Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ համայնքներին աջակցության ցուցաբերման գործընթացը:
Հոդված 2. Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող` բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է փոխհատուցում սույն հոդվածի առաջին մասում նշված բնական գազի օգտագործման բաժանորդներին բնական գազի դիմաց տրամադրվող փոխհատուցման չափով:
Փոխհատուցման ենթակա ծավալները եւ փոխհատուցման կարգը, այդ թվում բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց դեպքում, յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարվում է ՀՀ տարեկան պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 4. Սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանով՝ նույն համայնքի տարածքում:
Հոդված 5. Սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:
Հոդված 6. Սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով եւ չափով՝ հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրմանը ծախսերի համար:
Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը: