Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 404.1-ին հոդվածով.
«Հոդված 404.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը ստանալը
1. Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:
2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում:
3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը պետք է ներառի.
1) դիմումով բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը,
2) դիմումով բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը,
3) ՄԻԵԿ վերաբերելի դրույթները, մասնավորապես, վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները եւ ազատությունները,
4) հնարավորության դեպքում, եւ, եթե անհրաժեշտ է, դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները,
5) անհրաժեշտության դեպքում, դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ,
6) անհրաժեշտության դեպքում, միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անանունությունը,
7) վերաբերելի լինելու դեպքում՝ դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:
4. Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:
5. Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին:
6. ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցող դատավորը, ով պատրաստում եւ ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: