժովի ձեւավորման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

6. Կրթական ծրագրի տվյալ մակարդակի ուսումնառությունը աշխատանքի վրա հիմնված ուսումնառության դուալ ուսուցման ծրագրով ավարտած ուսանողին շնորհվում է նաեւ ձեռք բերված եւ ոլորտային հանձնաժողովի կողմից գնահատված ու ճանաչված աշխատանքային կարողունակությունների վերաբերյալ հավաստագիր եւ ներդիր՝ «Կրթության մասին» օրենքի 26.1-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերին համապատասխան:

7. ՄԿՈՒ ավարտական փաստաթղթերն են՝

1) արհեստագործական կրթության դեպքում՝ «արհեստավոր» որակավորման դիպլոմը եւ դրա հավելվածը.

2) միջին մասնագիտական կրթության դեպքում՝ «մասնագետ» որակավորման դիպլոմը եւ դրա հավելվածը.

3) մասնագիտական ուսուցման կամ մասնակի որակավորման (միկրոորակավորման) վկայականը ու ներդիրը.

4) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության դեպքում՝ գնահատված եւ ճանաչված կարողունակությունների հավաստագիրն ու ներդիրը:

8. Ուսումնառությունը չավարտած անձին տրվում է ուսումնասիրած դասընթացների ու մոդուլների եւ կուտակած կրեդիտների վերաբերյալ ակադեմիական տեղեկանք:

9. Եթե ուսանողը չի հաղթահարել կրթական ծրագրի տվյալ մակարդակի որակավորման համար սահմանված ամբողջական ծրագիրը, ապա ուսանողի դիմումի հիման վրա նրան կարող է տրվել նաեւ մասնագիտական ուսուցման կամ մասնակի որակավորման (միկրոորակավորման) վկայական՝ համաձայն ձեռք բերած ուսումնառության արդյունքների:

10. Սույն հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը հիմք են մասնագիտական կրթական ծրագրերով անձի ուսումնառության շարունակության համար՝ հաշվի առնելով նախընտրած կրթական ծրագրի որակավորման բովանդակության եւ կրեդիտների համապատասխանությունը:

11. Դիպլոմը եւ դրա հավելվածը, հավաստագիրը եւ ներդիրը տրամադրվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:

12. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ակադեմիական տեղեկանքի ձեւը, ինչպես նաեւ ՄՈՒՀ ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

13. Մասնագիտական կրթության մակարդակներով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմի եւ հավելվածի ձեւերը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

14. Անձին շնորհված մասնագիտական կրթության օտարերկրյա որակավորումները ճանաչվում եւ գնահատվում են այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության վավերացրած կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների միջեւ կնքված միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի համաձայն՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի տված տեղեկատվության (խորհրդատվության) հիման վրա: Այն դեպքերում, երբ անձի ձեռք բերված որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:


ԳԼՈՒԽ 3

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ



Հոդված 17. Մասնագիտական կրթության եւ ուսուցման կառավարման համակարգը

1. ՄԿՈՒ համակարգի կառավարումն իրականացնում են՝

1) Կառավարությունը.

2) կրթության պետական կառավարման լիազոր մարմինը.

3) պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինները.

4) տարածքային կառավարման մարմինները, որոնց ենթակայությամբ գործում են ՄՈՒՀ-եր.

5) ՄՈՒՀ-ի կառավարման մարմինները.

6) սոցիալական գործընկերները, այդ թվում՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված կառույցները:

Հոդված 18. Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում Կառավարության իրավասությունները

1. ՄԿՈՒ բնագավառում Կառավարությունը՝

1) հիմնադրում, վերակազմակերպում եւ լուծարում է պետական ՄՈՒՀ-եր, ինչպես նաեւ որոշում է պետության մասնակցությամբ հանրային ՄՈՒՀ-ի հիմնադրման հարցը.

2) հաստատում է պետական ՄՈՒՀ-երի օրինակելի կանոնադրությունը.

3) հաստատում է մասնագիտական կրթական ծրագրի մակարդակներում շնորհվող որակավորումների ընդհանրական բնութագրերը եւ ցանկերը՝ ըստ կրթական ծրագրերի ոլորտների, ուսուցման հիմքի եւ որակավորումների.

4) հաստատում է մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզավորման կարգն ու պայմանները.

5) հաստատում է կրթական ծրագրերի եւ նախագծերի փորձարկման, հաստատման, ինչպես նաեւ վաղաժամկետ դադարեցման հիմքերն ու կարգը.

6) հաստատում է ՄՈՒՀ-երի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարգը եւ չափանիշները, սահմանում է հավատարմագրի գործողության ժամկետը.

7) հաստատում է ՄՈՒՀ-ի ներքին եւ արտաքին գնահատման չափանիշները, որակի ապահովման արտաքին գնահատման կարգը, որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցների ստեղծման եւ ճանաչման կարգը.

8) հաստատում է պետական ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության կարգը.

9) հաստատում է ՄՈՒՀ-ի ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի սահմանման կարգը,

10) սահմանում է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.

11) հաստատում է պետական եւ հանրային ՄՈՒՀ-երի յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի ձեւավորման եւ ըստ լիազորված մարմնի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հատկացման կարգը,

12) հաստատում է պետական եւ հանրային ՄՈՒՀ-երի յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ որակավորումների (ուղղվածության),

13) հաստատում է պետական եւ հանրային ՄՈՒՀ-երի պետական բյուջեից ֆինանսավորման կարգը,

14) հաստատում է պետական եւ հանրային ՄՈՒՀ-երի նպատակային ուսուցման, այդ թվում՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը,

15) hաստատում է ՄՈՒՀ-ում ուսանողական կրթաթոշակ, ուսանողական նպաստ, այդ թվում՝ տվյալ համակարգերում ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը (զեղչը) տրամադրելու չափանիշները, կարգը, չափը եւ տեղերի քանակը.

16) հաստատում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը եւ անհատական ուսուցման պլանի ձեւաչափը.

17) հաստատում է մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորումը հավաստող դիպլոմի եւ հավելվածի ձեւերը.

18) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը.

19) հաստատում է ՄՈՒՀ-եր օտարեկրյա քաղաքացիների ընդունելության կարգը.

20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 19. Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

1. Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը՝

1) կազմում եւ հաստատում է ոլորտային որակավորումների շրջանակի չափանիշները եւ որակավորումների բնութագրերը.

2) հաստատում է յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի եւ որակավորման համար կրթական ծրագրի նկարագիր.

3) սահմանում է ՄԿՈՒ ոլորտում կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգի ներդրման եւ գործարկման կարգը.

4) սահմանում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձեւերի իրականացման կարգն ու մեթոդաբանությունը.

5) հաստատում է փորձարարական ծրագրերը եւ նախագծերը, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ վաղաժամկետ դադարեցնում է դրանք.

6) իրականացնում է մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզավորումը.

7) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման եւ լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը.

8) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, հաստատման եւ այդ ծրագրի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման կարգը.

9) սահմանում է ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման եւ հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը.

10) սահմանում է ՄԿՈՒ համակարգի գործունեության մշտադիտարկման եւ գնահատման իրականացման կարգը.

11) սահմանում է պետական ՄՈՒՀ-երի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները եւ նորմատիվները.

12) սահմանում է կրթական ծրագրի կազմակերպման նախահաշվի կազմման չափանիշները.

13) սահմանում է ՄՈՒՀ ընդունելության կարգը,

14) սահմանում է մեկից ավելի մասնագիտական կրթություն ստանալու կարգը.

15) սահմանում է ուսանողների ուսումնառությունը դադարեցնելու, ինչպես նաեւ ուսումնառությունը դադարեցրած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը.

16) սահմանում է ՄՈՒՀ-ից այլ ՄՈՒՀ ուսանողի տեղափոխման կարգը.

17) սահմանում է ՄՈՒՀ-ի ուսանողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու հիմքերը, կարգը եւ ժամկետները.

18) սահմանում է ՄՈՒՀ-ի մանկավարժական եւ վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները,

19) սահմանում է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը.

20) հաստատում է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների վերապատրաստումների կարգն ու ժամանակացույցը.

21) սահմանում է ՄՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման, դրանց գործունեության, ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգն ու վերապատրաստման ծրագրի ուղղությունները.

22) սահմանում է ՄՈՒՀ-երի ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, երաշխավորում եւ հրապարակում է այդ կազմակերպությունների ցանկը.

23) սահմանում է մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձեւավորման, դրա գործունեության եւ տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, տարակարգի բնութագրիչները.

24) սահմանում է պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, վերահանձման, պետական որակավորող հանձնաժովի ձեւավորման կարգը.

25) սահմանում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ակադեմիական տեղեկանքի ձեւը, ՄՈՒՀ ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը.

26) սահմանում է հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթական ծրագրերում միջնակարգ կրթության 3-րդ մակարդակի պետական բաղադրիչով սահմանված առարկաների նվազագույն ցանկն ու ծավալը.

27) սահմանված կարգով եւ ձեւով տրամադրում է ՄՈՒՀ-ի, այդ թվում՝ վերակազմակերպված կամ լուծարված, ավարտական փաստաթղթի կրկնօրինակը՝ արխիվային հիմքերի առկայության դեպքում.

28) սահմանում է ՄՈՒՀ-ի անվանակոչության կարգը.

29) սահմանում է պետական ՄՈՒՀ-երի «Տարվա լավագույններ» մրցույթի անվանակարգերը, ներկայացվող պահանջները եւ անցկացման կարգերը.

30) սահմանում է ՄՈՒՀ-երի «Լավագույն ուսանողներ» անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները եւ մրցույթի մասնակցության հայտի ձեւը.

31) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի ուսանողներին եւ մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը.

32) սահմանում է ՄՈՒՀ-երում գործածվող փաստաթղթերի ցանկը եւ հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.

33) կազմակերպում է ՄԿՈՒ արդյունավետության, այդ թվում՝ ներառականության, բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական գրականության եւ օժանդակ նյութերի, կրթության մատչելիության ապահովման վերաբերյալ ուղեցույցների մշակումը եւ համակարգում է ՄՈՒՀ-երին մեթոդաբանական աջակցության տրամադրումը.

34) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 20. Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմինների եւ սոցիալական գործընկերների իրավասությունները

1. Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի այլ մարմինները ՄԿՈՒ բնագավառում իրենց իրավասության սահմաններում մասնակցում են հետեւյալ գործընթացների իրականացմանը.

1) ոլորտային որակավորումների շրջանակի չափանիշների, որակավորումների ցանկերի, մասնագետների որակավորման պահանջների, ուսանողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նկատմամբ պահանջների ձեւավորում,

2) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորում եւ որակավորման աստիճանների շնորհում,

3) բնագավառի աշխատողների որակավորման բարձրացման եւ կատարելագործման կազմակերպում.

4) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակներում ուսանողների գործնական աշխատանքային ուսուցմանը աջակցությունը եւ մասնակցություն.

5) աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն եւ պահանջվող մասնագետների եւ նրանց պատրաստման պայմանների վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին.

6) իրենց ենթակայությամբ ՄՈՒՀ-ների կանոնադրությունների հաստատում:

2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված դուալ ուսուցման համակարգումն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կամ նրա պատվիրակմամբ՝ ընտրված կազմակերպությունը (այսուհետ՝ դուալ ուսուցման համակարգման պատասխանատու մարմին)՝ մի կողմից եւ ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող հասարակական միավորումները, կազմակերպությունները (այսուհետ՝ ոլորտային կառույց)՝ մյուս կողմից: Դուալ ուսուցման համակարգման պատասխանատու մարմնի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

3. Դուալ ուսուցման համակարգման պատասխանատու մարմինը.

1) սահմանում է գործատուների՝ որպես աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձեւով կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու նվազագույն պահանջները եւ ընթացակարգը.

2) սահմանում է մասնագիտական ուսուցման հրահանգչի ընտրության չափանիշները.

3) կազմակերպում է մասնագիտական ուսուցման հրահանգիչների վերապատրաստումն եւ շարունակական կատարելագործումը.

4) ստեղծում եւ վարում է սոցիալական գործընկեր կազմակերպությունների տեղեկատու.

5) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Դուալ ուսուցման համակարգման շրջանակներում ոլորտային կառույցը.

1) վերլուծում եւ դուալ ուսուցման համակարգման պատասխանատու մարմնին է ներկայացնում ոլորտի աշխատաշուկայի կարիքները.

2) աջակցում է հանրային-մասնավոր հատվածի համագործակցությանը եւ երկխոսությանը.

3) աջակցում է դուալ կրթական ծրագրի մշակմանը, իրականացմանը եւ մշտադիտարկմանը.

4) աջակցում է դուալ կրթական ծրագրի իրականացման ընթացքում ծագած վեճերի լուծմանը, կողմերի շահերի ներդաշնակեցմանը.

5) կրթական ծրագիր իրականացնող կողմ հանդես գալու համար ընտրում եւ առաջակում է գործատուների.

6) ընտրում եւ առաջակում է մասնագիտական ուսուցման հրահանգիչներին.

7) խթանում է ՄԿՈՒ ոլորտի գրավչության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը երիտասարդության շրջանում, կազմակերպում եւ իրականացնում է մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ.

8) կազմակերպում եւ իրականացնում է դուալ կրթական ծրագրով ուսումնառության վերջնարդյունքների ստուգումը եւ ճանաչումը՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ՄՈՒՀ-ի եւ գործատուների ներգրավմամբ:

5. Մասնագիտական կրթության մակարդակներով որակավորվող մասնագետների գործատուները կարող են մշակել եւ պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնին ու կազմակերպությանը առաջարկել ՄՈՒՀ-երի հետ համագործակցության ծրագրեր, կրթության կազմակերպման այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ եւ այլ համագործակցության մեխանիզմներ:

6. ՄԿՈՒ որակը եւ աշխատաշուկային մրցունակությունը բարձրացնելու նպատակով, համապատասխան ապրանք արտադրողները, մատակարարները եւ ծառայություն մատուցող կազմակերպությունները, ՄՈՒՀ-երի հետ համագործակցության շրջանակում նրանց են տրամադրում իրենց ապրանքների ու ծառայությունների սպասարկման վերաբերյալ նյութերը:

Հոդված 21. Մասնագիտական ուսումնական հաստատության կառավարումը

1. Պետական ՄՈՒՀ-ի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, լիազոր մարմինը, ՄՈՒՀ-ի կոլեգիալ կառավարման մարմինը (կառավարման խորհուրդ, հոգաբարձուների խորհուրդ, այսուհետ՝ խորհուրդ), եւ ՄՈՒՀ-ի գործադիր մարմինը (տնօրեն, պետ, ռեկտոր, ծրագրի կամ ստորաբաժանման ղեկավար (այսուհետ՝ տնօրեն):

2. Հանրային, մասնավոր ՄՈՒՀ-երի, ինչպես նաեւ կազմակերպության ստորաբաժանում համարվող ՄՈՒՀ-երի կառավարման եւ այլ մարմինները, դրանց ձեւավորման եւ գործունեության կարգը, լիազորությունները սահմանվում են համապատասխան կազմակերպաիրավական ձեւը կարգավորող օրենքներով, ՄՈՒՀ-ի եւ հիմնադիր կազմակերպության կանոնադրությամբ:

3. Պետական ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ուղղություններ սահմանելու, մասնագիտական կրթական ծրագրեր մշակելու եւ ներդնելու, համագործակցության շրջանակը ընդլայնելու, համագործակցության պայմանագրեր կնքելու, ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ու դրանց կազմակերպման պայմանները սահմանելու, ՄՈՒՀ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը եւ ծախսային ուղղությունները սահմանելու եւ այլ կառավարչական որոշումները հիմնավորված կայացնելու նպատակով խորհուրդը կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, որոնց ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ եւ խորհրդի որոշմամբ:

4. Արվեստի (երաժշտարվեստ, պարարվեստ, գեղարվեստ), մշակույթի եւ սպորտի ոլորտներում կրթական ծրագիր իրականացնող ՄՈՒՀ-երում կարող են ստեղծվել մասնագիտական (ստեղծագործական կամ գեղարվեստական խորհուրդ) խորհուրդներ՝ կանոնադրությամբ սահմանված կարգով եւ գործառույթներով:

Հոդված 22. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը

1. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը մշտապես գործող մարմին է, որի անդամի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, եթե սույն օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված հիմքերով տվյալ անդամի լիազորությունները ավելի վաղ չեն դադարել կամ դադարեցվել: Խորհրդի անդամ ուսանողության ներկայացուցչի անդամության ժամկետը սահմանվում է նրա ուսումնառության տեւողությամբ:

2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամները գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամները ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին ստանում են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցում: Հատուցվող ծախսերի չափը եւ փոխհատուցման կարգը սահմանում է խորհուրդը:

3. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անվանական կազմը հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված մարմիններից եւ կառույցներից խորհրդի անդամի թեկնածությունը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

5. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ համամասնությամբ.

1) երկուսին առաջադրում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտի իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտը սպասարկող գործատուների ներկայացուցիչներից կամ ոլորտում հեղինակավոր այլ անձանցից,

2) երկուսին առաջադրում են ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կառույցները (հասարակական միավորումները, կազմակերպությունները)՝ ՄՈՒՀ-ի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններից,

3) երեքին առաջադրում են տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ լիազորված մարմինները՝ երկուսին՝ մանկավարժական աշխատողների եւ մեկին՝ ուսանողության ներկայացուցիչներից:

6. Ոստիկանության, պաշտպանության եւ անվտանգության, ինչպես նաեւ պետության համար գերակա ռազմավարական նշանակություն ունեցող այլ բնագավառներում կրթական ծրագրեր իրականացնող պետական ՄՈՒՀ-երում Կառավարության որոշմամբ եւ դրա հիման վրա՝ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ, կարող են նախատեսվել սույն հոդվածով սահմանված կառավարման մարմինների եւ դրանց ձեւավորման առանձնահատկություններ:

7. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատապարտվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է.

5) զբաղեցնում է քաղաքական պաշտոն.

6) տվյալ ՄՈՒՀ-ում զբաղեցնում է վարչական պաշտոն:

8. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի ձեւավորման կարգը, խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման եւ լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

9. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամները, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անդամների, կարող են խորհրդի անդամի պաշտոնում նշանակվել ոչ ավել, քան երկու անգամ անընդմեջ:

10. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի գործող անդամի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն երկու ամիս առաջ, իսկ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքերի մասին հայտնի դառնալու կամ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում համապատասխան օրվանից հետո՝ ոչ ուշ քան, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է խորհրդին, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված անդամի պարագայում՝ լիազոր մարմնին՝ առաջացած թափուր տեղը համալրելու համար:

11. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի թափուր տեղի համար համալրումը կատարվում է նախկին անդամի համար սահմանված կարգով ոչ ուշ, քան խորհրդի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման մասին Խորհրդի նախագահի ծանուցումը ստանալու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի աշխատանքների տեխնիկական սպասարկումը եւ գործավարությունը կազմակերպում է խորհրդի քարտուղարը:

13. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս անդամ: Խորհրդում քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հոդված 23. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահը

1. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են խորհրդի անդամները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է երեք տարի ժամկետով, իսկ եթե նրա՝ որպես խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է երեք տարուց պակաս, ապա այդ ժամկետով:

2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահ չի կարող ընտրվել ՄՈՒՀ-ի ուսանողը կամ մանկավարժական աշխատողը:

3. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) գումարում է խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

4) իրականացնում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 24. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը եւ դադարումը

1. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե.

1) նա գրավոր դիմում է ներկայացնում խորհրդի նախագահին.

2) նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է.

3) նա մահացել է.

4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետերով առաջադրված անդամների դեպքում՝ դադարել է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի կամ ուսանողի կարգավիճակը.

5) սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով առաջադրված անդամների դեպքում՝ նրան նշանակած կամ առաջադրած մարմինը վաղաժամկետ ազատել է նրան խորհրդի անդամի պաշտոնից:

2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են խորհրդի որոշմամբ՝ լիազոր մարմնի կողմից, եթե.

1) առաջ է եկել սույն օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը.

2) մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ անհարգելի պատճառով չի մասնակցել խորհրդի նիստերին:

3. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար համապատասխան հանգամանքները հայտնի դառնալու օրվանից 10 աշխատանքային օրվա ժամկետում խորհրդի նախագահն հրավիրում է խորհրդի նիստ, իսկ նիստ չհրավիրվելու դեպքում՝ այն հրավիրվում է խորհրդի առնվազն երեք անդամի կողմից:

Հոդված 25. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի լիազորությունները

1. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը՝

1) հաստատում է իր աշխատակարգը.

2) ընտրում է ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահին եւ քարտուղարին.

3) կազմակերպում է ՄՈՒՀ-ի տնօրենի ընտրության գործընթացը եւ ընտրում տնօրեն.

4) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում որոշում է կայացնում տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, ինչպես նաեւ տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով լիազոր մարմնին դիմելու մասին՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում եւ կարգով.

5) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագիրը.

6) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագիրը, ՄՈՒՀ-ի տարեկան բյուջեն ու դրանցում փոփոխությունները.

7) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի տարեկան ծախսերի նախահաշիվը՝ կրթության լիազոր մարմնին ներկայացնելու համար.

8) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի եւ բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, հավանություն է տալիս դրանց կամ գնահատում անբավարար.

9) հավանություն է տալիս տնօրենի առաջարկությանը ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված խոշոր գործարքների վերաբերյալ.

10) տնօրենի ներկայացմամբ հավանություն է տալիս ՄՈՒՀ-ի կողմից տնտեսական ընկերություն ստեղծելուն կամ դրա մասնակից դառնալուն, հաստատում է հիմնադրվող տնտեսական ընկերություննեի կանոնադրությունները.

11) ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ չարգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակում հաստատում է ՄՈՒՀ-ի ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակները, սահմանում դրանց նկարագիրը, պայմանագրի էական պայմանները, սահմանում է շահույթի օգտագործման նպատակային ուղղությունները՝ համաձայն հիմնադրի սահմանած կարգի,

12) որոշում է մասնաճյուղեր եւ հիմնարկներ ստեղծելու ու դրանց կանոնադրությունները հաստատելու մասին (կամ լիազոր մարմնի հավանությանը ներկայացնելու համար).

13) փոփոխություններ է կատարում ՄՈՒՀ-ի կանոնադրության մեջ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

14) որոշում է խորհրդի անդամի լիազորություններ վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

15) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.

16) հաստատում է տնօրենի կողմից ներկայացված որակավորման մոդուլային ծրագիրն ու ուսումնական պլանը, այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագիրը, դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանագրի եւ օրագրի տիպային ձեւերը.

17) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ՄՈՒՀ-ի ներքին եւ արտաքին գնահատման արդյունքները եւ որոշում է դրանցից բխող գործողությունների վերաբերյալ.

18) որոշում է նոր կրթական ծրագրեր ստեղծելու եւ իրականացնելու մասին.

19) սահմանում եւ շնորհում է ՄՈՒՀ-ի պատվավոր կոչումներ.

20) հաստատում է տնօրենի կողմից ներկայացված ՄՈՒՀ-ի կառուցվածքային միավորների ղեկավարների (ամբիոնի վարիչ, ցիկլի ղեկավար եւ այլն) ընտրության կարգերը.

21) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի կառուցվածքը, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

22) որոշում է ՄՈՒՀ-ի կառուցվածքային միավորներ ստեղծելու, վերակազմակերպելու եւ լուծարելու մասին.

23) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի ներքին կարգապահական կանոնները, ընդունում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված ու ՄՈՒՀ-ի գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտեր եւ ուսումնական գործընթացի կազմակերպումը կանոնակարգող ներքին իրավական ակտեր (կանոնակարգեր, կարգեր, ուղեցույցներ եւ այլն).

24) սահմանում է ըստ կրթական ծրագրերի եւ որակավորման ուսման վարձերի չափերը.

25) հաստատում է պետական բյուջեի միջոցներից տրամադրվող ուսանողանական կրթաթոշակի, նպաստի եւ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների ցանկը.

26) հաստատում է ՄՈՒՀ-ի կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների ու ուսանողական նպաստների տրամադրման, ինչպես նաեւ ուսանողների ֆինանսական խրախուսման կարգը, պահանջները եւ չափանիշները.

27) իրականացնում է օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահի եւ անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ:

Հոդված 26. ՄՈՒՀ-ի տնօրենը եւ նրան ներկայացվող պահանջները

1. ՄՈՒՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը:

2. ՄՈՒՀ-ի տնօրեն կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, ով սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով ստացել է ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունք (այսուհետ՝ հավաստագիր): Նշված պահանջը չի տարածվում սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական ՄՈՒՀ-ի տնօրենի նկատմամբ, որի առաջադրման կարգն ու ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են համապատասխան բնագավառները կարգավորող օրենքներով:

3. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենն ընտրվում է մրցութային հիմունքներով՝ հինգ տարի ժամկետով:

4. Անձը չի կարող դիմել ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, ինչպես նաեւ ընտրվել կամ նշանակվել ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում, եթե՝

1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա դատապարտվել է հանցագործության կատարման համար, եւ նրա դատվածությունը հանված կամ մարված չէ.

4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

5) կուսակցության ղեկավար մարմնի անդամ է:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հիմնավորվում է իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքով:

6. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 27. ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունքի համար հավաստագրումը

1. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

2. Հավաստագրումն անցկացվում է հետեւյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) քննություն՝ թեստավորման միջոցով.

3) հավաստագրի շնորհում՝ հինգ տարի ժամկետով:

3. Հավաստագրումը կազմակերպվում է տարին առնվազն մեկ անգամ:

4. Հավաստագրման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, հավաստագրման քննությունների եւ հավաստագրման կազմակերպման, քննության արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

5. Հավաստագրման գործընթացի մասին հայտարարությունը եւ թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի եւ հմտությունների հստակ շրջանակը հրապարակվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի եւ հրապարակային ծանուցումների՝ www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքէջերում՝ հավաստագրման քննությունների անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

6. Հավաստագրման քննությունների հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, այդ թվում՝ աշխատանքային իրավահարաբերությունների, ինչպես նաեւ կառավարչական, մանկավարժական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները, կիրառման կարողությունները եւ փափուկ հմտությունները ստուգելու նպատակով:

7. Հավաստագրման քննությունը հանձնած անձին շնորհվում է հավաստագիր՝ հինգ տարի ժամկետով: Հավաստագիր ստացած անձանց ցուցակը հրապարակում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

8. Հավաստագրման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազոր մարմին:

9. Հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրը ստանալու օրվանից հինգ տարվա ընթացքում մասնակցել պետական ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ հանրային եւ մասնավոր ՄՈՒՀ-ի կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման դեպքում՝ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվել պաշտոնում:

Հոդված 28. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը

1. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի ընտրության մրցույթը հայտարարվում է տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից ոչ շուտ, քան երեք եւ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Սույն օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված այլ պատճառներով պետական ՄՈՒՀ տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում, տնօրենի ընտրության մրցույթ հայտարարվում է թափուր տեղ առաջանալուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

2. Տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչեւ սույն օրենքով եւ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունը լիազոր մարմնի ղեկավարը տնօրենի տեղակալներից մեկին նշանակում է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ սահմանելով տնօրենի վարձատրության հետ տարբերության չափով լրացուցիչ վարձատրություն:

3. Նոր տնօրենը իր պաշտոնը ստանձնում է ՄՈՒՀ-ի գործող տնօրենի լիազորությունների ժամկետի ավարտի կամ ընտրությունից հետո մեկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալուն հաջորդող օրվանից:

4. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության կարգը, այդ թվում՝
ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ձեւաչափը եւ խորհրդի անդամի գնահատման չափանիշների ձեւաթուղթը, մրցույթի արդյունքների բողոքարկման կարգը, հաստատում է Կառավարությունը:

5. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն (այսուհետ՝ հավակնորդ) խորհրդին ներկայացնում է՝

1) լիազոր մարմնի սահմանած ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) հավաստագիրը.

3) ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագիրը:

6. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչը:

7. Հավակնորդը խորհրդին ներկայացնում է ՄՈՒՀ-ի զարգացման հինգ տարվա իր ծրագիրը:

8. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենին ընտրում է խորհուրդը՝ գաղտնի քվեարկությամբ, անդամների առնվազն հինգ ձայնով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի բացակա անդամի ձայնը չի փոխանցվում:

9. Մրցույթի արդյունքները կարող են անվավեր ճանաչվել լիազորած մարմնի որոշմամբ, եթե հաստատվել է դիտորդի բացասական եզրակացությունը, հավակնորդի կամ խորհրդի անդամի բողոքում ներկայացված մրցույթի անցկացման կարգի խախտումը կամ դատական կարգով:

10. Խորհուրդը քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշումն ուղարկում է լիազոր մարմին: Խորհրդում քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված հավակնորդի հետ լիազոր մարմնի ղեկավարը կնքում է աշխատանքային պայմանագիր:

Հոդված 29. ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները, դրանց դադարումն ու դադարեցումը

1. ՄՈՒՀ-ի տնօրենը՝

1) կազմակերպում է կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ու որակավորման վերջնարդյունքներն ապահովող կրթության եւ ուսուցման գործընթացը.

2) իր իրավասության սահմաններում ապահովում է ուսանողների առողջության պահպանումը.

3) ապահովում է ՄՈՒՀ-ի բնականոն գործունեությունը.

4) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.

5) ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ՄՈՒՀ-ի գույքը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները), կնքում գործարքներ ՄՈՒՀ-ի անունից, ապահովում գույքի եւ ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կարգադրություններ, տալիս է հանձնարարականներ եւ վերահսկում դրանց կատարումը.

7) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում ՄՈՒՀ-ի աշխատողներին.

8) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ.

9) ձեւավորում է տնօրենին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում դրանց կազմն ու լիազորությունները.

10) աջակցում է ՄՈՒՀ-ի խորհրդակցական մարմինների աշխատանքին.

11) ներկայացնում է ՄՈՒՀ-ը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում.

12) ՄՈՒՀ-ի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի եւ տալիս է ՄՈՒՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր.

13) իրականացնում է սույն օրենքով եւ տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենը առնվազն երեք տարին մեկ անգամ պետական միջոցների հաշվին անցնում է պարտադիր վերապատրասում՝ լիազոր մարմնի գնահատած կարիքներին համապատասխան սահմանված ծրագրով:

3. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենը պաշտոնավարում է մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը՝ անկախ հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց, իսկ հանրային եւ մասնավոր ՄՈՒՀ-ի տնօրենը կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պաշտոնավարում է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը:

4. Հավաստագիր ստացած անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ սահմանված կարգով հավաստագրվել:

5. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա պայմանագրի ժամկետը.

2) նա դիմել է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) մահացել է կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է մահացած:

6. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվում են խորհրդի որոշման հիման վրա, եթե.

1) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները.

2) իր գործառույթներն իրականացնելիս ՄՈՒՀ-ին նրա մեղքով հասցվել է վնաս, որի գումարը գերազանցում է ՄՈՒՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մեկ տոկոսը.

3 նա անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի:

7. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը, սույն օրենքով եւ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով, կարող է քննարկել տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը եւ տնօրենի լիազորություների դադարեցման հարցով դիմել լիազոր մարմնին հետեւյալ դեպքերում.

1) ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի կամ զարգացման ռազմավարական ծրագրի կատարման հաշվետվությունը խորհրդի կողմից երկու անգամ անընդմեջ չի ընդունվել.

2) ՄՈՒՀ-ի ներքին եւ արտաքին գնահատման արդյունքներով տնօրենի գործունեությունը անբավարար է ճանաչվել:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կառուցակարգը կարող է կիրառվել ոչ շուտ, քան ՄՈՒՀ-ի տնօրենի նշանակումից մեկ տարի հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը երկրորդ անգամ անընդմեջ է նշանակվել համապատասխան ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցով որոշումն ընդունվում է խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով:

10. Պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված որոշումը ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կարող է պատճառաբանված հիմնավորմամբ մերժել Խորհրդի դիմումը:

11. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ սույն հոդվածի 10-րդ մաով նախատեսված որոշումը չկայացվելու դեպքում, լիազոր մարմինը լուծում է տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ խորհրդի որոշումը ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում:


ԳԼՈՒԽ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. ՄԿՈՒ համակարգի ուսանողների եւ ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները

1. ՄՈՒՀ-ի ուսանողն իրավունք ունի՝

1) ընտրելու կրթական ծրագրի մակարդակը, որակավորումը, դրա ուղղվածությունը, ցանկացած կրթական մակարդակում դադարեցնել կամ վերականգնել ուսումնառությունը՝ անկախ դրա դադարեցման ժամկետից.

2) ընտրելու եւ մասնակցելու իր ուսումնառած որակավորման համար ոչ պարտադիր դասընթացների (մոդուլներ) եւ այլ լրացուցիչ կրթական ծրագրերի՝ ՄՈՒՀ-ի սահմանած կարգով.

3) մասնակցելու իր որակավորման ուղղվածության բովանդակության ձեւավորմանը՝ պահպանելով մասնագիտական կրթական ծրագրի մակարդակների եւ որակավորման չափանիշների պահանջները.

4) մասնակցելու ՄՈՒՀ-ի կառավարման եւ ուսանողական ինքնակառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին.

5) օգտվելու ուսանողական կրթաթոշակի եւ ուսանողական նպաստի համակարգերից, այդ թվում՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի (զեղչ) փոխհատուցման.

6) շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրով իր ուսումնառած կրթական ծրագրերից որեւէ մեկի դադարեցման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով.

7) նախաձեռնելու եւ ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու եւ անդամակցելու դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով.

8) օգտվելու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական կրթաթոշակներից, նպաստներից եւ վարկերից, նվիրատվություններից եւ դրամաշնորհներից.

9) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում՝ ստանալու կրթություն ընդհանուր հիմունքներով, եւ օգտվել խելամիտ հարմարեցումներից՝ առանց հավելյալ վճարների.

10) մասնակցելու ՄՈՒՀ-ի որակի ներքին գնահատմանը՝ ըստ սահմանված ուղղությունների.

11) օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ եւ ներքին իրավական ակտերով սահմանված կարգով բողոքարկելու ՄՈՒՀ-ի վարչակազմի հրամաններն ու կարգադրությունները, իր իրավունքները պաշպանել դատական կարգով.

12) օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ, ուսանողի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

2. Ուսանողը պարտավոր է՝

1) կատարել ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունները.

2) ուսումնառության պայմանագրով նախատեսված ժամկետներում եւ կարգով վճարել ուսման վարձը, կատարել պայմանագրային այլ պարտավորությունները.

3) կատարել օրենքներով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ, ուսանողի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

3. Ուսանողի ուսումնառության դադարեցումը ընդհատման միջոցով կիրառվում է՝

1) հղիության եւ ծննդաբերության,

2) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար,

3) զինվորական ծառայության դեպքերում,

4) ժամանակավոր անաշխատունակության պատճառներով,

5) ընտանեկան հանգամանքների հիմքով,

6) փոխանակման եւ համագործակցային ծրագրերում միջանկյալ ուսումնառության:

4. Ուսանողի ուսումնառության դադարեցումը ազատման միջոցով կիրառվում է՝

1) ուսանողի դիմումի համաձայն,

2) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում:

5. Ուսանողի ուսումնառության դադարեցումը հեռացման միջոցով կիրառվում է՝

1) ՄՈՒՀ-ի ներքին կարգապահական կանոններով կամ ՄՈՒՀ-ի եւ ուսանողի միջեւ կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում, այդ թվում՝ ՄՈՒՀ-ի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում,

2) ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման անբավարար մակարդակի դեպքում՝ անկախ ուսումնառության հիմքից, եթե ՄՈՒՀ-ի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում չի լրացրել դրանք:

6. ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր, այդ թվում՝ ՄՈՒՀ-ից հեռացում: Ուսանողի նկատմամբ հավելյալ դրամական վճարի ձեւով կարգապահական միջոցներ չեն կարող կիրառվել, բացառությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերի:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ուսանողին տրամադրվում է ակադեմիական արձակուրդ՝ օրենքով սահմանված ժամկետով, իսկ 3-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում՝ ակադեմիական արձակուրդ հիմնավորված ժամկետով, բայց ոչ ավել, քան մեկ տարի տեւողությամբ: Ակադեմիական արձակուրդի ընթացքում պահպանվում է ուսանողական իրավունքը, ինչպես նաեւ ուսումնառության պայմանները: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու հիմքերը, կարգը եւ ժամկետները սահմանում է լիազոր մարմինը: Արգելվում է ուսանողի հեռացումը ակադեմիական արձակուրդի ընթացքում:

8. Ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում, ՄՈՒՀ ընդունվելու պահին սահմանված ուսման վարձի չափը պահպանվում է (բացառությամբ տվյալ ուսումնական տարում ուսման վարձի նվազման դեպքի), եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է ուսումնառության դադարեցման պատճառը վերանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

9. Ուսանողը կարող է մասնակցել (ընդգրկվել) մասնագիտական ոլորտի կամ համապետական նշանակության միջոցառումներին, իր ուսումնառած ծրագրին առնչվող կրթական ծրագրերին, մրցույթներին, փառատոներին եւ այլ ակադեմիական միջոցառումներին՝ համաձայն լիազոր մարմնի սահմանած կարգի: Ուսանողի կրթական ծրագրի բաց թողնված արդյունքները, առանց լրացուցիչ վճարման պայմանի, լրացվում են ՄՈՒՀ-ի աջակցությամբ:

10. Ունկնդիրը մասնագիտական կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունքներից եւ կրում ուսանողի համար սահմանված պարտականություններ:

Հոդված 31. Ուսանողական ինքնակառավարման մարմինները

1. Ուսանողների նախաձեռնությամբ ՄՈՒՀ-ում կարող են ստեղծվել ուսանողական տարբեր կառույցներ եւ միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանում է ՄՈՒՀ-ի խորհուրդը:

2. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմինները ձեւավորվում եւ գործում են սույն օրենքի, տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրության հիման վրա:

3. Ուսանողական ինքնակառավարման մարմինները ՄՈՒՀ-ում եւ դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ:

4. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են հետեւյալ սկզբունքներով.

1) տվյալ մարմնին միանալու ազատությունն ու կամավորությունը.

2) տվյալ մարմնի աշխատանքներում ուսանողների հավասար մասնակցության հնարավորության ապահովումը.

3) գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը.

4) գործելու կոլեգիալությունը, անձնական պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը.

5) բազմակարծության եւ բազմազանության ապահովումը.

6) քաղաքական կուսակցությունների եւ կրոնական կազմակերպությունների ազդեցությունից անկախությունը:

5. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմինները՝

1) աջակցում են ուսանողության նախաձեռնություններին, մասնակցում դրանց իրականացմանը,

2) կազմակերպում են ուսանողական քննարկումներ եւ այլ մասնագիտական միջոցառումներ.

3) աջակցում են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, սոցիալական գործընկերության ծրագրերում ուսանողների ընդգրկվածությանը.

4) աջակցում են կրթության եւ ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը.

5) աջակցում են ուսանողների հետազոտական աշխատանքների իրականացմանը եւ դրանց արդյունքների հրապարակմանը.

6) խթանում են ուսանողների կամավորական աշխատանքների իրականացումը եւ աջակցում դրանց.

7) համագործակցում են համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, անդամակցում համանման կառույցներին.

8) ՄՈՒՀ-ի խորհրդի սահմանած կարգի համաձայն՝ մասնակցել ֆոնդհայթայթման միջոցառումների, որոնցից գոյացած միջոցները կարող են ուղղվել բացառապես իրենց գործունեության նպատակների իրականացմանը:

6. Ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի եւ այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները եւ հաշվետվողականության կարգը սահմանում է ՄՈՒՀ-ի խորհուրդը:

Հոդված 32. Ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակը եւ ուսանողական նպաստի ձեւով փոխհատուցումը

1. ՄՈՒՀ-երը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրի յուրաքանչյուր մակարդակի որակավորման (ուղղվածության) ուսման վարձը եւ որոշել դրա չափը, որը ենթակա չէ փոփոխման ամբողջ ուսումնառության ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերի:

2. Ուսանողի կարգավիճակը վերականգնած ուսանողի ուսման վարձի չափը սահմանվում է տվյալ ուսումնական տարվա համար սահմանված չափով, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի եւ ուսանողի հետ կնքվում է նոր պայմանագիր:

3. Ուսանողական կրթաթոշակը, ուսանողական նպաստը, այդ թվում՝ տվյալ համակարգերում ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը (զեղչը) տրամադրվում է օրենքներով սահմանված դեպքերում եւ Կառավարության հաստատած տեղերի քանակին, չափանիշներին եւ կարգին համապատասխան:

4. Պետության կողմից տրամադրվող կրթաթոշակի կարող են հավակնել միայն լրիվ բեռնվածությամբ սովորող ուսանողները: Ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում ուսանողը զրկվում է պետության կողմից կրթաթոշակ ստանալու հնարավորությունից:

5. Կրթաթոշակ չի տրամադրվում կրթական ծրագրի շրջանակներում աշխատող եւ աշխատավարձ ստացող, մասնակի բեռնվածությամբ կամ դրսեկության կամ հեռավար ձեւով ուսումնառություն անցնող ուսանողներին:

6. Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձեւով տրվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով, ըստ առաջադիմության՝ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող որակավորումներով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

7. Պետական բյուջեից ֆինանսավորում չեն կարող ստանալ՝

1) այն անձինք, որոնք զուգահեռ ուսումնառում են այլ կրթական ծրագրի մակարդակով կամ որակավորմամբ, եթե նրանք ձեռք են բերել այդ կրթական ծրագրի կրեդիտների կեսից ավելին պետական բյուջեի միջոցներով, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի.

2) այն անձինք, որոնք միաժամանակ ուսումնառում են նույն կրթական մակարդակի երկու ծրագրով եւ դրանցից մեկի ուսումնառության համար պետական բյուջեի միջոցներից ստանում են ֆինանսավորում.

3) այն անձինք, որոնք ուսումնառում են Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա ՄՈՒՀ-երի մասնաճյուղերում, բացառությամբ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի.

4) այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի են, սակայն ՄՈՒՀ են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով:

8. Պետության եւ ՄՈՒՀ-ի կողմից տրվող կրթաթոշակներին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է լրիվ կամ մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

9. ՄՈՒՀ-երը կարող են նաեւ հաստատության սահմանած կարգով լրացուցիչ ծառայությունների մատուցման համար գանձել ծառայության վճարներ, որոնց չափը հաստատում է տվյալ ՄՈՒՀ-ի խորհուրդը՝ տնօրենի ներկայացմամբ:

10. Արգելվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնառությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար գանձել հավելյալ վճարներ:

11. Կրթական ծրագրերի ուսուցումը օտար լեզվով կազմակերպելու դեպքում ՄՈՒՀ-ը կարող է սահմանել ուսման վարձի ավելի բարձր չափ:

12. Արգելվում է ՄՈՒՀ-երի վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց, ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ՄՈՒՀ-ում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Սույն մասում նշված արտակարգ իրավիճակի առկայությունը հավաստում է արտաքին քաղաքականության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

13. ՄՈՒՀ-ը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցել ուսման վճարը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

14. ՄՈՒՀ-ն ուսանողներին կարող է տրամադրել կրթաթոշակներ, ուսանողական նպաստներ եւ ուսանողական ֆինանսական խրախուսում, ինչպես նաեւ կարող է սահմանել ուսման վարձի վճարման պարբերականություն:

Հոդված 33. Ուսանողների առողջության պահպանումը

1. ՄՈՒՀ-ն ապահովում է ուսումնառության անվտանգ եւ ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն եւ սպասարկում, ուսանողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձեւավորում է անձնական հիգիենայի եւ առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

2. Ուսանողների առողջության պահպանման նպատակով յուրաքանչյուր ուսանող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն՝ ՄՈՒՀ-ի բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 34. ՄՈՒՀ-ի աշխատողները, նրանց իրավունքներ ու պարտականությունները

1. ՄՈՒՀ-ի դասախոս կարող է լինել այն անձը, որը ունի դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն եւ համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, իսկ վարպետի դեպքում՝ առնվազն մասնագիտական կրթություն կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ զբաղմունքի բնագավառում գործունեության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ:

2. Պետական ՄՈՒՀ-ի դասախոսի կամ վարպետի թափուր տեղերը համալրվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած մրցութային կարգով: Թափուր տեղ է համարվում տվյալ որակավորման ուղղվածության ուսումնական պլանով սահմանված առարկան կամ մոդուլը դասավանդող դասախոսի կամ վարպետի չզբաղեցրած պաշտոնը: Թափուր տեղի համար մրցույթ կարող է չհայտարարվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած դեպքերում:

3. ՄՈՒՀ-ի աշխատողների ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ վերանշանակման չափանիշներն ու պայմանները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ եւ ներքին իրավական ակտերով:

4. ՄՈՒՀ-ում սահմանվում են մանկավարժական կազմի հետեւյալ պաշտոնները՝

1) ասիստենտ, կամ կրտսեր դասախոս, կրտսեր վարպետ.

2) դասախոս, վարպետ.

3) ավագ դասախոս, ավագ վարպետ.

4) մասնագիտացված ուսուցման հրահանգիչ՝ գործընկեր կազմակերպության հետ համաձայնությամբ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պաշտոնները փոխկապակցված են մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքների կամ շնորհված տարակարգի հետ՝ կրթության պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով:

6. Արվեստի, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում ՄՈՒՀ-ի կրթական ծրագրերի մակարդակի եւ որակավորումների ուսումնառության կազմակերպման առանձնահատկություններից ելնելով ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ կարող են սահմանվել ուսումնաօժանդակ, արտադրական կազմի եւ այլ պաշտոններ:

7. Վարչական պաշտոն զբաղեցնող կամ կառավարման գործառույթներ իրականացնող եւ համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են նույն ՄՈՒՀ-ում իրականացնել նաեւ մանկավարժական գործունեություն՝ ոչ ավել, քան 8 ակադեմիական ժամ բեռնվածությամբ:

8. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող զբաղեցնել վարչական կամ կառավարման գործառույթներ իրականացնող այլ պաշտոն:

9. ՄՈՒՀ-ի կրթական կառուցվածքային միավորի ղեկավարի (ամբիոնի վարիչ, ոլորտային հոսքի ղեկավար եւ այլն) գործունեությունը համարվում է մանկավարժական:

10. Պետական ՄՈՒՀ-ի ուսումնաօժանդակ, մանկավարժական եւ վարչական պաշտոններին ներկայացվող մասնագիտական չափանիշները սահմանում է լիազոր մարմինը՝ հաշվի անելով ՄՈՒՀ-ի, կրթության մակարդակի եւ մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերի առանձնահատկությունները:

11. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:

12. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝

1) կրթական ծրագրի շրջանակներում իր հայեցողությամբ կազմելու դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրելու դասավանդման եւ ուսումնառության մեթոդները եւ անհրաժեշտ ռեսուրսները, ուսանողական առաջադրանքների եւ հետազոտությունների թեմաներ եւ սահմանելու դրանց կատարման մեթոդաբանությունը, ընթացիկ եւ ամփոփիչ արդյունքների գնահատման միջոցները, որոնք ապահովում են վերջնարդյունքների հաղթահարման արդյունավետություն.

2) առաջարկներ ներկայացնելու կրթական ծրագրի նկարագրերի, մոդուլների եւ ուսումնառության նյութերի բարելավման վերաբերյալ.

3) մասնակցելու մասնագիտական կատարելագործման դասընթացների եւ մասնագիտական փոխանակման ու գիտամանկավարժական այլ միջոցառումների.

4) մասնակցելու արտահերթ ատեստավորմանը, դիմելու որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

5) մասնակցելու փորձարարական, նորարական ծրագրերի եւ մեթոդների մշակմանն ու ներդրմանը.

6) կազմակերպելու ու իրականացնելու մասնագիտական ուսուցման եւ կատարելագործման, ինչպես նաեւ սոցիալական, կամավորական, ձեռներեցության ծրագրեր.

7) մասնակցելու տեղական եւ միջազգային ծրագրերի, մրցույթների եւ ընդգրկվելու աշխատանքներում խմբերում.

8) ընտրելու եւ ընտրվելու ՄՈՒՀ-ի համապատասխան պաշտոններում եւ մարմիններում՝ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով.

9) մասնակցելու ՄՈՒՀ-ի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը.

10) ունենալու կազմակերպական եւ նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

11) օգտվելու ՄՈՒՀ-ի գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից.

12) ազատորեն օգտագործելու, տարածելու եւ փոխանակելու մասնագիտական տեղեկատվություն, տպագրելու եւ հրապարակելու սեփական հետազոտությունների արդյունքները, եթե դրանք չեն պարունակում օրենքով նախատեսված պետական, ծառայողական, առեւտրային եւ այլ գաղտնիք համարվող տեղեկատվություն.

13) պաշտպանված լինելու ուսանողների, մանկավարժական եւ այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

14) օգտվելու ակադեմիական ազատության սկզբունքներից բխող իրավունքներից.

15) սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից.

16) օգտվելու օրենքով եւ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներից:

13. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը պարտավոր է՝

1) պահպանել ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ եւ ներքին իրավական ակտերով սահմանված պահանջները.

2) հարգել եւ պաշտպանել ուսանողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

3) նպաստել անձի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

4) նպաստել ուսանողների կողմից ուսումնառության մոդուլների յուրացմանը եւ ուսումնառության վերջնարդյունքների ձեռք բերմանը.

5) մասնակցել պարտադիր ատեստավորմանը, իր պաշտոնի նկարագրին համապատասխան մասնակցել վերապատրաստումների՝ համաձայն կթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի եւ ժամանակացույցի.

6) հետեւողականորեն կատարելագործել իր առարկայական եւ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական եւ հետազոտական աշխատանքներ.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման եւ մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) ուսանողների մեջ ձեւավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

9) ուսանողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ ստեղծագործական ունակություններ.

10) կատարել օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

14. Մանկավարժական աշխատողների համար ՄՈՒՀ-ի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների եւ անձանց կողմից կարող են սահմանվել խրախուսման ձեւեր:

Հոդված 35. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները, վերապատրաստումը, ատեստավորումը, տարակարգի շնորհումը

1. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված մանկավարժական պաշտոնների մասնագիտական չափանիշների հիման վրա ՄՈՒՀ-ը սահմանում է յուրաքանչյուր մոդուլը կազմակերպող դասախոսի կամ վարպետի պաշտոնի նկարագիրը:

2. Դասախոսի եւ վարպետի պաշտոնի նկարագիրը ներառում է.

1) մասնագիտական խնդիրները,

2) տեսական եւ գործնական ուսուցման ու դասավանդման ուսումնամեթոդական նկարագիրը,

3) վերլուծական եւ հետազոտական աշխատանքների ուղղվածությունները,

4) աշխատանքների պլանավորման եւ կազմակերպման հմտությունների նկարագիրը,

5) խորհրդատվություններ եւ հետադարձ կապ ապահովելու հմտությունների պահանջը,

6) թվային հմտությունների շրջանակը:

3. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով՝ ՄՈՒՀ-ը իրականացնում է հիմնական աշխատող հանդիսացող դասախոսի կամ վարպետի, իսկ համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողների եւ հրահանգիչների դեպքում՝ վերջիններիս ցանկությամբ, ատեստավորում՝ հինգ տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ՄՈՒՀ-ի հաստատած ժամանակացույցի:

4. Մինչեւ սահմանված ժամկետի լրանալը ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է իր կամ գործընկեր կազմակերպության նախաձեռնությամբ եւ իր միջոցներով վերապատրաստվել եւ դիմել արտահերթ ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:

5. ՄՈՒՀ-ը յուրաքանչյուր ատեստավորումից ոչ շուտ, քան մեկ օր առաջ ձեւավորում է ատեստավորման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի եւ ՄՈՒՀ-ի գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները:

6. Միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող դասախոսը կարող է ատեստավորվել եւ տարակարգ ստանալ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ուսուցչի ատեստավորման եւ տարակարգի շնորհման ընթացակարգով:

7. Յուրաքանչյուր տարի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգին համապատասխան ՄՈՒՀ-ի տնօրենը կազմում եւ պետական կառավարման լիազոր մարմնին է ներկայացնում ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը:

8. Հերթական ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողը ոչ ուշ, քան հերթական ատեստավորումից երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

9. Հերթական ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողը ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում՝ պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած վերապատրաստման ծրագրի ուղղություններին համապատասխան:

10. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի վերապատրաստումը կազմակերպվում է օրենքով եւ կառավարության սահմանած լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման ընթացակարգերին համապատասխան՝ մոդուլային ուսուցման ծրագրով, որի արդյունքում տրվում է պետական նմուշի վկայական եւ ձեռք բերված ուսումնառության արդյունքների վերաբերյալ ներդիր:

11. Մանակավարժական աշխատողի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, մասնագիտական չափանիշները սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը: Սույն մասով սահմանվող չափանիշները ներառում են նաեւ սույն հոդվածի 10-րդ մասում նշված փաստաթղթերը եւ վերապատրաստման ընթացքում կատարած առաջադրանքների հիմքերը, ինչպես նաեւ ՄՈՒՀ-ի շահակիցների (տնօրեն, ուսանող, ՄՈՒՀ մանկավարժական աշխատող) կարծիքները, ներքին եւ արտաքին գնահատման արդյունքները:

12. Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքում կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ՝ չի համապատասխանում: Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման հիման վրա մանկավարժական աշխատողի հետ տվյալ պաշտոնի համար կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:

13. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազոր մարմին: Բողոքարկման դեպքում դասախոսի կամ վարպետի ազատումը հետաձգվում է մինչեւ վերջնական որոշում կայացնելը:

14. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում անձի՝ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակվում:

15. Ատեստավորման գործընթացում ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների՝ Կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի սահմանման համար:

16. ՄՈՒՀ-ի համատեղությամբ աշխատող հանդիսացող մանկավարժական աշխատողներին կարող է տրվել սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված չափին հավասար վարձատրություն՝ հիմք ընդունելով պաշտոնի նկարագրով սահմանված չափանիշներին համապատասխանությունը եւ դասավանդվող ոլորտում վերջիններիս մասնագիտական փորձառությունն ու գիտելիքները:

17. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:

18. Ատեստավորման ենթակա չէ՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժական աշխատողը.

2) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

19. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

20. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ չորսամսյա ժամկետում:

21. Ատեստավորված ՄՈՒՀ մանկավարժական աշխատողը իր նախաձեռնությամբ կամ գործընկեր կազմակերպության առաջարկությամբ կարող է մասնակցել դասախոսի, վարպետի կամ հրահանգչի տարակարգի շնորհման գործընթացին:

22. Մանկավարժական աշխատողի տարակարգը եռաստիճան է:

23. Տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով՝ փաստաթղթային եղանակով, մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կողմից:

24. Մանկավարժական աշխատողի տարակարգերը համապատասխանում են դասախոսի, վարպետի, հրահանգչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը՝ մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական եւ առաջնորդման գործառույթների եւ դրանց ապահովման հետեւյալ չափանիշների հիման վրա, այդ թվում.

1) Մանկավարժական կարողությունների ձեւավորում եւ կիրառում.

ա) նոր մեթոդների եւ գործիքակազմի ձեւավորում եւ փորձարկում,

բ) գործնական ուսուցման եւ կիրառական հմտությունների ձեւավորում, կիրառում,

գ) թեմատիկ նյութերի, հրապարակումներ, զեկույցներ,

դ) դասընթացի ծրագրի իրականացման ընթացքում նոր եւ ուսանողի արժեհամակարգի ձեւավորմանը միտված հմտություններ,

ե) թվային կրթական տեխնոլոգիաների հարմարեցման եւ կիրառման հմտություններ եւ այլն:

2) Մասնագիտական ոլորտային հմտությունների զարգացում եւ ներդրում.

ա) մասնագիտական կատարելագործման եւ այլ օժանդակող լրացուցիչ կրթական ծրագրերի մասնակցության, տեղայնացում,

բ) փորձի եւ կարողությունների փոխանակման ծրագրերի մասնակցություն, տեղայնացում,

գ) նոր մասնագիտական ծրագրերի մշակում,

դ) նորարական ծրագրերի եւ մեթոդների ներդրում,

ե) հրապարակումներ եւ զեկույցներ՝ գիտական հարթակներում,

զ) ուսանողների մասնագիտական ոլորտի ծրագրերում ու միջոցառումներում ընդգրկվածության խթանում, մասնակցային հնարավորությունների ստեղծում:

3) Կազմակերպչական եւ առաջնորդման հմտությունների կիրառում.

ա) միջոցառումների եւ մրցույթների կազմակերպում.

բ) վերապատրաստումներ կամ մասնագիտական ուսուցման ծրագրերի կազմակերպում՝ անձնակազմի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար.

գ) սոցիալական, կամավորական, ձեռներեցության ծրագրերի մշակում եւ իրականացում.

դ) մասնավոր հատվածի ներգրավում եւ շարունակական համագործակցության խթանում,

ե) ուսանողների կարիերայի խթանման միջոցառումներ,

զ) միջազգային ծրագրերի ներգրավում:

25. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթային գնահատման արդյունքում ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

26. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատական կարգով: Բողոքարկման դեպքում դասախոսին կամ վարպետին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչեւ վերջնական որոշման կայացումը:

27. Մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից մանկավարժական աշխատողին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու եւ հավելավճար սահմանելու համար: Տարակարգը շնորհվում է երեք տարի ժամկետով:

28. Տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրվում է համապատասխան հավելավճար ՄՈՒՀ-ին հատկացված միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած չափով եւ կարգով:

29. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:

30.ՄՈՒՀ-ից այլ ՄՈՒՀ տեղափոխվող մանկավարժական աշխատողի տարակարգը պահպանվում է:

31. Հանրային եւ մասնավոր ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է լիազոր մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ ՄՈՒՀ-ի կամ սեփական եւ այլ ֆինանսական միջոցների հաշվին:



ԳԼՈՒԽ 5

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 36. Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի սեփականության հարաբերությունները

1. ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:

2. Պետական ՄՈՒՀ-երին հիմնադիրը գույքը տրամադրում է անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով:

3. ՄՈՒՀ-ը սեփականության իրավունք ունի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ՄՈՒՀ-ին նվիրաբերության, հանգանակության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

Հոդված 37. Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի ֆինանսավորումը

1. ՄՈՒՀ-ի ֆինանսավորումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)՝ օրենքով սահմանված կարգով՝ ելնելով իրականացվող կրթական ծրագրերի ֆինանսական հաշվարկից:

2. ՄԿՈՒ համակարգը, ըստ Կառավարության սահմանած չափի եւ հատկացումների, ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

3. ՄՈՒՀ-երը սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական եւ ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը:

4. ՄՈՒՀ-ի տնտեսական եւ ֆինանսական գործունեության վերահսկողությունը, իրենց լիազորությունների սահմանում, իրականացնում են լիազոր մարմինները:

5. ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել անկախ աուդիտի (վերստուգման)՝ Կառավարության սահմանած կարգով:

6. ՄԿՈՒ համակարգի ֆինանսավորման աղբյուրներն են՝

1) պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը.

2) դրամաշնորհները.

3) վճարովի ուսուցման ծառայություններից ստացված եկամուտները, այդ թվում՝ ուսման վարձի վճարները.

4) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակներում եւ գործատուի պատվերով իրականացվող կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների կրթաթոշակների կամ ուսման վարձի փոխհատուցումները.

5) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) վարկային միջոցները.

7) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվությունները եւ նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները եւ նվիրաբերությունները.

8) այլ պետություններից ստացված ֆինանսավորումը.

9) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:

7. ՄՈՒՀ-երը պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել հետեւյալ ձեւերով.

1) ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է պետական ՄՈՒՀ-երին ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ կրթության որակի բարելավման նպատակով՝ անկախ ՄՈՒՀ-ին տրամադրվող պետական կրթաթոշակներից: Ինստիտուցիոնալ ֆինանսավորման հիմք են նաեւ ՄՈՒՀ-ի գործունեության արդյունքային ցուցանիշները.

2) կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձեւով ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ՄՈՒՀ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության հիմքով այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման սահմանված պահանջները եւ չափանիշները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ուսումնառության համար կնքել են համապատասխան պայմանագիր.

3) ուսանողական նպաստների տրամադրում՝ նպաստի ձեւով ուսման վարձի փոխհատուցում սոցիալապես խոցելի կամ այլ առանձին խմբերի այն ուսանողներին, որոնք բավարարում են նպաստի ստացման սահմանված պահանջները եւ չափանիշները.

4) ուսանողական ֆինանսական խրախուսում՝ ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական եւ աշխատանքային արդյունքների ձեռքբերումների համար լավագույն ուսանողների ֆինանսական աջակցություն, որոնք բավարարում են ֆինանսական խրախուսման սահմանված պահանջները եւ չափանիշները.

5) մրցակցային ֆինանսավորում, որը տրամադրվում է ՄՈՒՀ-ի զարգացմանն ուղղված նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը՝ մրցութային հիմունքներով.

6) նպատակային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար տրամադրվող ֆինանսավորում:

8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:

9. ՄՈՒՀ-երը կարող են իրականացնել օրենքով չարգելված եւ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները.

1) կազմակերպել հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրեր՝ լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ,

2) մշակել եւ իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր՝ մասնագիտական ուսուցման, վերապատրաստման, արտադպրոցական դաստիարակության, նախապատրաստական դասընթացների եւ ոչ ֆորմալ ուսուցում այլ ձեւերով,

3) ստեղծել ռեսուրս-կենտրոն՝ կրթության ոլորտի ու սոցիալական գործընկերների կարիքներին համապատասխան,

4) ստեղծել ՄՈՒՀ-երի եւ այլ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջեւ փոխադարձ ծառայությունների եւ փոխգործակցության ցանց,

5) իրականացնել ստեղծագործական, հետազոտական, փորձարարական եւ փորձագիտական գործունեություն, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով կամ համագործակցությամբ,

6) լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին եւ զբաղմունքին համապատասխան, ինչպես նաեւ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության
մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, կազմակերպել արտադրություն, արտադրանքի իրացում եւ վաճառք,

7) մշակել եւ հրատարակել գրականություն, ձեռնարկներ, ուղեցույցներ եւ այլ ուսումնամեթոդական նյութեր,

8) կազմակերպել հանրային սնունդ՝ ուսանողների (ունկնդիրների), աշխատողների, գործընկեր կազմակերպության եւ այլ հաճախորդների համար,

9) տրամադրել կեցության ծառայություններ, շահագործել հանրակացարաններ,

10) կազմակերպել ուսանողների եւ աշխատողների հանգստի, ժամանցի եւ առողջ ապրելակերպի միջոցառումներ,

11) կազմակերպել եւ սպասարկել կրթական, մշակութային, սոցիալական, մարզական եւ այլ բնույթի միջոցառումների,

12) իրականացնել մշակութային ոլորտի գործունեություն.

13) իրականացնել սպորտի բնագավառի գործունեություն:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակների իրականացման համար ՄՈՒՀ-ը կարող է հիմնադրել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ օրենքով եւ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

11. ՄՈՒՀ-երը կարող են իրականացնել իրենց որակավորումներին համապատասխան կամ դրանցից ածանցված ապրանքների ու ծառայությունների փորձարկում:



ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 38. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն հոդվածի
2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164 Հայաստանի Հանրապետության օրենքը՝ բացառությամբ 7-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերի, 18, 18.1, 19, 20-րդ, 22-րդ հոդվածի, որոնք ուժը կորցնում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված համապատասխան նորմատիվ իրավական ակտերի ընդունման պահից:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 8-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ մասերով նախատեսված՝ կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգին վերաբերող դրույթները, 11-13-րդ հոդվածներով, 15-րդ հոդվածի 3-րդ եւ 8-10-րդ, 14-16-րդ մասերով, 22-29-րդ հոդվածներով, 35-րդ եւ 37-րդ հոդվածներով նախատեսված դրույթները ներդրվում են եւ դրանց հետ կապված նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման համաձայն Վարչապետի որոշմամբ հաստատած գործողությունների պլանի եւ ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչեւ 2025 թ. հուլիսի 31-ը:

4. Սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսվածների, ենթակա են ընդունման մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 30-ը: Մինչեւ սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը շարունակում են գործել մինչեւ սույն օրենքի ընդունումը ուժի մեջ մտած համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերը:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը առաջին անգամ հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ հաջորդող տարվա դեկտեմբերի 25-ը՝ հաջորդող ուսումնական տարվա համար:

6. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի համակարգը ներդրվում է մինչեւ 2027 թվականի հունվարի 15-ը: Մինչ այդ դիպլոմը եւ դրա հավելվածը, հավաստագիրը եւ ներդիրը ՄՈՒՀ-ի կողմից ուսանողին տրամադրվում է թղթային եղանակով եւ անվճար:

7. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ձեւավորված պետական ՄՈՒՀ-երի խորհուրդները շարունակում են գործել, մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան նոր խորհուրդների ձեւավորումը: Սույն օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան նոր ձեւավորվող խորհուրդների առաջին կազմում յուրաքանչյուր մարմնի կողմից առաջադրվող համապատասխանաբար մեկական անդամ (բացառությամբ ուսանողության ներկայացուցիչների) պաշտոնավարում է երկու տարի ժամկետով, իսկ մեկական անդամ՝ երեք տարի ժամկետով: Մանկավարժական աշխատողներից առաջադրվող մեկ անդամ պաշտոնավարում է 4 տարի, իսկ մյուսը՝ 5 տարի ժամկետով:

8. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընտրված պետական ՄՈՒՀ տնօրենները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

9. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընդունված նորմատիվ իրավական ակտերում առկա նախնական (արհեստագործական) կրթությանը վերաբերող կարգավորումները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում սահմանված արհեստագործական հիմնական կրթական ծրագրի նկատմամբ: