Armenian ARMSCII Armenian
Պ-646-21.10.2014,27.11.2014-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի     1-ին կետի «բ » ենթակետը «հարցումը » բառից հետո լրացնել «, այդ թվում` Բյուջետային գրասենյակի աջակցությամբ պատրաստված, » բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Ենթահանձնաժողովի, աշխատանքային խմբի եւ փորձագետների աշխատանքային խմբի (բյուջետային գրասենյակի) ստեղծումն ու գործունեությունը

1. Մշտական հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրել դրանց ղեկավարներին:

2. Մշտական հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաեւ հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետը (մասնագետը), պատգամավորի օգնականը եւ այլ մասնագետներ:

3. Մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

4. Իր գործունեության արդյունքների մասին մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում:

5. Մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ մշտական հանձնաժողովի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 77-րդ հոդվածով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաեւ սույն օրենքի 10-րդ, 11-րդ գլուխներով եւ 101-րդ հոդվածով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու եւ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար Ազգային ժողովում կազմավորվում է փորձագետների աշխատանքային խումբ (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ):

7. Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`

1)  պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ (կամ) այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

2) ծրագրային բյուջետավորման ձեւաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.

3)  պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, ինչպես նաեւ ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի եւ տեղեկանքների պատրաստումը.

4) պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձեւակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաեւ պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.

5) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով Բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակների, ինչպես նաեւ  պետական բյուջեի ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների եւ պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում`  տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.

6)  պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաեւ պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

7)  Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

8) պետական բյուջեի նախագծի եւ պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա  ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցերի, հարցումների եւ հարցապնդումների ձեւակերպմանն  աջակցությունը.

9)  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի, ինչպես նաեւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի եւ տեղեկանքների պատրաստումը.

10) պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.

11) Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների եւ եզրակացությունների վերաբերյալ տեղեկանքների  տրամադրումը.

12)  իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելը: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

8.  Բյուջետային գրասենյակն իր գործառույթների շրջանակներում պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին` նրանց գրավոր հարցման հիման վրա, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով տրամադրում է մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Բյուջետային գրասենյակն իր գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից եւ կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին կամ որեւէ պատգամավորի:

9. Բյուջետային գրասենյակի կանոնակարգը, փորձագետներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրության (նշանակման) կարգը, պաշտոնավարման  պայմանները, ժամկետը, վարձատրության չափը սահմանվում են սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հավելվածներով:

10. Բյուջետային գրասենյակը կազմված է համակարգող փորձագետից եւ  4 այլ փորձագետից: Փորձագետների` տվյալ ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում  պաշտոն զբաղեցնելու ստաժին: »:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը «ներկա գտնվել » բառերից հետո լրացնել «Բյուջետային գրասենյակի փորձագետները, » բառերով:

Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածի 3-րդ կետում՝

1) «եւ Վերահսկիչ պալատ »  բառերը փոխարինել «, Վերահսկիչ պալատ եւ Բյուջետային գրասենյակ » բառերով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական բյուջեի նախագիծն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում,  Բյուջետային գրասենյակը պատրաստում եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 5 . Օրենքի 86-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը «ներկայացնում » բառից հետո լրացնել «(նաեւ էլեկտրոնային տարբերակով) » բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը: Հանձնաժողովի նիստում քննարկումներն իրականացվում են հետեւյալ ընթացակարգով.

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն:

Քննարկումներն ավարտվում են հարակից եւ հիմնական զեկուցողների եզրափակիչ ելույթներով: »:

Հոդված 6. Օրենքի 87-րդ հոդվածում՝

1)     3-րդ կետի «եւ Վերահսկիչ պալատ » բառերը փոխարինել «, Վերահսկիչ պալատ եւ Բյուջետային գրասենյակ » բառերով.

2)     4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Բյուջետային գրասենյակը պատրաստում եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: »:

Հոդված 7. Օրենքի 101-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7-րդ եւ 8-րդ կետերով.

«7. Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները եւ եզրակացությունները, ինչպես նաեւ վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից ընթացիկ հաշվետվություններում եւ եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրամադրված գրավոր տեղեկատվությունները: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրել՝

ա) հանձնաժողովի նիստ.

բ) հանձնաժողովների համատեղ նիստ՝ համապատասխան ոլորտային հանձնաժողովի հետ:

8. Հանձնաժողովի կամ հանձնաժողովների համատեղ նիստերում հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ.

ա) Վերահսկիչ պալատի ներկայացուցչի ելույթը.

բ) հարցեր Վերահսկիչ պալատի ներկայացուցչին եւ նրա պատասխանները.

գ) վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձի ելույթը.

դ) հարցեր վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձին եւ նրա պատասխանները:

Քննարկումներն ավարտվում են մտքերի փոխանակությամբ:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ        Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Հավելված 1
«Ազգային ժողովի կանոնակարգ »
Հայաստանի Հանրապետության օրենքի



ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

(ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ)

ԳԼՈՒԽ  1

 ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հավելվածով սահմանվում են փորձագետների աշխատանքային խմբի (Բյուջետային գրասենյակի)՝ «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Ազգային ժողովի կանոնակարգ)  23-րդ հոդվածով սահմանված գործունեության նպատակի եւ գործառույթների իրականացման կազմակերպումը, դրանց կատարման ժամկետները, գործավարությունը եւ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի ու Ազգային ժողովի աշխատակազմի հետ փոխգործակցության կարգը եւ պայմանները:

2. Բյուջետային  գրասենյակն  Ազգային  ժողովի  կանոնակարգի 23-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված գործառույթների շրջանակներում` Ազգային ժողովի կանոնակարգով եւ սույն  հավելվածով սահմանված դեպքերում եւ ընթացակարգերով, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրում է մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

3.  Բյուջետային գրասենյակն իր գործառույթներն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերից եւ տեղեկատվությունից:

4. Բյուջետային գրասենյակն օժտված է գործառութային ինքնավարությամբ: Բյուջետային գրասենյակն իր գործունեությունն իրականացնում է իրեն վերաբերելի իրավական ակտերին համապատասխան:

5. Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը եւ մշտադիտարկումը, այդ թվում` ներքին աշխատակարգի սահմանումը, իրականացնում է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովը:

6. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքի անմիջական համակարգումը, կազմակերպումը եւ վերահսկումն իրականացնում է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը, որը պատասխանատու է Բյուջետային գրասենյակի գործառույթների պատշաճ իրականացման համար:

7. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը եւ մյուս փորձագետներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի աշխատակազմի եւ իրենց միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերի պայմաններին համապատասխան:

8. Սույն հավելվածով սահմանված ժամկետներում պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի հարցումների հիման վրա տեղեկանքներ, նկարագրեր, տեղեկատվություն կամ աջակցություն անհարգելի պատճառով չտրամադրելը, չցուցաբերելը, ուշացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ լրիվ տրամադրելը հիմք է կարգազանց փորձագետին աշխատանքային կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

9. Բյուջետային գրասենյակի աշխատանքային պայմանները, նյութական, տեխնիկական, գործավարական, կազմակերպական, տեղեկատվական, ծրագրային  անհրաժեշտ աջակցությունն ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը:

10. Բյուջետային գրասենյակի պաշտոնական լրիվ անվանումն է փորձագետների աշխատանքային խումբ, իսկ կրճատ` Բյուջետային գրասենյակ:

11. Բյուջետային գրասենյակն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում ունի իր ինտերնետային էջը:

12. Բյուջետային գրասենյակի գտնվելու վայրը՝ քաղաք Երեւան, Մարշալ Բաղրամյան պողոտա 19:

ԳԼՈՒԽ  2

 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

13. «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված Բյուջետային գրասենյակի լիազորություններն իրականացնում է համակարգող փորձագետը կամ նրան փոխարինող փորձագետը:

14. Բյուջետային  գրասենյակն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով  է ներկայացնում՝

1) պետական բյուջեի նախագծի եւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրերը.

2) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:

15. Բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին`

1) տրամադրում է՝

ա. տեղեկանքներ՝ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ (կամ) այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,

բ. պետական բյուջեի նախագծի  ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր եւ տեղեկանքներ,

գ. տեղեկանքներ՝ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաեւ պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ,

դ. տեղեկանքներ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ,

ե. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր եւ տեղեկանքներ,

զ. տեղեկանքներ Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների եւ եզրակացությունների վերաբերյալ,

է. տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,

ը. այլ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ.

2) աջակցում է՝

ա. պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձեւակերպման գործում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ,

բ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի, հարցումների եւ հարցապնդումների ձեւակերպման գործում:

16. Բյուջետային գրասենյակը պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է դասընթացներ` ծրագրային բյուջետավորման ձեւաչափի վերաբերյալ:

17. Բյուջետային գրասենյակն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

18. Բյուջետային գրասենյակը պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով  իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակների, ինչպես նաեւ  պետական բյուջեի ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների եւ պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում`  տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով:

19. Բյուջետային գրասենյակի փորձագետները կարող են ներկա գտնվել պետական բյուջեի նախագծի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության եւ պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի քննարկումներին` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կամ նրանց համատեղ նիստերին:

ԳԼՈՒԽ 3

 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

20. Բյուջետային գրասենյակը սույն  հավելվածի 14-րդ կետում նշված  գործառույթներն իրականացնում է ինքնաշխատ` հետեւյալ ժամկետներում`

 1) սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամփոփ նկարագրերը պատրաստվում եւ ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը եւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ամփոփ նկարագիրը` պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքն ստանալուց հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

21. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 15-րդ կետում նշված գործառույթներն իր մոտ առկա տեղեկատվության շրջանակներում իրականացնում է պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի գրավոր հարցման առկայության դեպքում` հետեւյալ ժամկետներում`

1) սույն հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա », «բ », «գ », «դ », «ե », «զ », «է », «ը » պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են համապատասխան  հարցման ներկայացմանը հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի «ա », «բ » պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են հարցման ներկայացմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

22. Սույն հավելվածի 16-րդ կետում նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն                 10 փորձագետի գրավոր հայտերի եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի:

23. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

24. Բյուջետային գրասենյակ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հարցումը (այսուհետ` հարցում) ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի`

1) հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լրիվ անվանումը, պատգամավորի դեպքում` նրա անունը, ազգանունը եւ պատգամավորական մանդատի համարը.

2) պետական կառավարման մարմնի անվանումը, որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը (եթե այդպիսին ներկայացվում է).

3) հարցման բովանդակությունը (առարկան).

4) հարցմանը կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).

5) հարցումը ներկայացնողի (իրավասու անձի) ստորագրությունը.

6) հարցումը հանձնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը:

25. Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին, որը նույն օրն այն փոխանցում է Բյուջետային գրասենյակ: Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը կարող է էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում Բյուջետային գրասենյակ ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

26. Հարցման պատասխանը տրվում է գրավոր` Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի միջոցով: Հարցումը ներկայացնողի պահանջով հարցման պատասխանը տրամադրվում է նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով:

27. Բյուջետային գրասենյակը հարցման պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրում է ըստ հարցումների ստացման հաջորդականության` պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրելու պատրաստ լինելուն պես, բայց ոչ ուշ, քան սույն հավելվածի                 21-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերում նշված ժամկետներում,  եթե հարցումը ներկայացնողը մինչեւ իրեն պատասխան ուղարկելը չի հրաժարվում իր հարցմանը պատասխանելուց կամ մասնագիտական աջակցությունից: Ընդ որում, եթե հարցումները ներկայացվում են միաժամանակ, ապա նախ բավարարվում է ընդդիմադիր պատգամավորի, խմբակցության հարցումը:

28. Հարցման պատասխանը տրամադրվում է միայն հարցումը ներկայացնողին: Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պատասխանները Բյուջետային գրասենյակը տվյալ հարցումը ներկայացնողի համաձայնությամբ կարող է տեղադրել Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

29. Եթե հարցման առարկան չի մտնում Բյուջետային գրասենյակի կամ հարցումում նշված պետական կառավարման մարմնի իրավասության մեջ, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը եւ դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, վերադարձնում է հարցումը ներկայացնողին` նշելով վերադարձնելու պատճառը:

30. Եթե հարցումը կատարելու համար Բյուջետային գրասենյակի տնօրինության տակ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ կամ մասնակի է հնարավոր կատարել եւ (կամ) հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ տեղեկատվությունը տնօրինող պետական կառավարման մարմին,  ապա Բյուջետային գրասենյակը հարցումը ներկայացնողի համաձայնությամբ`

1) հնարավոր սեղմ ժամկետում հավաքում է պակասող տեղեկատվությունն ու տրամադրում է հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով կամ

2) իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա սահմանված ժամկետում տրամադրում է հայցվող տեղեկատվության առկա մասը` նշելով տեղեկատվությունն ամբողջությամբ չտրամադրելու պատճառները:

31. Հրատապ դեպքերում հարցումը կարող է ներկայացվել բանավոր: Հրատապ դեպքերն են`

1)     մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքը.

2)     Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքը.

3)     պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքը.

4)     պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքը.

5)     Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքը:

32. Հրատապ հարցում ներկայացրած պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի լիազորված անձն իր նախաձեռնությամբ կարող է Բյուջետային գրասենյակում ծանոթանալ անհրաժեշտ տեղեկությանը կամ բանավոր կարգով ստանալ մասնագիտական աջակցություն: Բյուջետային գրասենյակում հարցվող տեղեկությանը ծանոթանալու եւ (կամ)  բանավոր կարգով մասնագիտական աջակցություն ստանալու փաստը գրանցվում է Բյուջետային գրասենյակի համապատասխան մատյանում:

ԳԼՈՒԽ 4

 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

33. Բյուջետային գրասենյակում ներքին գործավարությունը կազմակերպվում եւ իրականացվում է Ազգային ժողովում սահմանված գաղտնի եւ ոչ գաղտնի գործավարության, այդ թվում` էլեկտրոնային, կարգին համապատասխան:

34. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարության կազմակերպման պատասխանատուն Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետն է:

35.   Բյուջետային գրասենյակի ներքին գործավարությունն իրականացվում է Բյուջետային գրասենյակի ներքին աշխատակարգի համաձայն:

36. Բյուջետային գրասենյակում հարցումն ստացված է համարվում Բյուջետային գրասենյակի մտից մատյանում գրանցվելու պահից:

37. Բյուջետային գրասենյակի կողմից իր գործառույթների իրականացման նպատակով պետական  եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից եւ կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին կամ պատգամավորին  ուղարկված կամ վերադարձված գրությունները եւ դրանց կից փաստաթղթերը հաշվառվում եւ պահվում են Բյուջետային գրասենյակում:

38. Բյուջետային գրասենյակն ունի իր անվանմամբ ձեւաթղթեր եւ անհատականացման այլ միջոցներ:

Հավելված 2
«Ազգային ժողովի կանոնակարգ »
Հայաստանի Հանրապետության օրենքի

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԻ ՈՒ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  1

 ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը եւ մյուս  փորձագետներն աշխատանքի են ընդունվում սույն հավելվածով սահմանված կարգով՝ 5 տարի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրով:

2. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքային հարաբերությունները  կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորող նրանց վերաբերելի այլ իրավական ակտերով:

3. Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովում քննարկելու արդյունքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում եւ կարգով, հանձնաժողովի որոշման հիման վրա հանձնաժողովի նախագահը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` միջնորդությունում նշված Բյուջետային գրասենյակի փորձագետի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ նրա նկատմամբ համապատասխան աշխատանքային կարգապահական տույժ կիրառելու մասին: Ազգային ժողովի նախագահը բավարար իրավական հիմքերի առկայության դեպքում հանձնարարում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված  կարգով միակողմանի լուծել աշխատակազմի եւ տվյալ փորձագետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ նրա նկատմամբ կիրառել համապատասխան աշխատանքային կարգապահական տույժ:

4. Բյուջետային գրասենյակի փորձագետների հաստիքները ներառվում են Ազգային  ժողովի աշխատակազմի հաստիքացուցակում:

5. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոնի նկարագիրը Բյուջետային գրասենյակի փորձագետի համար «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Ազգային ժողովի որոշումներով, Ազգային ժողովի նախագահի որոշումներով եւ կարգադրություններով նախատեսված պաշտոնեական իրավունքները, պարտականությունները նկարագրող, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ աշխատանքային ստաժի, որակավորման եւ փորձի չափանիշները սահմանող փաստաթուղթ է: Փորձագետի պաշտոնի նկարագիրը հանդիսանում է նրա հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրի բաղկացուցիչ մաս:

6. Բյուջետային գրասենյակի փորձագետների պաշտոնների նկարագրերը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

7. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքային գործունեության ընթացքն արտացոլվում է նրանց անձնական գործերում, որոնք վարում է Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը:

ԳԼՈՒԽ 2

 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն սույն հավելվածով եւ տվյալ պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

9. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար համապատասխան պաշտոնի հավակնորդին մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների տիրապետման, աշխատանքային ստաժի եւ փորձի տեսանկյունից, ի թիվս սույն հավելվածի եւ տվյալ պաշտոնի նկարագրի պահանջների, ներկայացվող պահանջներն են`

1) բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի համար՝

ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,

բ. 7 (յոթ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 5 (հինգ) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,

գ. ծրագրային բյուջետավորման իմացություն,

դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.

2)  փորձագետների համար՝

ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,

բ. 5 (հինգ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 (երեք) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,

գ. ծրագրային բյուջետավորման իմացություն,

դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

10. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝

1)   դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը Բյուջետային գրասենյակում պաշտոնի   նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը նույնական է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հանրային ծառայության  պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին.

3) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

5) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ 

ԳԼՈՒԽ 3

 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ

11. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Բյուջետային գրասենյակի համակարգող  փորձագետի եւ մյուս փորձագետների թափուր պաշտոններն զբաղեցվում են  մրցութային կարգով քննություններ հանձնելու արդյունքներով:

 12. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը կազմակերպվում եւ անցկացվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով՝ հիմք ընդունելով uույն հավելվածով uահմանված իրավակարգավորումները:

13. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում իրենց ցանկությամբ ընդգրկվում են նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչները: Խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխանաբար խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ:

14.  Բյուջետային գրասենյակի փորձագետի  թափուր պաշտոն առաջանալու դեպքում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահը եռօրյա ժամկետում գրավոր առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ:

15. Մրցույթի թեստերի եւ հարցազրույցի հարցաշարերը, ներառյալ՝ ենթադրյալ եւ ճիշտ պատասխանները, կազմում է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը:  

ԳԼՈՒԽ 4

  ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

16. Բյուջետային  գրասենյակի համակարգող փորձագետը վարձատրվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով, իսկ փորձագետը` վեցապատիկի չափով: