Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի «երեխայի խնամքի արձակուրդում գտնվող» բառերը փոխարինել «երեխային կամ երեխաներին խնամող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ:
«2. Երեխայի կամ երեխաների խնամքի նպաստի իրավունքը ծագում է աշխատող ծնողի համար նրա` մինչեւ երեք տարեկան երեխայի կամ երեխաների խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից, իսկ չաշխատող ծնողի համար` երեխայի կամ երեխաների ծննդյան օրվանից երկու ամիս առաջ: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը պահպանվում է մինչեւ նրա երկու տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը, իսկ զույգ եւ ավելի ծնված երեխաներինը, մինչեւ նրանց 2 տարի 6 ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
«Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագիրի հաշվարկների հիմքում դրված է 18 հազար դրամ: Նշյալ ծրագիրը, մարդու իրավունքների տեսակետից, անհավասար պայմաններ է առաջացնում աշխատող եւ չաշխատող ծնողների ընտանիքների համար:
Այդ անհավասարությունը վերացնելու նպատակով առաջարկում ենք մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից, ավելին զույգ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում առաջարկում ենք նպաստը նշանակել մինչեւ երեխայի 2 տարեկան 6 ամսեկան հասակը, նկատի ունենալով, որ զույգ եւ ավելի ծնված երեխաների խնամքը համեմատաբար ավելի դժվար է:
Առաջարկվող փոփոխություններով երեխայի խնամքի նպաստը կլինի առավել հասցեական եւ նորածին երեխաներին կցուցաբերվի հավասար մոտեցում, անկախ իրենց խնամողների աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից: